Երեկ Պրահայի Ռուդոլֆինումի շքեղ դահլիճում հնչեց Դվորժակի անմահ «Ջրահարս» օպերայի համերգային կատարումը, որի գլխավոր դերում հանդես եկավ լիտվահայ անզուգական սոպրանո Հասմիկ Գրիգորյանը։ Ջրահարսի նմանվող նրա կերպարն առաջին իսկ րոպեներից գերեց հանդիսատեսին եւ երեկ արարների ընթացքում հմտորեն զարգացրեց իր կերպարի ամբողջական ընկալումը։
Աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի եւ լիտվուհի սոպրանո Իռենա Միլկավիչույտեի տաղանդաշատ դուստրը դահլիճին փոխանցեց իր հույզերն ու ապրումները՝ շքեղ ու ազդեցիկ ձայնը դարձնելով Դվորժակի «Ջրահարսի» բացահայտման մի նոր փորձ։
Իհարկե, այս խնդրում նրան օգնեցին ոչ միայն Չեխ ֆիլհարմոնիկի երգչախումբն ու նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Սեմյոն Բիչկովի ֆանտաստիկ ղեկավարությամբ, այլեւ գլխավոր դերերում հանդես եկող տենորներ ուկրաինացի Դիմիտրո Պոպովի եւ չեխ Յան Մարտինեկի, ինչպես նաեւ անկրկնելի մեցցո սոպրանո Ջեյմ Բարտոնի օգնությամբ։ Համերգային ներկայացման մասնակիցներից էր նաեւ չեխ հայտնի սոպրանո Շտեպանկա Պուչալկովան, ում արդեն քանիցս վայելել ենք մեր հանրահայտ սոպրանոներ Հասմիկ Պապյանի եւ Կարինե Բաբաջանյանի հետ չեխական համատեղ ելույթներում՝ « Նորմա» եւ «Մադամ Բատերֆլայ» ներկայացումներում։
Պետք է նշել, որ այս ներկայացումով բացվեց «Դվորժակի Պրահա» միջազգային երաժշտական փառատոնը, որն օպերային արվեստի սիրահարներին եւս երկու օր հնարավորություն կտա վայելելու դասական արվեստի գլուխգործոցներից մեկը «Ջրահարսը» ՝ սեպտեմբերի 21-ին եւ 23-ին։
Հատկանշական է, որ համերգին ներկա էին Չեխիայում Հայաստանի եւ Լիտվայի դեսպաններ Աշոտ Հովակիմյանը եւ Էդվիլաս Ռաուդոնիկիսը։
Նշենք նաեւ, որ ինչպես յոթ տարի առաջ ՕՐԵՐ ամսագրին տված հարցազրույցում ասել էր Հասմիկ Գրիգորյանը, ինքը շատ է սիրում Դվորժակին եւ իր լավագույն դերերից մեկը համարում է Ջրահարսը։
«Ինձ թվում է, իբրեւ անհատ ես ավելի հայ եմ , քան լիտվուհի, թեեւ դաստիարակվել եմ Լիտվայում։ Սիրում եմ հայկական ջերմությունը եւ լիտվական սիմվոլիզմը»,- այսպես էր ինքնաբնութագրել Հասմիկը մեզ հետ զրույցում։
Եվ մի խիստ հատկանշական բնութագրում մեր կողմից. թեեւ Հասմիկը հասակ է առել Վիլնյուսում, եւ մանուկ հասակից ծնողները բաժանվել են, բայց Գեղամ Գրիգորյանի շնորհիվ նա փայլուն խոսում է հայերեն, թեեւ գրել-կարդալ չգիտի։ Իսկ մեր շատ հայրենակիցներ, Հայաստանից գաղթելով օտար ափեր, ձգտում են մոռանալ հայերենը։
Վերջում պետք է նշեմ, որ ես վաղուց Ռուդոլֆինումի Դվորժակի անվան դահլիճում նման հոտնկայս ծափահարություններ չէի լսել։ Դահլիճը դղրդում էր ծափերից։ Արժանի գնահատական։
Հակոբ Ասատրյան
Պրահա
Տոմսեր կարող եք պատվիրել հետեւյալ կայքէջում՝ Prodejní aplikace (enigoo.cz)