Ուրախ եմ տեղեկացնել որ Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության նախաձեռնությամբ, ` Պորտուգալիայի Հանրապետության Խորհրդարանի նորընտիր Արտաքին գործերի մշտական հանձնաժողովը սույն թվականի մայիսի 31-ին ընդունեց Պորտուգալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբ ստեղծելու մասին որոշումը, իսկ հուլիսի 8-ին Խորհրդարանը լիագումար նիստի ժամանակ հաստատեց այդ բարեկամական անդրանիկ խմբի ստեղծումը:
Այս բարեկամական խմբերը Պորտուգալիայի և բարեկամ երկրների խորհրդարանների միջև երկխոսությունն ու համագործակցությունը խթանող oղակներ են, որոնց աշխատանքները կարգավորում են հարաբերությունները այլ պետությունների խորհրդարանական նմանատիպ խմբերի հետ: Նման կառույցները կարևոր դիրք են զբաղեցնում խորհրդարանական գործունեության մեջ, մասնավորապես՝ միջխորհրդարական դիվանագիտության զարգացման գործում, ինչպես նաև ներառում են տեղեկատվության կանոնավոր փոխանակում և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերլուծություն` քաղաքական, մշակութային, սոցիալական և տնտեսական ոլորտներում:
Պորտուգալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ստեղծումը մի կարևոր քայլ էր, որին Միությունը երկար ժամանակ ձգտում էր և մի քանի անգամ ակտիվորեն փորձել է իրականացնել Պորտուգալիայի ամենաբարձր քաղաքական ատյաններում որոշ նախաձեռնություններ հանձն առնելով:
Ուստի, Միությունը ողջունում է Պորտուգալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության անդրանիկ խմբի ստեղծումը, որի գործունեությունը հաստատաբար ավելի կամրապնդի Հայաստանի և Պորտուգալիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և կնպաստի ընդհանուր շահերի և նպատակների տարածմանն ու առաջխաղացմանը:
Ուրախալի է այն փաստը, որ բարեկամական խմբի ստեղծումը համընկավ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30- ամյակի հետ:
Հավելենք, որ Միությունը նաև նախաձեռնել էր ՀՀ Ազգային ժողովի նախորդ և ներկա նստաշրջանների գործունեության շրջանակներում Հայաստան-Պորտուգալիա խորհրդարանական բարեկամական խմբերի ստեղծումը:
Վահե Մխիթարյան
Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության նախագահ
Լիսաբոն
orer.eu