Հրաչուհի Բասենցի անզուգական Դեզդեմոնան՝ Լոնդոնի թագավորական օպերայում

  • 14.07.2022
  • 0
  • 249 Views

Հուլիսի 12-Ին Լոնդոնի Թագավորական օպերայի բեմը/Royal Opera House/ կրկին զարդարվեց գերմանաբնակ տաղանդավոր սոպրանո Հրաչուհի Բասենցի անկրկնելի ելույթով՝ այս անգամ Դեզդեմոնայի դերակատարմամբ Քեյթ Վորների  «Օթելլո» բեմականացման այս տարեշրջանի պրեմիերայում։

Դահլիճը ոչ միայն ընդունեց այս բեմականացումը, այլեւ իր բուռն ծափողջույններով ու բրավոներով գնահատեց թե՛ դերասանների խաղը, թե՛ բեմականացումը եւ թե՛ դիրիժոր Դանիել Ռուստիոնիի  ղեկավարած Թագավորական նվագախմբի կատարումը։

Հանուն ճշմարտության պետք է արձանագրել, որ լոնդոնյան թատրոնին արժանի արդիական բեմականացումից զատ, տպավորիչ էր հատկապես բեմական ձեւավորումը, որը կատարել էր չեխ հայտնի դիզայներ Բորիս Կուդլիչկան՝ հմտորեն շաղկապելով հնի ու նորի ընկալումները, արդի տեխնիկայի հնարավորությունները օգտագործելով՝ ներկայացումը դարձել էր իսկական արվեստի գործ։

Գլխավոր հերոսներ Օթելլոն՝ ամերիկացի տենոր Ռասել Թոմասը,  Դեզդեմոնան՝ սոպրանո Հրաչուհի Բասենցը եւ Յագոն՝ Քրիստոֆեր Մալտմանը կարողացան ողջ ներկայացման ծանրությունը պատվով կրել եւ անկրկնելի պահեր պարգեւել հանդիսատեսին։

Հրաչուհի Բասենցը ոչ միայն  իր նուրբ ու ջերմ ձայնով  մեզ տեղափոխեց  շեքսպիրյան դարաշրջան, այլեւ իր դերասանական խաղով կերտեց Դեզդեմոնայի հզոր ու ազդեցիկ կերպար, որը ոչ միայն ուժեղ  ու համարձակ , այլեւ նվիրյալ կին էր։

Ներկայացման ողջ ընթացքում  Հրաչուհին իր դերասանական տաղանդով ցույց տվեց ե՛ւ ռոմանիկ սիրո պատմություն, ե՛ւ դրամատիկ կնոջ կերպար, ե՛ւ  իր սիրո ողբերգական  ավարտը, իսկ Ավե Մարիայից հետո դահլիճը չսպասեց արարի ավարտին՝ ծափերը ողողեցին բեմը։

Երբ ներկայացումից հետո Լոնդոնի օպերայի դերասանների ընտրության տնօրեն Պետր Կատոնային հարցրեցի, թե ինչու Դեզդեմոնայի դերի համար ընտրեցիք հայուհի Հրաչուհի Բասենցին, նա պատասխանեց.«Քանի որ Բասենցը համապատասխանում էր  այդ դերին թե՛ իր ձայնով, թե՛ իր արտաքինով, թե՛ իր դերասանական վարպետությամբ»։ Նրա ասելով, դեռեւս չորս տարի առաջ Թագավորական թատրոնը Ճապոնիայում կայացած հյուրախաղերում  ներկայացրել է նաեւ «Օթելլոն» եւ Հրաչուհին կրկին հանդես է եկել Դեզդեմոնայի դերով, իհարկե, այն ժամանակ իբրեւ զուգընկեր ունենալով հանրահայտ ամերիկացի տենոր Գրեգորի Քունդին։

Լոնդոնյան մամուլն արդեն իսկ շռայլ գնահատականներ է տվել է Բասենցի հիասքանչ խաղին։ Դրանց մի այլ առիթով կանդրադառնանք։

Հրաչուհի Բասենցի կարծիքով Դեզդեմոնան ուժեղ կերպար է։ «Ուժեղ է, քանի որ դեմ է դուրս գալիս ժամանակի ընդունված  բարքերին, պայքարելով հանուն ճշմարտության։ Նախկինում ես չէի ընդունում այս կերպարը, որը մարմնավորել  եմ դեռեւս 2007 թվականից Գերմանիայի տարբեր թատրոնների բեմերում։ Սակայն ժամանակի ընթացքում նար կերպարը հասունացավ եւ հասկացա, որ նրա պայքարը հանուն արդարության է, հանուն մաքուր ընկերության, միեւնույն ժամանակ հանուն հավատարմության, քանի որ չի ցանկանում պախարակել իր սիրելի ամուսնուն։ Նա հրեշտակի նմանվող էակ է։ Եվ այժմ ես լիովին հասականում եմ Դեզդեմոնային եւ այնպես, ինչպես հիմա եմ ներկայացնում, երբեք չեմ ներկայացրել։ Նա ավելի ուժեղ  կերպար է դարձել»,- կիսվում է մեզ հետ զրույցում հանրաճանաչ երգչուհին։

Այս ներկայացման բեմադրությունը որքանո՞վ էր տարբերվում նախորդ բեմադրություններից հարցին, Բասենցը պատասխանում է.« Բեմադրությունը շատ ավանդական չէր, ավելի հոգեբանական լուծումներ էին տրվել, ինչը շատերը հավանում են, իսկ շատերն էլ չեն ընդունում»։

Այսպիսով, հուլիսին դեռեւս չորս անգամ օպերային աստղ Հրաչուհի Բասենցը  Լոնդոնյան հանդիսատեսին կներկայացնի շեքսպիրյան Դեզդեմոնային։ Նախկինում հայ երգչուհին հինգ անգամ հանդես է եկել նույն բեմում՝ 2017 թվականից սկսյալ։ Այս տարվա ապրիլին արդեն երգել է Տրավիատայում, իսկ թատրոնն արդեն նոր ներկայացումների պայմանագրեր է առաջարկել առաջիկա երկու տարիների համար։

Մաղթում ենք , որ այդ ելույթները պսակվեն նույնքան հաջողությամբ եւ հայ երգչուհուն բերեն համաշխարհային ճանաչման նոր բարձունքներ։

Հ.Ասատրյան

Լոնդոն

Տոմսերը կարող եք պատվիրել այս հղումով՝ Otello Tickets | Buy or Sell Tickets for Otello – viagogo

Լուսանկարներ ներկայացման փորձերից , հեղինակ՝ Royal Opera House

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում