Իսպանահայ բանաստեղծ Արարատ Ղուկասյանի գրքի շնորհանդեսը Դանիայում

  • 26.06.2022
  • 0
  • 168 Views

«Թույլ տվեք քայլել ինձ հասանելիք նեղլիկ կածանով, 

Եվ ես կընծայեմ սեր, խաղաղություն աշխարհին համայն…» 

Ա. Ղուկասյան

Շարոնակվում են իսպանաբնակ  հայտնի համայնքային գործիչ եւ բանաստեղծ Արարատ Ղուկասյանի «Փնտրտուքների ճանապարհին» ժողովածուի շնորհանդեսները Եվրոպայի տարբեր քաղաքներում։ Այս անգամ հայ հեղինակը հրավերք էր ստացել արդեն Դանիայից՝ այդ երկրի Գրողների միության տարեկան համաժողովին մասնակցելու համար։ Ձեռնարկի շրջանակում՝ ի թիվ մյուս հյուրերի ստեղծագործությունների, Ա. Ղուկասյանի գործերից եւս մի քանիսը հրամցվեցին ներկաների ուշադրությանը հայերեն, անգլերեն եւ իսպաներեն լեզուներով։

Ապա, այդ կարեւոր միջոցառման կապակցությամբ մեր հայրենակցի Դանիա այցելության եւ գրական համաժողովին մասնակցելու առիթից օգտվելով, Կոպենհագենի Դանարմեն հայկական միությունը՝ Աննա Կարապետյանի, Անժելա Մարտիրոսյանի, Անահիտ Մուղենցյանի եւ համայնքի մյուս անդամները մտահաղացումն ունեցան եւ ընդհանուր ջանքերի շնորհիվ կազմակերպեցին ժամանակակից գրողի հատընտիրի գեղեցիկ շնորհանդեսը։

Ա. Մուղենցյանն ըստ հարկի ծանոթացրեց իրենց համայնքում հյուրընկալող քնարերգչին, ապա ծրագրի շարունակությամբ հանդես եկավ Կոմիտասի, ինչպես նաեւ այլ  դասականների գործերի գեղեցիկ կատարումներով։ Իսկ օրվա բանախոսը երեկոյին ներկա մարդկանց ուշադրությունն իր հերթին հրավիրեց բուն նյութի վրա, որի համար եւ հավաքվել էին՝ «Փնտրտուքների ճանապարհի»։ Հանդիպման ավարտը նախատեսված էր հարց ու պատասխաններին եւ բավականին ընդարձակ էին հատկապես անդրադարձը իսպանահայությանն ու Իսպանիայում հայկական հետքի հետ առչնվող թեմաները։ 

***

Երկրորդ հանդիպումը առցանց էր արդեն։ Երեւանի թիվ 159 ավագ դպրոցի աշակերտների եւ Հայոց լեզվի եւ գրականության ուսանողների հետ միասին, որ տեղի ունեցավ ուսուցչուհի Գոհար Խաչատրյանի նախաձեռնությամբ։ Սաները նախապես էին պատրաստվել բանաստեղծի հետ այդ հեռարձակ շփմանը։ Օրեր առաջ ծանոթացել էին արդեն նրա կենսագրությանն ու լիրիկական էջերին, ընտրելով միեւնույն ժամանակ իրենց համար առավել ոգեշունչ գործերն ու տողերը եւ ձեւակերպելով հարցերը, որոնց պատասխանները կցանկանային ստանալ անմիջապես ստեղծագործողից։ Նրանց համակ ուշադրաթյամբ ունկնդրող եւ աշակերտների հետաքրքրությունը իր քիչ թե շատ ընդարձակ պատասխաններով բավարարող հարգելի հյուրը օգտագործեց առիթը նաեւ դաստիարակչական խոսքը  մեր Հայրենիքում ապրող պատանիներին հղելու համար։ 

Այդպես, օրինակ, նրանցից մեկին այս այժմեական խնդիրն էր հուզում. 

-Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս կարելի է հայ մնալ օտարության մեջ, եթե կյանքի հորձանուտը մեզ Հայրենիքից հեռու է տարել։

Հստակ, անմիջական եւ բովանդակալից էր պոետի արձագանքը.

-Այո, այս անընդհատ փոքրացող մեծ աշխարհում Հայ լինելն ու Հայ մնալը ավելի դժվար է, քան Մարդ դառնալը։ Ուստի առաջին հերթին պետք է մեր լեզուն անաղարտ պահենք, հետեւենք մեր ազգային ավանդույթներին եւ մեր ուժերը ծառայեցնենք ազգային դիմագծի պահպանմանը… 

Հիշարժան էր ջերմությամբ ու դրական լիցքերով հագեցած միջոցառումը։ 

-Սպասում ենք Արարատ Ղուկասյանի հետ կենդանի հանդիպմանը գալիք տարում, – իրենց ցանկությունը հայտնեցին յուրատեսակ երեկոյի մասնակիցները։

Արթուր Ղուկասյան 

Իսպանիա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում