Հունիսի 18-ին Դումբրավենում՝ «Սուրբ Եղիսաբեթ» հայ կաթողիկե եկեղեցում, անցկացվեց Պատմության ազգային սիմպոզիումը՝ կազմակերպված Ռումինահայոց միության Դումբրավենի մասնաճյուղի ղեկավար Իոն Կալինեսկուի ու Կլուժի Բաբեշ-Բոյայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Տուդոր Սըլըջեանի համագործակցությամբ, որին իր մասնակցությունը բերեց նաեւ Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը։
Միջոցառմանը ներկա էին Դումբրավենի քաղաքապետ Էմիլ Դարլոշանը և փոխքաղաքապետ Ջենո Գյորգին, Մեդյաշի ռոմանո-կաթոլիկ եկեղեցու հոգևոր հովիվ Տիբոր Բաբոտան, Կլուժի Բաբեշ-Բոյայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Տուդոր Սըլըջեանը, Ռումինիահայոց միության տարածքային մասնաճյուղերի ղեկավարներ և ՌՀՄ անդամներ, հետազոտողներ, լրագրողներ և բազմաթիվ հյուրեր: Այս մասին տեղեկացնում է Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը։
Սիմպոզիումին բացման խոսքով հանդես եկավ դեսպան Մինասյանը, ով մասնավորապես նշեց․ «Շնորհակալ եմ, որ, հարուրամյակներ շարունակ ապրելով պատմական հայրենիքից հեռու ռումինահայ համայնքը շարունակում է իրականացնել իր վեհ առաքելությունը՝ գիտության, արվեստի ու մշակույթի շնորհիվ պահպանելով ազգային նկարագիրը, Հայաստանից դուրս տարածելով հայկական արժեքներն ու մշակույթը, այդպիսով իր լուման ներդնելով հայապահպանության սուրբ գործի մեջ»:
Մեդյաշի ռոմանո-կաթոլիկ եկեղեցու հոգևոր հովիվ, Դումբրավենի hայ կաթոլիկ եկեղեցու ծխական քահանա Տիբոր Բաբոտայի ելույթը նվիրված էր Տրանսիլվանիայի պատմության մեջ ականավոր եկեղեցական-հասարակական գործիչ, 19-րդ դարի մտավորական ու գրող Ավեդիկ Լուկաչի կյանքին ու գործունեությանը։
Բաբեշ-Բոյայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Տուդոր Սըլըջեանը ներկայացրեց Ռումինիայում հայագիտական ուսումնասիրությունների, հատկապես, Տրանսիլվանիայում հայկական պատմական և մշակութային ժառանգության զարգացման ընթացքն ու ներկա իրավիճակը՝ վերահաստատելով ռումինական ակադեմիական հանրության հետաքրքրությունը հայագիտության հանդեպ։
Պատմաբան, քաղաքագետ Ռեմուս Տանասան, ներկայացնելով գիտական ու պատմական բազմաթիվ փաստեր, անդրադարձավ Հայկական հարցի միջազգային համատեքստին ու դրա հետևանքներին՝ ներառյալ Հայոց ցեղասպանության նախապատմությունը:
Սիմպոզիումի ավարտին ներկաներն ունկնդրեցին Կոմիտաս վարդապետի հոգեթով մեղեդիները՝ դուդուկահար Կոսմին Ռաֆայել Բալեանի, սոպրանո Անա Մարիա Ստանոյանի և դաշնակահար Քրիստինա Ստրուցայի կատարմամբ:
Միջոցառումը լուսաբանվեց տեղական լրատվամիջոցների կողմից։
Տեղեկանք. Ռումինիայի Դումբրավեն քաղաքը (Եղիսաբեթուպոլիս)՝ Գեռլա (Արմենոպոլիս)-ի հետ միասին, Տրանսիլվանիայի «հայկական» քաղաքներից է, որտեղ հայերը հաստատվել են 17-րդ դարի վերջում և նշանակալի ավանդ բերել քաղաքի տնտեսական և մշակութային զարգացմանը՝ Ավստրիական կայսրության կողմից ստանալով բազմաթիվ արտոնություններ: Դումբրավենում, ի թիվս այլ հայ կաթոլիկ եկեղեցիների, գտնվում է 18-րդ դարի բարոկկո ոճի Սուրբ Եղիսաբեթ հայ կաթոլիկ եզակի բազիլիկ եկեղեցին (1766-1791թթ․.), որը հանդիսանում է քաղաքի պատմական խորհրդանիշն ու այցեքարտը:
orer.eu