Հունիսի 8-ին Հանրապետության տոնի առթիվ դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեխիայում ՀՀ դեսպանությունում կազմակերպեց ընդունելություն ի պատիվ Հայաստանի և Չեխիայի միջև գործող միջխորհրդարանական բարեկամության խմբերի: Ընդունելության ընթացքում դեսպանը պատիվ ունեցավ պաշտոնապես հանձնել Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրման համար չեխ ներկայիս և նախկին մի շարք խորհրդարանականներին՝ Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ շնորհված Հայաստանի Հանրապետության պետական պարգևներն ու մեդալները: Այս մասին հայտնում է Չեխիայում Հայաստանի դեսպանությունը։ /https://www.facebook.com/ArmenianEmbassyPrague/
ՀՀ նախագահի՝ 2021թ․ դեկտեմբերի 16-ի ՆՀ-392 հրամանագրով Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ և Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Մարեկ Բենդան ու նախկին սենատոր, Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով՝ տրված ակնառու պետական և հաuարակական-քաղաքական գործունեության, ինչպեu նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության աuպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար։
Նույն հրամանագրով Պատգամավորների պալատի և Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ Յիրժի Կոբզան և նախկին պատգամավոր ու Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ Մոնիկա Չերվիչկովան պարգևատրվել են Երախտագիտության մեդալով։
ՀՀ Ազգային ժողովի նախագահի հրամանագրով ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով պարգևատրվել են նախկին սենատորներ Միրոսլավ Նենուտիլը և Զդենկա Համոուսովան։
Մարեկ Բենդային և Յիրժի Կոբզային պարգևները հանձնվեցին Հայաստանի և Չեխիայի խորհրդարաններում գործող միջխորհրդարանական բարեկամության խմբերի՝ նույն օրը Չեխիայի խորհրդարանում կայացած պաշտոնական հանդիպմանը։
Դեսպան Աշոտ Հովակիմյանը և ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Արթուր Հովհաննիսյանը բարձր գնահատեցին Հայաստանի ու Չեխիայի միջև ավանդաբար լավ բարեկամության ու համագործակցության ամրապնդմանն ուղղված պարգևատրվածների գործունեությունը և համամարդկային արժեքների պաշպանության, այդ թվում՝ ցեղասպանության ժխտման դեմ պայքարի և մարդասիրական հարցերի բարձրաձայնման գործում նրանց համառ ջանքերը:
Պարգեւատրմանը հետեւեց հյուրասիրություն, որն ինչպես միշտ պատրաստել էր հայկական «Պոմեգրանատե» ռեստորանը՝ ներկայացնելով հայկական ավանդական խոհանոցի համեղ խորտիկներ։
Տեղեկացնենք նաեւ, որ 2022թ․ հունիսի 7-9-ը աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվեց ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությունը՝ խմբի նախագահ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Այցի շրջանակներում պատվիրակությանը, որին ուղեկցում էր Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, ընդունեցին Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկան և Պատգամավորների պալատի փոխնախագահ Օլգա Ռիխտերովան, ապա հայկական պատվիրակությանը հյուրընկալեցին Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Մարեկ Բենդան և խմբի անդամները։ Հայկական պատվիրակությունը նաև հանդիպումներ ունեցավ Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարեկ Ժենիշեկի, Շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Յանա Կրուտակովայի, Սենատի ԵՄ հարցերով կոմիտեի փոխնախագահ Յիրժի Չունեկի հետ:
Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ և, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման հեռանկարները, այդ թվում՝ Հայաստանի բարեփոխումների օրակարգը։ Հայկական պատվիրակությունն իր գործընկերներին է ներկայացրել Հայաստանում ու նրա սահմանների շուրջ տեղի ունեցող զարգացումները և հայ ժողովրդի առջև ծառացած մարդասիրական մարտահրավերները, վերահաստատել ՀՀ դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային հարցերին և ԵՄ-ում Չեխիայի առաջիկա նախագահության առաջնայնություններին։
Շրջակա միջավայրի կոմիտեի հետ հանդիպման ընթացքում հիմնական թեմաներն են եղել հանքարդյունաբերության ոլորտում օրենսդրական և մոնիտորինգային մարտահրավերները, ինչպես նաև ջրի և կեղտաջրերի կառավարման ոլորտները, որոնց շուրջ ձեռք բերվեց միջխորհրդարանական համագործակցությունը շարունակելու մասին պայմանավորվածություն։
Հայկական պատվիրակությունն այցելել է Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոն, որտեղ կենտրոնի գործադիր տնօրեն Ռոստիսլավ Վալվոդայի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի բարեփոխումների օրակարգում քաղաքացիական հասարակության դերակատարությանն առնչվող հարցեր։
Իր հերթին Հայաստանի ԱԺ պատվիրակության անդամ, պատգամավոր Մերի Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում ամփոփել է իրենց այցը Չեխիա, գրելով . «Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի եռօրյա այցի շրջանակներում մի շարք հանդիպումներ ենք ունեցել Չեխիայի մեր գործընկերների հետ: Մասնավորապես հանդիպել ենք Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Օլգա Ռիխտերովայի հետ, ում ներկայացրել ենք տարածաշրջանին և ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցերը` հրատապ հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ մեր գործընկերների գործուն աջակցության կարևորությունը ընդգծելով:
Հանդիպում ենք ունեցել Չեխիայի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարեկ Ժենիշեկի հետ, քննարկել ենք երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին վերաբերող առաջնահերթությունները, վերահաստատել ՀՀ դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ կայունությանն ուղղված ջանքերը շարունակելու պատրաստակամությունը:
Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, Պատգամավորների պալատում իշխող մեծամասնություն կազմող «Քաղաքացիական դեմոկրատական» խմբակցության ղեկավար Մարեկ Բենդայի և բարեկամական խմբի անդամների հետ հանդիպմանը անդրադարձել ենք երկու խորհրդարանների միջև համագործակցությունն առավել խորացնելու հնարավորություններին և ուղղություններին, քննարկել ենք արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ընդգծել ԵՄ խորհրդում Չեխիայի նախագահության շրջանակներում խաղաղության և տարածաշրջանային անվտանգության օրակարգերի կարևորությունը: Հանդիպման ավարտին Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը հայանպաստ գործունեության համար պետական պարգևներ հանձնեց Մարեկ Բենդային և Յիրժի Կոբզային:
Հանդիպել ենք Չեխիայի խորհրդարանի Սենատի ԵՄ հարցերով կոմիտեի փոխնախագահ Յիրժի Չունեկի հետ, ներկայացրել ենք Եվրոպական միության և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների առաջնահերթությունները, ՀՀ ձեռքբերումները և շարունակական ջանքերը ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման ուղղությամբ, CEPA-ի կիրարկման ընթացքի և այդ ոլորտում Չեխիայի հետ արդեն գործող և նոր համագործակցության հնարավորությունները:
Հանդիպել ենք նաև Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Յանա Կրուտակովայի և փոխնախագահ Յիրժի Կոբզայի հետ, քննարկել ենք երկու խորհրդարանների միջև շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները, մասնավորապես ջրային ռեսուրսների, հանքարդյունաբերական թափոնների ռիսկերի կառավարման, կենցաղային թափոնների տեսակավորման և վերամշակման ոլորտներում չեխական փորձի ուսումնասիրության և տեխնիկական աջակցության հնարավորությունները: Հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն հայտնեց գործընկերների և ոլորտի մասնագետների խմբով այցելել Հայաստան առաջիկայում համագործակցության հստակ ոլորտներ սահմանելուց հետո:
Այցի շրջանակներում մասնակցեցինք նաև Չեխիայում ՀՀ դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը, որի ընթացքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը պետական պարգևներ հանձնեց ներկա և նախկին մի շարք չեխ խորհրդարանականներին` Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման, համընդհանուր արժեքների պաշտպանության և հայանպաստ գործունեության համար, մասնավորապես Հայոց ցեղասպնության ճանաչման և դատապարտման, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ընթացքում հայ ժողովրդին սատարող բանաձևերի համար:
Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ անունից երախտագիտություն հայտնեց չեխ գործընկերներին հայ ժողովրդին կողքին լինելու համար»:
orer.eu