Մայիսի 31-ին Վարշավայում անցկացվեց քննարկում՝ «Անկախություն․ երեկ, այսօր, վաղը» խորագրի ներքո։ Միջոցառումն անցկացվեց լեհահայ համայնքի ներկայացուցիչներ Կատարինե Հարությունյանի, Էմանուիլ Բասմաչյանի և Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի կազմակերպական և բովանդակային համագործակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ դեսպանությունից։
Իր ելույթում դեսպանն ընդգծեց պետականության առաջնային և անանցանելի արժեքը հայ ժողովրդի ներքին հասարակական կազմակերպման և արտաքին հարաբերություններում ներկայացվածության առումով։ Շեշտադրվեց պետականության՝ հայկական ինքնության պահպանման և շարունակականության ապահովման դերակատարությունը։
Անդրադառնալով հայկական սփյուռքի խնդիրներին, Սամվել Մկրտչյանը ներկայացրեց դրա բազմաշերտությունը, մշակութային և ենթամշակութային առանձնահատկությունները, պարզաբանեց ինքնակազմակերպման անհրաժեշտությունը։
Սփյուռքում հայկական ինքնության պահպանման հիմնասյուներ հանդիսացող կրթության կազմակերպումից ու մշակութային ակտիվությունից զատ, կարևորագույն գործոն է Հայաստանի հետ կապերի պահպանումը, համազգային խնդիրներին աջակցությունը, ընդգծեց դեսպանը։
orer.eu