Ապագայում Հայաստանն այլևս չի կարող օգտվել ԵՄ շուկա մուտքի արտոնյալ պայմաններից. Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը Բրյուսելում

  • 19.05.2022
  • 0
  • 494 Views

Մայիսի 18-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը, որն առաջինն է 2021 թվականի մարտի 1-ին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ուժի մեջ մտնելուց հետո: Հանդիպումը տեղի է ունեցել առանձնապես բարդ միջազգային համատեքստում, որն անվտանգության և տնտեսական կայունության առումով բազմաթիվ մարտահրավերներ է ստեղծել թե՛ Հայաստանի և թե՛ ԵՄ-ի համար:

Գործընկերության խորհուրդը քննարկել է ՀԸԳՀ-ի կիրարկումը, որն ընդգրկում է քաղաքական, տնտեսական և առևտրային բնագավառներում համագործակցության ոլորտների լայն շրջանակ և ողջունել է ձեռք բերված առաջընթացը: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի հանձնառությունը ՀԸԳՀ-ի կիրարկմանը, դրական գնահատել իրականացված բարեփոխումները և քաջալերել կառավարությանը` շարունակելու բարեփոխումների իր օրակարգը՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների, ինչին ԵՄ-ն լիովին աջակցում է։

Գործընկերության խորհուրդը վերահաստատել է Հայաստանի և ԵՄ-ի ընդհանուր հանձնառությունը մարդու իրավունքներին, հիմնարար ազատություններին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարական սկզբունքներին: Գործընկերության խորհուրդը ողջունել է դատական և իրավական բարեփոխումների Հայաստանի ազգային ռազմավարության և ազգային հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման գործընթացում արձանագրված ձեռքբերումները՝ միաժամանակ ընդունելով, որ դեռևս առկա են մարտահրավերներ։ ԵՄ-ն կառուցողական քաղաքական երկխոսություն է վարում Հայաստանի հետ և զգալի ֆինանսական ու տեխնիկական աջակցություն է ցուցաբերում բարեփոխումներին ուղղված այս ջանքերին: ԵՄ-ն հանձնառու է համագործակցելու Հայաստանի հետ՝ լրատվամիջոցների և խոսքի ազատության, ինչպես նաև խտրականության դեմ պայքարի ուղղությամբ հետագա առաջընթացի հասնելու համար:

Անդրադառնալով տրանսպորտի ոլորտին՝ Գործընկերության խորհուրդը ողջունել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին Միասնական ավիացիոն գոտու համաձայնագրի ստորագրումը: Այս համաձայնագրով երկու կողմերն էլ ներգրավվում են Հայաստանի ավիացիոն անվտանգության բարելավման գործընթացում, որը կարող է աստիճանաբար հանգեցնել Հայաստանի ընդգրկմանը ԵՄ ավիացիոն շուկայում` օդային տրանսպորտի նոր հնարավորություններով, ավելի ուղիղ հաղորդակցություններով և երկու կողմերի համար տնտեսական օգուտներով:

Գործընկերության խորհուրդը նշել է, որ Արտոնությունների ընդհանրացված համակարգի ավարտից հետո Հայաստանն այլևս չի կարող օգտվել համակարգով առաջարկվող` ԵՄ շուկա մուտքի արտոնյալ պայմաններից: Այնուամենայնիվ, ընդգծվեց, որ թեև ՀԸԳՀ-ն չի նախատեսում ապրանքների առևտրի համար արտոնյալ սակագներ, այն կարևոր ներուժ ունի երկկողմ առևտրային հոսքերին նպաստելու համար, որը պետք է ամբողջությամբ իրացվի:

Գործընկերության խորհուրդը համաձայնել է, որ միջուկային անվտանգությունը առաջնահերթություն է, և այս առումով ի գիտություն է ընդունել Հայաստանի առաջընթացն ու հանձնառությունը՝ ամբողջությամբ իրականացնելու Հայաստանի ազգային գործողությունների ծրագիրը՝ որպես ԵՄ աջակցությամբ ընդունված սթրես-թեստերի գործընթացի մաս: Խորհուրդը նաև վերահաստատել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի կարևորությունը՝ Փարիզի համաձայնագրի և ՀԸԳՀ-ի համաձայն: Այդ նպատակով ԵՄ-ն ողջունել է Հայաստանի՝ «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» նորացված թիրախները և քաջալերել Հայաստանին՝ ընդունելու Ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարություն՝ նպատակ ունենալով մինչև 2050 թվականը հասնել կլիմայական չեզոքության՝ ԵՄ պարտավորություններին համապատասխան:

Գործընկերության խորհուրդը ողջունել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը զբաղվածության և կրթության ոլորտներում՝ ընդգծելով Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու և արհմիությունների և գործատուների մասին օրենսդրությունը վերանայելու կարևորությունը՝ Հայաստանի օրենսդրական դաշտը Աշխատանքի միջազգային կազմակերպության հիմնարար կոնվենցիաների հետ ավելի համապատասխանեցնելու համար: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի ջանքերը՝ ընդունելու կրթության նոր ռազմավարություն և վերահաստատել է իր շահագրգռվածությունը՝ ամրապնդելու Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կրթության, ուսուցման և երիտասարդության հարցերով ռազմավարությունների վերաբերյալ: Գործընկերության խորհուրդը գոհունակություն է հայտնել Էրազմուս+ ծրագրի շրջանակներում հաջող համագործակցության կապակցությամբ և ողջունել է Հայաստանի մասնակցությունը ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին, որը թույլ կտա շարունակել հայ հետազոտողների և հետազոտական կազմակերպությունների մասնակցությունը Եվրոպական հետազոտական և ինովացիոն նախագծերին:

Գործընկերության խորհուրդն ի գիտություն է ընդունել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Հայաստանի պատրաստակամությունը։ ԵՄ-ն արձանագրել է Վիզաների դյուրացման համաձայնագրի և Ռեադմիսիայի համաձայնագրերի՝ ընդհանուր առմամբ, հաջող իրականացումը և առաջարկել Հայաստանին՝ շարունակելու ջանքերը:

Գործընկերության խորհուրդն ընդգծել է Արևելյան գործընկերության կարևորությունը՝ որպես համագործակցության էական հարթակ: Խորհուրդը նաև վերահաստատել է, որ ժողովրդավարության, արդյունավետ կառավարման, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների և գենդերային հավասարության հիմնարար խնդիրները մնում են Արևելյան գործընկերության քաղաքականության շրջանակի հիմնասյունը: Գործընկերության խորհուրդը նշել է, որ Հայաստանը կշահի Արևելյան գործընկերության՝ վերականգնման, դիմակայունության և բարեփոխման օրակարգից, ինչպես նաև հավակնոտ Տնտեսական և ներդրումային պլանից՝ ԵՄ-ի և Հայաստանի կողմից որոշված՝ այս օրակարգի հիմքում ընկած ուղենշային նախաձեռնություններով, որոնք կնպաստեն աշխատատեղերի ստեղծմանն ու զբաղվածության աճի խթանմանը, փոխկապակցվածությանը, ինչպես նաև կանաչ ու թվային անցմանը, հարավային շրջանների կրթությանն ու զարգացմանը:

Գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ ԵՄ կողմից հրապարակվել է Գործընկերության խորհրդի 2020 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած նիստից ի վեր Հայաստանում և ԵՄ-Հայաստան հարաբերություններում զարգացումների վերաբերյալ Գործընկերության իրականացման զեկույցը: Այն ընդգծում է Հայաստանի առաջընթացը ՀԸԳՀ-ի իրականացման գործում և ԵՄ-ի առանցքային դերը՝ գործընթացին աջակցություն ցուցաբերելու մեջ:

Գործընկերության խորհուրդը նախագահում էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը․ ԵՄ պատվիրակությունը ղեկավարում էր Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ և Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին։

Մայիսի 18-ին ՀՀ-ԵՄ գործընկերության չորրորդ նիստին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։

Առանձնազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային ու միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է միջազգային հանրության և, մասնավորապես՝ ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ նպաստելու հակամարտության համապարփակ և տևական լուծմանը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը և պատասխանը լրագրողների հարցերին` Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ

Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ այսօր գտնվել այստեղ՝ Բրյուսելում, նախագահելու Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը։ Անչափ գոհացնող է, որ չնայած առկա իրողություններին և բազմաթիվ մարտահրավերներին, մեզ հաջողվում է ապահովել տարբեր մակարդակներում մեր բանակցությունների և համագործակցության շարունակականությունը։

Հայաստան-Եվրամիություն Գործընկերության խորհուրդը, իսկապես, եզակի հարթակ է, որտեղ մենք խորքային քննարկումներ ենք ունենում և մտքեր փոխանակում տարբեր թեմաների շուրջ՝ սկսած Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգի կոնկրետ ասպեկտներից մինչև տարածաշրջանային և քաղաքական հարցեր։ Եվ ես ակնկալում եմ, որ արդեն իսկ հաստատված ավանդույթներին համահունչ, մենք կունենանք բաց և ընդգրկուն երկխոսություն:

Հատկանշական է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Եվրամիության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և խորհրդանշական է, որ այս տարի լրանում է նաև ՀԸԳՀ-ի՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու 1-ամյակը։

Մենք, անշուշտ, կանդրադառնանք նաև այս համաձայնագրի իրականացմանը:

Այսօր մենք կխոսենք նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման գործընթացի մասին: Եվ մենք ակնկալում ենք Եվրամիության աջակցությունը խաղաղ գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի համաձայն:

Այսօր կքննարկվեն նաև դեռևս չլուծված հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման խնդիրը, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության պահպանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ այլ խնդիրներ:

Ընդհանուր առմամբ, կցանկանայի նշել, որ այսօրվա հանդիպումը ևս մեկ կարևոր քայլ է դեպի առավել ամուր փոխըմբռնում, գործընկերության, ինչպես նաև մեր քաղաքացիների համար խաղաղության և բարեկեցության ավելի բարձր մակարդակ:

Հարց. Խնդրում եմ պարզաբանել մի հարց. Երևանն ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության իր տեսլականը՝ առաջարկելով քննարկել նաև Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը։ Խոսելով Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ արդյո՞ք Բաքուն պատրաստ է այս առաջարկի հիման վրա բանակցություններ սկսել։

Արարատ Միրզոյան. Ինչպես և ասացիք, մենք հրապարակել ենք խաղաղ գործընթացի մեր տեսլականը։ Եվ մենք ի սկզբանե ասել ենք, որ Ադրբեջանի առաջարկած կետերում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա, սակայն այդ կետերը չեն հասցեագրում հավանական և ակնկալվող խաղաղության պայմանագրի ողջ օրակարգը և առկա խնդիրների ամբողջական շրջանակը։ Եվ այս առումով մեզ համար կարևոր է քննարկել իրավունքների և անվտանգության հարցերը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մենք կարծում ենք, որ կարևոր է շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ այս բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի համաձայն։ Մինչ այժմ մենք Ադրբեջանի կողմից այս կետերի վերաբերյալ դրական արձագանք չենք լսել։ Բայց դուք գիտեք, որ ջանքեր են գործադրվում այդ բանակցությունները հնարավոր դարձնելու համար։ Այնպես որ, ես կարող եմ միայն ընդգծել մեր պատրաստակամությունը և մեր հանձնառությունը՝ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ունենալու համար: Բայց դա ունենալու համար անհրաժեշտ է երկու կողմերի պատրաստակամությունը:

Հարց. Եվս մեկ լրացուցիչ հարց. Դուք ասացիք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ առաջին հանդիպումը նախատեսված է մայիսին: Երեկ և նախօրեին՝ մայիսի 16-ին,17-ին, սակայն այս հանդիպումը չկայացավ։ Կարո՞ղ եմ հարցնել, թե ինչու:

Արարատ Միրզոյան. Դուք ճիշտ եք, հանդիպումը չի կայացել, սակայն կարող եմ Ձեզ վստահեցնել, որ մենք կշարունակենք այս հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր քննարկումները։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Եվ հուսով եմ, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա:

Շնորհակալ եմ:

Այս մասին տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարարությունը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում