Վարչապետը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ երկրների առաջնորդների հանդիպմանը և իր ելույթում անդրադարձել կազմակերպության խնդիրներին ու զարգացման հեռանկարներին։ այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդների հանդիպմանը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀԱՊԿ երկրների առաջնորդներ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, այնուհետև արարողակարգային տեսալուսանկարահանման արարողություններից հետո Կրեմլի Ալեքսանդրովյան սրահում տեղի է ունեցել հանդիպումը:
Վարչապետ Փաշինյանն իր խոսքում շնորհավորել է ներկաներին 1992 թվականի մայիսի 15-ին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի 30 և 2002 թվականի մայիսի 14-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն հիմնելու վերաբերյալ որոշման 20-ամյակի կապակցությամբ:
Մասնավորապես, վարչապետը ողջունել է ՀԱՊԿ առաջնորդներին և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: «Իհարկե, մեր կազմակերպության հոբելյանը նաև շատ լավ առիթ է` որոշակի արդյունքներ ամփոփելու և կազմակերպության հետագա զարգացման հեռանկարները քննարկելու համար:
Ալեքսանդր Գրիգորին, իհարկե, բարձրացրեց ՀԱՊԿ անդամ երկրների միջև փոխգործակցությանը վերաբերող շատ կարևոր հարցեր, և Բելառուսի նախագահը, պետք է ուղիղ ասել, անդրադարձավ բավականին խնդրահարույց հարցերի: Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ ՀԱՊԿ պատմության մեջ դրական շատ բան կա, քանի որ այն տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում եղել է, կա և կլինի կարևորագույն գործոն: Ինչպես արդեն տեսնում ենք` այսօրվա հոբելյանական գագաթնաժողովում քննարկում ենք ոչ միայն հոբելյանական հարցեր, որովհետև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում այսօր իրավիճակը բավական լարված է: Եվ ցանկանում եմ անդրադառնալ մի քանի հարցերի, որոնց մասին խոսում էր Բելառուսի նախագահը:
Մեր կազմակերպության անդամ երկրների քվեարկության վերաբերյալ. իհարկե, այդպիսի խնդիր գոյություն ունի: Հաճախ մեր քվեարկություններն այնքան էլ համահունչ չեն, պետք է նկատել, որ սա նոր խնդիր չէ և երկար ժամանակ ուղեկցում է մեր կազմակերպությանը: Հայաստանը բազմիցս բարձրացրել է այդ հարցը, աշխատանքային կարգով այն բազմիցս քննարկվել է: Ակնհայտ է, որ այն հետագա քննարկման կարիք ունի:
Ինչ վերաբերում է փոխգործակցությանը և արագ արձագանքման մեխանիզմներին, ապա սա նույնպես շատ կարևոր հարց է Հայաստանի համար, քանի որ ինչպես գիտեք, նախորդ տարի հենց այս օրերին Ադրբեջանի զորքերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, և Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին` 2010 թվականի դեկտեմբերի 10-ի ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արձագանքման կարգի մասին դրույթով նախատեսված մեխանիզմները գործարկելու համար: Այդ փաստաթուղթը հաստատվել է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից, սակայն, ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունն արձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանի Հանրապետությունը:
Նաև երկար ժամանակ մենք բարձրաձայնում ենք ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Հայաստանի համար ոչ բարեկամ երկրին զենքի վաճառքի խնդիրը: Այդ զենքն արդյունքում օգտագործվեց Հայաստանի և հայ ժողովրդի դեմ: Սա նույնպես խնդիր է, և, անկեղծ ասած, ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո այդքան էլ չոգևորեց Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին:
Բայց ես ցանկանում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի առանձնահատուկ դերակատարումը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում և ևս մեկ անգամ ցանկանում եմ հաստատել` Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին:
Կարծում եմ` արդյունքներն ամփոփելը շատ լավ է և կարևոր: Հայաստանը որպես ՀԱՊԿ հիմնադիր անդամ` հավատարիմ է կազմակերպության հետագա զարգացմանը և կազմակերպությունը համարում ենք անվտանգության և կայունության ապահովման առանցքային գործոն Եվրասիական տարածաշրջանի, Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, և ընդհանուր առմամբ, դրական ենք տրամադրված լիովին աջակցելու կազմակերպությանը և նրա հետագա զարգացմանը»:
Այնուհետև ՀԱՊԿ առաջնորդները ստորագրել են ՀԱՊԿ այսօրվա նիստի արդյունքներն ամփոփող փաստաթղթեր:
Իր հերթին,
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կընդլայնվի նոր անդամների, գործընկերների և դիտորդների շնորհիվ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Ամփոփելով ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպման արդյունքները՝ Ստանիսլավ Զասը նշել է, որ միջոցառմանն, ընդհանուր առմամբ, քննարկել են ֆորմատի զարգացման հեռանկարները:
«Ես մի հարցում կարող եմ վստահ լինել. մեր երկրների միջև ինչ-որ սեպ խրելու, ինչ-որ պառակտում մտցնելու բոլոր փորձերը ոչ մի տեղ չեն տանի: Մեր կազմակերպությունը կպահպանվի և կամրապնդվի»,-նշել է Ստանիսլավ Զասը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով ՀԱՊԿ պատասխանատվության գոտում սահմանների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությանը:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է ապահովել իր սահմանների անվտանգությունը, այդ թվում՝ Աֆղանստանում և Կազմակերպության անդամ երկրների այլ արտաքին սահմաններին անհանգստություն պատճառող իրավիճակի ֆոնին: «Անհանգստություն է առաջացնում իրավիճակն Աֆղանստանում և ՀԱՊԿ անդամ երկրների այլ արտաքին սահմաններին տիրող իրավիճակը: Այս համատեքստում պատրաստակամություն ենք հայտնում ապահովել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում սահմանների անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները պատրաստ են ՆԱՏՕ-ի հետ պրակտիկ համագործակցություն հաստատել:
«Գիտակցելով մեր պատասխանատվությունը Եվրասիական տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու հարցում՝ ընդգծում ենք մայրցամաքում լարվածության թուլացման անհրաժեշտությունը և հաստատում ենք ՆԱՏՕ-ի հետ պրակտիկ համագործակցություն հաստատելու պատրաստակամությունը»,- ասված է հայտարարության մեջ:
orer.eu