Փաշինյանը Հաագայում խոսել է խաղաղության օրակարգի մասին եւ բողոքել Ադրբեջանի հակահայ քայլերից

  • 12.05.2022
  • 0
  • 287 Views

Մայիսի 11-ին Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում և պատասխանել միջոցառման մասնակիցների հարցերին

Հաագայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ: Վարչապետին դիմավորել է  Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտի տնօրեն Ռոն Թոնը՝ ողջունելով  նրա այցն ինստիտուտ:

Վարչապետը ինստիտուտում  հանդես է եկել ելույթուվ, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանում իրականացվող  ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխումներին, Հարավային  Կովկասում, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:  

«Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ով պաշտոնական այց ունի Նիդերլանդների Թագավորություն: Այս այցը ոչ միայն դիտարկում եմ հայ-հոլանդական ավանդական պատմական կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների, այլև` Հայաստանի ժողովրդավարության համատեքստում: Պետք է ընդգծեմ, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո մենք զգացել ենք   Հոլանդիայի՝ Նիդերլանդների Թագավորության աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների գործում: Ընդհանրապես Հայաստանում ես հիմա ավելի հաճախ ասում եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության հիմնական բրենդն է, որով այս օրերին մեր երկրին ճանաչում է միջազգային հանրությունը, մասնավորապես՝ Եվրոպայում, Եվրամիությունում: Պետք է ընդգծեմ, որ սա ընդամենն իմ գնահատականը չէ, որովհետև միջազգային այն ինստիտուտները, որոնք զբաղվում են ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի, մամուլի, խոսքի ազատության գլոբալ հետազոտություններով, արձանագրում են այդ իրողությունը: Պետք է արձանագրեմ, որ 2021 թվականին առաջին անգամ Հայաստանը միջազգային ժողովրդավարական ինստիտուտների կողմից դասակարգվել է ընտրական ժողովրդավարություններ ունեցող երկրների շարքը, և սա համարում եմ կարևոր ձեռքբերում:

Կոռուպցիայի դեմ պայքարի կամ կոռուպցիայի ընկալման համաթվերում  վերջին տարիներին, վերջին չորս տարվա ընթացքում Հայաստանը հսկայական առաջընթաց է արձանագրել: Եվ այո՛, պետք է նաև բարձր հայտարարություն անեմ՝ ասելով, որ Հայաստանից համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված: Չնայած կան նաև կոռուպցիոն երևույթներ, որոնց դեմ մենք հետևողական պայքարում ենք, և դա տեսանելի է: 2021 թվականի արդյունքներով մենք նաև, չնայած հետպատերազմական ճգնաժամային տարուն, հսկայական առաջընթաց ենք արձանագրել խոսքի և մամուլի ազատության ոլորտում: Վերջին հրապարակված ինդեքսներով Հայաստանն աշխարհում 51-րդն է»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը վճռական է երկրում  ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու գործում:

 Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում փակվել են այնպիսի էջեր, ինչպիսին, օրինակ, ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային կասկածն է, կամ ընտրություններ կեղծելու պրակտիկան. «Ես կարող եմ վստահաբար ասել, որ հետճանապարհ Հայաստանը չունի, որովհետև այդ բարեփոխումների պրոցեսի աղբյուրը  ոչ թե կառավարությունն է, այլ այդ բարեփոխումների աղբյուրը ժողովուրդն է,  Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր հստակ, հաստատակամ, իրենց պատասխանատվությունն են համարում ժողովրդավարությունը, օրենքի իշխանությունը և օրենքի գերակայությունը: Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ ինստիտուցիոնալ կայացման առումով շատ երկար ճանապարհ դեռ ունենք անցնելու.  անկախ դատական համակարգ ունենալու ոլորտում, ցավոք, չեմ կարող շատ մեծ արդյունքներ ներկայացնել: Կարող եմ ասել ընդամենը, որ դա ամենակարևոր խնդիրներից է, որին այսօր առերեսվում է Հայաստանը: Եվ ամենամեծ պրոբլեմն այն է, որ մենք նաև առաջատար փորձն այդ ոլորտի ուսումնասիրելով տեսնում ենք, որ այդտեղ փորձարկված բանաձևեր չկան: Մենք տեսնում ենք, որ նույնիսկ շատ եվրոպական երկրներում նույն պրոցեսներն են տեղի ունենում, երբ կա պայքար և դժվար է տարբերակել՝ ով է ճիշտ, ով է սխալ անկախ դատական համակարգի համար մղվող պայքարում: Դրա համար մենք այս առումով ավելի շատ նախընտրում ենք առաջ գնալ չվնասելու ճանապարհով, որովհետև խոսքն այստեղ մարդկանց ազատությունների և իրավունքների երաշխավորման մեջ է»:

Այդ համատեքստում  վարչապետն անդրադարձել է քրեակատարողական հիմնարկներում իրականացվող բարեփոխումներին:  «Պետք է մի ցուցանիշ նույնպես ընդգծեմ,  որը կապ ունի և՛ ժողովրդավարության, և՛ օրենքի գերակայության, և՛ մարդու իրավունքների պաշտպանության, և՛ անկախ դատական համակարգի հետ: Հեղափոխությունից առաջ, տարիներ առաջ, մեր քրեակատարողական հիմնարկները բոլորը գերբեռնված էին: Այսինքն՝ այնտեղ մենք նույնիսկ ունեինք իրավիճակ, երբ կալանավորված և դատապարտված անձինք քնելու տեղ չունեին և ստիպված հերթով են  քնելԻհարկե, իմ բախտը բերել է, երբ ես քաղբանտարկյալ եմ եղել, այդպիսի պրոբլեմի հետ չեմ առերեսվել, բայց դա հանրային պրոբլեմ էր Հայաստանի Հանրապետությունում: Այսօր բանտային բնակչության ծանրաբեռնվածության առումով Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի մասշտաբներով գրավում է երկրորդ տեղը: Այսինքն՝ ամենաթերի բեռնված երկրների շարքում է և պետք է ասեմ, որ այդ ցուցանիշով մենք զիջում ենք միայն Մոնակոյին: Մնացած բոլոր երկրների նկատմամբ բանտային բնակչության բեռնվածության առումով մենք շատ լավ դիրքերում ենք: Սա նույնպես կարևոր ցուցանիշ է: Վերջերս մեր ընդդիմադիրների քննադատությանն արձագանքելով, բնականաբար, ժողովրդավարական երկրում կա ընդդիմություն, կա ուժեղ քննադատություն, երբեմն արմատական քննադատություն, ես խորհրդարանում ելույթ ունենալիս հենց այդ ցուցանիշը բերեցի, որովհետև ոմանք փորձում են ցույց տալ, թե մենք շեղվում ենք ժողովրդավարական չափանիշներից, հետապնդումների ենք ենթարկում մեր քաղաքական ընդդիմախոսներին: Ես ասացի, որ այն երկրները, որոնք շեղվում են ժողովրդավարական ճանապարհներից և բռնաճնշումների ճանապարհով են գնում, այդ երկրներում սովորաբար բանտերը բացվում են և ոչ թե փակվում, իսկ մեր երկրում այս ընթացքում մեր կառավարման շրջանում երկու, ըստ էության, ամենախոշոր բանտերը փակվել են»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

ՀՀ կառավարության ղեկավարը կրկին անդրադարձել է երկրում կոռուպցիայի դեմ տարվող պայքարին և ընգծել. «Պիտի արձանագրեմ, իհարկե, մեծ տխրությամբ և մի քիչ էլ տհաճությամբ, որ կոռուպցիայի դեմ պայքարում այսօր մեղադրյալի կարգավիճակում են ոչ միայն նախկին պաշտոնյաներ, այլ պաշտոնյաներ, ովքեր նախարար են նշանակվել իմ կողմից, իմ կառավարության անդամներ են եղել և բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել»:

Անդրադառնալով 44 օրյա պատերազմին՝  Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կա կարծիք, որ Հայաստանում ժողովրդավարությունն է, որ բերեց երկրում 2020 թվականի 44-օրյա պատերազմին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմին: Գլխավոր հարցը, որ այսօր կախված է Հայաստանի մթնոլորտում, հետևյալն է՝ ինչքանով է ժողովրդավարությունն ի վիճակի ապահովել երկրի անվտանգությունը: Սա իսկապես չափազանց կարևոր հարց է և դրա վերաբերյալ ուզում եմ իմ մեկնաբանությունները ներկայացնել: 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմն իրականում ոչ մի կապ չունի Հայաստանի ժողովրդավարական լինելու հետ: Այստեղ իրավիճակն ավելի լուրջ է, և ես պիտի ձեզ մի այսպիսի զուգահեռ ներկայացնեմ. ընդհանրապես ընդունված է կարծել կամ այդպիսի կարծիք գոնե 90-ականների սկզբին կար նաև Եվրոպայում, որ 1988 թվականին մեկնարկած, սկսած Ղարաբաղյան շարժումն է, որ հետագայում հանգեցրեց Խորհրդային միության կամ փլուզման կամ աշխարհակարգի փոփոխության: Իմ խորը հավատը և համոզմունքն է նաև այն, որ իրականում 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմը, 44-օրյա պատերազմն, ըստ էության, մի հերթական նշանն էր այն բանի, որ մեզ սպասում են գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ և աշխարհակարգի փոփոխություն է տեղի ունենալու: Իրականում պատերազմի պատճառները երկուսն էին, առաջինը՝ գլոբալ և ռեգիոնալ ուժերի հարաբերակցության փոփոխությունը, որ երկար տարիներ տեղի են ունեցել և այս ֆոնի վրա Ադրբեջանի վարած հետևյալ բանակցային քաղաքականությունը, որ տվեք մեզ այն ինչ մենք ուզում ենք ստանալ, այլապես մենք այն կստանանք պատերազմով: Այս իմաստով ակնհայտ է և միանշանակ, որ պատերազմն այս համատեքստում անխուսափելի էր: Իհարկե, այն դաժան փորձություն էր Լեռնային Ղարաբաղի հայության համար, Արցախի համար, Հայաստանի Հանրապետության համար և Հայաստանի ժողովրդավարության համար:

Պիտի արձանագրեմ, որ, այնուամենայնիվ, մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ չափազանց լարված և ըստ էության պատճառները, որոնց մասին խոսում եմ՝ չեն փոխվել: Հետպատերազմական իրավիճակին, որը հաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և որի արդյունքում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժեր մուտք գործեցին Լեռնային Ղարաբաղ, ես ուզում եմ ուղիղ և հասկանալի պատկեր տալ, որպեսզի բոլորի, նաև ոչ փորձագետների համար պարզ լինի, թե ինչումն է և որտեղ է պրոբլեմը: Պատերազմից հետո կամ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցն այլևս լուծված է, բայց սա ոչ միայն քաղաքական հայտարարություն է, այլև, ըստ էության, գագաթն է և կուլմինացիան  պատկերացումների, որ Ղարաբաղյան հարցի լուծման մասին ուներ և շարունակում է ունենալ Ադրբեջանը: Եթե մեկ բառով ձևակերպելու լինենք այդ քաղաքականությունը, այդ քաղաքականությունը հետևյալն է՝ Ղարաբաղն առանց հայերի: Եվ սրանում ոչ մի չափազանցություն չկա: Հիմա ես կոնկրետ օրինակներով ցույց կտամ, որ հենց այդպիսին է քաղաքականությունը: Օրինակ, այս գարնանը մենք ունեցանք հետևյալ երևույթը, երբ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղի հայկական գյուղերի մոտակայքում բարձրախոսներով հայտարարություններ էին տարածում՝ նրանց զգուշացնելով հեռանալ իրենց տներից, այլապես ուժի կիրառմամբ նրանք կհեռացվեն: Մեկ ուրիշ կարևոր հանգամանք. գիշերային ժամերին ուժեղ լուսարձակներով լուսավորում էին Ղարաբաղի հայկական գյուղերի տները և բարձրախոսներով ազան էին միացնում, դա մուսուլմանական աղոթքի հրավեր է: Մենք, իհարկե, հայ ժողովուրդը մեծ հարգանք և պատկառանք ունի մուսուլմանական մշակույթի և կրոնի նկատմամբ, բայց պիտի արձանագրեմ, որ սա, ըստ էության, կրոնական ահաբեկչության մի պարզ օրինակ է: Նաև Ադրբեջանը երկար տարիներ փորձում է Ղարաբաղի հիմնախնդրին տալ կրոնական ենթատեքստ, ինչը նրան չի հաջողվում, որովհետև մենք բազմաթիվ մահմեդական երկրների հետ ունենք ջերմ, բարեկամական, եղբայրական հարաբերություններ, բայց ահա հերթական անգամ փորձ է արվում այս գործոնը նորից ներմուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:

Հաջորդ հանգամանքը, որ կուզենայի նշել, հետևյալն է. Լեռնային Ղարաբաղն ընդհանարապես տաք տարածաշրջան է, այս տարվա մարտին, սակայն, այնտեղ աննախադեպ քանակի ձյուն տեղաց՝ մարտի 7-11 ընկած ժամանակահատվածում և աննախադեպ ցրտեր սկսվեցին: Եվ հենց այդ օրերին մենք տեսանք Ղարաբաղին ապահովող գազամուղի պայթեցում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Դրա նորոգումը շատ երկար տևեց և նորոգումից հետո էլ Ադրբեջանը   խողովակի վրա փական է տեղադրել՝ փորձ անելով դա օգտագործել որպես քաղաքական, բարոյական, սոցիալական  ճնշման միջոց: Նկատի ունեմ՝ ամեն ինչ արվում է, որպեսզի հայությունն Արցախում, Լեռնային Ղարաբաղում իր ներկայությունը համարի անհնարին: Եվ սա ասելով է նկատի առնվում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, սա ասելով նկատի է առնվում, որ Լեռնային Ղարաբաղում հայ չի լինելու, Լեռնային Ղարաբաղի հայությունը ոչ մի իրավունք չի ունենալու, Լեռնային Ղարաբաղի հայության ինքնությունը ոչնչացվելու է և արմատախիլ է արվելու: Ասածիս մեջ ամենևին չափազանցություն չկա: Տեսեք, բոլորովին վերջերս  տեղի ունեցավ մի այսպիսի տարօրինակ հայտարարություն Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից. նրանք հայտարարեցին, որ ստեղծվել է  աշխատանքային խումբ, իրենց ասելով՝ «հայկական համարվող եկեղեցիների վրայից կեղծ գրառումները, արձանագրումները վերացնելու և ջնջելու համար»:  Իսկ դրանից մի քանի ամիս առաջ Ադրբեջանի նախագահը, այցելելով Ադրբեջանի հսկողության տակ գտնվող մի տարածք, որտեղ կա հինավուրց հայկական եկեղեցի, բառացիորեն հայտարարել էր հետևյալը՝  «արձանագրությունները կեղծ են և այդ կեղծիքը պետք է վերացվի»: Սա բայց ամենևին էլ մշակութային ակցիա չէ պատմական հուշարձանների նկատմամբ: Չնայած, նույնիսկ եթե այդպես լիներ միայն, արդեն իսկ աղաղակող և անթույլատրելի փաստ է: Այս քաղաքական  նպատակը, երբ դնում ենք Ադրբեջանից հնչող այլ հայտարարությունների շարքում, հետևյալ է՝ արձանագրել, որ Ղարաբաղի հայությունը բոլորովին վերջերս և այլ հանգամանքներում են հայտնվել Լեռնային Ղարաբաղում, հետևաբար նրանք այնտեղ ապրելու լեգիտիմ իրավունք չունեն: Եվ սա է այսօր Ադրբեջանի կողմից որդեգրվող քաղաքականությունը: Մինչդեռ, մեր ընկալումը բոլորովին այլ է, մեր ընկալումը հետևյալն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ամենևին էլ հողային հարց չէ ինչպես փորձ էր անում ներկայացնել Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը իրավունքի հարց է, և մենք, մեր քաղաքականությունը և մեր ուղերձը միջազգային հանրությանը հենց դա է, որ մենք պիտի աշխատենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները լինեն պաշտպանված: Եվ նաև այս համատեքստում է, որ մենք, չնայած այս ամբողջ նեգատիվին, որդեգրել ենք խաղաղության օրակարգ: Սա հեշտ չէր մի իրավիճակում, երբ տեղի է ունեցել պատերազմ, երբ ունեցել ենք զոհեր: Մենք ասել ենք, որ անկախ ամեն ինչից մեր կառավարության հանձնառությունն ու մանդատն է՝ անել ամեն ինչ մեր տարածաշրջանում, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում հասնել խաղաղության, ամեն ինչ անել խաղաղության համար, և ոչ թե ուղղակի ամեն ինչ անել, այլ հասնել խաղաղությանը, առաջադրել խնդիրը և լուծել: Դուք երևի նկատեցիք այստեղ գալուց առաջ երկու ցույց ունեինք՝ մեկն ի պաշտպանություն մեր կառավարության, մեկն՝ ընդդեմ  մեր կառավարության կամ անձամբ ինձ: Այստեղից էր բխում այդ ամենը, որովհետև շատ մարդիկ, շատ հայրենակիցներ մտածում են, որ խաղաղության օրակարգի մասին խոսելով մենք դավաճանում ենք մեր ազգային ինքնությունը, մենք դավաճանում ենք մեր երկրի շահերը, մենք դավաճանում ենք Լեռնային Ղարաբաղի հայությանը, Լեռնային Ղարաբաղին, մենք նրանց անպաշտպան ենք թողնում: Բայց մեր համոզմունքը հակառակն է: Մենք լսում ենք այդ քննադատությունը, մենք վերլուծում ենք այդ քննադատությունը, մենք փորձում ենք հասկանալ այդ քննադատությունը: Նույնիսկ տեղ-տեղ և ընդհանուր առմամբ հասկանում ենք, բայց հենց քաղաքական գործչի և քաղաքական թիմի և ժողովրդի կողմից ընտրված կառավարության ամենամեծ խնդիրն է գնալ դժվարին ճանապարհով, որովհետև հեշտ ճանապարհները չեն տանում դեպի լավ արդյունքների: Իսկ արդյունքը, որ մենք ակնկալում ենք, հետևյալն է՝ խաղաղ զարգացման դարաշրջան մեր երկրի և մեր տարածաշրջանի համար: Դրա համար մեզ պետք է հաջողությամբ իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, որպեսզի Ադրբեջանի հետ մեր երկաթուղիները, ճանապարհները աշխատեն, բաց լինեն»:             

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին. «Մենք խոսակցություն ենք սկսել Թուրքիայի հետ և համաձայնել ենք առանց նախապայմանների սկսել հարաբերությունների կարգավորման փորձ և հասկանալի է, որ մի իրավիճակում, երբ կա շատ մեծ նեգատիվ պատմական ժառանգություն, սա հեշտ չի անել: Եվ ես ինչու եմ այստեղ այս մասին խոսում, որովհետև իմ համոզմունքն է, որ առանց միջազգային հանրության ակտիվ և անկեղծ աջակցության մենք հաջողության հասնելու ավելի քիչ հնարավորություններ կունենանք: Մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը լսի մեր ձայնը, մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը տեսնի մարդկանց, ովքեր այսօր ապրում են Լեռնային Ղարաբաղում, ովքեր ամեն օր, ի հեճուկս բազմաթիվ գործոնների, ամեն օր պայքարում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքի համար, բայց մյուս կողմից նաև ունեն տարօրինակ մի փաստ, որ ըստ էության, այդ մարդիկ կտրված են միջազգային հանրության հետ լիարժեք հաղորդակցություն իրականացնելու հնարավորությունից: Այսօր բազմաթիվ միջազգային կառույցներ, գործակալություններ՝ ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, նույնիսկ ԵԱՀԿ, զրկված են Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությունից, որովհետև Ադրբեջանն արգելափակում է այդ հնարավորությունը, բայց այս գործելակերպն, անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ, որովհետև եթե չկա իրականությունն այլակերպելու ցանկություն և կանխավարկած, այդ մուտքը սահմանափակելու քաղաքականությունն այնքան էլ հասկանալի չէ»:

Վարչապետը մեկ անգամ ևս անդրադարձել է խաղաղության օրակարգին,  Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը և նշել. «Մենք հստակ ասել ենք, որ այո՛, խաղաղության օրակարգը որդեգրում ենք, մենք պիտի գնանք Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի ճանապարհով, պայմանականորեն ասած՝ խաղաղության բանակցությունների մեկնարկ պետք է տեղի ունենա: Ես ուզում եմ այս կապակցությամբ  շատ կարևոր մի պարզաբանում անել. Ադրբեջանը փետրվարին, մարտին մեզ ներկայացրեց իր  պատկերացումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին, որտեղ հինգ հիմնական կետ կա: Խոսքը վերաբերում է միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելուն, սահմանների դեմարկացիային, կոմունիկացիաների բացմանը, միմյանցից տարածքային պահանջների բացակայությանը: Եվ մենք, դիտարկելով այդ առաջարկները, տեսանք, որ մեզ համար անընդունելի ոչինչ դրանցում չկա, սակայն մենք արձանագրեցինք, որ այդ կետերը չեն հասցեագրում մեր հարաբերությունների ամբողջ օրակարգը: Եվ մենք լրացրեցինք այդ հարաբերությունների օրակարգը, որտեղ ներառվում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության իրավունքների և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդիրը: Երբ ապրիլի 6-ին Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ հանդիպում տեղի ունեցավ, մենք քննարկեցինք այդ հարցն Ադրբեջանի նախագահի հետ, և ես ասացի, որ մեզ համար իրենց առաջարկած կետերի մեջ անընդունելի ոչինչ չկա և եթե ադրբեջանական կողմը համաձայն է, որ մեր երկու պատկերացումները միացնենք իրար և այդ հենքի վրա սկսենք բանակցություններ, մենք պատրաստ ենք դրան: Բրյուսելից վերադառնալով ես ասացի, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, ըստ էության, ադրբեջանական կողմն էլ հայտարարեց դրա մասին: Բայց այս վերջին շրջանում Ադրբեջանից  հնչում են հայտարարություններ, որոնք փորձ են անում տպավորություն ստեղծել, թե սեղանին լինելու են միայն Ադրբեջանի առաջարկները: Դա առնվազն չի համապատասխանում այն պայմանավորվածություններին, որ մենք ձեռք ենք բերել Բրյուսելում և պետք է արձանագրեմ, վերահաստատեմ իմ դիրքորոշումն այսօր նաև հրապարակային, նաև պաշտոնապես, նաև ձեր առաջ, որ մենք նշված սկզբունքների հիման վրա և օրակարգի հիման վրա պատրաստ ենք բանակցությունների: Չնայած, ըստ էության, այն պրոցեսը, որը պլանավորվել է, այն պրոցեսի մեջ որևէ բան չի փոխվել: Առաջիկայում նախատեսվում է մեր ներկայացուցիչների հանդիպումը և՛ սահմանազատման, սահմանագծման հարցով, և՛ Արտաքին գործերի նախարարները հանդիպում կունենան:

Եվ պետք է մի բան ասեմ նաև որպես ամփոփում. գիտեք, մենք շատ դաժան փորձությունների միջով ենք անցել վերջին երկու տարիներին, բայց ես այսօր կարող եմ ասել, որ ունեմ խորը համոզմունք, որ  մենք ճիշտ ճանապարհով ենք ընթանում: Դա խաղաղության օրակարգի առաջ մղման  ճանապարհն է, մենք գիտենք, որ շատ դժվար է լինելու, բայց պատրաստ ենք մեր վրա վերցնել այդ քաղաքական պատասխանատվությունը, որովհետև մենք զգում ենք, տեսնում ենք, կրում ենք պատասխանատվությունը մեր երկրի, մեր տարածաշրջանի և ընդհանրապես, գլոբալ խաղաղություն հաստատելու գործում վճռական ներդրում ունենալու համար, և ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը, մեր գործընկերները, Նիդերլանդների Թագավորությունը, բոլոր գործընկերները մեզ կաջակցեն այս ջանքերում»: Վարչապետը պատասխանել է նաև ներկանների՝ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների և  ուսանողների  հարցերին, որոնք վերաբերել են հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, Հարավային Կովկասում, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, հասարակական և քաղաքական կյանքում կանանց դերի մեծացմանը և այլն»:  

Մայիսի 11-Ին Հաագայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Ռուտեի հադիպումը. երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով

Պարոն Ռուտեն կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ և երկու երկրների միջև փոխգործակցության զարգացումը բոլոր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են նաև երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը: Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:

Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով:  

Մարկ Ռուտեն, մասնավորաապես նշել է.

«Շատ շնորհակալ եմ: Ինձ համար մեծ հաճույք է Նիկոլ Փաշինյանին և իր կառավարության մի քանի անդամներին այստեղ ողջունել և ընդունել:

Նիդերլանդները և Հայաստանը աշխարհագրական առումով մի քանի հազար կիլոմետր հեռու են իրարից, բայց մնացած առումներով տարածութունը մեր երկրների միջև փոքր է: Մենք մշակութային արժեքների գնահատողն ենք. Դրենցի թանգարանում ցուցահանդես է երեկ բացվել, և հուսով եմ շուտով կայցելեմ այնտեղ: Մենք նաև հիանալի դիվանագիտական հարաբերություններ ունենք, որոնք արդեն 30 տարի է գոյություն ունեն: Նիդերլանդների դեսպանության բացումը տեղի ունեցավ Երևանում, որը հաստատում է մեր երկկողմանի հիանալի հարաբերությունները:

Վարչապետ Փաշինյանի այցը շատ ճիշտ պահին է տեղի ունենում, քանի որ Հայաստանի կառավարությունն անցած տարվա ընտրություններից հետո, շատ մեծ պլաններ ունի. շատ թեմաներ ունենք խոսելու, շատ մեծ պլաններ կան: Հայաստանը մեծ ներդրումներ է արել և գնում է ժողովրդավարության ճանապարհով, չնայած երբեմն լինում են բարդ իրավիճակներ և պայմաններ: Վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ թավշյա հեղափոխությունից հետո շատ մեծ փոփոխություններ են իրականացվել, կոռուպցիայի և շատ այլ խնդիրների դեմ պայքար է իրականացվել: Ես մեծապես համոզված եմ, որ բարեփոխումները լինելու են շատ արդյունավետ, և բոլոր հայերը դրանից օգուտ են ստանալու: Ես մեծ գնահատական եմ տալիս պարոն Փաշինյանին, շատ եմ գնահատում իր կառավարության գործունեությունը և իրեն խոստացել եմ, որ կօժանդակենք ամեն կերպ:

Չնայած շատ դրական ձեռքբերումներ կան, ցավոք, աղետալի պատերազմն Ուկրաինայում բոլորին վշտացնում է: Իհարկե, այդ մասին մենք այսօր խոսել ենք: Մեր դիրքորոշումը շատ պարզ է՝ այդ ահավոր պատերազմը պետք է դադարի, և բոլոր կողմերը պետք է սեղանի շուրջ նստեն և բանակցություններ սկսեն դրա վերաբերյալ: Միայն դա կարող է հանգեցնել մշտական խաղաղության: Ցավոք, Հայաստանը շատ լավ գիտակցում է՝ ինչ է նշանակում պատերազմը, և այդ իսկ պատճառով էլ այդքան կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերջերս սկսել են բանակցություններ վարել, որպեսզի շուտով իրականանա Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնությունը: Մենք շեշտում ենք դրա կարևորությունը և Մինսկի խմբի համանախագահներին օժանդակում ենք: Շատ բարդ խոսակցություն է այդքան վշտից հետո: Պարոն Փաշինյանն այդ մասին պառլամենտում շատ պարզ խոսքեր արտահայտեց: Ես իմ հարգանքն արտահայտեցի դրա վերաբերյալ, Հայաստանի կառավարության ջանքերն այդ առումով, մենք սրտանց ողջունում ենք և շարունակելու ենք ողջունել: Դեռ չենք ավարտել, իհարկե, մեր խոսակցությունները, շուտով նստելու ենք սեղանի շուրջ, բայց ուզում եմ առիթից օգտվելով  շնորհակալություն հայտնել պարոն Փաշինյանին և նախարարներին այցի համար: 

Այս այցի ժամանակ նորից հաստատեցինք, թե ինչն է միավորում մեր ազգերին: Դա խոստանում է շատ լավ և դրական համագործակցություն ապագայում: Անձնապես շատ եմ ողջունում այդ բոլորը, նորից շնորհակալություն եմ հայտնում, և հուսով եմ՝ նորից կհանդիպենք»:

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և պաշտոնական այցով հրավիրելու համար: Պետք է արձանագրեմ, որ սա Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Նիդերլանդների Թագավորություն: Եվ ես այսօր մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ փաստը, որ այս ժամանակում տեղի է ունենում այս պաշտոնական այցը , ես գնահատում եմ ոչ միայն մեր հարուստ  պատմական հարաբերությունների և առևտրատնտեսական բավական զարգացած հարաբերությունների արտահայտություն, այլև Նիդերլանդների և անձամբ Ձեր, պարոն վարչապետ, աջակցությունը հայկական ժողովրդավարությանը, մեր կառավարության որդեգրած ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: Առաջին անգամ եմ ընդհանրապես Նիդերլադներում գտնվում և շատ տպավորված եմ Ձեր հիասքանչ և գեղեցիկ երկրով: Եվ, իհարկե, դա լրացուցիչ խթան է և ոգևորում է մեզ, որպեսզի մենք հետագայում զարգացնենք հարաբերությունները բոլոր ոլորտներում և քաջալերենք նաև մարդկային, մշակութային, տնտեսական կապերի հետագա զարգացումը մեր երկրների միջև: Պիտի արտահայտեմ նաև իմ շնորհակալությունը Ձեզ, պարոն վարչապետ, Ձեր արտահայտած դիրքորոշումների վերաբերյալ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և  այն բանի համար, որ Դուք հստակ աջակցում եք ՀՀ կառավարության որդեգրած խաղաղության օրակարգին: Պետք է ասեմ, որ այո՛, մենք խաղաղության օրակարգ որդեգրելու և իրականացնելու մանդատ ենք ստացել մեր ժողովրդից նախորդ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որը պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ միջազգային հանրության կողմից միանշանակ գնահատվել է որպես ազատ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը չափազանց հարուստ է, և մենք հույս ունենք բոլոր ուղղություններով առաջ ընթանալ: Մենք շատ հետաքրքրված ենք և այսօր մի քանի առիթներով քննարկել ենք, մասնավորապես, Հայաստանում գյուղատնտեսական տեխնոլոգիաների ավելի լայնածավալ կիրառման հարցը: Մենք գիտենք, որ Նիդերլանդները ամենազարգացած գյուղատնտեսական և տեխնոլոգիական երկիր է,  և մենք ուրախ ենք և շնորհակալ, որ և կառավարությունը, և բիզնեսը, որի հետ այսօր հանդիպում ունեցանք, հետաքրքրված են այդ ուղղություններով հետագա զարգացումների համար: Ժողովրդավարական բարեփոխումների աջակցման գործում մեծ է Նիդերլանդների Թագավորության և Ձեր կառավարության դերը: Իհարկե, մեր հիմնական համագործակցության գործընկերը Եվրամիությունն է այս հարցում, և իհարկե, Եվրամիության անդամ երկրների աջակցությունը կարևոր է: Պիտի արձանագրեմ, որ 2021 թվականին ուժի մեջ մտավ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնաված գործընկերության  համաձայնագիրը, որը, ըստ էության, հենց ժողովրդավարական բարեփոխումների համատեղ օրակարգն է: Եվ մենք վճռական ենք այդ օրակարգը լիարժեք իրականացնելու, վճռական ենք մեր երկրի և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու առումով: Մենք քննարկեցինք նաև այն պրոցեսները, որ տեղի են ունենում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, Հայաստան- Ադրբեջան հարաբերություններում:  Եվ պետք է ուրախությամբ նշեմ, որ  ըստ էության, արձանագրում ենք, որ մենք ընդհանուր պատկերացումներ ունենք այդ պրոցեսների վերաբերյալ և ընդհանուր պատկերացում ունենք, որ խաղաղության օրակարգն իսկապես պետք է իրագործվի: Բայց նաև, մենք բոլորս գիտենք, որ առանց միջազգային հանրության աջակցության դա հնարավոր չէ, և ուրախ ենք, որ միջազգային մեր գործընկերների շրջանում այդ օրակարգն ըմբռնում է գտնում: Կրկին անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս ջերմ ընդունելության համար և համոզմունք հայտնել, որ այցի արդյունքներով մեր հարաբերությունների հետագա զարգացման նոր խթան կտրվի:

Շնորհակալություն»:

Նիկոլ Փաշինյանը և Մարկ Ռուտեն պատասխանել են լրագրողների հարցերին:

Վարչապետը հանդիպել է Նիդերլանդների Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունին և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպին

Աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ:

Վերջիններս ողջունել են ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը, այդ թվում` խորհրդարանական մակարդակում: Նրանք ընդգծել են Հայաստանի հետ փոխգործակցությունը զարգացնելու իրենց երկրի շահագրգռվածությունը` շեշտելով հայ ժողովրդի նկատմամբ երկրում առկա ջերմ մթնոլորտը: Մասնավորապես, նշվել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման փաստը:  Յան Անտոնի Բրաունը և Վերա Բերգկամպը ողջունել են մեր երկրում  ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ իրականացվող հետևողական քայլերը և հավելել, որ Նիդերլանդներն իր փորձով պատրաստ է օժանդակել դրանց արդյունավետ կյանքի կոչմանը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ առաջին դեպքն է, երբ Հայաստանի Հանրապետության ղեկավարը պաշտոնական այց է կատարում Նիդերլանդների թագավորություն և հույս հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ գործընկերությանը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել, որ գործադիրը շարունակելու է հետևողականորեն առաջ մղել բարեփոխումների օրակարգը: Նիկոլ Փաինյանը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարներին` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման և Լեռնային Ղարաբաղի հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու համար:

Այնուհետև վարչապետը հանդիպել է Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամներին, պատասխանել նրանց հետաքրքրող մի շարք հարցերի: Դրանք վերաբերել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակին, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, Հարավային Կովկասում ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նիդերլանդների Թագավորություն ավարտվել է:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում