Վանի 1915 թվականի Ապրիլյան Հերոսամարտը եւ Օննիկ Մխիթարյանի հուշամատյանը

  • 12.05.2022
  • 0
  • 417 Views


Վասպուրականի Հայրենակցական միությունում ամեն տարի Վանի ապրիլյան հերոսամարտի հիշատակությունը Կանոնադրային պարտավորություն է։ Վասպուրականը այն վայրն է, ուր իրենց գործունեության դաշտ էին դարձրել հայ անհատ մտավորականներն ու ավանդական կուսակցությունները, այնտեղ ոչ միայն խոսք ու գաղափար էր, այլև գործ, կռիվ, հերոսություն և հաղթություն։

Հերոսամարտերը յուրահատուկ իրողություններ են, բազմաստիճան դժվարությունների հաջորդական հաղթահարումներ, Վանի պարագայում՝ արդեն ընթացող եղեռնի, ռազմաքաղաքական, բարոյական-հոգեկան համատարած անկումային վիճակի, կործանող սպասումի թելադրությունների հաղթահարում, կենաց-մահի մարտակոչ, հոգեփրկություն և ժողովրդային հաղթության կերտում։

Անցած, ավելի քան 100 տարիների ընթացքում, մեր երևելի մտավորականներն ու ազգային գործիչները յուրովի, բանավոր կամ գրավոր ներկայացրել են Վանի հերոսամարտը։ Պատմության համար արձանագրված են և դեպքերը, և հերոսական անձինք։ Բազմաթիվ անդրադարձներ կան նաև օտար աղբյուրներում։Ամեն տարի մեջտեղ են գալիս նոր աղբյուրներ և աշխատություններ, հարստացնելով հերոսամարտի մասին եղած դիտարկումները, ընկալումներն ու գնահատանքը, իսկ ընտանիքներում պահվում են հերոսամարտին առնչվող ոչ միայն հիշողություններ, այլև մասունքներ։ Մոտ 25 տարի առաջ պատվավոր մի վանեցի տեղեկացրեց, որ իրանահայ վանեցի մի ընտանիքում պահպանվում է հերոսամարտի ղեկավարների կողմից իբրև քարտեզ օգտագործված այն սավանը, որի վրա գծված է Վան քաղաքի հատակագիծը, ինքնապաշտպանության շրջաններն ու դիրքերը։


Վանի 1915 թ․ ապրիլյան հերոսամարտը, Օսմանյան կայսրությունում նախապես ծրագրված և տարիներ տևած հայոց ցեղասպանության ընթացքում, հայության դիմադրական գործողությունների շարքում առաջինն էր և, ցավոք, միակ հաղթական ավարտ ունեցածը։Վանի 1915 թ․ ապրիլյան հերոսամարտը ցեղասպանության ժամանակաշրջանի լավապես վավերագրված իրադարձություններից է։

Կարևորելով հայ ժողովրդի պատմությունում Վանի հերոսամարտի տեղն ու դերը, Գարեգին Նժդեհը 1930 թ․ Սոֆիայում հրատարակել է հերոսամարտի մասնակից Օննիկ Մխիթարյանի կազմած հուշամատյանը։ Նժդեհը բարձր Է գնահատել Վանի հերոսամարտը և ժամանակակիցներին ու սերունդներին պատգամել է միշտ օրինակ վերցնել վանեցիների փորձառությունից․ “Եթէ կ՛ուզեք բախտորոշ ծառայութիւն մատուցանել ձեր ազգին, անոր մէջ մշակեցեք իր ճակատագրի զգացումը, սորվեցնելով անոր, ամէն բանէ առաջ հաւատալ իր սեփական բազուկին, որը աւելի զօրաւոր է քան կարող են կարծել իր արտաքին թշնամիները։ Վանը հավատաց ու յաղթեց։Փառք իրեն”։

Օննիկ Մխիթարյանի հուշամատյանը արժեքավոր է նաև այն բանով, որ այնտեղ անհրաժեշտ ճշտումներ և լրացումներ է արել Հերոսամարտի ղեկավարներից Արամ Մանուկյանը։
1990 թ․ Հերոսամարտի 75-րդ տարելիցի առթիվ Վասպուրականի Հայրենակցական միության նախաձեռնությամբ Երևանում, պատկառելի խմբագրակազմի ջանքերով, 30 հազար տպաքանակով հրատարակվեց «Վան-Վասպուրականի հերոսամարտը 75» ժողովածուն․ Երևան «Հայաստան» հրատարակչություն, 1990, 127 էջ, 16 թերթ նկար։

Հերոսամարտի մասին գրվել են նաև վեպեր, վիպակներ։ Նշանավոր են ականատեսներ Ծերուն Թորգոմյանի “Անմար կրակներ”, Գուրգեն Մահարու “Այրված այգեստաններ” վեպերը, ուր գեղարվեստական գրականության հնարավորությունները լավապես օգտագործված են վավերական անձանց և հերոսամարտի իրողությունները հնարավորինս ամբողջական և գունագեղ արտահայտելու համար։
Ցեղասպանությունը սկսվելու խորհրդանշական օր է ընդունված 1915 թ․ ապրիլի 24-ը՝ Ստամբուլում հայ մտավորականների առաջին խմբի ձերբակալության օրը, չնայած դրանից դեռ շատ օրեր ու ամիսներ առաջ էին սկսվել թուրքական բանակում հայ զինվորականության, ինչպես նաև առանձին վայրերում խաղաղ ազգաբնաբկչության կազմակերպված զանգվածային սպանդը։

Հերոսամարտը սկսվել է ապրիլի 7-ին՝ հին տոմարով ապրիլի 20-ին, հաղթական ավարտ է ունեցել մայիսի 4-ին՝ հին տոմարով մայիսի 17-ին։ Դժվարությամբ է սկսվել հերոսամարտը, բազում զոհեր ու անդառնալի կորուստներ են եղել, մինչև որ հասել է ապրիլի 7-ի “Օրհնված պահը”, որի մասին վանեցին գոչել է․-Կե՛ցցէ՜ հրացանի այդ առաջին որոտը․․․»


Վանի հերոսամարտում հայոց մասին տեղեկությունները ստույգ են, ճշգրտորեն արձանագրվել և հաշվառվել է ամեն մի փող զենք ու փամփուշտ, ամեն մի անձ և իրադարձություն, հերոսական կամ այլ արարք։


Թուրք վարիչները գործում էին նենգ, անկաշկանդ և սանձարձակ։ Թուրքիայի պատերազմի մեջ մտնելուց հետո, մինչև հերոսամարտը, հայությունը միայն Վասպուրականի գավառներում մի քանի տասնյակ հազար մարդկային կորուստ էր կրել։ Խաբեության զոհ դարձան դաշնակցական ճանաչված և կարող գործիչներ Վռամյանը և Իշխանը՝ ուղեկիցներով։ Ընկերների հետ պատահածից ազդված Արամ Մանուկյանը որոշում է կիսել նրանց ճակատագիրը, սակայն վանեցի կառապանի “Ո՞ւր կերդա՛ս” հորդորը թե հրամանը փոխում է դեպքերի ընթացքը․․․


Փորձենք հասկանալ, թե վանեցիները ինչպե՞ս ի վիճակի եղան անհնարին պայմաններում նման դիմադրություն կազմակերպել և հերոսամարտի հաղթական արդյունք ապահովել։
Քաղաքական կազմակերպությունները, իրարից անկախաբար, զենքի և զինամթերքի հայթայթման լուրջ աշխատանք էին տարել։Քաղաքում արդեն կազմվել էր զինվորական բարձրագույն մարմին, որի ղեկավար էր ընտրվել Արմենակ Եկարյանը՝ արմենական, անդամների կազմում էին Բուլղարացի Գրիգորն ու Կայծակ Առաքելը, իսկ Հրանտ Գալիկյանը, Գաբրիել Սեմերջյանը, Արամ Մանուկյանը և Փանոս Թերլեմեզյանը մարմնի խորհրդականներ էին ընտրվել։


Հերոսամարտը սկսվելու ժամանակ պատկերը հետևյալն է եղել․ «Կռվի առաջին ութօրյակին Այգեստանում հազիվ ունենայինք վեց հարյուրի չափ հրացանակիրներ և տասնոց ատրճանակավորներ․ գավառից ճողոպրած հայության հետ հետզհետե Այգեստան թափվեցին նաև զինված ուժերի բեկորներ Թիմարի և Հայոց ձորի շրջաններից», տեղեկանում ենք Արմենակ Փոխարյանի գրությունից․ «Վան-Վասպուրականի հերոսամարտը 75» Երևան «Հայաստան» 1990, էջ 24։Ապրիլի 30-ի միօրյա ցուցակագրությամբ արձանագրված տեղեկություններով պատկերը արդեն հետևյալն է եղել․Այգեստանում ստեղծված էր պաշտպանական հինգ շրջան՝ 72 տուն-դիրքերով և 1153 մարտիկներով։Քաղաքամեջը ուներ պաշտպանական 4 շրջան՝ 23 տուն-դիրքերով և 310 մարտիկներով։ Ընդ որում 1463 մարտիկներից 759-ը զինված էին ատրճանակներով։

Փամփուշտի ընդհանուր պաշարը 174 հազար էր։ Այգեստանում ամեն հրազենի բաժին էր ընկնում մոտ 100 փամփուշտ։ Հերոսամարտը վկայեց վտանգի պահին կուսակցական շահերից ու պատկանելությունից վեր կանգնելու և համախմբվելու վան-վասպուրականցիների միահամուռ կեցվածքը, հերոսամարտի ազգային ծառայությունում յուրաքանչյուր անձի համապատասխան տեղը ճշտորեն որոշելու ազգային-քաղաքական իմաստությունը՝ զինվոր, հրամանատար, ամեն օրվա ընթացքում քանդվող դիրքերը գիշերը վերականգնող քարակոփ վարպետ թե բանվոր, սննդեղենի և զինամթերքի առկա նվազագույն միջոցներին խնայողաբար վերաբերվելը, այլազան մարտական, արհեստավորական, գիտական, առողջապահական անձնական նախաձեռնություններին ընդառաջումը։


Վանեցիները կարողացել էին ամբողջացնել հետևյալ կարևոր պայմանները․-Բոլոր մակարդակներում պատշաճ հրամանատարության ներկայություն, -դիրքերի խելամիտ դասավորություն ու դրանց մշտական ղեկավարման իրականացում, -այլազան մարտական, զիամթերքի, սննդեղենի անխափան մատակարարում, -վիրավորների և հիվանդների պատշաճ բուժում և խնամք,-հերոսամարտի ամբողջ ժամանակ ժողովրդային մշտական կորով։Մասնավոր նախաձեռնության արդյունքով են առաջացել պատերազմական վիճակի դեպքում անհրաժեշտ բազմաթիվ ենթակառուցվածքները։

Առանց դրանց հնարավոր չէր լինելու հերոսամարտի հաղթանակը․ -զենքերի վերանորոգման արհեստանոցը, -հայ ռազմիկների համար օրական 40-50 զույգ կոշիկ կարող կոշկակարների համախմբումը, -հագուստներ կարող և գործող կանանց համախմբումը,-զինամթերք արտադրող արհեստանոցի ստեղծումը՝ վառոդի արտադրության, գնդակների ձուլման, պարկուճների թողարկման և փամփուշտների լիցքավորման բաժանմունքներով։ -Բարձր դասարանցի մոտ հինգ տասնյակ պատանի հիմնում են քաղաքի ոստիկանական կամավոր ծառայությունը՝ ներքին կարգուկանոնին հետևելու, հնարավոր չարաշահումները կանխելու, ինչպես նաև անհարկի զոհերից խուսափելու համար քաղաքում կուտակումներ թույլ չտալու նպատակով։-Կին թե տղամարդ, մանուկ և ծերունի լծված էին ընդհանուր գործին։

-10-15 տարեկան թվով մոտ 50 պատաններ հսկում էին թշնամու հրասանդ տեսակի արկերի ընկնելուն, անմիջապես վազելով հասնում և արկը չպայթած պատրույգը կտրում էին։ Այդպիսով նրանք փրկում էին շատերի կյանքը և կանխում էին շենքերի ու դիրքերի փլուզումը, նաև փառոդ էին ապահովում փամփուշտ լիցքավորող Այգեստանի և քաղաքամեջի երկու զինագործական արհեստանոցներին։ Այդ վտանգավոր առաքելության ընթացքում հերոսաբար զոհվում են 13-ամյա Մարտիրոս Գյոլոշյանը, 10-ամյա Անդրանիկ Ատոմյանը, 12-ամյա Հակոբ Հայդուդյանը, 11-ամյա Շանոյանը կամ Ջանոյանը և այլք։

-Հատկապես պետք է նշել թշնամու հրետանային բացարձակ գերազանցությունը գրեթե զրոյացրած՝ քարակոփ վարպետների, պաշտպանական ամրություններ կառուցող և վերաշինող, խրամատներ, միջդիրքային հաղորդակցային ուղիներ փորող՝ ամրաշեն ջոկատների գործունեության մասին՝ մոտ 1000 կամավորներով։ Նրանք կռվողներին հավասար և դեռ ավելի քաջություն էին դրսևորում, երբեմն օրվա ընթացքում մինչև 6 անգամ քանդվող նույն դիրքը 6 անգամ նորոգելով։ Մի անգամ, երբ առանձին գտնվող դիրքերից մեկը վիրավորներով և առանց փամփուշտի պաշարի հայտնվեց վտանգավոր կացությունում, ամրաշեն ջոկատը գետնուղի փորեց մինչև դիրք, 9 կռվողներին ու վիրավորներին՝ նրանց թվում ապագա հայտնի գրող-երգիծաբան Լեռ Կամսարին՝ դուրս բերեցին վտանգավոր կացությունից։Բուլղարացի Գրիգորը բնակչությունից հավաքված մետաղյա իրերից, խոհանոցային կաթսաներից ու այլ պարագաներից երկու թնդանոթ է ձուլում։ Վառոդի խնայողության նկատառումով հազվադեպ արձակվող արկերը թուրքերի հոգիներում Կրուպի թնդանոթներից ավելի մահացու հոգեբանական ավեր էին գործում։

Այդ ամենի հանրագումարը՝ բոլոր մակարդակներում պատշաճ հրամանատարության ներկայությունը, դիրքերի խելամիտ դասավորությունն ու դրանց մշտական ղեկավարման իրականացումը, այլազան մարտական, զիամթերքի, սննդեղենի անխափան մատակարարման, վիրավորների և հիվանդների պատշաճ բուժման և խնամքի ապահովության, անհրաժեշտ այլ ենթակառույցների գոյությունը, հերոսամարտի ամբողջ ժամանակ ժողովրդային մշտական կորովը՝ հանդիսացան այն երաշխիքը, որով Վանը արժանիորեն դիմագրավեց, իսկ հետո հաղթեց թուրքական պատերազմական մեքենային։


Հարց կարող է առաջանալ, եթե հերոսամարտի տևողությունը շարունակվեր, վանեցիները ի վիճակի կլինեի՞ն դիմադրությունը շարունակել։Այս հարցում ևս, վանեցիները դրական պատասխանը երաշխավորել էին։ Այդ ցուցվեց հետևյալ իրողությամբ․ Հերոսամարտի հաղթական ավարտին՝ Քաղաքամեջում նախապես եղած փամփուշտի սահմանափակ պաշարի կեսն էին օգտագործել։
Վերը թվարկված իրողությունների ամբողջությունն էր այն հիմնական երաշխիքը, որով Վանը արժանիորեն դիմագրավեց, իսկ հետո հաղթեց թուրքական պատերազմական մեքենային։
Թուրքերի մարտական ուժերի մասին տարբեր աղբյուրներում տարբեր թվեր են բերվում։ Մենք գերմանական զինվորական աղբյուրների տեղեկություններն ավելի ստույգ ենք համարում։ Հերոսամարտի սկզբնական շրջանում, միայն Այգեստանում, «թուրքերը կենտրոնացրել էին 6 հազար կանոնավոր զորք, 12 լեռնային և ծանր թնդանոթ, բազմաթիվ քուրդ խուժան և թուրք բաշիբոզուկներ և անսպառ հրազեն ու փամփուշտ։ Միայն ապրիլի 7-ի գիշերը նրանք սպառեցին միլիոնավոր փամփուշտ»։ «Վան-Վասպուրականի հերոսամարտը 75» Երևան «Հայաստան» 1990, էջ 29-30։Հերոսամարտի միայն առաջին օրը թուրքերը թնդանոթներից Այգեստանի վրա կրակել են 700 արկ։ Զինվորական բարձրագույն մարմնի անդամ, տաղանդավոր նկարիչ Փանոս Թերլեմեզյանը նաև հմուտ նշանաձիգ էր, նա քանիցս գլորելով թուրք հրետանավորներին, թուրքական հրետանու որոշ ընդհատում էր պարտադրում։


Ըստ գերմանացի զինվորական մասնագետների գնահատումների, Վանում հերոսամարտի մասնակիցների կողմից թուրքական պետական բանակի 13 հազարանոց պատերազմական զորախմբի, դրա եռապատիկը կազմող զինված թուրք և քուրդ խուժանի, դրանց օգնող գերմանացի հրետանավոր սպաների ու զինվորների նկատմամբ ցուցաբերված դիմադրությունը, հավասարազոր է եղել նման զինական ուժի նկատմամբ հաղթանակի հնարավոր արդյունքի հասնելու համար անհրաժեշտ 50 հազարանոց կանոնավոր բանակային զորամիավորումի մարտական ակտիվ գործողության։Ուստի պետք է վերատեսության ենթարկվի նաև այն տեսակետը, որ իբրև թե, Վանի հերոսամարտի հաջողությունը պայմանավորված է եղել ռուսական բանակի եւ հայ կամավորների առաջխաղացքով։ Ընդհակառակը, Վանի հերոսամարտը ինքն է նպաստել ռազմաճակատում ռուսական բանակի հաջողությանը։

Պատկերացնո՞ւմ եք, ռազմաճակատի գծից ոչ հեռու գտնվող վայրում` Վանում, 50 հազարին համազոր հայկական ռազմական կարողության փաստը։ Մոտ մեկ ամսվա ընթացքում, ռազմաճակատում թուրքերը ռուսական զորքերի ուղղությամբ մոտ 15 հազար հրանոթային արկ պակաս են կրակել (միայն Այգեստանի վրա թուրքերը սովորական օրերին 300 արկ են կրակել իսկ հարձակումների օրերին` 700 արկ): Դե հիմա ամեն ոք ինքը թող պարզի, ո՞վ է ում օգնել ու փրկել։Եթե հայտնի չլինեին, արձանագրված չլինեին հերոսամարտի ժամանակ վանեցի մարտիկների թվի, զինվածության եւ զինամթերքի սահմանափակ լինելու մասին տեղեկությունները, ապա հիմնվելու էին գերմանացի ռազմագետների առարկայական այն գնահատման վրա, որ Վանի հերոսամարտի ժամանակ, վանեցիները թուրքական կանոնավոր բանակի դեմ մարտերում ցուցաբերել են 50 հազար կանոնավոր մարտական բանակի կարողության համազոր դիմադրություն, եւ այդպիսով հաղթել են թշնամուն։ Պետք է ճիշտ հասկանալ Վանում 50 հազար հայկական զորքի վերաբերյալ գերմանացի զինվորական մասնագետների մատնանշած, ակնհայտ սխալ, թվի իմաստը։


Քանի որ Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության իրագործումը ձեռնտու էր ռուսական կայսրությանը, համընկնում էր նրա հեռահար նպատակներին, ուստի ռուսական կողմն ամեն ինչ արեց վանեցիներին և վասպուրականցիներին երկրից տեղահանելու, և նրանց հաջողված փորձառության տարածում և կրկնություն թույլ չտալու համար։ Եթե Մուշում՝ ուր ևս զարգացած արհեստավորություն կար՝ նույնությամբ ընդօրինակեին և կրկնեին վանեցիների փորձառությունը, ապա այնտեղ էլ Կոտոյի Հաջի Հակոբի և ընկերների մարտնչումը հաջողությամբ կավարտվեր։Նույն հաջողությունը կպատահեր նաև այլ վայրերում․․․


Նույնիսկ իր եզակիությամբ՝ Վանի հերոսամարտը ժխտեց, անիմաստ դարձրեց հայոց հանդեպ երիտթուրքերի ծրագրած ու իրականացրած հայոց ցեղասպանությունը, որովհետև փրկված վասպուրականցիներից 140 հազարը հաստատվեցին Արևելյան Հայաստանում։ Վանի վարժապետանոցը նույնիսկ ավարտել չհասցրած անձինք Երեւանի համալսարանի հիմնադիր-դասխոսներ դարձան։ Հերոսամարտի ղեկավարներից Փանոս Թերլեմեզյանի անձնական նախաձեռնությամբ և միջոցներով, հիմնադրվեց այժմ իր անունը կրող նկարչական ուսումնարանը։ Մեր բոլոր նկարիչներն ու քանդակագործները, գրեթե առանց բացառության, այդ հաստատության ուսանածներն են։ Փանոս Թերլեմեզյանի հիմնադրած ուսումնական հաստատությունից զատվեցին և բազմաթիվ այլ մասնագիտական ուսումնական հաստատություններ առաջացան։Բոլոր մակարդակներում՝ կրթություն, գիտություն, առողջապահություն, գյուղատնտեսություն, ճարտարապետություն, շինարարություն, թատրոն, գրականություն, երաժշտություն, երկրի ղեկավարում և այլն մնացած բոլոր բնագավառներում Վասպուրականցի և ծագումով վասպուրականցի մտավորականների գործուն, մեծաքանակ, որակյալ և առաջատար ներկայությունը միշտ եղել է։

Խորհրդային Հայաստանի մոտ 70-ամյա տևողության ընթացքում երկիրը մոտ 30 տարի ղեկավարել են վասպուրականցի Աղասի Խանջյանն ու Կարեն Դեմիրճյանը։ Այսօր այնտեղ միլիոնավոր հայ անձինք վասպուրականցու արյուն են կրում․․․


Շնորհավորում ենք Վանի հերոսամարտի 107-րդ տարեդարձը։ Վանի հերոսամարտը ոչ միայն վասպուրականցիների, այլև համայն Հայ ազգի պանծալի և անմոռանալի սխրանք է։ Վանի հերոսամարտն ԱՆՀՆԱՐԻՆ պայմաններում կերտված ԱՆՀՆԱՐԻՆ հաղթանակ է Օսմանյան պետական բանակի նկատմամբ։Վանի հերոսամարտն ԱՆՀՆԱՐԻՆ պայմաններում կերտված ԱՆՀՆԱՐԻՆ հաղթանակ է, որովհետև Օսմանյան բանակը պատմականորեն հատկանշվել է իբրև աշխարհի լավապես զինված, փորձառու, զորավոր պետությունների բանակների դեմ հաջողությամբ պատերազմած և բազում հաղթանակներ կերտած բանակ։

Վանի հերոսամարտն ԱՆՀՆԱՐԻՆ պայմաններում կերտված ԱՆՀՆԱՐԻՆ հաղթանակ է, որովհետև այն կերտվեց Վասպուրականում և Հայկական բարձրավանդակում հայկական պետականության մոտ ութհարյուրամյա բացակայության պայմաններում։Վանի հերոսամարտն ԱՆՀՆԱՐԻՆ պայմաններում մոտ մեկամսյա ինքնապաշտպանությամբ կերտված ԱՆՀՆԱՐԻՆ հաղթանակ է, որովհետև այն կերտվեց կռվողների թվի, զենք ու զինամթերքի սահմանափակության, առանց սննդեղենի և ընդհանրապես որևէ տեսակի մատակարարման, դիրքային առավելության չգոյության․․․

Առանց Վանի հերոսամարտի ԱՆՀՆԱՐԻՆ էին լինելու 1918 թվականի մայիսյան հաղթանակներն ու ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կերտումը, գիտության, կրթության, արդյունաբերության ու գյուղատնտեսության բացառիկ նվաճումները, մայիսյան հետագա փառապանծ հաղթանակները։Հավերժ փառք Վանի հերոսամարտը կերտած հայորդիներին։Հավերժ փառք հանուն ազգի և հայրենիքի նահատակված բոլոր հայորդիներին։Կեցցե Հայաստանը, կեցցե Հայ ազգը։


ՀԱԿՈԲ ՄԿՐՏՉՅԱՆ,

Վասպուրականի հայրենակցական միության Լոս Անջելոսի մասնաճյուղի ատենապետ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում