Հայոց ցեղասպանության ոգեկոչումը Իսրայելում

  • 10.05.2022
  • 0
  • 21 Views

Առաջին անգամ լինելով Իսրայելում՝ մասնակցելու Սուրբ Հարության տոնին իբրեւ ուխտավոր եւ նաեւ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի միջոցառումներին, որոնք անցկացվեցին Երուսաղեմում եւ Պետախ Տիկվա քաղաքում, ականատեսը եղանք իսարայելահայության փոքրաթիվ, բայց նվիրյալ համայնքի գործունեությանը։

Ապրիլի 20-ին  Հայոց ցեղասպանության Երուսաղեմի միացյալ հանձնախմբի կազմակերպությամբ, որի աշխատանքները համակարգում է  Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի առաջնորդությամբ եւ հայ համայնքի տարբեր կազմակերպությունների մասնակցությամբ Սրբոց Հակոբյանց վանքի մոտից հայ սկաուտները թմբուկների զարկերով, հայրենասիրական երգերով ու Ցեղասպանության ճանաչման կոչերի վանկարկումներով անցան քաղաքի փողոցներով մինչեւ հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու թաղամաս, ապա վերադարձան կրկին պատրիարքարան։ Երթի մասնակիցների թիվը հասնում էր 150-ի, մասնակցում էին նաեւ տարբեր քաղաքներից ժամանած հայեր։ Սկաուտները տանում էին ոչ միայն Հայաստանի, Արցախի, այլեւ Երուսաղեմի Հայոց պատրիարքության, Ռամկավար Ազատական կուսակցության եւ Դաշնակցության, ՀԵՄ-ի եւ Հոմենթմենի դրոշները։ Երիտասարդները կրում էին նաեւ Հայոց ցեղասպանության 107-ամյակի տարբերանշանով շապիկներ։ Երթի ողջ ընթացքում թեեւ ծայրահեղական իսրայելցի երիտասարդները փորձում էին կռիվներ հրահրել, սակայն ուղեկցող ոստիկաններն անմիջապես կանխարգելում էին։ Իսկ ապրիլի 22-ին իսրայելահայերը բողոքի ցույց են անցկացրել  Թել Ավիվի թուրքական դեսպանատան դիմաց։

Ապրիլի 24ին Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի սրահում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո, որի բացումը կատարեց հայտնի պատմաբան  Գեւորգ Հինդլյանը, իսկ այնուհետեւ հիմնական բանախոսությամբ հանդես եկավ ԱՄՆ նախկին նախագահի քրոջ թոռը՝ Դոնալդ Վիլսոն Բուշը, անդրադառնալով  Վիլսոնյան վճռին ու իր առաջարկությունները ներկայացրեց ներկաներին։

Պատրիարք Նուրհան Արք. Մանուկյանի խոսքն ընթերցեց Հայր Կորյունը։ Ներկաները վայելեցին նաեւ Թարգմանչաց դպրոցի սաների ելույթները։

Նույն օրը երեկոյան Պետախ Տիկվա քաղաքում՝ Համայնքների այգում տեղադրված Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի մոտ տեղի ունեցավ  հիշատակի ձեռնարկ, որին իր մասնակցությունն էր բերել նաեւ քաղաքապետարանը։  Քաղաքապետ Ռամի Գրինբերգը ոչ միայն ներկա էր, այլեւ իր աջակցության խոսքն ուղղեց հայերին եւ կարեւորեց հայ համայնքի հետ համագործակցությունը։  Ձեռնարկը վարող «Նաիրի» միության ատենապետ Արտյոմ Չերնամորյանի հրավերով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների, Հայաստանի ու  Արցախի մարտերում զոհվածների հիշատակը:

Երեկոյին առաջին անգամ մասնակցում էր  Իսրայելում Հայաստանի նորանշանակ  դեսպան Արման Հակոբյանը, որն իր եբրայերեն եւ հայերեն ելույթներում ոչ միայն շնորհակալություն հայտնեց քաղաքապետին հայ համայնքին աջակցելու համար, այլեւ հույս հայտնեց, որ ավելի կսերտանան երկկողմ հարաբերությունները։ Նա նաեւ հիշեց իր տատիկին, որը նույնպես եղել է Հայոց ցեղասպանության վերապրող։

Ելույթներ ունեցան նաեւ Պետախ Տիկվայի հայկական համայնքի ներկայացուցիչները, Իսրայելի  կենտրոնական շրջանների հոգևոր հովիվ Գևորգ աբեղա  Հայրապետյանը, Հայֆայի և  հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ Տիրայր քահանա Հովակիմյանը:Գեղարվեստական մասում ելույթներ ունեցան հայկական դպրոցի աշակերտները, հայտնի դերասան եւ երգիչ, երգահան Աշոտ Գասպարյանը,  դուդուկի վարպետ Իլյա Մազիան եւ դաշնակահար Առնոն Զիվը:

Ապրիլի 25-ին Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի բակում տեղադրված խաչքարերի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղում, որին մասնակցեցին պատրիարքարանը, հայկական կազմակերպություններն ու Հայաստանի դեսպանը։

Հայոց Ցեղասպանությանը նվիրված ձեռնարկների շարքը ամբողջացրեց մայիսի 1-ին, Երուսաղեմի Եբրայական համալսարանում կազմակերպված գիտաժողով-երեկոն, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ համալսարանի ռեկտոր Բարաք Մեդինան ու Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը։  Հայոց պատրիարքի խոսքը փոխանցեց  դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։ Ներկաներին ողջունեցին նաեւ փաստաբան Գևորգ Նալբանդյան, Իսրայելի հայ համայնքների միությունից Քրիստինե Մովսեսյանը, իսկ զեկուցումներով հանդես եկան  դոկտոր Ումիթ Կուրտը՝  ներկայացնելով  Օսմանյան կայսրությունում  Հայոց ցեղասպանությունն իրականացրած տեղական կազմակերպիչներին , երիտասարդ պատմաբան Սերենա Բուշն անդրադարձավ  հրեական հասարակության մեջ Հայոց Ցեղասպանության կարևորությանն ու հետևանքներին, իսկ Պրահայի Կարլի համալսարանի դոկտորանտ, orer.eu կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը ներկայացրեց չեխ ճանապարհորդ  Կարել Հանսայի «Արևելքի արհարվիրքները/սարսափները» գիրքը: Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոս պարոն Ցոլակ Մոմջյանը։

Գնահատելի է , որ միջոցառմանը ներկա էին Եբրայական համալսարանի ուսանողներ եւ դասախոսներ։

Հակոբ Ասատրյան

Երուսաղեմ-Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում