Ինչպես ՕՐԵՐ_ին հայտնեց «Հիշելով Ցեղասպանությունը» նախաձեռնության ներկայացուցիչ Իլիաս Գեւորգ Հացպանյան Ույարը, երեկ առավոտյան ժամը 10-ին Քյոլնի քաղաքապետարանի աշխատակիցները ժամանել են «Այս ցավը ազդում է բոլորիս վրա» հուշարձանի մոտ եւ քաղաքապետ Ռեկերի անունից տեղեկացրել են, որ հուշարձանը պետք է տարհանվի եւ ապամոտաժել են։
Իլիասի ասելով, իրենց պահանջն է, որպեսզի այդ հուշարձանը տեղադրվի Վիլհելմ 2րդ Կայսեր արձանից մի քիչ այն կողմ, քանի որ գերմանացի կայսեր ժամանակ 1904-1905թթ Աֆրիկայում ցեղասպանության են ենթարկվել նամա եւ հերերո ցեղերը, եւ այս հուշարձանը խորհրդանշում է բոլոր ցեղասպանությունները։ Հետեւաբար ցեղասպանությանը նվիրված այս հուշարձանն էլ կարող է մնալ այդ տարածքում։ Սակայն քաղաքապետարանը պատրվակ է բերում, թե այդ մասում խճողում կարող է լինել, եթե այդ արձանը մնա, իսկ Իլիասի կարծիքով, թուրքական իշխանությունների հետ հարաբերությունները չփչացնելու պատճառով են քաղաքային իշխանությունները մերժում, մանավանդ, որ Քյոլնը համարվում է Ստամբուլի բարեկամ-քույր քաղաք։
«Ցանկանում ենք քաղաքապետարանի հետ եւ քաղաքային խորհրդի հետ քննարկել եւ որեւէ լուծում գտնել հուշարձանի մշտական տեղակայման համար»,- ասում է Իլիասը։
Ի դեպ, իրականում այդ նախաձեռնության անդամները հիմնականում գերմանացիներ են, եւ Իլիասը միակ հայկական ծագումով անդամն է։
Հուշարձանի վրա մի քանի լեզուներով գրված է հետեւյալը՝
Ցեղասպանության հուշարձանի պատմությանն անդրադարձել են նաեւ գերմանական Genozid an den Armeniern: Köln baut Völkermorddenkmal zum vierten Mal wieder ab | ZEIT ONLINE եւ Cem Özdemir ist empört: Köln baut Völkermord-Denkmal ab (t-online.de) կայքէջերը։
Այս խնդրի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը։
«Քյոլն քաղաքում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակության հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալԳերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Քյոլն քաղաքի Հոհենցոլերնբրյուկե կամրջի ձախակողմյան հատվածում տեղադրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակության հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ս.թ. մայիսի 6-ից սկսած ստացված բազմաթիվ քաղաքացիների հարցումների ի պատասխան՝ հարկ է համարում հայտնել հետեւյալը.
Հուշաձանը տեղադրվել է 2018 թ.-ի ապրիլի 15-ին «հիշել Ցեղասպանությունը» նախաձեռնության (Initiative Völkermord erinnern) եւ մի շարք անհատ քաղաքացիների կողմից։ Տեղադրման թույլտվության բացակայության հիմնավորմամբ հուշարձանը հեռացվել է տեղադրումից չորս օր անց (2018 թ.-ի ապրիլի 19-ին), ինչը իրավական վեճի առիթ է դարձել։
Յուրաքանչյուր տարի, ապրիլի 24-ի շուրջ ընկած ժամանակահատվածում հուշարձանը տեղադրվում է, ապա ապամոնտաժվում թույլտվության բացակայության հիմնավորմամբ, ինչը հասկանալիորեն դառնում է մեր բազմաթիվ հայրենակիցների վրդովմունքի եւ տեղական իշխանությունների հետ իրավական վեճի առարկա։
ՀՀ դեսպանությունը ուղիղ կապի մեջ է նախաձեռնության հեղինակների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ եւ առաջիկայում կգործադրի ջանքեր իրավիճակի երկուստեք ընդունելի տարբերակով հանգուցալուծմանը նպաստելու նպատակով»։
«Ազգ»-ի Գերմանիայի թղթակից Անահիտ Հովսեփյանը քանիցս լուսաբանել է այդ հուշարձանի պատմությունը՝
https://archive.azg.am/AM/2018042020EnterAnahit եւ https://archive.azg.am/AM/2019042604
Իսկ «Ազգ» թերթի վերջին համարում Անահիտ Հովսեփյանն անդրադարձել է այս խնդրին՝ ներկայացնելով նաեւ Գերմանիայի պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության մասին։
Ինչպես ամեն տարի, 2022-ին նույնպես, Գերմանիայի տարբեր քաղաքներում Հայոց ցեղասպանության 107-ամյա տարելիցը հիշատակող արարողություններ կայացան: Հայ համայնքի ակտիվ ջանքերով Մայնի Ֆրանկֆուրտի սուրբ Պողոսի տաճարում, Քյոլնի սուրբ Սահակ սուրբ Մեսրոպ եկեղեցում, Բեռլինում, Հալեում, Լայպցիգում, Յենայում եւ այլ քաղաքներում իրականացած հիշատակի եւ ոգեկոչման արարողություններին գերմանացիներ անշուշտ ներկա էին, սակայն տարեցտարի նկատելի սակավ են հիշատակի այդ հանդիսություններին գերմանացի քաղաքական գործիչները: Այս անգամ իրենց բացակայությունը հաստատեցին նաեւ սոցիալական հարթակներում՝ նախընտրելով չարծածել իրենց համար երեւի ավարտված խնդիրը. 2016-ի հունիսի 2-ին Բունդեսթագը բանաձեւ ընդունեց, ցեղասպանություն եզրույթն ամրագրեց, վերջ…
Գերմանական մեդիան, որ հատկապես ակտիվ էր 2014-15-16 թվականներին, բանավեճ էր սկսել ու ակտիվ լուսաբանում էր Հայոց ցեղասպանության մեջ Գերմանիայի համապատասխանատվության դերը, առավել նվազ խոստովանելով մեղսակցության մասին, բանաձեւից հետո Հայոց ցեղասպանության հարցի մասին նախընտրում է քիչ հիշատակել: Այս տարի, երբ մի քանի անգամ «ավետեց», թե հայերն ու թուրքերը երկխոսում են, թշնամական սառույցն ամենայն հավանականությամբ հալոցքի նշաններ է երեւակում, մոռացավ նաեւ, թե Հայաստանն ու Թուրքիան երկրներ ու պետություններ են, որ հեռու են, իսկ իր կողքին նույն քաղաքացիությունն ունեցող Աղետից մազապուրծ վերպրողների ժառանգներ կան եւ նրանց ձայնն ու կարծիքն էլ պիտի հաշվի առնել: Ո՛չ Գերմանիայի նախագահը, ո՛չ կանցլերը, ո՛չ Բունդեսթագի նախագահը ցավակցական որեւէ բառ չասացին իրենց հայ համաքաղաքացիներին: Արհամարհանք չէ՞ սա:
Գերմանիայի հեռուստատեսության երկրորդ ալիքը՝ ZDF info-ն իր ինստագրամյան էջում ապրիլի 24-ին ծանուցել էր, թե «այդ օրը Հայաստանում ազգային տոնն են նշում», ի՞նչ տոն՝ չէին ծանուցել՝ հավելելով միայն, թե ոչ աշխատանքային է: Եւ հրամցրել էր՝ «5 կետ, որ Հայաստանի մասին դեռ չգիտես»:
Այնուհետ թվարկել էր դրանք. 1-ին՝ Քրիստոնեությունն իբրեւ պետական կրոն հռչակած առաջին երկիրը, 2-րդ Հայոց սփյուռքը (երկրում հազիվ 3 միլիոն հայ է ապրում, կրկնակիից առավել շատ են արտերկրում բնակվողները, հայկական ծագում ունեն այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ազնավուրը, Շերը, Քարդաշյանը): 3-րդ՝շախմատը 2011 թվականից սկսյալ դպրոցում պարտադիր առարկա է (այդու բնավ զարմանալի չէ, որ հայերը հզոր շախմատային ազգ են):4-րդ՝ հայկական լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2014-ին հռչակել է համաշխարհային ոչ նյութական հարստություն: 5-րդ՝ Երեւանը 29 տարով մեծ է Հռոմից, հետեւաբար՝ աշխարհի ամենահին քաղաքներից է Հայաստանի վարդագույն անվանումը կրող մայրաքաղաքը:
Բազմաթիվ հայեր հավանությամբ էին արձագանքել ZDF-ի ինստագրամյան այս տեղեկատվությանը: Տխուր է անշուշտ, բայց սա մեր խոնարհման ցուցիչն է: Շնորհակալ լինելու, երախտապարտ լինելու ազնվական կեցվածքի մասին չէ, կրթական խոր ճգնաժամի մասին է խոսքը:
Երբ հետեւորդներից մեկը՝ arpikou-ն գրառեց, թե «այսօր ոչ թե ազգային տոնն են նշում, այլ՝ հիշատակի օր է Հայաստանում, եւ այդպիսի տեղեկատվությունը կարելի էր ուրիշ օր ներկայացնել, ոչ անպայման ապրիլի 24-ին», ZDF-ն այն ուղղեց՝ պարզաբանելով՝ «ճիշտ է՝ հիշատակի կարեւորագույն օրն է, որ ոգեկոչում է ցեղասպանության զոհերին»: Անմիջապես ինստագրամյան այդ գրառման տակ հայտնվեց հետեւյալը՝«Ի՞նչ (ո՞ր) ցեղասպանություն(ը): Նման զրպարտություն, աղբ տարածելուց առաջ, լավ հետազոտեք խնդրեմ»:
Թուրքերը միշտ աչալուրջ են, եւ գերմանական հեռուստատեսության պարզաբանմանը, թե «1915-16-ին 1,5 միլիոն հայեր են զոհ գնացել, տեղահանվել Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության հետեւանքով», նույն անձը խորհուրդ տվեց դրանց հղում տալու փոխարեն դիտել թուրքական աղբյուրը՝ trt-ի պատրաստած գերմանալեզու տեսանյութը: Եւ երկար, շատ երկար բանավեճ ծավալվեց, եւ դեռ շարունակվում է, որտեղ անշուշտ թուրքական տեսակետ ներկայացնողները համառ են:
Գերմանացիներին ծանոթ է թուրքական ժխտողականությունը, բայց ի՞նչ պատասխան գրես, երբ հետեւորդներից մեկը նման գրառում է կցում՝ «իմ ընտանիքից միայն մեկն է ողջ մնացել՝ մեծ մայրս, որ Երեւանից տեղահանվել է, բռնաբարվել, բայց սրա մասին չի խոսվում, քանի որ թուրքերն են չարը…»: Այս բանավեճն այլ երանգներ էլ ստացավ. «Մոդայիկ» խոսույթը չի կարող շրջանցել ռուս-ուկրաինական պատերազմը, իսկ թուրքերն անմիջապես որսում են պահը, եւ անակնկալ չէր հետեւյալ գրառումը՝ «հայտնի փաստ է, որ հայերը հիմա կռվում են ուկրաինացիների դեմ»…
Ապրիլի 27-ին Բունդեսթագը 586 քվեով կողմ է քվեարկել (100 դեմ, 7 ձեռնպահ) Ուկրաինային ծանր սպառազինություն տրամադրելու որոշմանը:
Նույն օրը ՌԴ նախկին նախագահ Մեդվեդեւը, որ այժմ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահն է, Բունդեսթագը համեմատեց նացիստական Գերմանիայի հետ՝ այսպես ձեւակերպելով՝ «ակնհայտ է, որ գերմանացի պատգամավորներին իրենց նախորդների դափնիները հանգիստ չեն տալիս, անցյալ դարում նրանք այլ անվամբ Գերմանիայի խորհրդարանում էին նստած: Տխուր օր է Գերմանիայի խորհրդարանի համար: Սա տխուր վերջաբան կունենա»:
Բունդեսթագի որոշումը կարտոնի, որ Գերմանիան Կիեւին տրամադրի «Գեպարդ» տեսակի ինքնագնաց հակաօդային զենիթային հատուկ տանկեր: Քննարկվում է նաեւ «Լեոպարդ » 2 հրասայլեր մատակարարելու հնարավորությունը:
Այս փաստը շատ քաղաքագետներ պատմական որոշում են համարում: Ըստ dpa գործակալության, Գերմանիայի դաշնային կառավարությունը պատերազմի սկսվելուց ի վեր ութ շաբաթների ընթացքում նվազագույնը 191,9 միլիոն եվրոյի սպառազինություն է ուղարկել Ուկրաինա: Շաբաթներ շարունակվող քարոզը, թե Գերմանիան չի կարող անտարբեր մնալ, թե չի կարող արտոնել, որ Ռուսաստանը հաղթի եւ հայտնվի Լեհաստանի սահմանին, հասավ նպատակին: Այդ քարոզը նաեւ այսպիսի «արդարացում» էլ ուներ՝ «Գերմանիան պիտի ելնի իր պատմական պատասխանատվությունից»: Ու՞մ հանդեպ: «Հայտնի է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիների դաժանություններից ուկրիանացիները շատ են տուժել, պարտավոր ենք օգնել նրանց»:
Երբ այսպիսի մեկնաբանությունը ձեւակերպում է Բունդեսթագի պատգամավոր քրիստոնյա -դեմոկրատ Յոհանն Վադեֆուլը (Wadephul), որ 2019-ին Բեռլինում Ադրբեջանի կազմակերպած «Կայունություն եւ անվտանգություն Հարավային Կովկասում» սիմպոզիումում, ամենայն հավանականությամբ, ինչպես «Ազերթաջն» էր արձանագրել ժամանակին, ասել էր, թե «ԼՂ ադրբեջանական տարածք է, որ ապօրեն զավթել է Հայաստանը», բայց մեր ուղիղ հարցմանը նրա գրասենյակից խուսանավումով էին պատասխանում, պարզ է դառնում, որ պատասխանատվության գիտակցումը նույնիսկ քրիստոնյա բաղադրիչն ունեցող քաղաքական գործչի պարագայում քաղաքական շահն է թելադրում:
Զոհերի հանդեպ Գերմանիայի պատասխանատվությունն էլ բարոյական հարթության փոխարեն քաղաքականն է ընտրել՝ արթնացել է, երբ թշնամին նույն Ռուսաստանն է:
Առաջին համաշխարհային պատերազմի զոհի հանդեպ պատասխանատվություն չի զգում, դահիճի՝ Թուրքիայի դաշնակիցն է: Մի՛շտ:
Իսկ մենք՝ զոհերս, պիտի համերաշխության հարթակ գտնենք Գերմանիայում նրանց հետ, որոնց արտոնել, ճանաչել են, որ զոհ են:
Գերմանիայում հանրածանոթ հրեական hagalil.com առցանց լրատվականը ապրիլի 26-ին լուսաբանել էր Քյոլնում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերին ոգեկոչող Նուռ շարժական հուշարձանի մոտ հավաքվածների պահանջը, թե քաղաքային եւ երկրամասային իշխանություններն այլեւս պարտավոր են կայուն, հաստատուն տեղ տալ ողբերգությունը հիշատակող հուշարձանի համար: Հուսանք, որ պահանջն այս չի անտեսվի: Չէ՞որ սա նաեւ Գերմանիայի շահն է: Այս պետության հեղինակությունն ու վարկը Բունդեսթագում 2016-ի հունիսի 2-ին կնքած փաստաթղթի հանդեպ:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Զոհերի հանդեպ Գերմանիայի պատասխանատվությունը բարոյական երկակի ստանդարտների ցուցիչ է – Ազգ (azg.am)
ORER.EU