«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը երկրի ղեկավարությանն ու վեհափառներին համախմբվելու կոչ է արել՝ հանուն ապագայի

  • 31.03.2022
  • 0
  • 2855 Views

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը հանդես է եկել բաց նամակով` ուղղված Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին, Հայաստանի Հանրապետության  վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսին, Մեծի Տանն Արամ Ա Կիլիկիո Կաթողիկոսին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և Հայաստանում ու Սփյուռքում ընտրված ու նշանակված այլ ղեկավարներին։

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է, որի նպատակն է աշխատել  Հայաստանի և հայության ապագան հավաքական կերպով ապահովելու ուղղությամբ:  Այն հիմնադրվել է վեց համանախաձեռնողների՝ Ռիչարդ Ազարնիայի, Արթուր Ալավերդյանի, Նուբար Աֆեյանի, Արամ Բեկչյանի, Դավիթ Թավադյանի և Ռուբեն Վարդանյանի կողմից: Նախաձեռնությունը հիմնադրվել է 2020 թվականի ապրիլին, նրան աջակցում են ավելի քան 109 հազար անձինք 108 երկրներից: Նախաձեռնությունը հռչակել է 15 նպատակներ, որոնք ծառայելու են Հայաստանի և հայության զարգացմանը՝ որպես հիմնասյուներ:

Ս․թ․ Փետրվարի 21-ին ստեղծվել է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ»  զարգացման հիմնադրամը՝ համակարգելու հանրային նախաձեռնությունը։ Հիմնադրամի գործադիր տնօրենն է Արտակ Ապիտոնյանը։

ԴեռԵՎս շատ ուշ չէ համախմբվելու
ԵՎ ՓՐԿԵԼՈՒ մեր ապագան

Բաց նամակ
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին,
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին,
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսին,
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսին,
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին,
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին,
Հայաստանում ու Սփյուռքում ընտրված ու նշանակված բոլոր ղեկավարներին

Հայ ժողովուրդն ապրում է վերջին հարյուրամյակի իր պատմության ամենադժվարին ժամանակաշրջաններից մեկը։ Ամբողջ աշխարհն է ենթարկվում ցնցումների և խոշոր վերափոխումների։ Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց տարածաշրջանային ու համաշխարհային աղետաբեր զարգացումները վերստին մեծացրել են մեր հայրենիքի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքները։

Ժամանակն է, որ համախմբվենք և հրատապ պաշտպանենք ներկան՝ փրկելու համար մեր ապագան։ Դա մեր՝ ցեղասպանությունը վերապրածների ժառանգների պարտքն է մեր նախնիներին։ Դա մեր պարտքն է մեր զավակներին, մեր թոռներին, մեր մշակույթին ու պատմությանը:

Մեր ազգի և հայրենիքի առջև ծառացած են բազմաբնույթ մարտահրավերներ.

  • Արցախը վտանգված է, նրա բնակչությունը առերեսվում է ֆիզիկական ու սոցիալական անվտանգության ամենօրյա սպառնալիքների՝ առանց իր ապագայի որևէ որոշակիության։
  • Թուրքիան ու Ադրբեջանը՝ դաշնակցաբար, շարունակում են Հայաստանին առավելագույն կորուստներ պարտադրելու իրենց քաղաքականությունը։ Նրանց հետ ընթացող բանակցությունները կարող են հանգեցնել հարկադրված համաձայնությունների, որոնք էլ ավելի կվտանգեն մեր իսկ հայրենիքում հարատևող պետություն կառուցելու մեր կարողությունը:
  • Տնտեսական զարգացումը Հայաստանում անբավարար է և ունակ չէ հոգալ մեր ազգային անվտանգության ապահովման կարիքները։ Ավելի վատ՝ այժմ կանգնած ենք աշխարհաքաղաքական լրջագույն սպառնալիքների, պատերազմների, համավարակի և պատժամիջոցների վտանգների առջև:
  • Հայաստանն ու Սփյուռքը չեն կարողացել արդյունավետ գործընկերություն հաստատելու ուղիներ գտնել Հայաստանի անկախության 30 տարիների ընթացքում։ Սփյուռքի ցանցային համակարգերը և կուտակված փորձառությունը հիմնականում կտրված են մնում մեր հայրենիքի հրատապ կարիքներից:

Հայաստանի ներկա իրավիճակի համար պատասխանատու է երկրի ընտրված կառավարությունը։ Սակայն այն գործողությունները, որ կառավարությունն այժմ ձեռնարկում է և կամ չի ձեռնարկում, իրենց ներգործությունը կունենան ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի, այլև ողջ հայ ժողովրդի ապագայի վրա։ Պատմական այս պահին, բոլոր ընտրված և նշանակված ղեկավարները, մեր ընթացքը դեպի բարեկեցիկ ապագա առաջնորդելիս, պետք է ավելի լայն պատասխանատվություն ստանձնեն, օգտագործեն ողջ ժողովրդի ներուժը և հաշվետու լինեն երկրի ու արտերկրի հայությանը։

Այսօր մենք պետք է Ո՛Չ ասենք քարացած մտածողությանը, Ո՛Չ՝ մեր գոյու­թյան իրական սպառնալիքների թերագնահատմանը, Ո՛Չ՝ անտարբերու­թյանն ու անգործությանը։

Ներկայիս այս իրողությունների հանդիման մենք խիստ կարիքն ունենք այնպիսի առաջնորդության ու առաջնորդների, որոնք կհաղորդակցվեն, բայց նաև կլսեն, կներգրավեն ու կմիավորեն ազգը, կհամատեղեն ռեսուրսները և կգործեն միասին՝ հասկանալով, որ ոչ մի խումբ կամ քաղաքական կուսակցություն միայնակ չպետք է որոշումներ կայացնի:

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունն ընդունում է պատմական այս պատասխանատվությունը և պատրաստ է իր ներդրումն ունենալ ցանկացած հնարավոր միջոցով:

Դեռևս շատ ուշ չէ համախմբվելու համար։ Մենք ոչ թե հանդիսատեսներ ենք, այլ վերապրողների ազգ: Վաղուց ժամանակն է ներգրավվելու պայքարի մեջ՝ փրկելու մեր հավաքական ապագան։

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնություն

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում