Արցախյան պատերազմի մասնակից Հարութ Քոչարյանը շարունակում է բուժումը Պրահայում

  • 19.03.2022
  • 0
  • 34 Views

Երեսունամյա Հարութ Քոչարյանը իբրեւ պայմանագրային զինծառայող մասնակցել է 44-օրյա պատերազմին, վիրավորվել է եւ զրկվել ոտքից։ Պրոթեզավորման նպատակով փետրվարի 7-ին ժամանել  է Պրահա՝ «Տուր ինձ հույս» բարեգործական կազմակերպության նախագահ Սոնա Վարդանյանի աջակցությամբ։ 2010 թվականից կրտսեր ենթասպա Քոչարյանը ծառայում էր հայկական բանակում։ 

Հարութը  մասնակցել է նախ Ջաբրայիլում, ապա Կուբատլուի շրջանում ընթացող մարտերին, եւ վիրավորվել  է  2020-ի նոյեմբերի  5-ին  Գայալու գյուղի մոտ։ Նրա ասելով, թեեւ Հայաստանում պրոթեզավորում կատարել էին, բայց շատ անորակ էր։ Նրա կարծիքով, Երեւանում  լավ չեն տիրապետում պրոթեզավորման մասնագիտությանը, եւ չեն կարողացել իր ոտքի համար համապատասխան պրոթեզ ընտրել։  Չեխիայում՝ ՕՏՏՈԲՈՒԿ գերմանական ընկերության  վերականգնողական կենտրոնում ոչ միայն ճիշտ պրոթեզ են ընտրել, այլեւ ամեն շաբաթ ստուգում են եւ ճշգրտումներ մտցնում։  Դեռեւս 1.5 ամիս շարունակվելու են պրոթեզի վերջնական հարմարեցման աշխատանքները։

Հարութը Պրահա է եկել իր կնոջ եւ երեքամյա որդու՝ Անրիի հետ։ Շաբաթ օրերին էլ մասնակցում է «Տուր ինձ հույս»ի կազմակերպած բարեգործական  տոնավաճառներին, ուր սիրով պատրաստում է հայկական խորոված։

Հիշեցնենք, որ Հարութը  թվով վեցերորդ զինվորն է, որ ժամանել  է Պրահա՝ բժշկական աջակցություն ստանալու նպատակով։ Նրանցից մեկը միայն՝ Արմանն, առանց վերջնական բուժում ստանալու, իր կամքով վերադարձել է Հայաստան, մյուսը՝ Արարատը բուժումը շարունակեց Վիեննայում, իսկ մնացյալ երեքը՝ Նորայրը, Սարգիսը եւ Արամը պրոթեզավորումը ստացան  նույն Օտտոբոկում եւ այժմ գտնվում են Հայաստանում։

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում