Ինչպե՞ս կարող է երաժշտությունը պատմել ավելի քան հազար տարվա հայկական պատմության, հիշողության և մշակութային ժառանգության մասին։
Հենց այս հարցն է ուսումնասիրելու Հայկ Իւթիւճեանը, որը դարձել է Inalco–IMAS – Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան հրավիրյալ գերազանցության ամբիոնի 2027 թվականի դափնեկիրը։
Միջազգային ճանաչում ունեցող գիտնական, երաժշտագետ և դիրիժոր Հայկ Իւթիւճեանը կմիանա INALCO-ին՝ ուսանողների և լայն հանրության հետ կիսվելու հայկական երաժշտական ավանդույթներին նվիրված իր հետազոտությունների արդյունքներով։
Ամբիոն՝ նվիրված հայագիտական ուսումնասիրությունների գերազանցությանը
1798 թվականից ի վեր INALCO-ում հայագիտությունը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ուսուցման համակարգում։ Այս պատմական ավանդույթն այսօր շարունակվում է Հայագիտական միջազգային մագիստրոսական ծրագրի (IMAS) միջոցով, որն իրականացնում է INALCO-ի հայագիտության բաժինը՝ պրոֆեսոր Անահիտ Տօնապետեան-Տեմոպուլոսի ղեկավարությամբ, INALCO-ի հիմնադրամի համագործակցությամբ և Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան աջակցությամբ։
Այս ծրագրի շրջանակում հիմնադրված INALCO–IMAS – Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան հրավիրյալ գերազանցության ամբիոնը ամեն տարի հյուրընկալում է միջազգային ճանաչում ունեցող գիտնականի՝ հարստացնելու ուսանողների կրթությունը, խթանելու միջազգային համագործակցությունը և նպաստելու հայագիտական ուսումնասիրությունների զարգացմանն ու ճանաչմանը։
2026 թվականի հունիսի 29-ին կայացած ընտրող հանձնաժողովի նիստի արդյունքներով ամբիոնը շնորհվել է Հայկ Իւթիւճեանին, որի թեկնածությունը զբաղեցրել է առաջին տեղը։ Հանձնաժողովը բարձր է գնահատել նրա «յուրօրինակ և ընդգծված միջգիտակարգային մասնագիտական նկարագիրը», դասական հայերենի, ինչպես նաև ժամանակակից արևելահայերենի և արևմտահայերենի գերազանց իմացությունը, ինչպես նաև երաժշտությունը, լեզուն և մշակույթը միավորող նրա նորարարական մանկավարժական մոտեցումը։
Հայկական երաժշտության և մշակույթի միջազգային ճանաչում ունեցող մասնագետ
Հայկ Իւթիւճեանը Լիսաբոնի Նոր համալսարանի Երաժշտագիտության կենտրոնի (CESEM) գիտաշխատող է և միջազգային ճանաչում է վայելում հայկական հոգևոր երաժշտության, միջնադարյան գրականության, ձեռագրագիտության, ինչպես նաև երաժշտության, մշակութային ժառանգության, լեզվի և հոգևորության փոխազդեցություններին նվիրված իր ուսումնասիրությունների շնորհիվ։
Նրա գիտական ուղին առանձնահատուկ է։ Բնական գիտությունների ոլորտում կրթություն ստանալուց հետո նա մասնագիտացել է նվագախմբային դիրիժորության, ապա՝ երաժշտագիտության մեջ։ Այնուհետև դասավանդել է հայագիտություն Պրահայի Կարլի համալսարանում։ Այսօր, լինելով դիրիժոր, երաժշտագետ և բանասեր, նա իր հետազոտություններում միավորում է արվեստի պատմությունը, երաժշտագիտությունը, աստվածաբանությունն ու հայագիտությունը։
Նրա ուսումնասիրությունները վերաբերում են հատկապես միջնադարյան և նոր շրջանի հայկական երաժշտական ավանդույթներին, մանրանկարազարդ ձեռագրերին, եկեղեցական երաժշտական ժառանգությանը, ինչպես նաև հայկական, բյուզանդական, օսմանյան և արևմտյան մշակույթների փոխազդեցություններին։ Այս միջգիտակարգային մոտեցումը նոր լույս է սփռում հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրության վրա՝ երաժշտությունը, լեզուն, հիշողությունն ու պատմությունը դիտարկելով որպես փոխկապակցված ամբողջություն։

Բացման դասախոսություն՝ նվիրված հայկական հոգևոր երաժշտությանը
Ամբիոնի գործունեության շրջանակում Հայկ Իւթիւճեանը հանդես կգա բացման դասախոսությամբ, որը կրում է հետևյալ խորագիրը.
«Հայկական եկեղեցական երաժշտութիւնը. միջնադարեան արմատներէն ցայսօր»
Դասախոսությունը կներկայացնի ավելի քան հազար տարվա հայկական հոգևոր երաժշտության պատմությունը։ Հիմնվելով միջնադարյան ձեռագրերի, բանավոր ավանդույթների և եկեղեցական աղբյուրների վրա՝ հետազոտողը ցույց կտա, թե ինչպես է այս երաժշտական ժառանգությունը փոխանցվել դարերի ընթացքում և ինչպես է այն այսօր էլ օգնում ավելի լավ հասկանալու հիշողության, ինքնության և ստեղծագործության միջև առկա կապերը։
Դասախոսության ընթացքում կանդրադառնան նաև հայկական, բյուզանդական, օսմանյան և եվրոպական երաժշտական ավանդույթների փոխազդեցություններին՝ ներկայացնելով նոր տեսանկյուն այն մշակութային փոխանակումների վերաբերյալ, որոնք ձևավորել են այս հարուստ ժառանգությունը։
Նոր դասընթաց IMAS մագիստրոսական ծրագրում
Իր այցի ընթացքում Հայկ Իւթիւճեանը նաև կվարի «Հինաւուրց հայկական երաժշտութիւնը՝ վերայայտնաբերուած նորագոյն ժամանակներու առաջատար անձնաւորութիւններէ» (Early Armenian Music Rediscovered by Late Protagonists) խորագրով դասընթացը։
Միջգիտակարգային մոտեցմամբ կազմված այս դասընթացը ուսանողներին հնարավորություն կտա ճանաչելու Հայաստանի պատմությունը երաժշտության, պոեզիայի, ձեռագրերի և եկեղեցական արարողակարգի միջոցով։ Դասընթացը, որը կուղեկցվի կենդանի կամ ձայնագրված երաժշտական օրինակներով, ցույց կտա, թե ինչպես կարող է երաժշտությունը դառնալ հայկական լեզվի, մշակույթի և ժառանգության ճանաչման լավագույն ուղին՝ առանց երաժշտական նախնական գիտելիքների անհրաժեշտության։
IMAS մագիստրոսական ծրագրի մասին
Պրոֆեսոր Անաhիտ Տօնապետեան-Տեմոպուլոսի նախաձեռնությամբ ստեղծված Հայագիտական միջազգային մագիստրոսական ծրագիրը (IMAS) նպատակ ունի բավարարելու միջազգային լսարանի համար հասանելի, հայագիտության ոլորտում բարձրակարգ համալսարանական կրթության աճող պահանջարկը։
Ծրագիրն իրականացվում է առցանց ձևաչափով և բաց է աշխարհի տարբեր երկրների ուսանողների համար։ Այն առաջարկում է բազմամասնագիտական կրթություն, որն ընդգրկում է հայոց լեզուն, գրականությունը, պատմությունը, արվեստի պատմությունը, լեզվաբանությունը, թարգմանությունը և հասարակական գիտությունները։
Այսօր IMAS-ը եզակի կրթական հարթակ է հայագիտության պահպանման, փոխանցման և զարգացման համար՝ միաժամանակ նպաստելով նաև արևմտահայերենի, որպես վտանգված լեզվի, պահպանմանն ու միջազգային ճանաչմանը։
INALCO–IMAS – Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան հրավիրյալ գերազանցության ամբիոնը լիովին համահունչ է այս առաքելությանը՝ ամեն տարի ուսանողներին և հետազոտողներին հնարավորություն ընձեռելով օգտվելու միջազգային հեղինակություն ունեցող գիտնականի փորձառությունից և գիտելիքներից։
Աղբյուր՝ www.inalco.fr/actualites/haig-utidjian
orer.eu



