Իմ ճանապարհը նորից կանցնեի. Սերգո Երիցյան

  • 19.02.2023
  • 0
  • 1451 Views

  

Անկեղծ զրույց քաղաքականության, կրթության, լրագրության, գրականության ու կյանքի մասին

Հովհաննես Թումանյանի ժառանգության հանրայնացման գործում մեծ է «Լոռվա ձոր» հայրենակցական միության եւ նրա նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Սերգո Երիցյանի դերը։ Ամեն տարի փետրվարի 19-ին Թումանյանի ծննդյան օրը միջոցառումներ էին կազմակերպվում թե՛ մեծ պոետի ծննդավայրում՝ Դսեղում, եւ թե՛ Երեւանում ու Թբիլիսիում։ Միության նախագահի ջանքերով ոչ միայն վերահրատարակվել են Թումանյանի գործերը, այլեւ լույս են տեսել թումանյանագիտական բազաթիվ աշխատություններ։ Քանի որ վերջին տարին Սերգո Երիցյանը պայքարում է հիվանդության դեմ եւ ի վիճակի չէ Հայաստանում միջոցառումներ կազմակերպել, փորձեցինք հարցազրույցի միջոցով անդրադառնալ ոչ միայն նրա անցած ուղուն, այլեւ ապագայի ծրագրերին։

– Երբ 35 տարի առաջ առաջին անգամ հանդիպեցինք Մոսկվայում, հեռուստատեսային լրագրության գծով գիտական թեզի վրա էիք աշխատում։ Այդ օրվանից մի քանի տասնամյակ է անցել, հսկայական փոփոխություններ են կատարվել հեռուստաաշխարհում։ Իբրեւ հեռուստատեսության պրակտիկ-տեսաբան եւ բազմաթիվ մենագրությունների հեղինակ, ինչպիսի՞ ապագա եք տեսնում հեռուստատեսության համար։

Միանշանակ ասեմ. հեռուստատեսությունը եղել է, կա ու լինելու է: Այլ խնդիր է, որ մեր օրերում գնալով պակասում է հեռուստալսարանի թիվը, քանի որ երիտասարդները, անընդհատ զբաղված մարդիկ և ոչ թե հեռուստալուրերն են միացնում, որ տեղեկատվություն ստանան: Այլ փնտրում և գտնում են տվյալ իրադարձության վայրը կամ համացանցային լուրեր այդ մասին: Առիթներ են լինում, և անկեղծ խոսում ենք ուսանողների, ապագա լրագրողների հետ և ստանում ենք տխուր պատասխան. ժամանակ չունենք հեռուստացույց դիտելու: Այս առումով տարբեր լրատվամիջոցների միջև անընդհատ պայքար է գնում արևի տակ իրենց տեղը պահպանելու համար: Բոլորի պայքարը հանուն լսարանի է: Տեսեք, այսօր շատացել են համացանցային հեռուստաընկերությունները, որոնք ձգտում են դուրս գալ ավանդական շրջանակներից, բայց և պահպանել հեռուստատեսության սկզբունքները: Ցավոք, հեռուստատեսությունից նահանջը բերել է պրոֆեսիոնալիզմի զգալի կորստի:

Հետաքրքիր է, որ որքան էլ Հայաստանում  իշխանություններ փոխվեն, միեւնույն է, Հանրային հեռուստատեսության քաղաքական հաղորդումների մակարդակը չի փոխվում։ Ի՞նչ պետք է արվի, որպեսզի Հանրային հեռուստատեսությունը զերծ պահենք օրվա իշխանությունների քաղաքական ազդեցությունից, ասենք այնպես, ինչպես Չեխիայում է՝ գործող վարչապետին կամ նախագահին կարող են հանգիստ քննադատել Չեխիայի Հանրային հեռուստատեսությամբ։

– Երբ 2000 թվականի հոկտեբերի 9-ին ընդունեցինք «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, որպես հեղինակներից մեկը մեծ ուրախություն էի ապրում, քանի որ համաձայն այդ օրենքի պետք է ստեղծվեր Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն: Ստեղծվելուց հետո և՛ հեռուստատեսությունը, և՛ ռադիոն սկսեցին որոշ չափով գործել հանրայինի սկզբունքներով, բայց որոշ ժամանակ անց վերադարձան պետականի սկզբունքներին: Մի առիթով իշխանության ներկայացուցիչը ասել էր՝ բյուջեն մենք ենք տալիս, ուրեմն՝ հեռուստատեսությունը պետք է ծառայի իշխանություններին: Ի՞նչ պետք է անել: Ե՛վ երկրի բարձրագույն իշխանությունը, և՛ հանրային հեռուստատեսության աշխատողները պետք է հասկանան, որ հարկավոր է կատարել օրենքի պահանջներն ու սկզբունքները, որ հենց իրենք պետք է ապահովեն տեղեկատվության ամբողջականությունն ու կարծիքների բազմազանությունը: Այն պետք է չգրված օրենքի մակարդակով գործի:

Ի դեպ, քանի որ նաեւ լրագրություն եք դասավանդել տարբեր համալսարաններում, ինչու՞ է մեր լրագրողական դաշտի մակարդակն այսքան ցածր։ Ապագա լրագրողների սերունդը  միթե այդքան հեռու է լրագրությունից։ Ձեր կարծնքով ո՞րն է լրագրողական կրթության հիմնական  խնդիրը։

Այստեղ խնդիրը ոչ այնքան կրթական է, որքան կախված է ապագա լրագրողից և նրա աշխատավայրից: Այս հարցերի շուրջ զրուցում ենք մեր նախկին ուսանողների հետ: Նրանք աշխատանք են փնտրում, ձգտում հաստատվել որևէ լրատվամիջոցում: Երբ որևէ մեկին հավանում են , առաջարկում են իրենց լրատվամիջոցի «կարգ ու կանոնը», աշխատաձևն ու մեթոդները: Այս պայմաններում երիտասարդ լրագրողները ստիպված մոռանում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու սկզբունքները: Ցավոք, ամեն մի լրատվամիջոց իր ուղղվածությունն ունի և նոր աշխատանքի ընդունված լրագրողը էլ չի կարող նրանց թելը չթելել, եթե ուզում է այնտեղ երկարատև աշխատել: Փաստորեն լրագրողը զրկվում է իր մասնագիտական վարպետության սկզբունքների իրացումից:

«Կարծիք» հաղորդաշարը, որի հաղորդումներից ու ռեպորտաժներից երբեմն հրապարակում եք նաեւ ֆեյսբուքյան ձեր էջերում, ժամանակին անդրադարձել է նորանկախ Հայաստանի գրեթե բոլոր բնագավառներին՝ բարձրացնելով հրատապ բնապահպանական, սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային թեմաներ։ Նույնիսկ «արգելված» թեմաները «Կարծիք» հաղորդաշարի միջոցով սպրդում էին եթեր։ Ի՞նչ ազդեցություն էին ունենում դրանք իրական կյանքի վրա, ինչպիսի՞ն էին իշխանությունների եւ հեռուստադիտողների արձագանքները։ 

-«Կարծիք» հաղորդաշարը կանգ չէր առնում ոչ մի տեղ, եթե լուսաբանման համար անհրաժեշտ խնդիր կար: 1992 թվականի հունվարի 26-ից եթեր հեռարձակվող հաղորդաշարը և՛ հեռուստատեսությանը, և՛ երկրի ղեկավարությանը սովորեցրել էր, որ իր ասելիքը հրատապ է, լուծման և աջակցության կարիք ունի: Դա էինք ձգտում եթերում ցույց տալ՝ սոցիոլոգիական-հանրային հարցումների  արդյունքներով, պաշտոնյաների վերլուծություն-մեկնաբանություններով: Մենք ոչ թե վերցնում էինք հիմնախնդիրը և թմբկահարում, այլ համատեղ ուժերով ձգտում գտնել լուծման ուղիները: Այդ դեպքում քննադատությունը ընդունվում էր որպես առկա հիմնախնդիր, իսկ լուծման բանալիները՝ ուղիներ: Հիմա շատ դեպքերում քննադատությունը վերածվում է հայհոյանքի:

– Տարիներ առաջ, իսկ ավելի ստույգ 17 տարի առաջ, երբ իբրեւ Հայաստանի գիտության եւ կրթության նախարար առաջին անգամ հանդես եկաք Պրահայում անցկացված Հոլոքոստին եւ կրթությանը նվիրված միջազգային համաժողովում, խոսեցիք Հայոց ցեղասպանության մասին։ Այդ ժամանակ Չեխիան դեռեւս չէր ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի հետ հանդիպումը կարեւոր էր նաեւ այդ թեմայի բարձրացման առումով։  Տասը տարի անց Չեխիան ճանաչեց, իսկ ցեղասպանությունների կանխարգելման հարցում շատ բան չի փոխվել։ Ինչու՞ է այս հարցում միջազգային հանրությունը կրկնակի ստանդարտներ կիրառում եւ որքանո՞վ հաջողվեց ձեզ կրթության համակարգում ցեղասպանության դասավանդման խնդիրը դարձնել հիմնական ծրագրի մաս։ Այսօր կարծես թե հետընթաց է նկատվում այս հարցում։

-Հայոց ցեղասպանության ներկայացումը կարևոր է մեր դպրոցի համար: Այն միշտ էլ տեղ է գտել մեր դասագրքերում՝ մի կողմից, մյուս կողմից էլ դպրոցների արտադասարանական գործունեությունում: Հիշեցնենք այն բազմաթիվ միջոցառումները, որոնք կազմակերպում էին մեր դպրոցները: Այն իրողությունը, որ մենք պարտավոր ենք սերնդեսերունդ փոխանցել Հայոց եղեռնի իրականությունը, դա միանշանակ է: Այո, շատ լավ եմ հիշում Պրահայում կազմակերպված միջազգային կոնֆերանսը, իմ հանդիպումը Վացլավ Հավելի հետ: Վախենամ, որ այսօրվա դժվարին ու հարափոփոխ աշխարհում սկսեն մոռանալ Հայոց ցեղասպանությունը և ցավոք դրա վտանգները կան և գոյություն ունեն: Մենք չպետք է ձեռքներս ծալած նստենք:

Չեխիայի նախագահ Վացլավ Հավելի հետ Պրահայում ցեղասպանություններին նվիրված համաժողովում,2006 թ

Այն ժամանակ մեր հարցազրույցում պնդում էիք, որ պետք է կայացնել կրթական համակարգի բարեփոխումները, որպեսզի Հայաստանի կրթական համակարգը համահունչ լինի եվրոպական կրթական համակարգին, որպեսզի կայանա Ավագ դպրոցը։ Այսօր տարիներ անց, իրական պատկերն այնքան էլ գոհացուցիչ չէ։ Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանի թե դպրոցական, եւ թե բարձրագույն ուսումնական համակարգը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ։ Մի կողմից բողոքում են կրթական մակարդակից, մյուս կողմից  հայ պատանիներն այսօր ավելի հաճախ են ընդունվում միջազգային բուհեր։ Ո՞րն է պարադոքսը։

– Ինչ խոսք, որ անցած-գնացած 17 տարիների ընթացքում կրթական բարեփոխումները պետք է որոշակի ավարտական փուլի հասած լինեին: Այս առումով շատ կարևոր էր ավագ դպրոցը: Այսօր էլ կան մի քանի աշակերտներով ավագ դպրոցներ: Այնինչ այդ կառույցը ենթադրում է խորացված ուսուցում, որը շրջանավարտին թույլ կտա հստակ մասնագիտական ընտրություն կատարել: Եթե մենք ցանկանում ենք կրթական ասպարեզում հաջողություններ ունենալ, ուրեմն պետք է կարողանալ հաշվի առնել եղած համաշխարհային փորձը: Ավագ դպրոցը ենթադրում է հաշվի առնել ապագա շրջանավարտների մասնագիտական նախասիրությունները: Իսկ թե ինչու՞ են հաջողություններ ունենում հայ շրջանավարտները, ապա այդտեղ կարևոր դեր է խաղում գիտելիքների հարուստ պաշարը և մասնագիտական ճիշտ և հասցեական ընտրությունը:

Ինչպե՞ս եք վերաբերվում այսօր կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխություններին, բուհերի միավորմանը կամ գիտությունների ակադեմիայի լուծարմանը։ 

-Մոտիկից տեղյակ չեմ այն կրթական բարեփոխումներին, որ կատարվում են երկրում: Կրթական ընդհանուր աստիճանի հետ, պետք է պահպանել ազգային հիմքը: Ինչ խոսք, որ ժամանակը փոփոխություններ է պահանջում, բայց այդ բարեփոխումները պետք է անել զգուշությամբ, եթե դրանք վերաբերում են ծրագրերին ու դասագրքին:

Իսկ ինչ վերաբերում է բուհերի խոշորացմանը, ապա դա խնդիր է , որը պահանջում է խորը ուսումնասիրություններ ու վերլուծություններ, որպեսզի եղածն էլ չոչնչանա, գնա: Ինքնին այնպես է ստացվել, որ Երևանի մի հատվածում մենք արդեն ուսանողական թաղամաս ունենք, նաև իրենց պատմական շենքերով: Իսկ ինչ վերաբերում է ակադեմիային, ապա այստեղ էլ շտապելու խնդիր չկա: Ակադեմիայի ինստիտուտները կարող են գործընկերային սերտ կապեր հաստատել բուհերի հետ:    

– Լրագրությունից մանկավարժություն, ապա քաղաքականություն եւ գիտություն։ Ինչպիսի՞ն էր այս ճանապարհը Ձեզ համար։ Ի՞նչը նույնությամբ կկրնեիք, եւ ի՞նչ սխալներ այլեւս թույլ չէիք տա։

-Այդ ճանապարհը նորից կանցնեի: Երբ ես ավարտեցի Մոսկվայի պետական համալսարանը, ես այնտեղ ոգևորվեցի՝ տեսնելով, որ ոչ մի ուսումնասիրություն չկա, որն առնչություն ունենա Հայաստանի հեռուստատեսությանը: 1984 թվականին արդեն ասպիրանտ էի Մոսկվայի պետական համալսարանում և գրում էի |Հեռուստատեսությունը Հայաստանի ԶԼՄ-ներում» թեմայով աշխատանքը: Իսկ երբ պաշտպանեցի Հայաստանի հեռուստատեսությանը առնչվող առաջին ատենախոսությունը, վերադարձա Հայաստան, սկսեցի շարունակել աշխատել Հեռուստառադիոպետկոմում՝ հեղինակելով ու վարելով «Առաջարկում է հեռուստադիտողը» հաղորդաշարը, այնուհետև «Կարծիք»-ը: Այստեղ ավելացավ դասախոսական աշխատանքը Երևանի պետական համալսարանում: Բայց սա էլ բավարար չէր իմ գիտելիքների իրացման համար: 1995 թվականին ընտրվեցի որպես անկախ ԱԺ պատգամավոր: Իսկ ավելի ուշ ճակատագիրը մի փորձություն էլ պիտի բերեր՝ 2003 թվականի հունիսի 11-ին նշանակվեցի Հայաստանի կրթության և գիտության նախարար:

Չե՞ք  զղջում, որ անդամակցեցիք քաղաքական կուսակցության եւ դարձաք պատգամավոր։ Այն չսահմանափակե՞ց ձեր ազատությունը։

– Ամենևին: Ես եղել եմ «Օրինաց երկիր» կուսակցության հիմնադիրներից մեկը: Բայց չմոռանանք, որ 1995 թվականին, ես պատգամավոր եմ դարձել առանց քաղաքական ուժի, որպես անկախ թեկնածու: Իսկ  «Օրինաց երկիր» կուսակցության շարքերում բազմաթիվ կարևոր օրենքներ ենք հեղինակել և մշակել, որոնք կարևոր նշանակություն ունեցան հանրության համար: Դրանք սոցիալական պաշտպանվածության, առողջապահական, կրթական և նման բնույթ ունեին: Ավելի քան երկու տարի պատգամավոր լինելով՝ հասկացա, որ միանշանակ շատ դժվար է լինելու խնդիրների բարձրացնելը ու դրանց լուծումերը գտնել: Օրինակ՝ իմ պատգամավորության առաջին օրերից ես բարձրանում էի Ալավերդու լեռնամետալուրգիական գործարանին առնչվող խնդիրները լուծվեցին և կրկին առաջ եկան: Փակվեց գործարանը: Քաղաքականությունը ինձ թրծեց, ցույց տվեց պայքարի ուղիները:

Բացի մանկավարժական գործունեությունից, մի քանի տարի ղեկավարել եք նաեւ Լեզվի կոմիտեն։ Այս բնագավառում նույնպես փոփոխությունները տեսանելի չեն։ Հասարակության լեզվական մակարդակի վրա շարունակում են մեծ ազդեցություն ունենալ հրապարակային գործիչների ելույթներն ու համատարած անգրագիտությունը։ Ինչու՞ Լեզվի մասին օրենքը չի գործում, ի՞նչ փոփոխություններ են պետք այս բնագավառում։

-Իմ պաշտոնավարման ընթացքում, քանիցս հաջողվել է փրկել Լեզվի տեսչությունը, որովհետև շատերն այն դիտարկում էին որպես կույր աղիք ու մտադիր էին փակելու: Բայց ինձ հաջողվեց դարձնել  այն լեզվի պետական կոմիտե, որը ենթադրում է ինչպես գործադիր, այնպես էլ վերահսկողական գործառույթներ: Այս ամենը հաշվի առնելով, կազմել էինք լեզվի զարգացման 5-ամյա ծրագիր՝ իր կոնկրետ միջոցառումներով և իհարկե, լեզվի օրենքում որոշակի փոփոխություններով: Լեզվի պաշտպանության խնդիրները գնալով ավելի հրատապ պիտի դառնան, օրինակ՝ «Լեզվի մասին» օրենքում, դրույթներ պետք է լինեին, որոնք հաշվի առնեն պաշտոնյաների լեզվական մակարդակը: Թե չէ հիմա էլ միակ խոցելի կետը օտարալեզու ցուցանակն է, որից ազատվելն արդեն տարիների պատմություն ունի: Լեզուն պաշտպանելը պետք է ճկուն լինի, ինչպես օրինակ Լիտվայում է:

Բազմաթիվ հարցազրույցներ ու հանդիպումներ եք ունեցել ձեր լրագրողական գործունեության ընթացքում։ Ո՞ր գործիչի հետ հանդիպումն է տպավորվել  կամ ո՞վ է ոգեշնչել ձեզ իր կերպարով ու գործով։

-Հավատացեք, որ ամեն մի թողարկման տեսագրությունը ինձ համար տոն էր դառնում: Ինձ համար հավասարազոր էին Լալվար սարում սարվորի հետ հարցազրույցը, որևէ երկրի նախագահի հետ հանդիպումը: Այս առումով երբևէ չեմ մոռանա իմ հարցազրույցը Կիպրոսի նախագահ Գլավքոս Քլերդիսի հետ: Ըստ ծրագրի պետք է հանդիպեի նրա հետ և տեսաֆիլմի համար մի փոքր կտոր տեսագրեինք: Նախատեսված էր մեկ-երկու հարց: Ուղղեցի նրան այդ հարցերը և զգացի, հասկացա, որ նա պատրաստ է պատասխանել իմ այլ հարցերին: Շարունակեցի, մի 25-30 րոպեանոց հարցազրույց ստացվեց հայ-հունական փոխհարաբերությունների մասին: Հարցրեցի, թե կարող ենք հեռարձակել: «Ինչու՞ ոչ: Ձեր հարցերը հետաքրքիր էին, ինչու՞ ոչ»,- ասաց նա:

Վերջին տարիներին բավականին ակտիվ հասարակական գործունեությամբ էիք զբաղվում՝ ղեկավարելով «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը։ Իրականցրել եք բազմաթիվ ցուցահանդեսներ, արժեքավոր գրքերի հրատարակություն,  իհարկե, Մեծ Լոռեցու՝ Թումանյանի ժառանգության հանրայանացում եւ գրահրատարակչական աշխատանք։ Որո՞նք էին ամենակարեւոր արդյունքները։

-Որքան էլ հեռու ապրենք մեր ծննդավայրից, հայրենի եզերքը միշտ նաև կարոտ է ինձ համար: Երբ ինձ առաջարկեցին ղեկավարել «Լոռվա Ձոր» հայրենակցական միությունը, սիրով համաձայնեցի: Բնական էր «Լոռվա Ձոր»-ի խնդիրները՝ մշտական կրթամշակութային կապ պահպանել հայրենի եզերքի հետ՝ միջոցառումներ կազմակերպել ինչպես Երևանում, այնպես էլ Լոռվա ձորում կարևոր են: Օրինակ՝ ավանդական դարձավ «Թումանյանական օրը» Դսեղում կամ «Հայկական ներկապնակ» նկարչական փառատոնը նախկին Թումանյանի տարածաշրջանում: Իսկ Երևանում գրքերի շնորհանդեսներ,հոբելյանների ոգեկոչումներ, ամենատարբեր քննարկումներ էինք կազմակերպում: Ցավոք, համավարակի պատճառով, մի փոքր նվազել է մեր ակտիվությունը, բայց օրինակ՝ նկարահանել ենք «Լալվարի սարը» վավերագրական կինոնկարը: Հիմա մոնտաժային փուլում է, շուտով կավարտենք:

Վերջերս լսեցի դեռեւս 2014  թվականին եթեր հեռարձակված ձեր հարցազրույցներից մեկը, որում  մտահոգություն էիք  հայտնում, որ մեր հասարակությունը չի գիտակցում , թե անկախությունն ինչպիսի ձեռքբերում է եւ չի հասկանում, որ այն մեր ապագայի զարգացման միակ կռվանն է։ Վախ ունեիք, որ մարտահրավերների օղակը չսեղմվի Հայաստանի շուրջ։ Գրեթե տասը տարի անց, ցավոք,  ձեր մտահոգությունը իրականություն դարձավ՝ Հայաստանն ու Արցախը կանգնեցին ճակատագրական լինելիության առջեւ։ Այս անգամ ո՞րն է ձեր պատգամը։

-Ընդհանրապես, հանրության անտարբերությունը և ոչ մեծ ակտիվությունը վերջին տարիներին դարձել էր գործելակերպ, երբ նախաձեռնությունները կարող էին մարել: Բայց, երևի, հայ ժողովրդի արժեքային համակարգից է անընդհատ սթափ մնալը, արձագանքը այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է քո շուրջը: Հիմա մենք ապրում ենք՝ ամեն օր հարցնելով, թե ինչ կա Արցախում և սահմանագծին: Որքան էլ  ինքդ եփվես քո մեջ , միևնույն է խնդիր չես լուծի: Բայց այն լուծման կարիք ունի: Եվ այդ լուծումը բոլորս պիտի տանք: Այստեղ սթափության հետ մեկտեղ համարձակության գործոնը պետք է աշխատի: Ինչպե՞ս` դժվար է ասել: Գուցե թիկունքները տարբեր ուժերով ապահովագրելով:

-Ի դեպ, վերհիշեցի նախկին նախագահ Տեր -Պետրոսյանի պատմական մամուլի ասուլիսը՝ 1997 թվականի սեպտեմբերի 26-ին,  երբ նա ձեր հարցին պատասխանելով, վերջում ասաց՝ .«Դուք շատ համարձակ եք ընդհանրապես։ Լրագրողները հիմա ամենաքաջ, ամենահերոս մարդիկ են մեր հասարկության մեջ։ Ավելի քաջը չկա։ Ում ուզում եք՝ հայհոյում եք, ում ուզում եք՝ սուզում եք, ում ուզում եք՝ խայտառակում եք։ Քաջություն ունեցեք նայելու իրականությանը եւ նման բանավեճ բացելու։ Դրեք, հաշվարկներ կատարեք, թե ուր կհասնենք, եթե այս վիճակը պահպանվի եւս 5-10 տարի։ Դժվար չէ հաշվել։ Մենք մեզ համար արել ենք այդ հաշվարկները։ Չի դառնա Հայաստանը նորմալ պետություն, չի դառնա։ Լավ չեք ապրի, մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի, մինչեւ շրջափակումները չվերանան»։  Նրա «Սերգո ջան լավ չեք ապրի»  պատգամը դարձավ թեւավոր խոսք։ Արդյո՞ք այսպիսի զիջումներ էր ենթադրում նախկին նախագահը, որին հասցրեց ներկա իշխանությունը եւ շարունակում է նույն պարտվողական քաղաքականությունը։

-Հակոբ ջան, հարցի մեջ է պատասխանը: Լևոն ՏԵր-Պետրոսյանը գիտեր խնդրի առաջխաղացման ճանապարհը և ինքը չցանկացավ այդ ճանապարհով անձամբ գնալ: Գուցե՞ և անկեղծ էր նրա պատասխանը: Իսկապես, Արցախյան հիմնախնդրից է կախված Հայաստանի և Արցախի լինելիությունը, բայց ոչ այն տեսակով ու որակով, որ այսօր նշմարվում է ու առաջարկվում, մանավանդ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր էլ լուծումները, երևի, Հայաստանից և Ադրբեջանից լիովին կախված չեն, այլ գերտերություններից: Իսկ նրանք ո՛չ պատմություն, ո՛չ անցյալ են հարցնում: Վերջերս «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ֆրանսերենից հայերեն թարգմանությամբ լույս ընծայվել Գալուստ Գյուլբենկյանի «Աշպերոնյան թերակղզին. Ճամփորդական նոթեր» գիրքը: Այնտեղ նկարագրվում է 1890-ականների Բաքուն, ուր և ոչ մի ազերի չկա: Իրողությունը մեզ հուշում է, որ պետք է կարողանանք համաշխարհային հանրությանը հասկացնենք, որ Բաքուն, Արցախը ադրբեջանցիների հետ որևէ կապ չի ունեցել:

Գիտեմ, որ վերջին տարին շատ ծանր էր ձեզ համար, գամված էիք անկողնուն եւ կյանքի ու մահվան պայքար էիք մղում։ Բնականաբար, մտովի խորհել եք ձեր անցած կյանքի ու գործունեության մասին։ Ի՞նչ չհասցրեցիք անել մինչ օրս, որ անպայման կուզեիք իրականություն դառնար։

-Դժվար հարց եք տալիս: Բնականաբար, այս օրերին մտածելու, խորհելու ժամանակ ավելի շատ եմ ունենում: Հիշում եմ այն, որը դժվար է հիշել, երբ որ շատ ես զբաղված լինում, օրինակ մանկության տարիներին: 2-3 տարի առաջ էր, Լալվար սար էի բարձրացել իմ լավ բարեկամ Վարուժան Սիմոնյանի հետ: Խնդրեցի, որ բարձրանանք այն հատվածը, որտեղից երևում են Ճոճկանի անմոռանալի սարերը ու աչքիս առջևով անցավ սարերի բնությունը՝ կանաչն ու ծաղիկները, աղբյուրները, ձորերն ու բլուրները:

Մտադրություն ունեմ ինքնակենսագրական գիրք գրելու՝ խճանկարի տեսքով: Բավականին մեծ արխիվ ունեմ, որ ինձ կարող է շատ բան հուշել: Ինքնակենսագրական մի տեսաֆիլմ էլ կուզենայի նկարահանել: Եվ իհարկե ամենակարևորը ինքս մեծացնել Սերգո և Արեգ թոռներին: Եվ էլի շատ բաներ:

  – Ո՞րն եք համարում ձեր կյանքի հիմնական դասը։

– Կյանքի հիմնական դասը միայն մեկը չէ: Օգնիր մարդկանց, եթե հնարավոր է և կարող ես: Այդ խոսքերով, այն պահից սկսած, երբ որևէ մեկը դժվարին կամ հեշտ խնդիրը ինձ է փոխանցում, իմն է դառնում: Եթե կարող եմ, սկսում եմ փնտրել լուծման ուղիներ:  Եվ հանգստանում եմ, երբ լուծումները գտնված են լինում: «Մարդկանց լսիր մինչև վերջ»: Սա , երևի մարդկային դժվարին առաքելություններից մեկն է: Եթե իսկապես ցանկանում ես իրավիճակ կամ որևէ դժվարին խնդիր հասկանալ, պետք է համբերություն ունենաս մարդուն լսել մինչև վերջ: Նոր վերջում կարող ես հարցեր ուղղել և պարզաբանումներ ստանալ:

Ընտանիքն ու հայրենիքը միշտ կարեւոր դեր են ունեցել ձեր կյանքում։ Ո՞րն էր այդ սիրո մղիչ ուժը։

-Երկիրն այն միջավայրն է, ուր ապրում ես: Ընտանիքն էլ օջախն է, ուր օրվա կեսը հանգրվան ես առնում, ամենատարբեր մտքերով ու խոհերով, անգամ տարբեր հոգեվիճակներով: Միշտ Հայաստանը տեսել եմ որպես անկրկնելի, իր նմանը չունեցող հող ու ջրով, առանց որի դժվար է բարի լույսը դիմավորել ու մայրամուտը ճանապարհել: Երբ հայտնվում եմ որևէ սար ու ձորում, ուր մի գավաթ սառը ջուր կարելի է խմել, դա պարզապես իմ ամենաջերմ զգացումն է, որի համար պարտական եմ այս հող ու ջրին:

Իսկ ընտանիքը այն միջավայրն է, ուր մաքուր, հանգիստ, զուլալ է դառնում ապրածդ ժամանակը:

Մի առիթով ասել եք, որ ձեր վրա մեծ ազդեցություն են ունեցել Չարլի Չապլինի նամակները՝ գրված իր դուստր Ջերալդինին։ Դուք գրել ե՞ք նման նամակներ ձեր որդուն ու դստերը, եթե ոչ, ապա ի՞նչ կգրեիք նրանց։ Ո՞րն է ձեր պատգամը։

-Ցավոք, նամակ գրելու արվեստը շատերիս համար անցյալ է, ուստի զավակներիս նամակ չեմ գրել: Ինչ կգրեի,  դժվարանում եմ ասել, քանի որ ինձ կես խոսքից Սարգիսն ու Սոնան հասկանում են: Երևի, եթե գրելու անհրաժեշտություն լիներ, կպատգամեի, որ ինչպիսին կան նրանց փոխհարաբերությունները, այդպես էլ պահպանվեին, որ միմյանց հարգեին ընտանիքներով և երբեք չպարփակվեին իրենց խեցու մեջ:

Եվ ընդհանրապես մարդկայնության գործոնը ամենակարևորն է, անկախ նրանից ու՞մ միջև է անհրաժեշտ ՝ քույր ու եղբայր, թե բարեկամների, հարազատների ու ընկերների:

-Մոռացա հարցնել, թե ինչպե՞ս է Ձեր ստեղծագործականը Ձեզ համար դժվարին ժամանակներում:

-Չեմ կարող ձեռքերս ծալած նստել: Մի քանի ամսվա ընթացքում տպագրության եմ պատրաստել և հեղինակել մի քանի գիրք: Մասնավորապես Ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզներին նվիրված «Սիրտս հայկական կողմում է կամ Կուզենայի հարցազրույց վերցնել Լեոնարդո Դա Վինչիից» գիրքը, որտեղ ներկայացվում է նրա այցելությունը Երևան և Հայաստանին իր առնչությունները: Հաջորդը Մերի Թադևոսյանի հետ համահեղինակությամբ «Տեղեկատվական հոսքեր. Լրագրությունից մինչև մուլտիմեդիա» ուսումնական ձեռնարկն է, որը իր որակով առաջինն է հայ իրականության մեջ: Եվ երրորդ՝ Գալուստ Գյուլբենկյանի «Անդրկովկասը և Աշպերոնի թերակղզին: Ճամփորդական հուշեր» ֆրանսերենից հայերեն թարգմանված գիրքը: Հիմա այս օրերին մոնտաժվում է «Լալվարի սարը» տեսաֆիլմը: Երկար ժամանակ է անհրաժեշտ եղել տեսաֆիլմի նկարահանումների համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում, որտեղից էլ հստակ երևում է Լալվարը: Անցած տարի Վանո Եղիազարյանը գիրք էր տպագրել նվիրված Թումանյանի ընտանիքին, մասնավորապես՝ Ռոստոմ եղբոր գործունեությանը: Սա ևս կուզենայի, որ տեսաֆիլմ դառնար: Բարեբախտաբար թումանյանական հատընտիրներ և այլ ձևաչափով հրատարակություններ լույս տեսան 150-ամյակի առթիվ: Մեկ տարի անց 155 ամյակը պետք լինի և այդ մասին էլ կմտածենք:

Հանգիստ նստելը դժվար է: Որոնումներ միշտ էլ կան: Օրինակ՝ ունեմ կիսատ և չավարտված նկարահանումներ, որոնք առնչվում են թիֆլիսահայ Ալիխանովին, որոնք կարևոր դերակատարություն են ունեցել կյանքի տարբեր ոլորտներում՝ երաժշտության, գինեգործության: Ուսումնասիրությունները արված են, մնում են նկարահանումները: Հետաքրքիր պատմություն ունի նաև Լոռու Ճոճկան գյուղից ոչ հեռու գտնվող Նահատակի վանքը, որը կապված է Վարդան Մամիկոնյանի դստեր՝ Շուշանիկին: Այստեղ ճշգրտումների, հստակեցումների կարիք կա: Այդ եկեղեցին, առնչություն ունի Ջոջիկ իշխանի հետ, ով էլ հիմնադրել է Ճոճկան գյուղը: Ճոճկանում է նաև գտնվում Միխայիլ Լորիս-Մելիքովի պատվին կառուցված եկեղեցին մեծ գեներալի մոր՝ Կատարինե Հովհաննիսյանի կողմից: Լոռվա չորս պատմական հուշարձաններին նվիրված տեսաֆիլմերը /Հաղբատ, Սանահին, Քոբայր, Օձուն/ նկարահանել ենք 1990 թվականին: Ավելի քան 30 տարի հետո նոր անդրադարձների կարիք կան: Եվ ընդհանրապես ստեղծագործող մարդը հանգիստ նստել չի կարող: Օրինակ՝ մտածում եմ, որ պետք է թարմացնել, հավելել հեռուստատեսային հասկացությունների բառարանը, այն դարձնելով հեռուստատեսային տերմինների: Որքան էլ հիվանդությունները քեզ խանգարեն, միևնույն է ստեղծագործական որոնումները քեզանից չեն հեռանում:

Հարցազրույցը վարեց

Հակոբ Ասատրյանը

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում