ԱՄՆ Դենվեր քաղաքում օծվեց Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցին

  • 06.07.2026
  • 0
  • 21 Views

Կոլորադոյի հայ առաքելական համայնքի կյանքում արձանագրվեց պատմական իրադարձություն. Հյուսիսային Ամերիկայի Հայոց Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ձեռամբ օծվեց Դենվերի Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցին։

Նորաօծ եկեղեցին Կոլորադոյի հայության համար դարձավ ավելի քան երկու տասնամյակ տևած սպասման, աշխատանքի, նվիրումի և համախմբման արդյունք։ Դենվերի հայ առաքելական համայնքը ձևավորվել էր 2003 թվականին՝ որպես առաքելական ծուխ՝ հոգևոր ծառայություն մատուցելու նահանգում բնակվող հայերին։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին Դենվերում մատուցվել էր առաջին Սուրբ Պատարագը՝ Տ. Տաթև քահանա Հարությունյանի ձեռամբ, Սուրբ Քեթրին հունական ուղղափառ եկեղեցում։

Այդ համեստ սկզբից հետո համայնքը տարիներ շարունակ պահպանեց իր հիմնական նպատակը՝ ունենալ մշտական հայկական եկեղեցի, որը կդառնար Կոլորադոյի հայերի հոգևոր, համայնքային և մշակութային տունը։ Այս եկեղեցու կառուցման պատմությունն առանձնահատուկ է նրանով, որ այն չունեցավ մեկ գլխավոր բարերար կամ մեկ կենտրոնական հովանավոր։ Ավելի քան երկու հարյուր հայ ընտանիքներ միավորեցին իրենց միջոցները, աշխատանքը, ժամանակը և պատասխանատվությունը՝ համատեղ ուժերով ստեղծելով եկեղեցի, որը ծնվեց համայնքի ներսից և համայնքի կամքով։

Օծման արարողությանը նախորդած շաբաթ երեկոյան կատարվեց Նավակատյաց կարգը։ Առաջնորդ Սրբազանը, Արևմտյան թեմի առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Երեմիա վարդապետ Աբգարյանի և Սուրբ Ղևոնդյանց Հայոց Մայր Տաճարի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Խաժակ քահանա Շահբազյանի ուղեկցությամբ, եկեղեցու փակ դռների առջև կատարեց դռնբացեքի խորհրդանշական արարողությունը։ Հայոց Եկեղեցու ավանդության մեջ այս կարգը նշանավորում է սրբավայրի առանձնացումը աշխարհիկ գործածությունից և նրա նվիրաբերումը աստվածային պաշտամունքին։

Հաջորդ օրը հարյուրավոր հավատացյալներ հավաքվեցին մասնակցելու եկեղեցու օծման և Սուրբ Պատարագի արարողություններին։ Ներկաների թվում էին Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը, Ֆրեզնոյում ՀՀ պատվո հյուպատոս Բերջ Աբգարյանը, Դենվերում ՀՀ պատվո հյուպատոս Տիգրան Մուրադյանը, Արևմտյան թեմի թեմական խորհրդի ատենապետ Դերիկ Ղուկասյանը, ինչպես նաև հոգևորականներ, բարերարներ, համայնքային գործիչներ և հյուրեր։

Օծման արարողության ընթացքում Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը հայտարարեց եկեղեցու անունը՝ Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցի։ Համայնքի անդամները այդ հայտարարությունն ընդունեցին ջերմ արձագանքով՝ որպես երկար տարիներ փայփայված երազանքի վերջնական հաստատում։

Սուրբ Հռիփսիմեի անունը նորաօծ եկեղեցուն հաղորդում է նաև պատմական և հոգևոր առանձնահատուկ նշանակություն։ Հայ Եկեղեցու ավանդության մեջ Սուրբ Հռիփսիմեն համարվում է Հայաստանի առաջին քրիստոնյա նահատակներից մեկը։ Նրա նահատակության հիշատակը սերտորեն կապված է Հայաստանի քրիստոնեացման պատմության հետ, իսկ Վաղարշապատի Սուրբ Հռիփսիմե տաճարը դարեր շարունակ եղել է Հայ Առաքելական Եկեղեցու կարևորագույն սրբավայրերից մեկը։ Դենվերի Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցին Միացյալ Նահանգներում Սուրբ Հռիփսիմեի անունը կրող առաջին հայ առաքելական եկեղեցին է, ինչը նորաօծ սրբավայրին տալիս է հավելյալ խորհրդանշական արժեք։

Իր խոսքում Առաջնորդ Սրբազանը շեշտեց, որ նոր եկեղեցին միայն շինություն չէ, այլ հավատքի, միասնականության և համայնքային շարունակականության կենդանի վկայություն։ Նա բարձր գնահատեց համայնքի տարիների աշխատանքը, կամավորների նվիրումը, բարերարների աջակցությունը և այն համառությունը, որի շնորհիվ Դենվերի հայերը կարողացան առաքելական ծխից վերաճել լիարժեք եկեղեցական ընտանիքի։

Օծման արարողությունից հետո ելույթներով հանդես եկան Հոգեշնորհ Տ. Երեմիա վարդապետ Աբգարյանը, ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը, թեմական խորհրդի ատենապետ Դերիկ Ղուկասյանը և նորաօծ եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Հրանտ Միրամանյանը։ Բոլոր ելույթներում ընդգծվեց, որ այս իրադարձությունը կարևոր է ոչ միայն Կոլորադոյի հայ համայնքի, այլև ամերիկահայության հոգևոր և հասարակական կյանքի համար։

Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցու օծումը տեղի է ունենում նաև Արևմտյան թեմի ավելի լայն զարգացման համատեքստում։ Երբ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը 2003 թվականին ստանձնեց Արևմտյան թեմի առաջնորդի պաշտոնը, թեմում գործում էր 14 եկեղեցի։ Նրա առաջնորդության տարիներին կառուցվել և եկեղեցական կյանքին է հանձնվել ևս 13 եկեղեցի, և դրանց թիվը հասել է 27-ի։ Այս աճը միայն վարչական ցուցանիշ չէ. այն նշանակում է նոր հոգևոր կենտրոններ, նոր համայնքային հասցեներ և նոր հնարավորություններ այն հայերի համար, որոնք իրենց բնակության վայրերում ցանկանում են ունենալ սեփական եկեղեցական տունը։

Դենվերի նորաօծ եկեղեցին այդ ընթացքի կարևոր հանգրվաններից է։ Այն առանձնանում է համայնքային մասնակցության իր օրինակով. այստեղ եկեղեցու հիմքում դրված է ոչ թե մեկ անհատի բարերարությունը, այլ հարյուրավոր ընտանիքների համատեղ կամքը։ Այդ պատճառով Դենվերի Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցին Կոլորադոյի հայերի համար միայն աղոթքի վայր չէ, այլ նաև իրենց հավաքական պատասխանատվության, հավատքի և ապագայի հանդեպ վստահության արտահայտություն։

Հայոց եկեղեցին սփյուռքում նաև լեզվի, մշակույթի և ինքնության պահպանման ամենակայուն միջավայրերից է։ Արևմտյան թեմի շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցներում, թեմի ներսում գործող ամենօրյա դպրոցում, ինչպես նաև երիտասարդական ճամբարներում ամեն տարի ավելի քան 3000 երիտասարդներ շարունակում են կապը հայերեն խոսքի, հայոց պատմության, եկեղեցական ավանդության և մշակութային կյանքի հետ։ Այդ աշխատանքում ներգրավված են ավելի քան 220 ուսուցիչներ և դաստիարակներ, որոնք սերունդների միջև կենդանի կամուրջ են ստեղծում։ Դենվերի նորաօծ Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցին այս իմաստով միանում է ոչ միայն Արևմտյան թեմի հոգևոր ընտանիքին, այլև հայապահպանման այն լայն համակարգին, որտեղ եկեղեցին, դպրոցը, լեզուն և մշակույթը գործում են միասին՝ որպես մեկ ամբողջական պատասխան սփյուռքյան կյանքի գլխավոր հարցին՝ ինչպես մնալ հայ հեռու հայրենիքից։

Հայ-Ամերիկյան Տեղեկատվական Կենտրոն

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում