Իսրայելի պետության կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման վերաբերյալ. ԱԺԲ

  • 27.06.2026
  • 0
  • 12 Views

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդը ողջունում է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարի (Gideon Sa’ar) 2026 թ. հունիսի 25-ի հայտարարությունը՝ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանն ուղղված բանաձևի նախագիծ ներկայացնելու մասին։

Այս նախաձեռնությունը կարևոր քաղաքական և բարոյական քայլ է, որը կարող է դառնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի նոր և առանձնահատուկ հանգրվան։

ԱԺԲ խորհուրդը բարձր է գնահատում նախարար Սաարի քաղաքական կամքն ու բարոյական խիզախությունը, ինչպես նաև այն բոլոր իսրայելցի հասարակական և քաղաքական գործիչների տասնամյակների աշխատանքը, որոնք հետևողականորեն նպաստել են Իսրայել պետության այս հնարավոր որոշմանը։

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է արձանագրել, որ ներկայումս խոսքը դեռևս ճանաչելու մտադրության մասին է, ոչ թե կայացված պետական որոշման։

Առջևում մնում են երեք կարևոր ինստիտուցիոնալ փուլեր՝

• Իսրայելի կառավարության կողմից նախագծի հաստատումը,

• Քնեսեթի քննարկումն ու քվեարկությունը,

• Եվ ճանաչման պաշտոնական ներառումը Իսրայելի պետական քաղաքականության մեջ։

Այս ճանապարհը, անկասկած, կբախվի դիմադրության այն ուժերի կողմից, որոնք երկար տարիներ խոչընդոտել են այս գործընթացին՝ առաջին հերթին Թուրքիայի և Ադրբեջանի հետ առկա քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերությունների պատճառով։

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդը նշում է, որ նախարար Սաարի հայտարարությունը հնչում է այն պահին, երբ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանության սեփական նախընտրական ծրագիրը մոռացության է տվել էթնիկ զտման ենթարկված Արցախը, չի պարունակում «ԵԱՀԿ Մինսկի խումբ» արտահայտությունը և որեւէ հիշատակում Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին։

Պատմական ցեղասպանության միջազգային ճանաչումը չի փոխարինում վերապրածների ժառանգների ինստիտուցիոնալ պաշտպանությանը Հայաստանի պետության կողմից: Այն լրացնում է այդ պաշտպանությանը, և այդ պաշտպանության բացակայությունն էլ ավելի կարևոր է դարձնում միջազգային ճանաչումը:

ԱԺԲ խորհուրդը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության հարցը միայն պատմական հիշողության կամ բարոյական գնահատականի խնդիր չէ, այլ նաև միջազգային իրավունքի, պետական պատասխանատվության և միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքներից բխող արդարության վերականգնման հարց է։

Այսօր ավելի քան երեսուն պետություններ, ինչպես նաև Եվրախորհրդարանը (European Parliament), Եվրոպայի խորհուրդը (Council of Europe) և այլ միջազգային կառույցներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Իսրայելի հնարավոր ճանաչումը այս շարքում կունենա առանձնահատուկ կշիռ՝ հաշվի առնելով Իսրայելի պատմական փորձառությունն ու ցեղասպանության կանխարգելման համաշխարհային դերը։

Ըստ այդմ, ԱԺԲ խորհուրդը կոչ է անում.

Իսրայելի կառավարությանը՝ արագացնել և ավարտին հասցնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը։

Քնեսեթի բոլոր խմբակցություններին՝ քվեարկել հօգուտ ճանաչման՝ առաջնորդվելով պատմական արդարությամբ և բարոյական պատասխանատվությամբ։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ ներգրավվել այս գործընթացին իր միջազգային կապերի և հեղինակության ամբողջ ներուժով։

Սփյուռքի հայկական համայնքներին՝ հատկապես Իսրայելում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հունաստանում եւ Կիպրոսում, համախմբված աջակցել այս գործընթացին՝ քաղաքական և հասարակական մակարդակներում։

Բևեռի խորհուրդը վերահաստատում է իր անսակարկ և սկզբունքային դիրքորոշումը՝ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի պատմական հիշողության և ազգային ինքնության հիմնասյուներից է, այլև հայկական պետականության իրավաքաղաքական հիմնարար խարիսխներից մեկը։ Դրա միջազգային ճանաչումը որևէ պետության կողմից Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված քաղաքական բարեհաճության դրսևորում չէ, այլ պատմական ճշմարտության վերահաստատում, միջազգային արդարության վերականգնմանն ուղղված գործնական քայլ և ցեղասպանության հանցագործության համար իրավական ու քաղաքական պատասխանատվության ամրագրում։

Հայոց ցեղասպանության ճանաչումը միաժամանակ ապագա ցեղասպանությունների կանխարգելման, անպատժելիության դեմ պայքարի և միջազգային իրավակարգի բարոյական ու իրավական ամբողջականության պահպանման անբաժանելի պայման է։

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

27 հունիսի 2026 թ. Հայաստանի Հանրապետություն, Երևան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում