«Ոսկե ծիրան» 2026-ի գլխավոր պաստառն այս տարի նվիրված է պոեզիային, իսկ GAIFF Pro հարթակում կլինի արհեստական  բանականությանը նվիրված աշխատարան

  • 12.06.2026
  • 0
  • 12 Views

Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրել է 2026 թվականի գլխավոր պաստառը, որը այս տարի նվիրված է պոեզիային՝ որպես աշխարհը զգալու, ընկալելու և վերաիմաստավորելու յուրահատուկ ձևի։

Պոեզիան պարզապես հանգ ու ռիթմ չէ։ Այն մարդկային փորձառության, զգացմունքների և մտքի արտահայտման լեզու է, որը հնարավորություն է տալիս տեսնել աշխարհը նոր տեսանկյունից։ Այս տարվա պաստառով կինոփառատոնը հանդիսատեսին հրավիրում է ոչ միայն դիտելու արվեստը, այլև ապրել դրա ներսում, լինել զգայուն, հետաքրքրասեր և բաց աշխարհի հանդեպ, դառնալ կինոյի պոետիկ տարածության մի մասը։

«Ոսկե ծիրանի» այս տարվա ուղերձը հորդոր է կինոյից ակնկալել ոչ թե բացատրություններ, այլ բացահայտումներ։ Ինչպես պոեզիան, այնպես էլ կինոն հաճախ խոսում է ոչ թե հստակ պատասխանների, այլ զգացողությունների, պատկերների և ներքին բացահայտումների լեզվով։

Փառատոնի գլխավոր պաստառի հեղինակն է հայտնի նկարիչ և դիզայներ Իգոր Գուրովիչը, որի աշխատանքները բազմիցս արժանացել են միջազգային ուշադրության և ճանաչման։ Նրա ստեղծած պաստառը արտացոլում է այս տարվա գաղափարական առանցքը՝ կինոն և պոեզիան որպես ստեղծագործական ազատության և մարդկային զգայունության տարածքներ։

Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 12–19-ը։ Այս տարի ևս կինոփառատոնը կներկայացնի մրցութային և արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր հեղինակավոր միջազգային կինոփառատոններից՝ ներառյալ Կաննը, Բեռլինը և այլ առաջատար կինոհարթակներ։

Փառատոնի ընթացքում Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներ, ռեժիսորներ, դերասաններ և ոլորտի մասնագետներ, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն հայ հանդիսատեսին՝ ստեղծելով երկխոսության, նոր գաղափարների և մշակութային փոխանակման բացառիկ հարթակ։

«Ոսկե ծիրան» -ի GAIFF Pro հարթակը կներկայացնի արհեստական բանականությանը նվիրված աշխատարան

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի GAIFF Pro արտադրական հարթակը կներկայացնի արհեստական բանականությանը նվիրված աշխատարան։ Ինտենսիվ AI Filmmaking Workshop-ը միտված է կինոարտադրության և նորագույն տեխնոլոգիաների միջև կապի ամրապնդմանը։ Այն իրականացվում է Lumiverse հարթակի հետ

Արհեստական բանականությունը շարունակում է վերափոխել համաշխարհային ժամանցային և ստեղծարար արդյունաբերությունը, և GAIFF Pro-ի նոր նախաձեռնությունը կինոոլորտի մասնագետներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել գործնական գիտելիքներ և տիրապետել ժամանակակից աշխատանքային մեթոդներին՝ ոլորտի առաջատար փորձագետների ղեկավարությամբ։

Աշխատարանը կանցկացվի հուլիսի 13-15-ը և կավարտվի հուլիսի 16-ին կայանալիք հատուկ ցուցադրությամբ։ Մասնակիցները կաշխատեն արհեստական բանականության ոլորտի մասնագետներ Վահան Սեթոյանի և Լիլիթ Բարսեղյանի հետ։ Ծրագիրը նախատեսում է ոչ թե տեսական քննարկումներ, այլ անմիջական մասնակցություն ստեղծագործական գործընթացին․ առաջին իսկ օրը մասնակիցները կստանան սցենար, որի հիման վրա երեք օրերի ընթացքում համատեղ կստեղծեն և կմոնտաժեն կարճամետրաժ ֆիլմ՝ օգտագործելով պրոֆեսիոնալ ԱԲ գործիքներ և ծրագրային ապահովում։ Վերջնական արդյունքը հուլիսի 16-ին կներկայացվի GAIFF Pro-ի շրջանակում։

«Արհեստական բանականության միջոցով ստեղծված նախագծերն ու ԱԲ-ի վրա հիմնված աշխատանքային գործընթացներն արդեն մեր ոլորտի անբաժանելի մասն են դարձել։ Մենք չպետք է անտեսենք այդ փոփոխությունները, այլ պետք է գտնենք ուղիներ՝ դրանք էթիկապես և արդյունավետ կերպով կինոարտադրության մեջ ներառելու համար։ Այս աշխատարանը հենց այդ նպատակին է ծառայում՝ առաջարկելով անմիջական և գործնական փորձառություն»,– նշում է GAIFF Pro-ի ղեկավար Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանը։

«Արհեստական բանականությունն այսօր զարգանում է այնպիսի արագությամբ, որ ավանդական կրթական համակարգերը հաճախ չեն հասցնում համընթաց շարժվել դրա հետ։ Սակայն չափազանց կարևոր է, որ ոլորտի մասնագետները հնարավորինս շուտ և առավելագույն ծավալով ձեռք բերեն այս գիտելիքները»,– ընդգծում է ԱԲ մասնագետ Վահան Սեթոյանը։

Ծրագիրը նախատեսված է բացառապես կինոարտադրության ոլորտում արդեն կայացած մասնագետների ՝ ռեժիսորների, պրոդյուսերների, օպերատորների, մոնտաժողների և այլ մասնագիտությունների ներկայացուցիչների համար, որոնք ունեն մասնագիտական փորձ և տիրապետում են ոլորտային մասնագիտական տերմինաբանությանը։ 

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում