ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025 թվականի մայիսից մինչ օրս Արցախի Հանրապետությունը դե յուրե գործում է առանց ընտրված նախագահի։ Նախագահի ինստիտուտը հանդիսանում է պետականության, սահմանադրական կարգի և ժողովրդի անօտարելի իրավունքների իրավական գլխավոր երաշխավորը, և այսօր Արցախի իրավաքաղաքական սուբյեկտայնության ու ժառանգական իրավունքների վերականգնման ու կիրարկման հարցը կրկին վերադառնում է արդիական օրակարգ։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր է մնացել 2025 թվականի մայիսից՝ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանն է իրականացնում նաև ԱՀ նախագահի պարտականությունները։
Այժմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը նպատակ ունի սկսել նախագահի ընտրության նոր գործընթաց։ Ըստ վստահելի աղբյուրների՝ այս պահին ամենահավանական և անցողիկ թեկնածուն «Վերածնվող Արցախ» շարժման հիմնադիր Անաստաս Իսրայելյանն է։ Վերջինս այն բացառիկ գործիչներից է, ով դեռևս 2020 թվականից վերադարձել է հայրենիք և իր ողջ գործունեությունն ու ներուժն անմնացորդ նվիրել Արցախի պետականության առջև ծառացած խնդիրների լուծմանը, հայկականության պահպանմանն ու ազգային շահերի պաշտպանությանը։
Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության այս քայլը մենք ընդունում ենք որպես վճռորոշ հանգրվան՝ Արցախի դե յուրե պետականության կառույցները պահպանելու, պատմական ժառանգությունը վերահաստատելու և միջազգային ատյաններում հետագա իրավական պայքարը շարունակելու համատեքստում։
Ժառանգական իրավունքի պատմաիրավական հիմքերը
Արցախի սուբյեկտայնության պահպանումն այսօր հենվում է ոչ միայն ժամանակակից միջազգային իրավունքի սկզբունքների, այլև դարերով ամրագրված ժառանգական իրավունքի վրա։ Արցախահայության պատմական, տնտեսական և իրավական ժառանգությունը նորաստեղծ երևույթ չէ. այն դարեր շարունակ ճանաչվել և հարգվել է տարածաշրջանի խոշորագույն տերությունների կողմից.
- Պարսից և Օսմանյան կայսրություններ. Դեռևս միջնադարից սկսած, պարսից շահերի հատուկ հրովարտակներով (ֆերմաններով) և օսմանյան իրավական ակտերով, պաշտոնապես ճանաչվել է Արցախի հայկական Մելիքությունների ինքնիշխանությունը և նրանց ժառանգական իրավունքը սեփական հողերի նկատմամբ։
- Ռուսական կայսրություն. 1813 թվականի Գյուլիստանի պայմանագրով և հետագա ռուսական կայսերական իրավական ակտերով, Ռուսաստանը նույնպես վերահաստատեց արցախահայության տիրույթների օրինականությունն ու ժառանգական իրավունքը։
Այս երեք կայսրությունների իրավական հիմքերով և պատմական փաստաթղթերով՝ արցախահայության անօտարելի ժառանգություն է ճանաչվել 4161 քառակուսի կիլոմետր տարածքը՝ իր ամբողջ ընդերքով, բնական ռեսուրսներով և նյութամշակութային արժեքներով։ Սա նշանակում է, որ այդ տարածքների նկատմամբ իրավունքը պատկանում է բացառապես Արցախի հայությանը՝ ըստ պատմական ժառանգորդության, և որևէ քաղաքական կամ ռազմական բռնազավթում չի կարող չեղարկել այս դե յուրե իրավունքը։
Պետական կառավարման համակարգի կայացման ուղին
Արցախի հանրային-իրավական կառավարման համակարգը դարավոր արմատներ ունի, իսկ ժամանակակից նախագահի ինստիտուտն անցել է հետևյալ հաստատուն ճանապարհը.
- 1990-ականների սկիզբ. Պատերազմական իրավիճակով թելադրված՝ երկիրը կառավարվում էր Գերագույն խորհրդի և Պաշտպանության պետական կոմիտեի (ՊՊԿ) կողմից։
- 1994 թվական. Ներդրվեց նախագահական կառավարման համակարգը՝ որպես անկախ պետականության ամրապնդման հաջորդ տրամաբանական քայլ։ Առաջին նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը։
- Հետագա տարիներ. Ժողովրդավարական համապետական ընտրությունների միջոցով նախագահի ինստիտուտը (Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան) դարձավ Արցախի սուվերենության հիմնասյունը և արտաքին աշխարհի հետ հարաբերվելու լեգիտիմ օղակը։
Այս լեգիտիմության մասին են վկայում նաև միջազգային փաստերը.
- ԵԱՀԿ Մինսկի խումբ. Համանախագահող երկրները (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) դե ֆակտո և իրավական տարբեր հարթություններում մշտապես հաշվի են նստել Արցախի ընտրված իշխանությունների հետ՝ Արցախը դիտարկելով որպես հակամարտության սուբյեկտ։
- ԱՄՆ նահանգների ճանաչումը. Ամերիկայի Միացյալ Նահանգների շուրջ տասը նահանգներ (ներառյալ Կալիֆոռնիան, Մասաչուսեթսը, Ռոդ Այլենդը, Փենսիլվանիան և այլն) պաշտոնական բանաձևերով ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունն ու ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Կոչ ենք անում Արցախի Հանրապետության իշխանություններին՝ գործել բացառապես իրավունքի տարածքում և ապագա բոլոր քայլերն ու քաղաքական գործողությունները բխեցնել միմիայն Արցախի հայ ժողովրդի պատմական ու անօտարելի ժառանգական իրավունքներից։ Սա միակ ճանապարհն է պահպանելու պետականության իրավական հիմքերը և թույլ չտալու Արցախի սուբյեկտայնության վերջնական կորուստը։
Ա․Մկրտչյան
Հանահայկական Սենատ



