ՄՈՌԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ՝ ԸՍՏ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ. 90-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

  • 25.05.2026
  • 0
  • 4 Views

 Նվիրված  ծննդյան  90-ամյակին

                   «Յուրաքանչյուրը պետք է անի լավ այն, ինչը ինքը կարողանում է»:

                                                                                                               Արմեն Հովհաննիսյան

       Ես այն երջանիկներից եմ ինձ համարում, ում բախտ է վիճակվել այցելել հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանին, սրտաբաց ու անկեղծ զրույց ունենալ, արձանագրել նրա մտորումները, կարծիքներն ու համոզմունքները: Ես այն երջանիկներից եմ նաև, ում բախտ է վիճակվել  մասնակցել թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանի ղեկավարությամբ  «Գեղարվեստական թարգմանության հիմունքներ» երկամյա դասընթացին:

      Տարիների հեռավորությունից խորին պատասխանատվության զգացումով ու ջերմությամբ եմ համակվում. գրել իմ Ուսուցչի հրապարակախոսության մասին, նշանակում է սավառնել անսահմանության մեջ՝ ունենալով ուսանողի խոնարհումի ապրումներ:  Գրասեղանիս անբաժան ուղեկիցն  է նրա «Մոռացված արժեքների ստվերները» գիրքը: Հեղինակը մշտապես մագնիսական դաշտում է պահում ընթերցողին, ստիպում երկար խորհել, վերլուծել, հարկադրել նաև նյութը վերընթերցել՝ իր մտքի թռիչքին միանալու համար, ու մտաբերում եմ 18-դարի  ֆրանսիացի գիտնական բնախույզ Ժորժ Բյուֆոնի հետևյալ ասույթը. «Գեղեցիկ գրել նշանակում է միաժամանակ գեղեցիկ մտածել, գեղեցիկ զգալ ու գեղեցիկ արտահայտել, այսինքն՝ հավասար չափով տիրապետել խելքին, հոգուն ու ճաշակին»:  Հենց ճաշակն է ստիպում մտածել, որ գեղագետն է խոսում Արմեն Հովհաննիսյան-հրապարակախոսի մեջ. նրան բնորոշ են խոր կենսիմացությունը, քաղաքացիականությունը,  բանավիճելու կիրքը, նյութի գիտական հանրամատչելի վերլուծությունը: Արմեն Հովհաննիսյանը օժտված էր նաև երևույթը ընկալելու, նրա զարգացման միտումները նկատելու կարողությամբ: Ըստ  Արմեն Հովհաննիսյանի՝ «տեղյակությունն ու իրազեկությունը, սեփական զգացողությունը, մտածողությունը թղթին հանձնելու կարողությունը, պատեհապաշտության իսպառ բացակայությունը, հարմարվողականության կտրուկ բացառումը և քաղաքացիական պատասխանատվության գիտակցումը» հրապարակախոսին բնորոշ հատկանիշներ են: Զուր չէ, որ հեղինակը հրապարակագրությունը համարում է «մոբիլիզացնող», «սթափեցնող»  ժանր, մանավանդ, երբ հրապարակախոսը հանրությանը հայտնի է, ինչից էլ «կրկնակի, եռակի» ավելանում է պարտքի ու պատասխանատվության բեռը:

       Առաջին իսկ ծանոթության ժամանակ նրա հոդվածներում նկատեցի վարակիչ հուզականություն: Դեռևս 1993-ին «Խորհրդատվություններ 2-րդ էջի համար» ժողովածուում  Արմեն Հովհաննիսյանը գրում է. «Եվ եթե ճակատագրի խաղով ու դավով հեռուներում ես աչք բացել, սիրտ զգացել, օտար հնչյուն, բույր ու խլիրտ է պարուրել քեզ՝ մինչև լրիվ աչքաբացություն, մեկ է՝ միևնույն է, մի արդար պահի տեսիլքի պես առաջդ են գալու հայրենի եզերքի պատկերն ու ոգին՝ որպես տեսած երազ, ոսկոր ու ավշիդ մեջ ժամանակով, բնազդով ու ժառանգականությամբ պահ տվածը հորձանք է տալու և մղելու է քեզ դեպի տուն, բնօրրան»:  1936 թ. Թավրիզում՝ հայի ավանդապաշտ ընտանիքում է ծնվել: Մանկության տասը տարիներն անց է կացրել օտար երկնքի տակ, 1946-ին ընտանիքը ներգաղթել է  Հայաստան: Մայր բուհն է եղել նրա դարբնոցը, որն ավարտել է ժուռնալիստի մասնագիտությամբ  (1953-1958:) Ու նրա առջև բացվում են լայն հորիզոններ դեպի ռադիո, հեռուստատեսություն, գրահրատարակչություն…    Արմեն Հովհաննիսյանի կարծիքով «տպագիր ժուռնալիստիկան ուրիշ բան է, հեռուստատեսային ժուռնալիստիկան՝ ուրիշ: Հեռուստացույցի էկրանը ամենալավ լակմուսի թուղթն է, որ ցույց է տալիս կեղծիքը, և իսկույն երևում է՝ սուտ է ասում մարդը, թե՞  չէ: Հեռուստացույցով խաբել, ստել չի կարելի: Դիտողը իսկույն զանազանում է՝ դու անկեղծ ես, թե՞ չէ, ազնիվ ես քո տառապանքի, հոգսի, մտածմունքի մեջ, թե՞ ձևացնում ես, մարդկային են քո մղումները, թե՞ շահախնդիր, քաղաքացիական է քո զայրույթը կամ տագնապը, թե՞ սարքովի…» (հատված  անտիպ հարցազրույցից):

      Ավագ սերունդը ցայսօր էլ կարոտով և սիրով է հիշում նրա «22:30» երաժշտական հեռուստահաղորդաշարը, որը  երևույթ էր խորհրդային տարիներին.  գեղեցիկ երաժշտության նուրբ և խորաթափանց իմացություն, մատուցման յուրօրինակ կերպ՝ անձանձրույթ ու դինամիկ:  Երջանիկ պատահականությամբ ձեռքս ընկավ հեղինակի «Ես ձեզ սիրում եմ, մարդիկ» գրքույկը («Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1969 թ.): Նախաբանից մեջբերեմ մի կարճ հատված՝ հաստատելու ճաշակով գրչի առկայությունը. «Բայց այժմ առավել, քան երբևէ, հրաշալի երգն ամենալայն տարածումն ունի ու լիովին կարողանում է խլացնել ժխորը, պատնեշվել պղտոր հեղեղից ու վայրենության համաճարակից… Այդ երգն է օգնում ավելի լավ սիրել ու ճիշտ տեսնել աշխարհը, ավելի անկաշկանդ ուրախանալ ու խորը տխրել…» (էջ 4):

     Իմ այն հարցին, թե ինչ սկզբունքով է նա կազմում իր հրապարակախոսական հոդվածների ժողովածուները, արդյո՞ք միայն ժամանակագրական, պատասխանեց. «Ո՛չ, ըստ խնդրի, ըստ հարցի, ըստ պրոբլեմի… Հնարավոր է, որ մի հոդված ամբողջ մի տարի  հունցվի ուղեղիս մեջ… եթե քո ներսում, քո մտածողության և զգացմունքների մեջ լավ չի եփվել, խառնվել և հանգիստ չի տալիս, հնարավոր է, որ այդ պրոցեսը տևի շատ երկար՝ շաբաթներ, ամիսներ…»:

    Ես փորձում եմ հարցազրույցից պատառիկներ ներկայացնել՝ նույնիսկ մասնիկ անգամ չփոխելով, հաստատ համոզված լինելով, որ նրա թարմ և առայսօր արդիական մտքերը կարիք ունեն տպագրության՝  հավերժացնելու իմաստով:

ՍԱՀԱԿԱՆՈՒՇ  ՏԱՃԱՏԻ  ՍԱՀԱԿՅԱՆ

բանասեր, թարգմանիչ

 Հ.Գ.    Տասնհինգ տարի առաջ հավերժի ճամփան բռնեց Արմեն Հովհաննիսյանը՝ ԽՍՀՄ գրողների միության անդամ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ,  Հայաստանի գրողների միության Եղիշե Չարենցի անվան և Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե Գրիչ» (1989 թ.), Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀԳՄ համատեղ «Կանթեղ» (2001 թ.) թարգմանական մրցանակների դափնեկիր: Արժանացել է Ինքնորոշում միավորման «Տարվա լավագույն հրապարակախոս» մրցանակին, Ռուսաստանի Դաշնության Բարեկամության շքանշանին (2004 թ.):  Գեղարվեստական թարգմանության փորձառու վարպետի գրչին են պատկանում  Ֆ. Դոստոևսկու,   Ի. Բաբելի,   Ա. Տոլստոյի, Ա. Կուպրինի, Յու. Օլեշայի, Վ. Շուկշինի, Վ. Բելովի, Ա. Ռիբակովի, Ա. Սոլժենիցինի, Մ. Բուլգակովի, Ա. Լեբեդի ստեղծագործությունների հայերեն տարբերակները: 1999 թ. լույս է տեսել Ալ. Պուշկինի ամբողջ արձակը՝ Արմեն Հովհաննիսյանի թարգմանությամբ բանաստեղծի ծննդյան  200-ամյակի առթիվ:

     Այս տարի մարտի 10-ին Արմեն Հովհաննիսյանը կդառնար 90 տարեկան: Նրա կյանքն արժանապատիվ ապրելու, պայքարի, նվիրումի,  բարին ու գեցեղիկը արարելու օրինակ է եղել:

Հղումը՝

Լույս է տեսել “Եթեր” շաբաթաթերթում, N12  (1650 ),

12 մարտի 2026 թ., հինգշաբթի, էջ 3

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում