«Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը».ԱԶԳ

  • 15.05.2026
  • 0
  • 12 Views

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին շվեյցարացի 12 պատգամավոր, Բեռն ժամանած ԼՂ ներկայացուցիչները՝ Աշոտ Դանիելյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ԼՂ հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային իրավունքի մասնագետներ, քաղաքագետներ, Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության(CSI) ներկայացուցիչներ: «Ազգում» ժամանակին գրել ենք, որ 2025-ի մարտի 18-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունեց  24.4259 նախագիծը՝ «ԼՂ- ի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով: 46 անդամներից 29-ը կողմ քվեարկեցին նախաձեռնությանը, որով օրենսդիրը հորդորում էր Շվեյցարիայի կառավարությանը մեկ տարվա ընթացքում հարթակ ապահովել ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար: Նախաձեռնության հիմնական նպատակն է Արցախից բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հայրենիք ապահովելը: Կանտոնների խորհրդի որոշումը հաջորդում էր Ազգային խորհրդի՝ խորհրդարանի ստորին պալատի նույն առաջարկի ընդունմանը, որը կայացել էր 2024 թ. դեկտեմբերի 17-ին: Երկու պալատների հավանությամբ  24.4259 նախագիծը ստացել է օրենքի ուժ: Մեկ տարի անց ֆորումը դեռ չի գումարվել: Ապրիլի 30-ին Բեռնում Դաշնային խորհրդարանում կայացած նիստի մասին ենք զրուցել դրան մասնակցած անձանց հետ: Մինչ այդ ներկայացնենք Շվեյցարիայի հանրային հեռարձակողի՝SRF-ի անդրադարձը Արցախի հարցին:

Echo der Zeit –ի հաղորդումը

Մայիսի 1-ին ժամը 18-ին հեռարձակվող Echo der Zeit (թրգմ. «Ժամանակի արձագանքը») լրատվական թողարկման եթերում 5 րոպեանոց անդրադարձով խոսվեց «ԼՂ՝ խաղաղության սպասող հակամարտության» մասին՝ եթեր տրամադրելով Բեռն ժամանած Արցախի պատվիրակության ղեկավար ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանին: Հեղինակ Էլմար Պլոցցան (Elmar Plozza) խոսքն այսպես սկսեց.

«ԼՂ-ն Կովկասում գտնվող հակամարտության տեղավայր է, որ դեռ սպասում է խաղաղության: 3 տարի է արդեն, ինչ Ադրբեջանը ռազմական ուժով գրավել է այն, այնտեղ ապրող հայերին տեղահանել: Այս շաբաթ Բեռն էր այցելել Արցախի վտարանդի ԱԺ նախագահը, որ Շվեյցարիայից սատարում էր խնդրում: Այս այցը ցույց տվեց նաեւ Շվեյցարիայի արտաքին քաղաքականության դիլեման»: Մայիսի 3-ին SRF կայքում տեղադրվեց նույն հեղինակի հաղորդման տեքստային տարբերակը:

«2023-ի աշնանը գրեթե 150,000 էթնիկ հայեր ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը՝ ԼՂ-ն, թողնել իրենց ունեցվածքը եւ ապաստան որոնել Հայաստանում: Նրանցից մեկը Աշոտ Դանիելյանն է: Նա անցյալ տարի ընտրվել է ԼՂ-ի վտարանդի խորհրդարանի նախագահ, դառնալով տեղահանված ղարաբաղցի հայերի ամենակարեւոր ներկայացուցիչներից մեկը: Բեռն այցի ժամանակ Դանիելյանը բացատրել է, որ ԼՂ-ից հարկադրաբար Հայաստան գաղթած արցախցիներն այժմ բազմաթիվ մարտահրավերների են բախվում՝ դժվարանում են աշխատանք կամ մատչելի բնակարան գտնել: Իսկ Հայաստանի իշխանությունների բյուրոկրատիան հավելյալ ծանրացնում է ղարաբաղցի հայերի կյանքը. վերջիններս չէին կարող բռնագաղթի, փախուստի ժամանակ իրենց հետ վերցնել բոլոր փաստաթղթերը: Այս շաբաթ Աշոտ Դանիելյանը կարողացավ բանակցություններ վարել խորհրդարանի անդամների հետ Բեռնի Դաշնային խորհրդարանի շենքում: Նա իր երախտագիտությունը հայտնեց ԼՂ հայերի մտահոգությունների նկատմամբ լայնածավալ համակրանքի եւ աջակցության համար»: Այնուհետ հաղորդման հեղինակը հիշատակում է 24.4259 բանաձեւը, որով Շվեյցարիայի օրենսդիրը կոչ է անում գործադիրին կազմակերպել խաղաղության ֆորում: Շվեյցարիան պետք է պաշտպանի Ադրբեջանի եւ Ղարաբաղի հայերի միջեւ ուղիղ երկխոսությունը՝ տեղահանված հայերի վերադարձը հնարավոր դարձնելու նպատակով: «Իրականում խնդիրը դժվար է լուծել: Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտն ի պատասխան SRF-ի հարցման գրել է. «ՀՀ-ի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկումների ժամանակ 24.4259 բանաձեւն իրականացնելու հարցը մի քանի անգամ արծարծվել է: Երկու կողմն էլ հաստատել են, որ նման ֆորումը ցանկալի չէ: Հետեւաբար, այն անցկացնելու պայմանները  բավարար չեն»: Սույն պատասխանին  հակադարձում է Շվեյցարիայի ազգային խորհրդի կենտրոնամետ անդամ, Շվեյցարիա-Հայաստան  ընկերակցության համանախագահ Շտեֆան Մյուլլեր-Ալթերմատը՝ SRF -ին հայտնելով. «Եթե  թաքնվենք այն հայտարարության հետեւում, որ երկու երկրները չեն ուզում կամ չեն կարող, ապա ԼՂ- ից տեղահանված անձինք դրանից ոչինչ չեն շահի»:

«Չեզոքությունը եւ միջազգային իրավունքը՝ հակամարտության մեջ: ԱԳ դաշնային դեպարտամենտը մարդու իրավունքների տեսանկյունն ընդունում է: Շվեյցարիան հրապարակավ արտահայտվել է, որ ԼՂ- ից փախստականներն իրավունք ունենան վերադառնալու իրենց հայրենի տարածաշրջան: Միեւնույն ժամանակ  ընդգծել, որ միջազգային իրավունքի համաձայն ԼՂ պատկանում է Ադրբեջանին: Հետեւաբար ԼՂ խորհրդարանի խոսնակին Բեռնի ԱԳ դաշնային ներկայացուցչությունում չեն ընդունել:   Շվեյցարիայի արտաքին քաղաքականության համար նաեւ այլ դժվարություններ էլ կան: . Հայաստանն ու Ադրբեջանն այժմ խաղաղության իրենց բանակցություններում ապավինում են ԱՄՆ միջնորդությանը, այլ ոչ թե ԵԱՀԿ-ին, որը նախագահում է Շվեյցարիան: Նախատեսվող խաղաղության համաձայնագիրը խիստ վիճահարույց է Հայաստանում, քանի որ այն բացառում է ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի իրավունքը:  Միջազգային ճնշման բացակայության, Ադրբեջանի ռազմական գերազանցության պատճառով ղարաբաղցի հայերի պահանջները անտեսման վտանգն ունեն»:

Ձախից աջ՝ Էրիհ Ֆոնթոբելը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Աշոտ Դանիելյանը, Արմինե Ալեքսանյանը: Բեռն, ապրիլի 30

Բեռնի ապրիլի 30-ի նիստին մասնակցել են 12 օրենսդիրներ, ելույթ են ունեցել Էրիհ Ֆոնթոբելն ու Շտեֆան Մյուլլեր- Ալթերմատը, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, Արցախի մշակույթի նախկին նախարար, Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը, Արցախի ԱԳ նախկին փոխնախարար, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Արմինե Ալեքսանյանը: Ներկա են եղել նաեւ Արցախի ԱԺ-ի կողմից ստեղծված նույն հանձնախմբի անդամներ Մարիո Նալբանդյանը, Գառնիկ Քերքոնյանը: Քրիստոնեական համերաշխություն միջազգային (SCI) կազմակերպության 4 անդամներ՝ Ջոյել Վելդքամփի գլխավորությամբ, շվեյցարահայ համայնքից՝ Սարգիս Շահինյանը, Վիգեն Չըթրյանը, Աննա Հեսս Սարգսյանը, Անի Ղազարյանը, Մանուշակ Գառնուզյանը

«Ազգը» զրույցել է նիստի մասնակիցների հետ: Ի՞նչ ակնկալիք ունեին նիստից, արդարացա՞ն  սպասումները:

Արցախի նախկին փոխարտգործնախարար, այժմ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Արմինե Ալեքսանյանն այսպես պատասխանեց.

– 2025 թվականի մայիսի 26-ին Բեռնում պաշտոնապես ստեղծվել է «Շվեյցարական խաղաղության նախաձեռնություն հանուն ԼՂ-ի» հանձնախումբը: Հանձնախմբի նպատակն է աջակցել Շվեյցարիայի խորհրդարանի  հաստատած խաղաղության գործընթացին եւ բանակցային սեղանի շուրջ ձայնի իրավունք տալ ԼՂ-ից տեղահանված հայ բնակչությանը՝  հնարավոր դարձնելով նրանց հավաքական եւ արժանապատիվ վերադարձը: Մեկ տարի առաջ ստանձնած հանձնառությունը ոչ միայն հաստատվեց  ապրիլի 30-ի նիստի ժամանակ, այլեւ նշվեց  դրան ավելի  հստակ գործնական ընթացք տալու անհրաժեշտությունը: Կարեւոր է, որ Շվեյցարիայի օրենսդիրները վերահաստատեցին իրենց քաղաքական դիրքորոշումը՝ նպաստելու Արցախի հայ բնակչության իրավունքների պաշտպանությանը: Դեռեւս շատ անելիք ունենք նախատեսված խաղաղության  ֆորումը հնարավորինս  արագ կազմակերպելու ուղղությամբ: Այս առումով նիստը կարեւոր փուլ էր՝ վերահաստատելու հանձնառությունը եւ քննարկելու հետագա քայլերը: Բարձր ենք  գնահատում շվեյցարիացի խորհրդարանականների, իրավապաշտպան կազմակերպությունների պատրաստակամությունը շարունակելու ջանքեր գործադրել գործընթացը գործնական դաշտ փոխադրելու ուղղությամբ, հատկապես եթե հաշվի առնենք, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները հարցը ոչ միայն փակված են համարում, այլեւ արցախահայության իրավունքների համար պայքարը դիտարկում են որպես անվտանգային սպառնալիք: Եվ  իհարկե տեղին կլիներ, որ ավելի շատ երկրներ միանային եւ հետեւեին Շվեյցարիայի օրինակին եւ վերահաստատեին մարդու իրավունքներին եւ համամարդկային արժեքներին իրենց հավատարմությունը:

Միշտ կարեւոր է, որ գտնվեն մարդիկ, որ իրապես սրտացավ են դիմացինի տառապանքի հանդեպ եւ սկզբունքային դիրքորոշում ունեն մարդու իրավունքների խախտումների հարցում:  Հանձնախմբի համանախագահներ Ազգային խորհրդի պատգամավորներ Էրիհ Ֆոնթոբելն ու Շտեֆան Մյուլլեր-Ալթերմատը եզակի են իրենց՝ Արցախի հանդեպ հանձնառությամբ: Իհարկե այս նախաձեռնությունն ամրանում է Քրիստոնեական համերաշխություն իրավապաշտպան կազմակերպության ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ, որ ապացուցում է՝ միշտ պետք է պայքարել սեփական իրավունքների համար, եթե նույնիսկ շրջակա աշխարհը կույր է ձեւանում:   Երախտապարտ ենք հայ համայնքի մեր բոլոր այն բարեկամներին, որ մեզ հետ հավասար այս պայքարի մեջ են, ուժ եւ հավատ են ներշնչում արցախցիներին դիմակայելու այսօրվա դժվարություններին ՝ապագայում  հայրենիք  վերադառնալու սպասումով:

– Տիկի՛ն Ալեքսանյան, Շվեյցարիայի գործադիրը մեկ տարի անց չի կազմակերպել Ադրբեջանի եւ ԼՂ ներկայացուցիչների միջեւ խաղաղության ֆորումը, չի կատարել օրենսդիրի քվեարկությամբ օրենքի ուժ ստացած բանաձեւի պահանջը: Նիստում ուրվագծվե՞ց, թե դրան հասնելու ո՞ր ուղին է հնարավոր:

– Նիստի ընթացքում քննարկվեցին հնարավոր այն քայլերը, որ անհարժեշտ են գործընթացն առաջ մղելու համար: Տարբեր տեսակետներ հնչեցին՝ սկսած  գործադիրին հարցումներ եւ առաջարկներ ուղղելուց, մինչեւ միջազգային գործընկերների հետ համակարգված աշխատանք տանելու անհրաժեշտությունը: Բոլոր առաջարկների նպատակն էր ձեւավորել պայմաններ, որոնցում նման ֆորումի կազմակերպումը կդառնա իրատեսական: Կարեւոր է թերեւս այն, որ բոլոր ներկաներն էլ հստակ գիտակցում էին, որ արցախահայության իրավունքներն առայսօր շարունակում են խախտվել՝  թե՛ բնաջնջելով նրանց բնօրրանն  ու բազմադարյա հոգեւոր եւ մշակութային ժառանգությունը եւ թե՛Բաքվում ապօրինաբար, շինծու մեղադրանքներով  պահվող մեր հայրենակիցների հարցը:

– Հիմնարար խախտված իրավունքների մեջ ո՞րն է արցախցու առաջնային  պահանջը(ները):

– Առաջնայինը մարդու անվտանգության եւ արժանապատիվ կյանքի իրավունքն է, այսինքն արցախցին պետք է վերադառնա Արցախ՝ իր բոլոր իրավունքներով հանդերձ ՝ ներառյալ ինքնորոշման իրավունքը: Այն բաղկացած է մի քանի կարեւոր բաղադրիչներից՝ անվտանգ, արժանապատիվ եւ հավաքական վերադարձի ապահովում՝ միջազգային կայուն երաշխիքների ներքո, սեփականության իրավունքների պաշտպանություն եւ այլն:  Հասկանալի է, որ առանց անվտանգության երաշխիքների՝ մյուս իրավունքների վերականգնումը դժվար է պատկերացնել:

– Բացի վերոհիշյալից Շվեյցարիայում ուրիշ ի՞նչ հանդիպումներ եղան:

– Հանդիպեցինք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագիտական շրջանակների,  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումները կարեւոր էին՝ իրավիճակի բազմակողմանի ընկալում ձեւավորելու եւ հետագա քայլերն ավելի համակարգված դարձնելու համար:  Այդ հանդիպումների ընթացքում խոսվեց  Բաքվում ապօրինաբար պահվող մեր գերիներին անհապաղ ազատ արձակելու, հոգեւոր եւ մշակութային ժառանգության պաշտպանության, արցախահայության ներկայիս խնդիրների մասին:

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

«Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ հայերի հետ մասնակցել խաղաղության ֆորումին» հարցն ուղղեցինք շվեյցարացի պատգամավորներին: «Շվեյցարական խաղաղության նախաձեռնություն հանուն ԼՂ-ի» հանձնախմբի  համանախագահ Էրիհ Ֆոնթոբելն ի պատասխան մեր հարցի, ասաց. «Ադրբեջանն ինքնակամ սեղանի շուրջ բանակցելու չի նստի: Միջազգային ճնշում է հարկավոր: Այդ է պատճառը, որ ակտիվ ենք՝ միջազգային հանրությանը հիշեցնելու 2023-ին իր ձեւակերպածը, թե այստեղ խնդիր կա, որ լուծման է կարոտ»: «Ո՞րը պետք է լինի Ձեր հաջորդ քայլը: Ինչպե՞ս հասնել նրան, որ հաջորդ նիստին ֆորումի, ԼՂ-ի հայերի իրավունքների թեմայի հանդեպ հետաքրքրությունն աճի» հարցրինք պարոն Ֆոնթոբելին: «Լավ եւ արդարացի հարց է: Ամեն անգամ մտածում ենք, թե քաղաքական արդի հնարավորություններն մեզ ինչ են ընձեռում: Մեր մեծ նպատակն է, որ սույն հարցն աշխարհում ամեն տեղ միջազգային հանրության ուշադրության առանցքում լինի, հիշեցնենք, թե 2023-ի հոկտեմբերին ինչ էր ասում: Դրանից օրեր անց Գազայի իրադարձությունները եղան, եւ ԼՂ-ի հանդեպ մեդիայի ուշադրությունը կորսնվեց, մինչ օրս: Լռելու իրավունք չունենք, փոխարենը պետք է անընդհատ եւ ամենուր թեմայի մասին բարձրաձայնել՝ հույս տածելով, որ երբեւիցե Արցախի խնդրի հանդեպ եղած բոցը կտարածվի: Կարեւոր է, որ ոչ միայն մենք Շվեյցարիայում ակտիվ լինենք, այլեւ դուք՝ Հայաստանում՝ համարձակ գործելով: Լավ կլիներ, որ բոլոր կողմերը, կուսակցությունները միասնական մի գործի լծվեին»:

Շվեյցարացի պատգամավոր «Շվեյցարական խաղաղության նախաձեռնություն հանուն ԼՂ-ի» հանձնախմբի  համանախագահ Շտեֆան Մյուլլեր- Ալթերմատը պատասխանելով մեր՝ վերոնշյալ հարցին, ասաց. «Պարզ է, որ Ադրբեջանն ինքնակամ խաղաղության ֆորումի չի մասնակցի եւ Ղարաբաղի հայերին չի ընդունի՝ իբրեւ բանակցությունների խոսակից: Դրա համար անհրաժեշտ է միջազգային զգալի ճնշում: Եվրոպական կողմից հազիվ թե տնտեսական կապերը թուլացնելու ցանկություն լինի, պատժամիջոցները դժվար թե ճնշման միջոց լինեն: Բարեբախտաբար Ադրբեջանի ռեժիմը արդեն բացասականին՝ քննադատությանը դյուրագրգիռ է արձագանքում: Պետք է հետագա հավելյալ ճնշում կիրառել՝ եվրոպական խորհրդարանի վերջին բանաձեւի ոճով: Ադրբեջանին պիտի հասկացնել տալ կատարածը, ոճրագործների վրա ավելի վատ որեւէ բան չի ազդում: Խաղաղության ֆորումը Բաքվի համար հնարավորություն պետք է լինի խաղաղություն հաստատելու իր հանձնառությունը ցույց տալու համար»: Շվեյցարիա- Հայաստան ընկերակցության պատվո նախագահ, Շվեյցարիայում հայկական եւ հայամետ ընկերակցությունների խորհրդի նախագահ Սարգիս Շահինյանը, որ Գառնիկ Քերքոնյանի, Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության հետ մարտի 18-ին Ժնեւում հրավիրված ասուլիսում քննադատելով Շվեյցարիայի գործադիրի՝ մեկ տարի անց ֆորում չգումարելու իրողությունը, ապրիլի 30-ի նիստը գնահատում է որպես շվեյցարական օրենսդիրի ամուր հանձնառության փաստ: «Ազգում» գրել ենք՝ այդ ասուլիսում Շահինյանը եւ Քերքոնյանը հաղորդեցին, որ ԼՂ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը բողոք է ներկայացրել SOCAR Trading SA-ի դեմ Շվեյցարիայում՝ ԼՂ հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում առկա դերակատարության համար: Դատարանն ընդունել է հայցը: Սարգիս Շահինյանը մեզ հետ զրույցում ընդգծում է, որ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի ելույթը՝ իրենց իրավունքների ոտնահարումը դիտարկել մարդու իրավունքների տեսանկյունից, հետապնդել ինքնորոշման իրավունքը, ընկալելի է եղել: Նաեւ ինքն է ելույթում ինքնորոշման մասին խոսել, նկատել տվել Կոսովոյի եւ Արեւելյան Թիմորի՝ Շվեյցարիայի ճանաչումը: Շահինյանն առաջարկել է նորացված բանաձեւով դիմել ԱԳՆ-ին, Շվեյցարիայի ԵԱՀԿ նախագահությունը հաշվի առնելով հիշեցնել Մոսկվայի մեխանիզմի մասին, որը ժամանակին ներկայացրել էր Ֆիլիպ Գալֆայանը: Նիստից ստացած տպավորությունների մասին խոսելով Շահինյանը կարծիք է հայտնում է, թե «պատգամավորները կարծես թե հակված էին ավելի շատ տեղեկություններ հավաքելու, քան դիրքորոշումներ ներկայացնելու»: Թե ինչ պիտի լինի  հաջորդ քայլը, առաջիկայում ի՞նչ աշխատանք են նախատեսում, դեռ ուրվագծման կարիք ունի:

Շվեյցարահայ համայնքի անդամ, տարբեր հակամարտություններում, միջնորդական առաքելություններում իր գիտելիքը ներդրած փորձագետ Աննա Հեսս Սարգսյանին հարցրինք նիստից իր տպավորության, արդյունքի մասին: «Արդյունքը պիտի չափել սահմանված նպատակին համապատասխան: Նպատակը Շվեյցարական խաղաղության նախաձեռնության շրջանակներում արցախցիների այսօրվա խնդիրների մասին բարձրաձայնումն էր՝ ակնկալիքով, որ հետագա քայլեր կլինեն: Արդյունավետ է այն առումով, որ հարթակը կա, եւ արցախցիները կարողանում են իրենց հոգսերի մասին խոսել: Եթե դիտարկենք այն տեսանկյունից, որ վերադարձ լինելու է՝ վաղը, ապա արդյունավետ չի կարելի համարել: Բայց մեր նպատակն այն է, որ հնարավորինս կարեւոր ֆորմատներով Արցախի, արցախցիների ձայնը, մտահոգություններն ու խնդիրները լսելի դարձնենք: Դա հաջողվեց»: «Հայությունը, շվեյցարահայությունն ինչպե՞ս պիտի օգնի, որ Արցախին ուղղված Շվեյցարիայի օրենսդրի, հանրության մարդասիրական հայացքը շարունակական լինի» մեր հարցին ի պատասխան Աննա Հեսս Սարգսյանը նախ ուշադրություն սեւեռեց շվեյցարական ժողովրդավարական՝ առանձին անկախ գործող համակարգի վրա: «Եթե ԱԳՆ-ն շատ զգույշ է, հարգում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի՝ ֆորում հրավիրելը մերժելու, այն անպատեհ համարելու փաստը եւ դրանով հարցը փակում, օրենսդիրը շարունակում է իր գործը՝ առանց ճնշման ենթարկվելու: Եթե հաշվի առնենք, որ պառլամենտական Շվեյցարիայում ժողովրդի ընտրած պատգամավորներն օրակարգ են բերել ԼՂ հարցը, արդեն ներկայացուցչական է որոշակի չափով եւ շատ կարեւոր: Հավանական է, որ ֆորումը չլինի, բայց կարեւոր է  հետեւյալ ուղերձը՝ պառլամենտականները ոչ միայն հարթակ են տրամադրում արցախցիների ձայնը լսելի դարձնելու համար, այլ ցույց են տալիս նաեւ, որ պարտադիր չէ, որ պատերազմ ուզենաս Արցախի մասին խոսելով: Այն պարագայում, որ թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս արդեն չի խոսվում Արցախի մասին, Շվեյցարիայում խոսվում է: Շվեյցարիայի պառլամենտականները հազարումի հարց ունեն օրակարգում, մեր գործը պետք է լինի Արցախի հարցն օրակարգում պահելը, հնարավորինս հստակ քայլեր ձեռնարկել  կարեւոր երեք հարցերի լուծման ուղղությամբ՝ վերադարձ (որն այսօր իրականանալի չէ՝ քաղաքական, աշխարհաքաղաքական, ռազմական տեսանկյունից), գերիների ազատում եւ մշակութային ժառանգության պաշտպանություն: Շվեյցարահայությունն անընդհատ պիտի սնուցի պառլամենտի օրակարգը՝ վերոհիշյալ երեք հարցերի մասին արծարծմամբ, փոքր քայլերով: Մեծ հավակնություններով նպատակների իրականացումն իրական չէ: Օրինակ՝ Շվեյցարիայում ի՞նչ մեխանիզմներ կան, որ կկասեցնեն նյութական եւ ոչ նյութական ժառանգության ոչնչացումը: ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Շվեյցարիան չնայած  օրակարգում չունի Արցախի, ՀՀ- Ադրբեջան թեմաները, սակայն ոչ ֆորմալ՝ գերիների հարցով կարելի է համատեղ աշխատել: Փոքր քայլեր հնարավոր է անել: Հայություն ասվածը շատ լայն է, ենթատեքստները՝ տարբեր են, եթե Հայաստանի կառավարության, ղեկավարության օրակարգում այս հարցերը լինեին, բնականաբար շվեյցարահայության գործն ավելի հեշտ կլիներ: Հիմա փաստորեն շվեյցարահայությունն աշխատում է վակուումի մեջ, մեզ միակ աջակցող ուժն այս պահին Շվեյցարիայի պառլամենտականներն են, Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը»:

Շվեյցարահայ համայնքի անդամ քաղաքագետ Վիգեն Չըթրյանի կարծիքով « ամենակարեւորն այդ աշխատանքի մեջ Արցախի հայության իրավունքներու հարցը ողջ պահելն է, շարունակել արծարծելը: Թե՛ Շվեյցարիայի խորհրդարանի այդ խումբը, թե՛ Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը շատ մեծ,  հսկայական կարեւորության աշխատանք կտանին: Այն հիմնված է իրավունքի եւ արդարության գաղափարի վրա, որ այսօր աջակցության խիստ կարիք ունին: Կանկնկալեի, որ ազգային ժողովի ավելի մեծաթիվ պատգամավորներ եւ լրագրողներ ներկա ըլլային այդ հանդիպման: Հուսով եմ հաջորդ քայլերուն կիրականանա»:

«Մեր անակնկալիքն իրականացաւ, Արցախի ներկայացուցիչներու պատուիրակութիւնն ընդառաջելով Զուիցերիոյ խորհրդարանի հրաւէրին, ցոյց տուաւ, որ Արցախի հարցը փակուած չէ: Եւ իբրեւ Զուիցերիոյ խորհրդարանի որոշումին արձագանք՝ պատրաստ է զայն լիակատար իրագործել», նիստի վերաբերյալ կարծիք հայտնեց Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Մարիո Նալբանդյանը: «Այլ երկիրներու խորհրդարաններ կրնան Զուիցերիոյ որոշումին զօրակցութեան որոշումներ ընդունիլ. անգամ մը եւս արձանագրել, որ Արցախի հարցը չի կրնար լուծուած համարուիլ մարդկութեան դէմ յանցագործութեամբ, Ադրբեջանին ճնշել, որ ֆորումին մասնակցի»: «Ո՞րն է առաջիկա ամենահրատապ քայլը Արցախի իրավունքների վերականգնման նպատակին հասնելու համար» մեր հարցին ի պատասխան Նալբանդյանը նախ արցախցիների կազմակերպումը եւ համախմբումն է կարեւորում: Ապա՝ «միջազգային հանրութեան եւ քաղաքական շրջանակներուն իրազէկ պահել իրենց ոտնահարուած իրաւունքներուն մասին՝ իբրեւ ցեղասպանութեան ենթարկուած ժողովուրդ եւ միջազգային օրէնքի համաձայն՝ իր վերադարձի իրաւունքը իրականացնելու անզիջող վճռակամութիւն ունեցող: Ցեղասպանութիւնը միայն զանգուածային սպանդ եւ մահ չի ենթադրեր. յանցագործութիւն է նաեւ ցեղասպանութիւն կատարելու փորձը: Իսկ արցախցիներու վերադարձի իրաւունքն ամրագրուած է թէ՛ Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումով եւ թէ՛ շուրջ հինգ տասնեակ պետութիւններու եւ միջազգային կազմակերպութիւններու հրապարակային դիրքորոշումներով»:

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Գառնիկ Քերքոնյանը «իրատեսական է» գնահատում նիստից ակնկալիքը: «Առաջնային նպատակը՝ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը մնա միջազգային օրակարգում: Փորձեցինք քննարկել եւ գտնել գործնական այնպիսի մեխանիզմներ, որ նույնիսկ առկա քաղաքական իրողությունների եւ օբյեկտիվ դժվարությունների պայմաններում կարող են խաղաղության նախաձեռնությունը տեղափոխել գործնական հարթություն: Մեզ համար կարևոր էր ոչ միայն քաղաքական հայտարարությունների մակարդակը, այլ նաեւ կոնկրետ քայլերի ձեւավորումը՝ միջազգային ներգրավվածության, երկխոսության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Որպեսզի խաղաղության ձեւաչափը կայանա, անհրաժեշտ է սկսել թեկուզ փոքր, բայց գործնական քայլերից, քանի որ հաճախ շատ դժվար է ապահովել հակամարտության բոլոր կողմերի քաղաքական կամքը միաժամանակ: Այդ պատճառով կարեւոր է, որ նման հարթակները շարունակեն գործել: Նույնիսկ, եթե սկզբնական փուլում դրանք կենտրոնանան ավելի փոքր եւ հումանիտար բնույթի հարցերի վրա: Այդպիսի համագործակցությունը կարող է աստիճանաբար ձեւավորել վստահության նվազագույն մթնոլորտ, ճանապարհ բացել ավելի լայն քննարկումների համար: Շատ կարեւոր է, որ այս նախաձեռնությանն աջակցություն հայտնեն հնարավորինս շատ միջազգային կառույցներ, խորհրդարանական շրջանակներ, իրավապաշտպան կազմակերպություններ»:

Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը Բեռնի նիստից հետո Բաքվում հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու, արցախցիների հիմնարար իրավունքների ճանաչման, հուշարձանների պաշտպանության պահանջով նամակ էր հանձնել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենին, որ մայիսի 4-ին Երեւանում մասնակցում էր Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ համաժողովին: Ի պատասխան մեր այն հարցի, թե Ադրբեջանը ո՞ր պայմանով, ինչի՞ դիմաց կհամաձայնի մասնակցել ֆորումին, բանակցել արցախցիների հետ, ՔՀՄ կազմակերպության հանրային պաշտպանության ղեկավար Ջոյել Վելդքամփն ասաց. «Ադրբեջանի քաղաքականությունն Արցախի հայերի հանդեպ ցեղասպանական էր եւ է: Բոլոր գործողությունները ցուցիչն էին այնտեղ հայ բնակչության կազմաքանդման: Մենք չենք ակնկալում, որ Ադրբեջանն ինքնակամ համաձայն կլինի Արցախի հայերի ներկայացուցիչների հետ մասնակցելու խաղաղության ֆորումին: Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը՝ մասնավորապես ԱՄՆ, ԵՄ-ն եւ ՌԴ-ն ճնշեն Ադրբեջանին, որ հրաժարվի ցեղասպան քաղաքականությունից, կատարի Միջազգային դատարանի որոշումը՝ ապահովի արցախահայերի անվտանգ, անարգել, արագ վերադարձը: Այդ իրավիճակում Շվեյցարիայի կողմից կազմակերպվող խաղաղության ֆորումը՝ միջազգային աջակցությամբ և վերահսկողությամբ, կլինի կենսունակ միջոց Ադրբեջանի եւ արցախահայերի միջեւ՝ մանրամասների մասին բանակցելու համար: Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը դրան չի նպաստում: Սակայն այն կարող է արագ փոխվել: Գրեթե 5 տարի է, ինչ ԱՄՆ-ն, ՌԴ-ն եւ ԵՄ-ն ձգտում են հզորացնել Ադրբեջանին, որ թեեւ կատարելագործվել է հասարակայնության հետ կապերի հարցում, բայց  մնում է պարանոիդ, ցեղասպան, ընտանեկան բռնապետություն: Ադրբեջանը չի լինի երկարաժամկետ հուսալի գործընկեր ԱՄՆ-ի, ՌԴ-ի կամ ԵՄ-ի համար, կգա այն օրը, երբ այս տերությունները կունենան ընդհանուր շահագրգռություն՝ Ադրբեջանին վերահսկելու հարցում: Երբ դա լինի, անհրաժեշտ կլինի, որ վերադարձի իրավունքը Հարավային Կովկասի միջազգային օրակարգում լինի: Հավատում ենք, որ Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությունը միջոց է՝ ԼՂ հարցն օրակարգում պահելու համար»:

ԵՄ քաղաքական վերնախավը Երեւանում էր, կրկնում էր եվրոպական արժեքներին հավատարմության, դրան խարսխված քաղաքականության մասին: Կարծես մոռացվում է, որ այդ արժեքները քրիստոնեական են: Բարձրաձայն չխոսվեց Արցախի, այնտեղից բռնագաղթի ենթարկված հայերի իրավունքների, Բաքվում պահվող գերիների ազատարձակման, քրիստոնեական մեր ժառանգության ոչնչացման կասեցման մասին: Այս պայմաններում ինչպե՞ս պիտի արցախցին լսելի դարձնի իր իրավունքի մասին պահանջը: Մեր այս երկրորդ հարցին Ջոյել Վելդքամփի պատասխանը շատ հանգամանալից է. «Արցախահայերի համար չափազանց դժվար է իրենց ձայնը լսելի դարձնելը ոչ թե այն պատճառով, որ նրանք վատ են կատարում այդ աշխատանքը, այլ՝  նրանց հարցը չի արժանանում մեծ տերությունների հավանությանը: Քրիստոնեական արժեքներն ու մարդու իրավունքների արժեքը նվազ նշանակություն ունեն ամերիկյան և եվրոպական արտաքին քաղաքականության մեջ: Այնուամենայնիվ, շատ տպավորված էի մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ կազմակերպված ցույցերով, բազմաթիվ այլ գործունեությամբ, որ Արցախի համայնքի առաջնորդներն ու նրանց համախոհները ձեռնարկեցին դրան նախորդող շաբաթներին: Արցախահայերը չպետք է հուսահատվեն, երբ նման ցույցերը արագ արդյունք չեն երեւակում: Նրանք պետք է շարունակեն իրենց ձայնը լսելի դարձնել եւ ռազմավարական պահն օգտագործեն՝ աշխարհին հիշեցնելու իրենց արդարացի պահանջների մասին: Նրանք պետք է կառուցեն համայնքային նոր ինստիտուտներ, պահպանելով արդեն  ունեցածները, հատկապես՝ իրենց սահմանադրական կառավարումը: Նրանք պետք է շարունակեն արդարադատության համար դիմել միջազգային ատյաններին, օրինակ՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգի մեջ գործողներին: Ամենակարևորը՝ նրանք պետք է պատրաստվեն երկարատև պայքարի: Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հանձնառու է երկարաժամկետ աջակցել այս գործին, մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ նրանք միայնակ չեն պայքարում»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Հոդվածաշարը լույս է տեսել մայիսի 8-ին եւ 15-ին ԱԶԳ շաբաթաթերթում։ Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը – Ազգ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում