«Որքան դու լռում ես, քո լռությունը դառնում է հանցագործություն» ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իր նկարահանած ֆիլմի մասին

  • 14.05.2026
  • 0
  • 28 Views

«Որքան դու լռում ես, քո լռությունը դառնում է հանցագործություն» ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը «ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍ» (2019) իր նկարահանած ֆիլմի մասին

2026 թվականի մայիսի 9-ին՝ Արցախի Շուշի քաղաքի ազատագրման օրը, ՀԵՄԱ հ/կ-ը 2026թ.-ի Բեռլինի գերմանա-հայկական մշակութային օրերի շրջանակում Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տանը կազմակերպել էր գեղարվեստական կինոնկարի ցուցադրման երեկո, որի ընթացքում ներկայացվեց Արցախից սերող հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Gate to Heaven» («Դրախտի դարպաս») ֆիլմը։

Երեկոն բացեց «Հայ և Եվրոպացի մասնագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպության վարչության առաջին նախագահ պարոն Միքայել Մինասյանը, ով ողջունեց հյուրերին և կարճ ներկայացրեց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին։ Այնուհետև նա խոսքը փոխանցեց երեկոյի պատվավոր հյուրին և հովանավորին՝ Բեռլին-Լիխտենբերգ շրջանի քաղաքապետ Մարտին Շեֆերին։ Իր ողջույնի խոսքում վերջինս նախ փոխանցեց երեկոյի մյուս հովանավոր պրոֆ. դոկտ. Մարտին Պետցոլդի ողջույնները։ Այնուհետև նա դիմեց ներկաներին՝ մաղթելով, որ այս դժվարին ժամանակներում մարդիկ չկորցնեն հույսը, հավատն ու սերը և կարողանան ճանաչել այն բարին՝ փոխադարձ համերաշխությունը, որն արդեն գոյություն ունի մեր հասարակության մեջ։

Այնուհետև ցուցադրվեց ֆիլմը։

«GATE TO HEAVEN» («Դրախտի դարպաս») միջազգային Արցախյան պատերազմների ժամանակ ծավալվող մի դրամա է՝ Ռիչարդ Զամելի, Տատյանա Սպիվակովայի, Սոս Ջանիբեկյանի, Լեո Պոբեդոնոսցևասի և Նաիրա Զաքարյանի մասնակցությամբ։ Ֆիլմի ռեժիսորն է Ջիվան Ավետիսյանը։

Ռեժիսորի մասին

Ջիվան Ավետիսյանը հայ կինոռեժիսոր է և ընտրվել է 2020 թվականի Berlinale Talents ծրագրի համար՝ 3.400 թեկնածուների միջից: Նրան միաժամանակ թեմա է դարձել նաև Deutsche Welle-ի համար պատրաստված փաստագրական ֆիլմում:

Ծնվել է Գյումրիում, մեծացել Արցախում և այժմ ապրում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում: 2014 թվականին Jivan-ը համահիմնել է «Fisheye Art Cultural Foundation»-ը և ներկայում այդ հիմնադրամի գործադիր տնօրենն է: 2021 թվականին նա հիմնել է LifeTree Pictures LLC արտադրական ընկերությունը:

Երեխա հասակում Jivan-ը մեծացել է Կովկասի ամենաաղմկալի հակամարտություններից մեկի շրջանում և լավ ճանաչում է պատերազմի դաժան հետևանքները: Թեև իր մանկությունը զուրկ էր խաղային ծանոթություններից, նա կրում էր ընտանիքի և ընկերների պաշտպանության պատասխանատվությունը: Jivan-ը չի հրաժարվել իր երազանքից և ֆիլմարտադրության նկատմամբ իր կիրքից: Նրա կյանքի երազանքը՝ պատմություններ պատմել, գրանցել պատմությունը և աշխարհին ներկայացնել Արցախը, իրականացվեց ֆիլմարտադրության արվեստի միջոցով:

Ջիվան Ավետիսյանի մասնագիտական գործունեությունը

Ջիվանի մասնագիտական ուղին սկսվել է 1996 թվականին Ստեփանակերտի Վ. Պապազյանի անվան դրամատիկական թատրոնում և շարունակվել մինչև ղեկավար ռեժիսորի պաշտոնը Հայաստանի ամենաազդեցիկ հեռուստաալիքներից մեկում՝ Yerkir Media: Հետագայում նա հետևել է իր կիրքին և ստեղծել ավելի քան 20 փաստագրական և կարճամետրաժ ֆիլմեր, ինչպես նաև միջազգային մրցանակակիր խաղարկային ֆիլմեր:

Արցախում մեծացած Jivan-ը միշտ հետաքրքրված է եղել կինոյի աշխարհով: Նրա կինոծննդյան հրճվանքը սկսվել է դեռ փոքր հասակում՝ Ստեփանակերտի եզրային Խաչմաչ գյուղում: 2015 թվականին իր կյանքի երազանքը իրականացավ՝ նկարահանել «The Last Inhabitant» ֆիլմը Խաչմաչում, որը ցուցադրվել է HBO Eastern Europe-ում և այժմ Prime-ում է հասանելի: Ֆիլմում խաղացել է Houmayun Ershadi-ն, որը հայտնի է «Taste of Cherry» դեբյուտային դերակատարությամբ և «Drachenläufer» և «Zero Dark Thirty» հոլիվուդյան ֆիլմերով: Ֆիլմը 1997 թվականին շահել է Ոսկե Ծաղիկը Կաննի կինոփառատոնում:

Ֆիլմի սյուժեն

Գերմանացի լրագրող Ռոբերտ Շտեռնվալը (50) 2016 թվականին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու 22 տարվա զինադադարից հետո կրկին բռնկված պատերազմը։ Իր լրագրողական հետաքննությունների ընթացքում նա ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35) հետ։ Վերջինս անհետ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է, ում Ռոբերտը թողել էր գերության մեջ 1992 թվականին՝ Թալիշ գյուղի անկումից հետո։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները վերածվում են կրքոտ սիրավեպի, որը վերջիվերջո հանգեցնում է Ռոբերտի կողմից Էդգար Մարտիրոսյանի նկատմամբ գործված սարսափելի արարքի բացահայտմանը։ Դրանից հետո Ռոբերտը խոստովանում է իր կարիերամոլ վարքագիծը, Էդգարի մահվան մասին լռությունը և Էդգարի լուսանկարների շահագործումը՝ հայցելով ներողություն։

Այնուհետև հյուրերը օգտվեցին 15 րոպեանոց ընդմիջումից և վայելեցին հայկական գինիներ, թխվածքներ, կարկանդակներ և ըմպելիքներ, որոնք պատրաստել էին ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի հայկական դպրոցի սաների ծնողները։

Քննարկում ռեժիսորի հետ

Ընդմիջումից հետո հյուրերը հարցուպատասխանի ձևաչափով քննարկում ծավալեցին ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ՝ անդրադառնալով ֆիլմի տեսարաններին, հերոսների կերպարներին, ինչպես նաև Արցախի կորստի ընկալմանը ռեժիսորի տեսանկյունից, քանի որ նա ինքն էլ Արցախից է, և ֆիլմը նույնպես նկարահանվել է Արցախում։

«Իհարկե՜, ես մեծ կարոտ եմ զգում հիմա և ցանկություն ունեմ վերադառնալ իմ հայրենիք։ Սակայն որքան կարոտս սաստկանում է, այնքան գիտակցում եմ, որ ես դեռ շատ աշխատանք ունեմ անելու», վերոնշյալ հարցին պատասխանեց հյուր-ռեժիսորը։

Իսկ հյուրերից մեկի այն հարցին, թե արդյո՞ք թերթում զետեղված հոդվածի փաստացիությունը, որի հիմքի վրա կերտվել է ֆիլմի սյուժեն, իրական է, Ջիվան Ավետիսյանը պատասխանեց հեևյալը․

«Ես չեմ կասկածում եղելության ճշմարտացիության վրա, բայց եթե նույնիսկ դա լինի մի փոքրիկ հոդված, թեկուզ հորինված, որը որ մղել է ինձ ստեղծագործելու և կառուցելու այս պատմությունը և նույնիսկ էական չեն, թե ո՞վքեր են հերոսները, Սոֆիայի թե՞ ֆոտոգրաֆի կամ թե լրագրողի կերպարները, ուղղակի այստեղ կարևորվում են թալիշյան դեպքերը։ Այս երեք պատմությունները համատեղվում են թալիշյան դեպքերի շուրջ։ Նման օրինակներ շատ կան աշխարհում։ Ու սա առաջին ֆիլմը չէ, որ ուղղակի ազդեցություն է կրում մի հոդվածից, եղելությունից կամ որևէ դեպքից, ինչ-որ կրիմինալ պատմությունից, երբ դրանց վրա մի ամբողջ ֆիլմ է կառուցվում։ Եվ ինձ ինչը գրավեց, այ դա է հետաքրքիրը․ ոչ թե այն, որ նա (ֆիլմի հերոս լուսանկարող Ռոբերտ Շտեռնվալը) ինչ-որ մեկի ստեղծագործությունը յուրացրել է, մեր կյանքում ամեն ժամի ենք հանդիպում նման մի իրադարձության, այլ այն հանգամանքը, որ այնուամենայնիվ եթե նա չլռեր, ապա կարող էր որևէ մի անձի կյանք փրկել։ Եվ հիմա պատկերացնու՞մ եք, թե մոլորակի երեսին որքան մարդ է լռում Արցախի մասին և դրան հակառակ այդպիսով չեն էլ ջանում կյանքեր փրկել։ Եթե ֆոտոգրաֆը չլռեր, խոսեր, կարող էր մարդուն (ֆիլմի մեկ այլ լուսանկարիչ հերոս Էդգար Մարտիրոսյանին) փրկել գերության մեջ։ Հարցը յուրացնելը չէ, այլ որքան որ դու լուռ ես, քո լռությունը դառնում է հանցագործություն։ Եվ որքա՜ն մարդ է այսօր լռում Արցախի մասին։ Այս կոնցեպցիան էր, որ ինձ գրավեց և այն ես վերցրեցի և ֆիլմում ներդրեցի։ Հարցը յուրացումը չի, այլ հանցագործ լռությունն է»։

Նույն հյուրի անհանգստացած կրկնակի հարցադրումից հետո, թե արդյո՞ք ֆիլմի ռեժիսորը գիտակցում է, որ գերմանացի դերասանի դերը պրովոկացիոն է և կարող է գերմանացիների ինքնասիրությունը վիրավորել, արվեստագետ ռեժիսորը պատասխանում է․ «Ես պետք է ասեմ այս կարևոր միտքը․ ես ասացի, որ լռությունը հանցագործություն է, բայց չնայած դրա՝ ես սիրում եմ իմ հերոսին, ում մասին պատմում եմ, ես չեմ ուզում ասել աստվածային սիրով, որովհետև ես ինքս շատ ներքևում եմ, բայց ես նրան այնքան եմ սիրում, որ նման հանցագործությունից հետո ես փորձում եմ նրան հետ տանել, որ նա փորձի գիտակցել և շտկի իր կատարած հանցանքը։ Ինչու՞ եմ նրան սիրում․ ո՞վ չի սխալվում, բայց քանիսն է իր մեջ գտնում հետ վերադառնալու ուժը։ Նա չնայած հետ է վերադառնում, բայց այլևս շատ ուշացած։ Ժամանկն արդեն իրենն արել է։ Շատ քչերն ունեն ներքին ուժ հետ վերադառնալու իրենց սխալներին և դրանք ուղղելու։ Բայց իմ հերոսը որքան էլ որ մեղավոր է, նա կրկին դրական կերպարներից հետ»։

Ապա Ջիվան Ավետիսյանը պատմեց իր 3 նախորդ ֆիլմերի և «Հրեշտակներ 2020» գեղարվեստական ֆիլմի նկարահանման մոտակա ծրագրի մասին և նրա ստեղծման հետ կախված դժվարությունների մասին՝ հատկապես ֆինանսական սղության և հովանավորներին ներգրավելու հետ կապված։

«Իրապես մենք փորձում ենք մեր գաղափարները համաշխարհային կինոյի շուկայում իրացնել։ Գտնելով կոպրոդյուսերներ տարբեր երկրներում՝ փորձում ենք միասին զարգացնել և ստեղծել ֆիլմեր։ Այո՜, նրանք մասնակցում են թե ֆինանսապես և թե՜ ստեղծագործական իմաստով։ Մասնավորապես կարող եմ ասել, որ «Դրախտի դարպաս» ֆիլմն ունի գերմանացի համատեղ պրոդյուսեր, որը Մարկո Գիլսն է։ Երանի՜ նա այսօր այստեղ լիներ։ Եվ գաղտնիք չէ ասել, որ Gate to Heaven ֆիլմի բյուջեյի հայկական մասնաբաժինը կազմել է 43%։ Իհարկե՜, այն բոլորից բարձր մասնաբաժինն է, քանի որ հայկական կողմն ամենահետաքրքրվածն է այս ֆիլմում, բայց Հայաստանի պետության մասնաբաժինն այս ֆիլմում չի գերազանցում 5-6%», ներկայացրեց Ջիվան Ավետիսյանը գերմանացի հյուրի տրված հարցին։

Հանդիսատեսի հաջորդ հարցը վերաբերվում էր ֆիլմի նկարահանման գործընթացի ժամանակ ինտերնացիոնալ կազմի անդամների միջև տարբեր լեզուներով հաղորդակցման խնդիրներին։ Այս առումով հնչեց ֆիլմի ռեժիսոր հետևյալ պատասխանը․ «Ես Ձեզ հրավիրելու եմ հաջորդ ֆիլմի նկարահանմանը, որ անձամբ ականատես լինեք այս պրոցեսին։ Դա հնարավոր չէ ուղղակի այսպես պատմել։ Ես դերասանների հետ աշխատում եմ երկար։ Ընդհանրապես ես աշխատում եմ ստեղծագործական իմ թիմի հետ սերտ, բայց մասնավորապես դերասանների հետ ամենաշատը։ Չնայած մենք առաջին անգամ ենք աշխատել գերմանացի դերասանների հետ, բայց սա չի լինելու վերջինը։ Մենք ունենք մեկ այլ գերմանացի դերասան առաջիկա նախատեսված ֆիլմի համար, ում անունը Հայնո Ֆերչ։ Մեր շփման լեզուն անգլերենն է, բայց իմ անգլերենն այնքան էլ հրաշալի չէ։ Բայց պետք է տեսնել, թե այդ շփումը՝ դերասան-ռեժիսոր, ինչ գեղեցիկ է ստացվում։ Իհարկե կա թարգմանիչ, կա գերմաներենի տեքստի սուպերվայզեր, ով հետևում է սկրիպտին կամ ռուսերենի կամ անգլերենի կամ անձ, որը տիրապետում է մի շարք լեզուների, իհարկե այդ տեխնիկական մասով սուպերվայզեր կա, բայց այդ աշխատանքը և համագործակցությունը հատկապես ստացվում է, որովհետև մենք սիրում ենք այդ պատմությունն ու աշխատանքը։ Մինչև օրս ունեցել ենք դերասաններ Հունաստանից, Պարսկաստանից, Լիտվայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից։ Մենք փորձում ենք գտնել և հավաքագրել երևելի մարդկանց, ովքեր կարող են թե նյութապես ֆիլմերին աջակցել և թե կարող են իրենց տաղանդով ստեղծագործել այս ֆիլմերում»։  Ռեժիսորը հավելեց նաև, որ ապագա ծրագրված ֆիլմերը, որոնք դեռ գտնվում են զարգացման և կոնցեպտավորման փուլում, ոչ միայն Արցախին են վերաբերվում, այլ նաև հայությանը հուզող այլ թեմաներին, օրինակ՝ նրանցից մեկը թեմատիզացնելու է Ճապոնիայում Հայաստանի առաջին Հանրապետության դեսպանուհու կյանքն ու կենսագրությունը, իսկ մեկ այլ անիմացիոն ֆիլմ ներկայացնելու է Հայքի և Բելի պատմությունը, որտեղ Ջիվան Ավետիսյանը ներգրավված է որպես սցենարի հեղինակ, այլ ոչ թե ռեժիսոր։ Վերջինս ազգությամբ ֆրանսիացի է։ Վերջում հնչեց նաև հարց մեկ այլ երիտասարդ հանիսատեսի կողմից, թե արդյո՞ք ֆիլմի հերոսուհի Սոֆիայի նկատմամբ տածած սիրո զգացումը չստիպես Ռոբերտին, որ վերջինս խոստովանի իր կատարած անիրավ արարքը, ռեժիսորը հաստատեց այս վարկածը, սակայն թողեց ազատ տարածք սեփական մեկնություններով ֆիլմն ընկալելու։

Երեկոն անցավ բավականին հուզիչ, բայց և տպավորիչ մթնոլորտում։

Միջոցառումը, ի թիվս այլոց, ֆինանսապես աջակցվել է Բեռլին-Լիխտենբերգի շրջանի պետական ծառայության Մշակույթի և շարունակական կրթության վարչության կողմից և աջակցություն է ստացել Կարլսհորստի մշակույթի տան կողմից։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում