Ապրիլի 24-ին Նիդերլանդների թագավորական «Ridder in de Orde van Oranje-Nassau» ասպետի շքանշանի են արժանացել հայության նվիրյալ երկու գործիչ՝ Ինգա Դրոստը եւ Նիկոլայ Ռոմաշուկ Հայրապետյանը։
2026 թվականի ապրիլի 24-ը հոլանդահայ համայնքում նշանավորվեց երկու նվիրյալ անդամների պատվավոր գնահատանքով։ Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի «Ridder in de Orde van Oranje-Nassau»` Թագավորական ասպետի շքանշանի արժանացան Հաագայի «Աբովյան» միության և Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) քարտուղար Ինգա Դրոստը եւ Ասսենի «Արմենիա» հիմնադրամի նախագահ, Նիդերլանդների հյուսիսում Հայ Առաքելական եկեղեցական համայնքի հիմնադիր Նիկոլայ Ռոմաշուկ Հայրապետյանը։ Պարգեւատրման արարողությունները տեղի ունեցան Հաագայում եւ Ասսենում։ Այս շքանշանը տրվում է կամավորական աշխատանքի համար։ Ինչպես մեր հարցմանն ի պատասխան նշեց Ինգա Դրոստի ամուսինը, հայտնի հոլանդահայ հասարակական գործիչ Մաթո Հախվերդյանը, ժամանակին եւս մեկ հայ Ալմելո քաղաքից ստացել է այդ շքանշանից։

Մեզ հետ զրույցում տիկին Ինգա Դրոստն ասաց, որ այս շքանշանով պարգեւատրումը նշանակում է նիդերլանդահայ համայնքի գոյության ընդունումը եւ Հայոց ցեղասպանության ճանաչումն իրենց կողմից։
«Առաջին անգամ Նիդերլանդների խորհրդարանը ցեղասպանությունը ճանաչել է 2004 թվականին, որն արդյունքն էր 2000 թվականից տարված աշխատանքի։ Այդ ընթացքում ակտիվորեն քննարկվում էր Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցը եւ Հայոց ցեղասպանության խնդիրը նույնպես քննարկման դրվեց այդ օրերին։ Ճիշտ այն օրը, որ Բրյուսելում որոշում կայացրեցին Թուրքիայի հետ բանակցություններ սկսել անդամակցության շուրջ։ Այդ ժամանակ ԵՄ-ում նախագահում էր Նիդերլանդները եւ խորհրդարանում Քրիստոնեական միության պատգամավորներից մեկը օրակարգ բերեց եւ միջնորդություն ներկայացրեց։ Այդ ժամանակ միաձայն ընդունվեց ճանաչման մասին որոշումը։ Դրանից հետո գրեթե շարունակաբար խորհրդարանում քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը եւ պատճառ է դարձել , որ կառավարությունը չի ընդունում եւ ասում է Հայոց ցեղասպանության հարց։ Եթե կառավարությունը ժամանակին ընդուներ, միգուցե խորհրդարանում այդքան երկար չքննարկեին այդ հարցը։ Հիմա ամեն տարի ցեղասպանության հարցը բարձրացվում է, քանի դեռ կառավարությունը չի ընդունել»,- ասաց տիկին Դրոստը։
«Դրան զուգահեռ, տարբեր ժամանակներում ցույցեր են կազմակերպվել, եւ դրանց աստիճանաբար ներգրավել ենք խորհրդարանի տարբեր խմբակցությունների պատգամավորների, որոնք ելույթներ են ունեցել , դրանով իսկ ցույց տալով, որ մեծամասնությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Այնպես որ, այդ ցույցներն ու կառավարությանը ուղղված հանրագրերը մինչ օրս շարունակվում են»,- շարունակում է նա։
Հաագայի քաղաքապետ Յան Վան Զանեն շքանշանը տալիս խոսել է հայկական համայնքում կատարած աշխատանքների, Աբովյան միության եւ հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայում տարած աշխատանքների մասին։ Նշենք, որ տիկին Ինգան արդեն ավելի քան 40 տարի զբաղվում է հայության խնդիրներով, հատկապես ցեղասպանության ճանաչման հարցում իր ներդրումը մեծ է եղել , ապահովել է մշտական կապ հոլանդական քաղաքական դեմքերի հետ։
Ավելացնենք, որ 2022 թվականի մայիսին նա պարգեւատրվել է նաեւ Հայաստանի Հանրապետության «Մխիթար Գոշ» շքանշանով։

Նիկոլայ Ռոմաշուկ Հայրապետյանի Թագավորական շքանշանով պարգեւատրումը նույնպես տեղի է ունեցել 2026 թ ապրիլի 24-ին: Ասսեն քաղաքի քաղաքապետ Մարկո Աութը ՆԹՄ թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի կողմից շնորհած շքանշանը հանձնել է հանդիսավոր արարողության ժամանակ։ «Անշուշտ անչափ շոյված եմ և այսուհետ էլ ավելի վճռական եմ իմ ազգին և հասարակությանը ծառայելու հարցում»,- ասել է պարոն Նիկոլայ Ռոմաշուկ Հայրապետյանը շքանշանի հանձնումից հետո։
Նիկոլայ Ռոմաշուկ Հայրապետյանը ծնվել է Երուսաղեմում՝ հայ մոր և ռուս-ուկրաինացի հոր ընտանիքում։ Նրա տատը Հայոց ցեղասպանությունը վերապրածներից էր․ նա Ադանայից որպես փախստական հասել էր Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ վանք։ Հոլանդիայում նա հաստատվել է Ասսեն քաղաքում, եւ ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայության խնդիրներին, Հայոց ցեղասպանության ճանաչմանը, արժանացել է տարբեր պատվոգրերի ու շնորհակալագրերի։ 1990ականների սկզբներին նա ոչ միայն հրատարակել է «Բարև ձեզ» անունով թերթ, այլեւ վարել է «Երևանն է խոսում» խորագրով ռադիոհաղորդում։ 1999 թվականին Ռոմաշուկ Հայրապետյանը նախաձեռնել է Նիդերլանդներում Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին պաշտոնական հուշարձանի կառուցումը։ Այս նախաձեռնությունը առաջացրել է դիվանագիտական լարվածություն Նիդերլանդների և Թուրքիայի միջև, ինչպես նաեւ անձնական սպառնալիքներ են եղել Նիկոլայի նկատմամբ։ Սակայն նա մնացել է անդրդվելի և երբեք չի հրաժարվել իր նպատակից։ Ի վերջո, 2001 թվականի ապրիլի 24-ին հուշարձանը տեղադրվել է Ասսեն քաղաքում։ Աներկբա է, որ այս հուշարձանը զգալի դեր է ունեցել նաեւ Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա շուրջ եվրոպական քննարկումների խորացման գործում։ Նիկոլայ Ռոմաշուկ Հայրապետյանը հիմնադրել է նաեւ «Արմենիա» հիմնադրամը, որի նախագահն է մինչ օրս՝ իրականացնելով բազմաթիվ համայնքային մշակութային միջոցառումներ ողջ հյուսիսային տարածաշրջանի հայության համար։ Նրա ջանքերով է նաեւ, որ Ամստերդամում հայկական եկեղեցու դիմաց գտնվող կամուրջը պաշտոնապես անվանակոչվել է «Հայկական կամուրջ»։
Այս շքանշանով ոչ միայն գնահատվել է նրանց անցած ճանապարհը, այլեւ ընդգծվել է, որ պարգևատրված անձանց գործունեությունը ունեցել է երկարաժամկետ և ազդեցիկ արդյունք՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակներում։ Սա նաեւ կարեւոր ուղերձ է հասարակությանը, արժևորելու կամավորական աշխատանքը, քաղաքացիական ակտիվությունը և տարբեր մշակույթների միջև կամուրջներ ստեղծելու ջանքերը։
Շնորհավորում ենք շքանշանակակիրներին եւ մաղթում արգասաբեր գործունեություն՝ ի փառս հոլանդահայության եւ հայ մշակույթի։
Հ.Ա.
ՕՐԵՐ



