«Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, հարձակվել է տարածաշրջանի հայ բնակչության վրա, իսկ 2023 թվականին ավելի քան 100 000 հայ վտարվել է Արցախից». Նյու Յորքի քաղաքապետ

  • 03.05.2026
  • 0
  • 158 Views

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Քվամե Մամդանին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ խոսել է նման հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտության մասին, տեղեկանում ենք նրա X-ի էջից։

«Մենք չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի»,- գրել է Մամդանին: Նա հիշեցրել է, որ Օսմանյան կայսրությունում սպանվել է 1,5 միլիոն հայ և նշել, որ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը պետք է աշխարհին հիշեցնել ատելության, անպատժելիության և անտարբերության հետևանքների մասին: Նյու Յորքի քաղաքապետը նաև անդրադարձել է Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Նա հիշեցրել է, որ 2020 թվականին Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, հարձակվել է տարածաշրջանի հայ բնակչության վրա, իսկ 2023 թվականին ավելի քան 100 000 հայ վտարվել է Արցախից՝ ցեղասպանական արշավի շարունակության ֆոնին:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն խստորեն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի արտահայտությունները՝ դրանք անվանելով «կեղծ և սադրիչ»: Նա ընդգծել է, որ հանրային դեմքերը պետք է խուսափեն «ապատեղեկատվությունից և չխրախուսեն պառակտումը»: Ապրիլի 24-ին լրացել է Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով է հիշել 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 111 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։ Ստամբուլի իշխանությունները ինչպես հաճախ, այս տարի ևս մերժել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման անցկացման թույլտվությունը: Armenia today

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում