Հյուսիսային Մակեդոնիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովային

  • 02.05.2026
  • 0
  • 81 Views

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը (նստավայրը` Սոֆիա) իր հավատարմագրերն է հանձնել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության Նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովային։

Նախագահական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում դեսպան Համբարձումյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման ուղղությամբ առավելագույն ջանքեր գործադրելու պատրաստակամությունը։

Նախագահ Սիլյանովսկա-Դավկովան շնորհավորել է դեսպան Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն իր գործունեության մեջ և հավաստել Հս. Մակեդոնիայի կառավարության պատրաստակամությունը համակողմանի աջակցություն ցուցաբերել դեսպանին իր առաքելության ողջ ընթացքում։

Նախագահը գոհունակություն է հայտնել, որ դեսպանի հավատարմագրումից անմիջապես հետո մեկնելու է Երևան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով՝ նշելով, որ այն Հյուսիսային Մակեդոնիայի Նախագահի առաջին այցն է Հայաստան, ինչը երկկողմ հարաբերություններում նշանավորում է նոր դարաշրջանի սկիզբ։

Դեսպան Համբարձումյանը հայ-մակեդոնական հարաբերությունները գնահատել է որպես բնականոն զարգացող՝ հիմնված փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների և երկխոսության, կայունության և միջազգային համագործակցության ընդհանուր հանձնառությունների վրա։

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստել քաղաքական երկխոսության առաջմղմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության խորացմանը։

Երկուստեք ընդգծվել է այն ներուժը, որ առկա է նորարարության, արհեստական բանականության, գիտության, առևտրի, կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում ակտիվ համագործակցության համար։

Քննարկվել է նաև երկու երկրների միջև համապատասխան իրավական շրջանակի ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաև տնտեսական հարբերությունների առաջմղման կարևորությունը գործարար համաժողովների, առևտրային պալատների հանդիպումների և այլ համատեղ նախագծերի իրականացման միջոցով։

Կողմերն ընդգծել են նաև բազմակողմ համագործակցության կարևորությունը արդի աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու և երկու երկրների համար խաղաղ ու բարգավաճ ապագա ապահովելու տեսանկյունից։

Նախօրեին, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը (նստավայրը` Սոֆիա) իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի և առևտրի փոխնախարար Զորան Դիմիտրովսկիին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դեսպանության կայքէջից։

Հաջողություն մաղթելով իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելիս՝ փոխնախարար Դիմիտրովսկին վստահություն է հայտնել, որ դեսպան Համբարձումյանի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման դրական միտումը կշարունակվի, և երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունը կակտիվանա։

Զրույցի ընթացքում երկուստեք հաստատվել է տնտեսական հարաբերությունները հետագայում խթանելու համատեղ պատրաստակամությունը՝ երկու երկրների միջև առևտրի և գործարար համագործակցության զարգացմանն ուղղված կոնկրետ աշխատանքների, ինչպես նաև զբոսաշրջության խթանմանն ուղղված միջոցառումների միջոցով։

Զրուցակիցները նաև հանձնառություն են հայտնել քաղաքական երկխոսությունը առաջ մղելու հարցում՝ ընդգծելով առաջիկայում երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև փոխադարձ այցելություններ և կանոնավոր քաղաքական խորհրդակցություններ կազմակերպելու կարևորությունը։

Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային արդիական հարցերի շուրջ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում