Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Ռիգայում

  • 25.04.2026
  • 0
  • 12 Views

Ապրիլի 24-ին Լատվիայում՝ Ռիգայի Žanis Lipke Memorial հուշահամալիրում, տեղի ունեցավ Մեծ Եղեռնի 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում։

Միջոցառումը մեկնարկեց հայազգի նկարչուհի-արվեստագետ Կարինե Պարոնյանցի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Նռան լույսը» ցուցահանդեսի բացմամբ, որն իր մեջ ներառում է միջոցառումների շարք։ Ցուցահանդեսը կշարունակի գործել մինչև տարեվերջ։

Բացման խոսքով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպանության հյուպատոս Արևիկ Մարգարյանը՝ ընդգծելով, որ, չնայած միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին, ցեղասպանության վտանգը շարունակում է արդիական մնալ՝ ընդգծելով, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր հասնել ցեղասպանություն հանցագործության կանխարգելմանն ու բացառմանը՝ նշելով նաև, որ Հայաստանը պարտավորություն է զգում շարունակաբար և հետևողականորեն ներգրավված լինել նման հանցագործությունների հայտնաբերմանը, ահազանգմանը, կանխարգելմանն ու վերացմանը միտված նախաձեռնություններում:

Ձեռնարկի ընթացքում ելույթ ունեցավ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի լատիշերեն թարգմանության հեղինակ Իլզե Պաեգլե-Մկրտչյանը, մասնավորապես ներկայացնելով Վերֆելին ու գիրքը, որը լույս է տեսել թարգմանչուհու ծավալուն առաջաբանով ու վերջաբանով, ինչպես նաեւ ծանոթագրություններով։

Ի դեպ, նշենք , որ 2019 թվականին հրատարակված գիրքը մեծ ազդեցություն է ունեցել նաեւ 2021 թվականին Լատվիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչման հարցում։

Հիշատակի երեկոն ուղեկցվեց դուդուկահար Տիգրան Թումանյանի կողմից՝ Սայաթ Նովայի և Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ և լատվիացի դերասան Գունդար Աբոլինշի կողմից Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գրքից հատվածների ընթերցմամբ։

Միջոցառմանը ներկա էին Լատվիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մխիթար Մխիթարյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Բալթյան երկրների թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, ով աղոթք մատուցեց՝ նվիրված սուրբ նահատակների հիշատակին, լատվիացի մտավորականներ, արվեստագետներ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին հաղորդում է Լատվիայում ՀՀ դեսպանությունը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում