2026 թ. ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին, Վարշավայի Ֆրետա փողոցում գտնվող Դոմինիկյան միաբանության տաճարում տեղի կունենա համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։
Համերգին հանդես կգա Կրակովի Cracow Singers հանրահայտ կամերային երգչախումբը, որը հայտնի է իր յուրահատուկ կատարողական ոճով՝ առանձնանալով հնչողության գեղագիտությամբ և մեկնաբանության բարձր մակարդակով։
Խումբը իրականացնում է հեղինակային վոկալ և վոկալ-գործիքային նախագծեր՝ անդրադառնալով ինչպես հին երաժշտությանը՝ ներկայացնելով պատմական վերամշակումներ, այնպես էլ ժամանակակից ստեղծագործություններին՝ կատարելով լեհ և արտասահմանյան կոմպոզիտորների գործեր, այդ թվում՝ Roxanna Panufnik, Lera Auerbach և Wassim Ibrahim։ Cracow Singers-ը համագործակցում է միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների և համույթների հետ, ինչպիսիք են La Risonanza բարոկկո նվագախումբը, Raschèr Saxophone Quartet-ը, Kwartet Śląski-ն և Quatuor Béla-ն, ինչպես նաև դիրիժորներ և արտիստներ՝ Fabio Bonizzoni, Zoltán Pad, Diego Cannizzaro և Erik Bosgraaf։
Խմբի գործունեության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում միջազգային և միջմշակութային նախագծերը։ 2016 թվականին Cracow Singers-ը մասնակցել է Հայաստանում անցկացված Շեքսպիրյան միջազգային XII փառատոնին՝ ներկայացնելով «Soyka & Cracow Singers. Shakespeare a cappella» հեղինակային նախագիծը։
Հայաստանի մշակույթից ներշնչված՝ խումբը համագործակցություն է սկսել հայկական Hover կամերային երգչախմբի հետ։ Երկու խմբերն էլ համատեղ իրականացրել են Քշիշտոֆ Պենդերեցկու երաժշտությամբ համերգներ Երևանում և Կրակովում։ Խմբի ստեղծագործական ժառանգության մեջ ընդգրկված են 12 հեղինակային ալբոմներ, որոնցից են «Soyka & Cracow Singers. Shakespeare a cappella», «SUB URSAE», «Koniunkcja Panufnik», «Flos Carmeli» և «Thesaurus – Premiery wawelskie»։
Cracow Singers-ը մասնակցում է հեղինակավոր միջազգային փառատոնների, ինչպիսիք են Wien Modern, Canterbury Festival, Liszt Fest, Banchetto Musicale, Górecki–Penderecki Misteria Paschalia և Sacrum Profanum։ Բացի համերգային գործունեությունից, խումբը ներգրավված է նաև կրթական և սոցիալական նախաձեռնություններում, այդ թվում՝ Նովի Վիշնիչի քրեակատարողական հիմնարկում «Tolerancja» երգչախմբի ստեղծմամբ։
Միջոցառման կազմակերպիչն է NUR Մշակութային Նախաձեռնությունների Ինստիտուտ հիմնադրամը։ Այս համերգը ոչ միայն հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, այլև կարևոր մշակութային իրադարձություն է, որը միավորում է տարբեր ժողովուրդների երաժշտական և հոգևոր արժեքները։




