Լուսանկարում՝ Capturing Eternity: Jerusalem Armenian Entanglements with Photography [Հայացք դեպի հավերժություն․ Երուսաղեմահայ խաչաձևումներ լուսանկարչության հետ] աշխատության շապիկը
Թեև Երուսաղեմի Հայոց թաղը հայտնի է որպես սուրբ վայրերի խնամակալ, նրա ավելի քան հազարամյա պատմության և մշակույթի հայեցակետերը մնում են չուսումնասիրված։ Դրանցից մեկը լուսանկարչությունն է, որի կիրառման առաջին իսկ օրերից հայերն ունեցել են առաջատար դեր։ Գիտական և հանրային լայն շրջանակներում այս բացը լրացնելու նպատակով L’Harmattan, Բուդապեշտ, և Լայպցիգի համալսարանի համատեղ հրատարակությամբ 2026-ին անգլերեն լեզվով լույս է տեսել Capturing Eternity: Jerusalem Armenian Entanglements with Photography [Հայացք դեպի հավերժություն․ Երուսաղեմահայ խաչաձևումներ լուսանկարչության հետ] հատորը՝ խմբագրությամբ Կարէն Ջալլաթեանի և Դիանա Ղազարյանի, Բալինտ Կովաչի հետ համագործակցությամբ։ Հատորը կարելի է պատվիրել առցանց հրատարակիչների կայքէջերից այստեղ՝ https://www.univerlag-leipzig.de/catalog/bookstore/article/2404-Capturing_Eternity եւ այստեղ՝ https://harmattan.hu/capturing-eternity-3641 ։
Հատորում ընդգրկված են գիտական հոդվածներ հետևյալ հեղինակների կողմից. Կարէն Ջալլաթեան՝ Լայպցիգի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի Լայբնից հիմնարկության հետազոտող, Պիտեր Ս. Քաուի՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Նարեկացի հայագիտական պրոֆեսոր, Արման Խաչատրյան՝ Հայաստանի Հնագիտության և մարդաբանության ինստիտուտի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետազոտող, Դիանա Ղազարյան՝ Բուդապեշտի Պազմանի Պետեր Կաթոլիկ համալսարանի Հայագիտության բաժնի դոկտորական ուսանող, Իսսամ Նասսար՝ Դոհայի բարձրագույն ուսումնասիրությունների հիմնարկության պատմության ծրագրի ղեկավար և պրոֆեսոր, Հազալ Օզդեմիր՝ Միչիգանի Ան Արբըր համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների Մանուկյան հետդոկտորական հետազոտող, Արմեն Թ․ Մարսուբյան՝ Հարավային Քընեքտիքըտի Նահանգային Համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, Հանգա Գեբաուեր՝ Հունգարիայի Մարդաբանության թանգարանի աշխատակից, լուսանկարչության պատմաբան, Աիկատերինի Գեգիսյան՝ Լոնդոնի Մեթրոպոլիտան համալսարանի պրոֆեսոր և արվեստագետ, ինչպես և Մարի-Օդ Պարոնյան՝ Ամստերդամի համալսարանի տեսողական մշակույթի և շարժանկարի պրոֆեսոր։
Նրա առանձին գլուխներ Երուսաղեմի հայկական լուսանկարչության պատմությունը երկարաժամկետ հաստատութենական և միջկայսերական համածիրերում են քննարկում՝ ոչ միայն ուշադրություն դարձնելով հայ նշանավոր լուսանկարչական ընտանիքների, եվրոպական գիտական առաքելությունների և արշավների նրբություններին, այլ նաև անդրադառնալով արխիվացման գործընթացներին կանացի և հետաղետային դիրքերից։
Հատորում ներառված է նաև 2024 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Բուդապեշտի Հունգարական գեղարվեստի համալսարանում կայացած «Հայացք դեպի հավերժություն․ Երուսաղեմի հայ լուսանկարչությունը 19-րդ և 20-րդ դարերում» ցուցահանդեսին ներկայացված լուսանկարները։ Ընդգրկված լուսանկարները տրամադրվել են խոշոր հավաքածուներից, այդ թվում՝ Փարիզի Հայկական Ընդհանուր Բարեգործական Միության Նուբարյան գրադարանից, Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանից, Բոստոնի «Project Save Photograph» արխիվից, Նյու Յորքի Մալիկյան հավաքածուից, Լիսաբոնի Կիւլպէնկեան և Երուսաղեմի Հայոց պատրիարքության արխիվներից։ Ցուցահանդեսը եւ հրատարակված հատորը Պազմանի Պետեր կաթոլիկ համալսարանի Հայագիտության բաժնի, Բուդապեշտի Հունգարական գեղարվեստի համալսարանի, Լայպցիգի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի Լայբնից հիմնարկության (GWZO), Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանութեան և «Տրանսիլվանիայի հայկական արմատներ» մշակութային ընկերակցության համագործակցության արդյունք են։
Ընդհանուր առմամբ Capturing Eternity: Jerusalem Armenian Entanglements with Photography հատորը ներկայացնում է թե՛ տպավորիչ լուսանկարներ, թե՛ քննական վերլուծություններ՝ նպատակ ունենալով զետեղել Երուսաղեմի հայ լուսանկարչության կենդանի ժառանգությունը պատմական, միջսերնդային և սփյուռքյան համածիրերում։
Ապրիլ 2026



