ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանը շարունակում է շրջագայությունը՝ այցելելով Կալիֆոռնիայի հայ համայնքներ

  • 08.04.2026
  • 0
  • 200 Views

Լուսանկարում՝ ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանն ու տիկին Սիլվա Սիմոնյանը ջերմ ընդունելության արժանացան ՀԲԸՄ «Մանուկյան-Դեմիրճյան» դպրոցում։

Լոս Անջելեսի մեծ տարածաշրջանը և Ֆրեզնոն ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանի՝ հայ համայնքներ այցելելու և տեղի ՀԲԸՄ ղեկավարության ու համայնքի անդամների հետ անձամբ հանդիպելու օրակարգում վաղուց առաջնահերթ տեղ էին զբաղեցնում։

Մարտի 13-15-ը Սիմոնյանն ու իր պատվիրակությունը, որի կազմում էին տիկին Սիլվա Սիմոնյանը, ՀԲԸՄ պատվավոր նախագահ Պերճ Սեդրակյանը, Կենտրոնական վարչության, Հոգաբարձուների խորհրդի, Ռազմավարական խորհրդատվական խորհրդի անդամները, ինչպես նաև Կենտրոնական գրասենյակի ղեկավար կազմը, այցելեցին Ռուսաստանի համայնքից հետո սփյուռքի ամենամեծ հայ համայնքը՝ ուսումնասիրելու և բացահայտելու համայնքի իրական ներուժը։

Այց Լոս Անջելեսի մեծ տարածաշրջան

Մարտի 13-ին ՀԲԸՄ պատվիրակությանը ջերմորեն ընդունեցին ՀԲԸՄ «Մանուկյան-Դեմիրճյան» վարժարանում, որը հենց այդ շաբաթավերջին նշում էր իր 50-ամյակը։ Ներկա էին նաև Սուրբ Պետրոս Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Շնորհք քահանա Դեմիրճյանը, դպրոցի նախկին տնօրեն Հակոբ Հակոբյանը և նախկին փոխտնօրեն դր. Էլլի Անդրեասյանը։

«Նազարյան» մարզադահլիճում կազմակերպված հանդիսավոր հավաքի ժամանակ ելույթ ունեցան նախագահ Սիմոնյանը, դպրոցի ղեկավարությունը, աշակերտական խորհրդի անդամները և այլ հյուրեր, այդ թվում՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը և քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանը։ Միջոցառումը ուղեկցվեց նաև հայկական պարային կատարումներով։ Այնուհետև, դպրոցի վարչական կազմը շրջայց անցկացրեց՝ ներկայացնելով նաև հարակից տարածքում գտնվող նոր ձեռք բերված գույքը, որը կարևոր հավելում է դպրոցի շարունակական զարգացման ճանապարհին։

Այցի կարևոր դրվագներից էր այցը «Արտեմիս Նազարյան» նախակրթարան, որտեղ հանդես եկան դպրոցի ամենափոքր սաները։ Շրջայց անցկացվեց նաև վերջերս հիմնադրված «Համագործակցային ուսուցման կենտրոն»-ում՝ աշակերտական խորհրդի անդամների ուղեկցությամբ, որը վկայեց աշակերտական առաջնորդության բարձր մակարդակի մասին։

Ուսումնական ծրագրի, դասավանդման ու նորարարության գծով տնօրեն դր. Նատալի Բերբերյանը ներկայացրեց դպրոցի գրադարանի ընդհանուր կարգավիճակը, իսկ ՀԲԸՄ «Մանուկյան-Դեմիրճյան» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ և ՀԲԸՄ Արևմտյան շրջանի նախագահ Գևորգ Զորյանը ընդգծեց ՀԲԸՄ «Նորարարական ստուդիաներ»-ի կարևորությունը, որոնք նախագծվել են Փասադենայում առաջին կենտրոնի օրինակով։ Այցն ավարտվեց «Նազարյան» մարզադահլիճի նախասրահում կամավոր մայրերից կազմված «Հյուրասիրության հանձնախմբի» նախաձեռնած ընդունելությամբ։

Երեկոյան Լոս Անջելեսի մեծ տարածաշրջանի մասնաճյուղերի, հանձնախմբերի և Երիտասարդ արհեստավարժների (ԵԱ) ղեկավարները հավաքվեցին ՀԲԸՄ «Վաչե և Թամար Մանուկյան» մշակութային կենտրոնում՝ քննարկում անցկացնելու։ Հանդիպումը, որը վարում էին Արևմտյան շրջանի նախագահ Զորյանը և գործադիր տնօրեն Գոհար Ստամբոլյանը, հնարավորություն տվեց ներկայացնելու տարածաշրջանային նախաձեռնությունները, ընթացիկ ծրագրերն ու համայնքի ակտիվ գործունեության լայն շրջանակը։

Մշակութային կենտրոնը այդ առիթով վերափոխվել էր կենդանի երաժշտությամբ նրբաճաշակ սրահի, իսկ ՀԲԸՄ 120-ամյակին նվիրված խորհրդանշական տորթի արարողությունը վերահաստատեց, որ դպրոցի համար այս կարևոր իրադարձությունը հայ ազգի և ժողովրդի նկատմամբ ինստիտուցիոնալ նվիրվածության շատ ավելի երկար պատմության մի մասն է։

Շաբաթավերջի առանցքային իրադարձությունը մարտի 14-ին կայացած ՀԲԸՄ «Մանուկյան-Դեմիրճյան» դպրոցի 50-ամյակին նվիրված գալա-երեկոն էր, որը համախմբեց շուրջ 900 հյուրի և ապահովեց ավելի քան 4 միլիոն դոլարի աջակցություն դպրոցի ապագա զարգացման համար։ Ներկաների թվում էին աջակիցներ, հայ ընտանիքներ, շրջանավարտներ, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ՀԲԸՄ ղեկավարներ, պաշտոնյաներ և համայնքային ներկայացուցիչներ։

Դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Զորյանը և դպրոցի տնօրեն Դեյվիդ Ղուղասյանն իրենց ելույթներում երախտագիտություն հայտնեցին և հարգանքի տուրք մատուցեցին այն անձանց, որոնք տասնամյակներ շարունակ իրենց նվիրել են դպրոցի զարգացմանը։

Իր ելույթում նախագահ Սիմոնյանը նշեց. «50-ամյակը պարզապես հոբելյան չէ. այն հայտարարություն է։ Դպրոցներն իրենց հիսուն տարին չեն բոլորում զուտ շենքերի և ֆինանսական միջոցների շնորհիվ։ Դրանք հասնում են այդ շեմին նվիրյալ անհատների՝ ուսուցիչների շնորհիվ, որոնք անկեղծորեն հոգ են տանում իրենց աշակերտների մասին, ծնողների շնորհիվ, որոնք զոհողություններ են անում իրենց երեխաների կրթության համար, և ղեկավարների ու կամավորների շնորհիվ, որոնք անհաշվելի ժամեր են տրամադրում՝ հաստատությունն առաջ տանելու համար»։

ՀԲԸՄ պատվավոր նախագահ Պերճ Սեդրակյանը հարգանքի տուրք մատուցեց դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության նախկին անդամ և ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի ներկայիս անդամ Սինան Սինանյանին։ Այնուհետև նա Սինանյանին հանձնեց ՀԲԸՄ «Պողոս Նուբար» մրցանակը՝ կազմակերպության բարձրագույն պարգևը, որը շնորհվում է հայ ժողովրդին և համայնքին մատուցած բացառիկ ծառայությունների համար։

Գնահատելով Սինանյանի անսասան հանձնառությունն ու նվիրվածությունը ՀԲԸՄ-ին, որն իր հաստատուն հետքն է թողել ինչպես դպրոցի, այնպես էլ ամբողջ Արևմտյան տարածաշրջանի վրա ու դրա սահմաններից դուրս, ՀԲԸՄ ղեկավարությունը հայտարարեց դպրոցին համատեղ հիմունքներով առատաձեռն նվիրատվություն անելու մասին և տեղեկացրեց, որ «Համագործակցային ուսուցման կենտրոն»-ի «Սինանյան» մատուռի հարակից հրապարակը կկրի Սինան և Անժել Սինանյանների անունը։

Այց Ֆրեզնո

Մարտի 15-ին պատվիրակությունն ավելի փոքր կազմով ուղևորվեց Կենտրոնական հովիտ՝ հանդիպելու ՀԲԸՄ Ֆրեզնոյի մասնաճյուղի հանձնախմբի անդամներին, ծանոթանալու տեղի հայ համայնքին և ՀԲԸՄ գործունեությանը, որն այնտեղ ծավալվում է 1910 թվականից ի վեր, ինչպես նաև քննարկելու տարածաշրջանային և համաշխարհային համագործակցության հնարավորությունները։ Այնուհետև, նրանք այցելեցին ՀԲԸՄ կենտրոն և շրջեցին Ֆրեզնոյի հայկական տեսարժան վայրերով, որը ևս մեկ անգամ ընդգծեց Արևմտյան շրջանում ՀԲԸՄ ցանցի կենսունակությունն ու ազդեցությունը։

Այցի ավարտին նախագահ Սիմոնյանը նշեց. «Արևմտյան տարածաշրջանում մենք հանդիպեցինք խորապես ներգրավված, նվիրյալ ու ապագայի մասին մտածող համայնքի։ ՀԲԸՄ-ի 120-ամյա միասնության ուժի ոգով մենք ակնկալում ենք, որ առջևում ունենք համատեղ նպատակի ու ազդեցութան երկար տարիներ»։

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպությունն է, որի նպատակն է բարեփոխել հայերի կյանքը կրթական, մշակութային, մարդասիրական ու սոցիալտնտեսական զարգացման ծրագրերի միջոցով: Յուրաքանչյուր տարի ՀԲԸՄն նպաստում է Հայաստանում և սփյուռքում բնակվող շուրջ 500,000 հայերի կյանքի որակի բարելավմանը: 1906 թվականից ի վեր ՀԲԸՄն հավատարիմ է իր՝ համայն հայության բարգավաճմանն ու բարօրությանն ուղղված առաքելությանը: ՀԲԸՄի և վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացվող ծրագրերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել www.agbu.org կայքում: ՀԲԸՄ Հայաստանի մասին հավելյալ տեղեկատվության համար այցելե՛ք www.agbu.am:

ՀԲԸՄ «Մանուկյան-Դեմիրճյան» դպրոցի աշակերտները ելույթ են ունենում հատուկ հավաքի ժամանակ։

ՀԲԸՄ համաշխարհային ղեկավարությունն ու վարչակազմը հանդիպում են Լոս Անջելեսի մեծ տարածաշրջանի համայնքային առաջնորդների հետ։

ՀԲԸՄ-ի նախագահ Սեմ Սիմոնյանը, գլոբալ ղեկավարությունը և Արևմտյան շրջանի ներկայացուցիչները նշում են ՀԲԸՄ -ի 120-ամյակը։

Սինան Սինանյանը ստանում է ՀԲԸՄ «Պողոս Նուբար» մրցանակը ՀԲԸՄ «Մանուկյան-Դեմիրճյան» դպրոցի 50-ամյակին նվիրված գալա-երեկոյի ժամանակ։

ՀԲԸՄ պատվիրակությունը այցելում է ՀԲԸՄ Ֆրեզնոյի կենտրոն։

ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանը և պատվիրակությունը հանդիպում են ՀԲԸՄ Ֆրեզնո մասնաճյուղի հանձնախմբի անդամների հետ։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում