Հայոց Ցեղասպանութեան Թանգարանի Հոգաբարձուների Խորհրդի Անդամութիւնից Հրաժարուած Գիտնականների Յայտարարութիւնը

  • 07.04.2026
  • 0
  • 167 Views

by Asbarez Staff April 6, 2026

Հայոց Ցեղասպանութեան Թանգարանի Հոգաբարձուների Խորհրդի Անդամութիւնից Հրաժարուած Գիտնականների Յայտարարութիւնը

Մարտ 3-10ին, Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի (ՀՑԹՀ) Հոգաբարձուներու խորհուրդի անդամակցութենէն հրաժարած գիտնականներ հետեւեալ նամակ- յայտարարութիւնը տարածեցին․

Մենք՝ ներքոստորագրեալներս, հրաժարական ենք տուել Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի (ՀՑԹՀ) Հոգաբարձուների խորհրդի կազմից՝ տնօրէն դոկտոր Էդիտա Գզոյեանի պարտադրուած հրաժարականի պատճառով։ Հաշուի առնելով այն զգալի հակասութիւնն ու աղմուկը, որն առաջացրել է այդ իրադարձութիւնը, մենք նպատակայարմար ենք գտնում բացատրել, թէ ինչու ենք անհատապէս հրաժարական տուել տարբեր ժամանակահատուածներում, այն բանից յետոյ, երբ Հայաստանի կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարզանքի նախարարը 2026ի Մարտի 3ին կայացած մեր խորհրդի նիստից մէկ օր առաջ առաջին անգամ ՀՑԹՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Յարութիւն Ռայմոնդ Գէորգեանին տեղեկացրեց, որ ըստ նախարարութեան կարծիքի, ՀՑԹՀ տնօրէն Է. Գզոյեանը թանգարան-հիմնարկի կառավարման հարցում թերացումներ ունի եւ անհրաժեշտութիւն կայ նրան փոխարինելու այլ տնօրէնով։

Նախ՝ յայտարարում ենք, որ սա անակնկալ էր մեզ համար։ Անցած տարիների ընթացքում դոկտոր Գզոյեանի աշխատանքի վերաբերեալ որեւէ բողոք չէինք լսել ո՛չ նախարարութիւնից, ո՛չ խորհրդի որեւէ անդամից, ո՛չ էլ ՀՑԹՀի անձնակազմից։ Ընդհակառակը, խորհուրդը դոկտոր Գզոյեանի աշխատանքը գնահատում էր գերազանց:

Եւ երկրորդ՝ Մարտի 2ին, Հոգաբարձուների խորհրդի նախագահին, յաջորդ օրը՝ Մարտի 3ին, խորհրդի անդամների հանդիպման ժամանակ ներկայացուած պատճառաբանութիւնը, թէ իբր դոկտոր Գզոյեանը պատշաճ կերպով չի վերահսկել Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները, անհիմն է։ Նախավերջին խորհրդի նիստում յստակեցուել էր, որ հիմնանորոգման աշխատանքների վերահսկողութիւնն կառավարումը նախարարութեան պատասխանատուութիւնն է:

Երրորդ՝ ՀՑԹՀի կանոնադրութիւնը յստակ սահմանում է, որ ՀՑԹՀի տնօրէնին պաշտօնից ազատելը Հոգաբարձուների խորհրդի բացառիկ լիազօրութիւնն է։ Մեր Խորհուրդը դոկտոր Գզոյեանին ազատելու ո՛չ պատճառ ունէր, ո՛չ էլ մտադրութիւն: Դոկտոր Գզոյեանին հրաժարականի դիմում «խնդրել» գրելը ո՛չ նախարարի, ո՛չ էլ, առաւել եւս, վարչապետի լիազօրութիւնների շրջանակում էր։ Ուշագրաւ է, որ Մարտի 3ին հոգաբարձուների խորհրդի նիստ հրաւիրելու օրակարգում միայն մէկ հարց կար՝ ««Ծիծեռնակաբերդ» զբօսայգու կանաչապատման եւ բարեկարգման նախագծի ներկայացում եւ քննարկում»։ ՀՑԹՀ տնօրէնի հրաժարականի հարցը Հոգաբարձուների խորհրդին ներկայացուել է միանգամայն անսպասելի՝ օրակարգի հարցի քննարկումից յետոյ։

Մարտի 5ին, լրատուամիջոցներին յայտնի դարձաւ ՀՑԹՀի տնօրէնին պարտադրուած հրաժարականի մասին տեղեկութիւնը, որին յաջորդեցին տարատեսակ բացատրութիւններ եւ հակասական հանրային քննարկումներ։ Շատ չանցած՝ Մարտի 12ին, վարչապետը բացայայտեց, որ ինքն է պահանջել դոկտոր Գզոյեանի հրաժարականը։ Պատճառը կապուած էր Ամերիկայի փոխնախագահ Ջ. Դ. Վենսի՝ ՀՑԹՀ եւ յուշահամալիր կատարած մասնաւոր այցի հետ։ Դոկտոր Գզոյեանը նրա հետ զրուցել էր Հարաւային Կովկասում եւ ապա Ադրբեջանում քսաներորդ դարի սկզբին եւ վերջին տեղի ունեցած հայերի կոտորածների, Ղարաբաղի/Արցախի հայերի էթնիկ (ցեղային) զտումների եւ Հայոց Ցեղասպանութեան մասին։ Նա նաեւ Ջ. Դ. Վենսին նուիրել էր հինգ գիրք, որոնցից մէկը 1905-1921ին տեղի ունեցած կոտորածների վերաբերեալ ամերիկեան թերթերի յօդուածների ժողովածու էր։ Սա ՀՑԹՀ այցելող պաշտօնական պատուիրակութիւններին ընդունելու աւանդական արարողութեան շրջանակներում էր, որը սակայն վարչապետը որակաւորել է իր գլխաւորած կառավարութեան արտաքին քաղաքականութեանը հակասող, «սադրիչ» գործողութիւն։ Պետական պաշտօնեաները պէտք է համապատասխանեն Հայաստանի արտաքին քաղաքականութեանը, ասել էր վարչապետը, եւ քանի որ նա որոշել էր, որ «Ղարաբաղեան շարժում» գոյութիւն չունի, Արցախի խնդրի վերաբերեալ գիրք նուիրելն անթոյլատրելի էր։

Վարչապետի յայտարարութիւնից յետոյ պարզ դարձաւ դոկտոր Գզոյեանի պարտադրուած հրաժարականի իրական պատճառը։ Վարչապետ Փաշինեանի յայտարարութիւնները բացայայտեցին նաեւ, որ պարտադրուած հրաժարականի նախնական հիմնաւորումն ընդամէնը շեղող հնարք (կեղծ պատրուակ) էր՝ այդ իրական պատճառը կոծկելու համար:

Վարչապետի մեկնաբանութիւններին հետեւած անմիջական արձագանգները հեռու էին դրական լինելուց։ Ուստի, պարտադրուած հրաժարականի նոր «բացատրութիւն» առաջ քաշուեց իշխող կուսակցութեան ԱԺ պատգամաւորների կողմից (օրինակ՝ Լուսինէ Բադալեան եւ Մարիա Կարապետեան) հեռուստատեսային հարցազրոյցների ժամանակ, այնուհետեւ՝ Ազգային ժողովի փոխնախագահ պարոն Ռուբէն Ռուբինեանի կողմից։ Լուսինէ Բադալեանի հարցազրոյցը, կարծես, առաջինն էր այս շարքում, որը տրուել էր մամուլին ուղղուած վարչապետի մեկնաբանութիւնների օրուայ գիշերը: Ըստ նրա՝ պարտադրուած հրաժարականի պատճառը ոչ թէ Արցախն է կամ Ամերիկայի փոխնախագահին նուիրուած գրքի բովանդակութիւնը, այլ «արարողակարգ»ը։ Ահա այն միտքը, որ նա արտայայտում է Factor.TV-ին տուած իր հարցազրոյցում. «Բադալեանը պնդեց, որ խնդիրը ոչ թէ գրքի բովանդակութիւնն է, այլ հէնց պրոտոկոլային (արարողակարգի) խախտումը։ Այստեղ գրքի մասին չի խօսքը, թեմայի մասին չի խօսքը։ Սա պրոտոկոլից շեղում է»։

Եթէ խնդիրն արարողակարգն էր, ապա արտաքին գործերի նախարարութեան կամ գուցէ վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատուները պէտք է կրեն այն բանի պատասխանատուութիւնը, ինչը տիկին Բադալեանը համարում է արարողակարգի խախտում։

Եթէ պարտադրուած հրաժարականի նախնական հիմնաւորումը կոծկում էր, ապա սա արդէն շեղում էր՝ վարչապետի մեկնաբանութիւնների դէմ հնչող քննադատութիւնները թուլացնելու եւ ուշադրութիւնը Արցախի հիմնախնդրից հեռացնելու նպատակով։

Սակայն «բացատրութիւններ»ի շղթան այսքանով չաւարտուեց։ Հաշուի առնելով հանրային գայթակղութեան վերածուած իրավիճակը՝ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարզանքի նախարար Ժաննա Անդրէասեանը հանդէս եկաւ պարտադրուած հրաժարականի չորրորդ բացատրութեամբ՝ վարչապետի մեկնաբանութիւններից հինգ օր անց։ Հերքելով, թէ երբեւէ ՀՑԹՀի անձնակազմին ասել է, որ դոկտոր Գզոյեանի ազատումը կապուած է յուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների հետ, նա որպէս «վերեւից» պարտադրուած հրաժարականի պատճառ մատնանշեց «կառավարումը»: Ահա մի հատուած «Ազատութիւն» տուած նրա հարցազրոյցից․ «Կրթութեան նախարարը պնդում է՝ ինքը Ցեղասպանութեան թանգարան-հիմարկի անձնակազմին չի ասել, թէ տնօրէնը հեռացւում է յուշահամալիրի շինաշխատանքները լաւ չկազմակերպելու համար է։ «Ես նման բան չեմ ասել», ընդգծեց նա»:

Պաշտօնապէս, նախարարն իրաւացի էր՝ շինարարական աշխատանքների հետ կապուած աշխատանքների «թերացումը» որպէս հրաժարականի պարտադրանք նա ներկայացրել էր ոչ թէ թանգարան-հիմնարկի աշխատակիցներին, այլ Հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ Մարտի 3ի արտահերթ նիստի ժամանակ։ Ի պատասխան «Ազատութեան» հարցին՝ նախարարն ասաց, որ աշխատակիցների հետ մէկ հանդիպում է եղել, «որը կայացել է երեկ»։

«Մենք շատ մանրամասն քննարկել ենք բոլոր հարցերը, եւ ես աշխատակիցներին փոխանցել եմ այն տեղեկատուութիւնը, եւ բարձրացուած այն հարցերին եմ անդրադարձել, որ իրենց մօտ եղել է։ Ես հէնց սկզբից էլ հարցը բարձրացրել եմ կառավարման մասով եւ շարունակում եմ հէնց այս տեսանկիւնից», նշել է նա։

Հոգաբարձուների խորհուրդը ոչ միայն երբեւէ չի նկատել կառավարման նմանատիպ խնդիրներ, այլեւ երբեւէ չի տեղեկացուել դրանց ենթադրեալ գոյութեան մասին։ Աւելին, Հոգաբարձուների խորհրդի որոշ անդամներ նիստի ընթացքում առարկել են նախարարի փաստարկներին։ Ինչ վերաբերում է ՀՑԹՀի անձնակազմին, նրանցից իւրաքանչիւրը ստորագրել է դոկտոր Գզոյեանին սատարող նամակը: Կարելի է ենթադրել, որ նրանք նոյնպէս չեն նկատել կառավարման որեւէ խնդիր։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Մեր տեսանկիւնից այն, ինչ տեղի ունեցաւ ՀՑԹՀում, մի շարք մտահոգիչ հարցեր է առաջացնում.

– Դոկտոր Գզոյեանից ազատուելու իրական որոշումը կայացուել է մէկ անձի՝ վարչապետ Փաշինեանի կողմից, առանց Հոգաբարձուների խորհրդի հետ որեւէ խորհրդակցութեան։ Պարոն Փաշինեանը նախընտրեց հրապարակայնօրէն հասկացնել հայկական հարցերով հետաքրքրուած աշխարհի համապատասխան, առնուազն տարածաշրջանային երկրների առաջնորդներին, որ քաղաքական որոշումները կայացնում է միայն ինքը։

– Քանի որ ՀՑԹՀի տնօրէնին պաշտօնից ազատելու բացառիկ իրաւունքը պատկանում է Հոգաբարձուների խորհրդին, հիմնարկային կարգաւորումները շրջանցուել են, եւ որոշումը պարտադրուել է այդ կառոյցին։

– Վարչապետի հրապարակային արձագանգը եւ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի տնօրէնին Ամերիկայի փոխնախագահի հետ պատմական փաստերով կիսուելու համար պաշտօնից ազատելը մեզ թւում են այն շղթայի մի մասը, որն ուղղուած է պատմական փաստերը «վերաձեւաւորելուն» կամ «վերափաթեթաւորելուն»՝ ծառայեցնելով դրանք քաղաքական նպատակայարմարութեանը եւ սեփական իշխանութեան վերարտադրմանը։ Սակայն սա այն տեղը չէ՝ թուարկելու, օրինակ, Հայոց Ցեղասպանութեան ակունքների կամ հայ-ադրբեջանական պատմական փոխազդեցութիւնների այն մակերեսային եւ անփոյթ մեկնաբանութիւններից մի քանիսը, որոնք վերջերս հնչել են վարչապետի կամ նրա իշխող կուսակցութեան անդամների կողմից։ Այն, ինչ պատահեց դոկտոր Գզոյեանի հետ, եւ այն եղանակը, որով դա տեղի ունեցաւ, լուրջ հարցեր են առաջացնում ակադեմիական ազատութեան վերաբերեալ: Եթէ կառավարութիւնը վերջակէտ է դրել Ղարաբաղեան շարժմանն ու Արցախի հարցին, արդեօ՞ք դա նշանակում է, որ դրանց պատմութեան գիտական ուսումնասիրութիւնները խաթարում են արտաքին քաղաքականութիւնը: Վերջ ի վերջոյ Հայաստանի ակադեմիական որ գիտական կենտրոնների մեծ մասը ՊՈԱԿներ (պետական ոչ առեւտրային կազմակերպութիւն) են, համալսարանների մեծ մասը պետական են, հետեւաբար դրանց աշխատակից հետազօտողները պետական պաշտօնեանե՞ր են։ Եթէ այո, նշանակու՞մ է սա, արդեօք, նրանց հետազօտութիւնների արդիւնքները պիտի համապատասխանեն վարչապետի արտաքին քաղաքականութեանը, եւ ըստ ինչ չափանիշների ու որտե՞ղ է որոշուելու դրանց համապատասխանելիութիւնը։ Վերջապէս ի՞նչ առումով էր դոկտոր Գզոյեանն առաջ քաշում այլընտրանքային արտաքին քաղաքականութիւն։ Որտե՞ղ են ապացոյցները:

– Այն, ինչ պատահեց դոկտոր Գզոյեանի հետ, եւ դրա իրագործման ձեւը, մտահոգութիւններ են առաջացնում նաեւ մենատիրակալութեան առնուազն հակումների վերաբերեալ։ Եւրոպական ոչ մի երկրում ընդունելի չէր լինի պահանջել, որ բոլոր պետական պաշտօնեաները համապատասխանեն եւ աջակցեն կառավարութեան արտաքին քաղաքականութեանը։ Նման պահանջները յիշեցնում են խորհրդային գործելաոճը։

– Այն, ինչ պատահեց դոկտոր Գզոյեանի հետ, եւ դրա իրագործման ձեւը վնասել են ՀՑԹՀի միջազգային հեղինակութեանը այն ժամանակ, երբ դոկտոր Գզոյեանի ղեկավարութեամբ այն ձեռք էր բերում աճող միջազգային ճանաչում։

Որպէս Հոգաբարձուների խորհրդի նախկին անդամներ եւ գիտնականներ՝ մենք ցանկանում ենք ուշադրութիւն հրաւիրել մի քանի կէտի վրայ.

– Նոյնիսկ պատմութիւնը վերաշարադրելու կամ կամ ջնջելու պետականօրէն հովանաւորուող շարունակական փորձերը, ինչպիսին է Հայոց Ցեղասպանութեան թուրքական ժխտողականութիւնը, ձախողւում են:

– Ազգային յիշողութիւնն ու ինքնութիւնը ռազմավարական արժէքներ են, առաւել եւս՝ փոքր ազգերի համար. աղօտ ազգային յիշողութիւնն ու ինքնութիւնը խոցելիութիւն է, որը ոչ մի զէնքով հնարաւոր չէ փոխհատուցել։

Վերջապէս, նման կտրուկ եւ անարդար որոշումները հազիւ թէ նպաստեն իրական եւ տեւական խաղաղութեան կայացման հաւանականութեանը։

Սոյն յայտարարութիւնը ստորագրողները հանդէս են գալիս բացառապէս իրենց անունից՝ որպէս ՀՑԹՀի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամներ, նրանց աշխատավայրերը նամակի բովանդակութեան հետ առնչութիւն չունեն։

Ստորագրողներ․

Աստուրեան Ստեփան

Գէորգեան Ռայմոնդ Յարութիւն

Խառատեան Հրանուշ

Մարութեան Յարութիւն

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում