
Մարտի 24-29-ը Չեխիայում անցակացվեց Գեղասահքի աշխարհի առաջնությունը, որի ընթացքում գեղասահրոդների ելույթներին հետեւեց 140 հազարից ավելի հանդիսատես։ Սա ռեկորդային թիվ էր աշխարհի առաջնության համար, ինչի մասին հայտնեցին նաեւ կազմակերպիչները։ 33 տարի առաջ էր Չեխիան վերջին անգամ ընդունել աշխարհի առաջնությունը։ Ու թեեւ չեխերը ոչ մի մրցանակային տեղ չշահեցին, սակայն կարողացան բարձր մակարդակով երկրների կազմակերպել առաջնությունը։ Մրցանակային 13 մեդալները բաժանվեցին 7 երկրների միջեւ։ Այսպիսով անհատական պարերում կանանց ոսկին գնաց Ճապոնիա, տղամարդկանցը՝ ԱՄՆ։ Սպորտային զույգերի ոսկին Գերմանիայինն է, իսկ պարային զույգերինը՝ Ֆրանսիայինը։ Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը գրավեց 8-րդ տեղը, որը Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է։ Իսկ տղամարդկանց անհատական մրցույթում Սեմյոն Դանիլյանցը զբաղեցրեց 26-րդ տեղը։
Այս արդյունքով մեր զույգը ճանապարհ բացեց հաջորդ Աշխարհի առաջնությունում ևս մեկ զույգի մասնակցության համար, ինչպես նաև նվաճեց մեծահասակների Աշխարհի գավաթի (Գրան-Պրի) երկու ուղեգիր, որի իրավունքը շնորհվում է միայն Միջազգային սահքի միության (ISU) կողմից։

Աշխարհի առաջնության վերջին օրը Պրահայում զրույցի հրավիրեցինք ոչ միայն մեր գեղասահրոդներին, այլեւ Հայաստանի պատվիրակության անդամներին։
Սարգիս Թեւանյան – Հայաստանի խմբի ղեկավարը Գեղասահքի աշխարհի առաջնության ժամանակ։ Նա նաեւ միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ է, դատավոր, միջոցառումների կազմակերպիչ։
- ՕՐԵՐ- Ինչպե՞ս եք գնահատում մեր մարզիկների ելույթը այս առաջնությունում եւ չեխական կողմի կազմակերպչական աշխատանքը։
- Մեր սպորտային զույգից նման արդյունք սպասում էինք, որ կգրավեն 1-8-րդ տեղերի սահմանում։ Եվ հասանք այդ արդյունքին եւ շատ ուրախ ենք։ Արդեն իսկ նրանք ստացան ճանաչում, մինչ այդ երկար ժամանակ ելույթ չէին ունեցել։ Միակ կարեւոր ելույթը օլիմպիադայում էր, իսկ Մեծ Բրիտանիան մուտքի վիզա չտվեց, որպեսզի մեր մարզիկները մասնակցեն Եվրոպայի առաջնությանը։ Դա, իհարկե, մեզ համար լավ կլիներ, քանի որ նրանք ձեռք կբերեին ռեյտինգային միավորներ։ Օլիմպիադայում թեեւ այնքան էլ լավ հանդես չեկան, քանի որ դա առաջին անգամն էր, բայց այժմ շատ լավ ելույթ ունեցան։ Մենք գոհ ենք։ Չեխիայում կազմակերպչական մակարդակը շատ բարձր էր, ես չէի սպասում այդպիսի մակարդակ, ամեն ինչ նորմալ էր։
ՕՐԵՐ-Երեւանում մեր գեղասահորդների մարզումները նորմալ պայմաններում են անցնու՞մ։
-Գեղասահքի երկու դպրոց կա Երեւանում. մեկը քաղաքապետարանին է, մյուսը՝ Գազրպոմինը։ Մերոնք մարզվում են Գազպրոմի սահադաշտում, քանի որ քաղաքապետարանի ու այդ դպրոցի հետ խնդիրներ կան եւ իրենք թույլ չեն տալիս, որ Հայաստանի հավաքականը մարզվի պետական դպրոցում։

Վահրամ Սարգսյան- Թիմի սպորտային բժիշկը, նախկինում գեղասահորդ եւ մարզիչ
–ՕՐԵՐ-Ինչպե՞ս եք գնահատում մեր մարզիկների ֆիզիկական վիճակը, ի՞նչ մարզավիճակով մասնակցեցին եւ հիմա ի՞նչ վիճակում են մրցույթից հետո։ Որտե՞ղ են նրանք մարզվում։
-Մինչ օլիմպիադան եւ հետո նրանք ունեցել են որոշակի խնդիրներ, հատկապես Վադիմը, բայց այդ ամեն ինչը կարգավորվեց եւ այժմ առողջական խնդիրներ չունեն։ Իսկ իրենց մարզիչները ռուսներ են՝ Դմիտրի Սավինը եւ Ֆեւոդոր Կլիմովը, որոնք մարզում են Սոչիում։ Նախապատրաստական աշխատանքները եւ հավաքները կատարվում են Երեւանում, իսկ մարզումները՝ Սոչիում։

Կարինա Ակոպովա եւ Նիկիտա Ռախմանին
– ՕՐԵՐ- Շնորհավորում ենք առաջին տասնյակում տեղ զբաղեցնելու համար։ Ինչպե՞ս եք գնահատում ձեր ելույթը, իրականացա՞ն ձեր սպասելիքները։
Կարինա– Ընդհանուր առմամբ մենք գոհ ենք։ Օլիմպիադայից հետո շատ դժվար էր խթանող ազդակ գտել, քանի որ ամեն ինչ չէր ստացվում։ Բայց այստեղ մեզ հաջողվեց ցույց տալ այն առավելագույնը, որ մենք կարող ենք։ Իհարկե, ազատ ծրագրում չհաջողվեց կատարել «բարձրացումը», բայց Նիկիտայի հետ մեր համատեղ ելույթների ընթացքում, դա առաջին դեպքն էր, որ հենց այդ «բարձրացումը» չստացվեց։ Եվ պատճառը ոչ թե մեր հոգնածությունն էր, այլ սահադաշտի փոքրությունը՝ թե լայնությունը, եւ թե երկարությունը, ինչի պատճառով փոխվեց բարձրացման մոտենալու ուղին, եւ չստացվեց։ Իրականում մենք շատ չտխրեցինք, քանի որ գիտենք, որ դա միշտ շատ լավ կատարում ենք, իսկ դա ուղղակի պատահականություն էր։
Նիկիտա- Համամիտ եմ Կարինայի հետ, իրոք, օլիմպիադայից հետո դժվար էր մոտիվացիա գտնել, իսկ բարձրացման հետ կապված, դա իրոք պատահականություն էր։ Իսկ ընդհանուր ելույթով մենք կարողացանք վերջապես ցույց տալ մեր ցատկերի հավաքածուն, որ ներկայացրել ենք այս մրցույթին, դե իսկ մնացած զույգային տարրերը լավ կատարեցինք։
ՕՐԵՐ- Իսկ Միլանի հետ համեմատելիս, այստեղ լարվածությունն ավելի շատ էր, թե՞ քիչ։
Կարինա– Այստեղ լարվածություն չկար։ Միլանում թեեւ ասում էինք, որ չենք անհանգստանում, բայց միեւնույն է անհանգստանում էինք, քանի որ դա օլիմպիադա էր։ Իսկ Պրահայում մտածում էինք, թե երբ կավարտենք ելույթները եւ կգնանք հանգստանալու։
ՕՐԵՐ- Իհարկե, նկատելի էր, երբ Պրահայում կարճ ծրագրում առաջինը դուք ելույթ ունեցաք, բավական հանգիստ էիք եւ ինքնավստահ։ Բայց մի հարց կա, որ կապված է այս առաջնության կազմակերպչական կողմի հետ։ Գո՞հ եք չեխական կողմի ընդունելությունից, հատկապես Միլանից հետո։

-Այո, շատ գոհ ենք։ Իհարկե, օլիմպիադան լրիվ ուրիշ կարգի մրցություն է, այլ մակարդակի կազմակերպվածություն։ Քանի որ մեզ չի հաջողվել ոչ Եվրոպայի առաջնությանը գնալ, ոչ էլ Գրան Պրի մրցույթներին, մեզ Պրահայում ամեն ինչ շատ հաճելի էր։ Ամենամեծ առավելությունն այն էր, որ սահադաշտը հյուրանոցի դիմաց էր եւ ճանապարհների վրա ավելորդ ժամանակ չէինք ծախսում։ Առեւտրի կենտրոնը հարեւանությամբ էր, եւ եթե ուտելու ինչ որ բան էր անհրաժեշտ, անմիջապես կարող էինք մտնել եւ գնել։ Իհարկե, սկզբում մի քիչ անսովոր էր, բայց կազմակերպվածությունը նույնպես հրաշալի էր։ Միակ բանը, որ մեզ մի քիչ խանգարեց, մարզումների ու ելույթի միջև դադարն էր։ Կարճ ծրագրի օրը առավոտյան 7-ին մարզվել ենք կես ժամ, եւ միայն երեկոյան 18.45-ին մեր ելույթն էր, այսինքն մոտ 12 ժամ դադար էր, եւ մարմինը կրկին «արթնացնելու» կարիք կար։ Իսկ ընդհանուր առմամբ, մենք ամեն ինչ հավանեցինք։
ՕՐԵՐ- Ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք։ Որքան հասկացա, այս ելույթից հետո իրավունք ստացաք մասնակցելու Եվրոպայի եւ աշխարհի Գրան պրի մրցաշարարին։
-Նախեւառաջ ուզում ենք հանգստանալ, քանի որ երկու տարի մրցույթներին չմասնակցելուց հետո, միանգամից նման լարվածությամբ մասնակցությունից հոգնեցինք։ Իսկ հետո երկու Գրան Պրի ունենք, որոնցից մեկը Ճապոնիայում է եւ հուսանք, մենք կմասնակցենք։ Մենք վերջապես մեր վարդագույն ակնոցները հանեցինք եւ կարողացանք ցույց տալ այն առավելագունյը, որ կարող էինք։

Նիկիտա- Իրոք, այս մրցաշրջանը մեզ համար շատ ծանր էր եւ ֆիզիկական եւ հուզական առումներով։ Մենք երկու մրցաշրջան սպասում էինք տեղափոխմանը, ամբողջ ուժով չէինք պարապում։ Այս ընթացքում նաեւ որոշակի վնասվածքներ ունեցանք, ստիպված ատամներս սեղմելով շարունակեցինք պարապել։ Մենք հասկանում էինք, թե ինչի համար ենք աշխատում։ Մեր առջեւ նպատակ կար դրված, եւ կարծում եմ, որ այս մրցաշրջանում կարելի է ասել 90 տոկոսով կատարեցինք մեր առջեւ դրված խնդիրը։
Կարինա- Ավելացնեմ նաեւ, որ ողջ մրցաշրջանի ընթացքում խնդրել ենք, որ մեր բժիշկը մեզ հետ գա, քանի որ նրա կարիքը շատ ենք զգում։ Վերջապես աշխարհի առաջնությանը ստացվեց նրա գալը, եւ մենք անչափ շնորհակալ ենք ֆեդերացիային։ Կարճ ծրագրից հետո մենք ուղղակի չկայինք, իսկ ազատ ծրագրից հետո մեր մարմինը անասելի ցավում էր։ Եվ մեր բժիշկը իրոք շատ օգնեց։

ՕՐԵՐ- Հիմնականում Հայաստանո՞ւմ եք մարզվում, թե՞ Սոչիում։
-Ե՛վ Հայաստանում, ե՛ւ Սոչիում։ Միայն այս աշխարհի առաջնությանը մեր մարզիչն ուներ 6 զույգ, որոնք մասնակցում էին։ Մեր առավելությունն այն է, որ մեր խումբը ինտերնացիոնալ է, բոլորի հետ շփվում ենք եւ ընկերացել ենք։ Բնականաբար մեր ամենասիրած զույգը հոլադնդականն է՝ Դարիա Դանիլովա- Միխայիլ Ցիբա, հունգարացիները՝ Մարիա Պավլովա -Ալեքսեյ Սվյատչենկո։ Նիկիտան նաեւ նոր ընկեր ունի՝ Սամիտադա Մարիգուչին, ճապոնացիներն էլ են մեզ հետ մարզվում։ Բոլորս աշխատում ենք միմյանց աջակցել։
ՕՐԵՐ- Գեղասահքում գործող դատական այս համակարգից գո՞հ եք, թե՞ դեռեւս անկատար է։
-Իհարկե, լինում են տարձայնություններ, ամեն մեկն իր կարծիքն ունի։ Մենք առաջին մրցաշրջանն է միայն, որ մասնակցում ենք, մեզ ոչ ոք դեռ չի ճանաչում, 2020 եւ 2022 թվականներին մի քանի մրցույթների ենք գնացել ու վերջ։ Հետեւաբար, նաեւ մեր գնահատականները մենք վերագրում ենք դրան, որ դեռ մեզ ոչ ոք չի ճանաչում։ Հույս ունենք, որ հաջորդ մրցաշրջանում մեզ մի քիչ ավելի բարձր կգնահատեն։ Մենք Ռուսաստանում այլ գնահատակններ ենք ստացել, ինչպես նաեւ Ռուսաստանի համար արտերկրի ելույթներում՝ նույնպես այլ։ Ես սպասում եմ այն օրվան, որ կարճ ծրագրի կատարման համար կստանանք 73 միավոր, կամ իմ սահմանած նախկին միավորը 75։ Ռուսաստանում մենք կարճ ծրագրի համար ստացել ենք 76։
Նիկիտա – 2021-ին Բուդապեշտում մեր առաջին արտերկրյա ելույթում մենք 200 միավոր ստացանք ՝ կարճ ու ազատ ծրագրերի համար։
Կարինա– Հուսանք, հաջորդ մրցաշրջանում 200-ից ավելի միավոր կստանանք։
ՕՐԵՐ- Իսկ ելույթների երաժշտությունը դո՞ւք եք ընտրում, թե՞ հատուկ խորհրդատուներ ունեք։
Կարինա- Մենք արդեն բավական մեծ ենք, որ ինքներս որոշենք, թե որ երաժշտության ներքո ենք պարելու։
ՕՐԵՐ- Արա Գեւորգյանի «Արցախ» երաժշտության համար ասել եք արդեն, որ դա ձեր գաղափարն էր։ Պրահայի ելույթից առաջ ադրբեջանցիները կրկին չբողոքեցի՞ն, ինչպես Միլանում։
Կարինա- Այո, իմ գաղափարն էր։ Նրանք երեւի հասկացան, որ մեզ հետ պայքարելն անիմաստ է։ Միեւնույն է, մենք մեր որոշումից հետ չենք կանգնի եւ այս անգամ երաժշտության հետ կապված որեւէ խնդիր չառաջացավ։
ՕՐԵՐ– Իսկ ապագայոմւ չե՞ք պատրաստվում ծրագիրը փոխել։
Կարինա- Այո, ցանականում եք։ Հատկապես ազատ ծրագրի հնդկական պարը մենք դեռ Ռուսաստանում էինք պարում։ Սա արդեն 3-4-րդ մրցաշրջանն է պարում ենք, նույնիսկ երբ ելույթներ չենք ունեցել, մարզումների ժամանակ դա ենք պարել։ Ես արդեն չէի կարողանում այդ երաժշտությունը լսել, հոգնել էինք։ Իհարկե, շատ սիրուն երաժշտություն է, հեղինակը հնդիկ կոմպոզիտոր Ռախմանն է, հայտնի ֆիլմերի երաժշտության հեղինակ է։

ՕՐԵՐ- Քանի որ առաջին անգամ ենք զրուցում մեր ամսագրի համար, նաեւ կխնդրեի ներկայացնենք ձեր անցած ուղին։ Որտե՞ղ եք ծնվել, ի՞նչ կրթություն եք ստացել, ինչպե՞ս որոշեցիք հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։
Կարինա- Ես ծնվել եմ Մոսկվայում, մոսկվացի եմ, իսկ ծնողներս հայ են, նրանք Ադրբեջանից են տեղափոխվել Մոսկվա պատերազմի պատճառով։ Ապրել եմ Մոսկվայում։ Մենք արդեն Նիկիտայի հետ միասին սահում էինք, եւ հանկարծ մեր խմբի մարզիչները որոշեցին Սոչի տեղափոխվել, եւ մենք էլ իրենց հետ 2020-ին տեղափոխվեցինք Սոչի։ Այդ թվականից նրանց հետ մարզվում ենք Սոչիում։ Հայաստանի կողմից ելույթ ունենալու գաղափարը ծագել է 2020-ին։
Նիկիտա- Դա 2020 թվականին էր, երբ որոշեցինք Հայաստանի կողմից հանդես գալ, բայց մարտ ամսին, երբ մենք սկսել էինք արդեն միասին սահել, սկսվեց կորոնավիրուսը, եւ ամեն ինչ փակեցին։ Եվ մեր ծրագրերը փոխվեցին։
Կարինա- Ու քանի որ ֆինանսների հետ կապված դժվարություններ էլ կային, մենք որոշեցինք առայժմ հրաժարվել այդ գաղափարից։ Մարզիչներն էլ ասացին, պետք է Ռուսաստանի համար փորձել եւ առաջին մրցաշրանում մենք ընկանք Ռուսաստանի հավաքականի պահուստային խումբ, ապա հիմնական խումբ։ Իսկ վնասավածքներ ստանալուց հետո, մտածեցինք ինչ որ բան պետք է փոխել կյանքում, եւ այդ ժամանակ մեր խորեոգրաֆը՝ Սոֆիա Եվդակիմովան եւ Միխայիլ Ցիփան, որը սահում է Հոլանդիայի համար, մեզ ասացին, ինչո՞ւ չեք ուզում Հայաստանի համար սահել։ Ու սկսեցինք լրջորեն մտածել այդ ուղղությամբ։ Իհարկե, Սավինն ու Կլիմովը ուզում էին, որ մենք Ռուսաստանի համար սահենք։ Բայց մեզ աջակցեցին մայրս, Հայաստանի ֆեդերեցաիան եւ մեր լավ ընկերն ու մեր խորեոգրաֆը։ Մենք փորձեցինք ամեն ինչ այնպես անել, որ մեր մարզիչներին չվնասենք, ամեն ինչ շատ հանգիստ արեցինք։ Եվ երկու տարի անց 2025ին մենք դուրս եկանք մեկուսացումից, եւ առաջին անգամ սեպտեմբերին ելույթ ունեցանք մրցաշարում եւ Հայաստանի համար օլիմպիադայի քվոտա ստացանք։
Նիկիտա– Ես ծնվել եմ Չելյաբինսկում, մինչեւ 16 տարեկան սահել եմ Չելյաբինսկում, հետո որոշեցի անցնել զույգերի գեղասահքին, եւ այդ նպատակով տեղափոխվեցի Մոսկվա եւ սկսեցի սահել զույգով։ Ես ավարտել եմ 11-րդ դասարանը, ընդունվել եմ Չելյաբինսկի Ուրալի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանը, չորս տարի անց ավարտել եմ բակալավրիատը, ապա նաեւ մեկ տարի սովորել մագիստրատուրայում։

ՕՐԵՐ- Ինչպե՞ս կազմավորվեց ձեր զույգը։
Նիկիտա- Ընդհանրապես, երբ զույգերով պարում են, հետագայում նրանց միջեւ հարաբերություններ են առաջանում, իսկ մեզ մոտ հակառակն էր։ Նախ մենք սկսեցինք ընկերություն անել, հետո ավելի ուշ ստեղծվեց մեր պարային զույգը։ Մոտ կես տարի մենք շփվում էինք Կարինայի հետ, հանդիպում էինք, բայց Ռուսաստանի գավաթի առաջնությունից հետո այնպես ստացվեց, որ ես բաժանվեցի մի զուգընկերուհուց, Կարինան՝ իր զուգընկերոջից, այն ժամանակ ի դեպ մենք մրցակիցներ էինք։ Դա 2020 թվականն էր, փետվարին ամեն ինչ ավարտվեց, մենք հրաժեշտ տվեցինք մեր զուգընկեր-ընկերուհիներին եւ մարտին սկսվեց կորոնավիրուսով պայմանավորված մեկուսացումը։ Այդ ժամանակ մտածեցինք Կարինայի մարզիչ Ֆեդյային առաջարկել, որ միասին հանդես գանք իբրեւ զույգ։ Ես այն ժամանակ Ֆիլիպ Տարասովի, Վլադ Ժիվնիրսկու, Արինա Ուշակովայի մոտ էի, Իննա Մոզերի խմբում։ Իսկ Կարինան Ֆեդյա Կլիմովի եւ Դմիտրի Սավինի մոտ էր՝ կրկին Նինա Մոզերի ղեկավարությամբ։ Այդ ժամանակվանից սկսեցինք միասին սահել։
ՕՐԵՐ- Այն որ կյանքի ընկերներ եք, բայց միաժամանակ նաեւ սպորտային զույգ եք, դա օգնո՞ւմ է, թե՞ խանգարում է։
Նիկիտա- Մենք Կարինայի հետ ամենասկզբում պայմանավորվեցինք, որ անձնականը թողնում ենք սառույցից այն կողմ, իբրեւ պրոֆեսիոնալ չենք կարող խառնել անձնական հարաբերություններն ու սպորտը, քանի որ դա հաճախ շատ վատ է վերջանում բոլորի համար։ Մենք հասկանում ենք, որ սա մեր աշխատանքն է, հատկապես հիմա, երբ ներկայացնում ենք Հայաստանը։ Եվ պատասխանատվությունն այժմ ավելին է։
Կարինա- Իհարկե, երբ այլ հարաբերություններ են, դու կարող ես քեզ ավելին թույլ տալ, նույնիսկ մարզումների ժամանակ բարձրացնել ձայնը կամ ինչ որ բառ ասել, բայց դա ընդամենը մեկ րոպե է տեւում, հետո հանգստանում ենք եւ ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Իրար ձեռք ենք բռնում եւ գնում ենք էլի մարզվելու։
ՕՐԵՐ- Իսկ որտե՞ղ եք հիմա բնակվում, Երեւանո՞ւմ։
Կարինա- Մենք անընդհատ մեկնում ենք Երեւան մարզումների համար, բայց ժամանակի մեծ մասը Սոչիում ենք անցկացնում, քանի որ մարզիչներն այնտեղ են։ Իսկ առանց մարզիչների դժվար է մարզվելը, որովհետեւ սկսում ենք վիճել։ Իսկ մարզիչները մեզ պահում են հավասարակշռության մեջ, քանի որ արդեն մեզ էլ շատ լավ ճանաչում են եւ գիտեն, թե երբ պետք է մեզ հանգիստ թողնել, կամ հակառակը՝ ինչ որ բան ասել հանգստացնելու համար։
Նիկիտա- Բայց աշխարհի առաջնությունից առաջ մեկ շաբաթով գնացինք Երեւան հավաքների, եւ փորձում էինք ինքնուրույն մարզվել՝ առանց մարզիչների։
Կարինա- Իհարկե, մարզիչների հետ կապը պահում էինք, առաջնորդվում էինք իրենց կազմած մարզումների պլանով, բայց զանգում եւ խորհրդակցում էինք։ Մեր մարզումներն էինք նկարահանում, ուղարկում, որ այնտեղից ուղղումներ մտցնեն։
ՕՐԵՐ- Վերադառնալով Հայաստանի թեմային, հայերեն սովորելու նպատակ ունե՞ք։
Կարինա- Այո, ես մի քանի ամիս մասնավոր ուսուցչի մոտ պարապեցի, բայց հետո օլիմպիադայից մեկ ամիս առաջ շատ լարված էինք, ժամանակավորապես թողեցի, հետո էլ աշխարհի առաջնությունը սկսվեց։ Մայրիկիս ասացի, որ աշխարհի առաջնությունից հետո կվերսկսեմ, ցանկանում եմ հայերենի քերականությունը սովորել, քանի որ խոսել ինչ որ կերպ կարող եմ, բայց ինձ պետք է քերականությունը սովորել։ Քանի որ ուզում եմ անսխալ կարդալ, գրել, նախադասություններ կազմել, եւ այդ ամենը միանգամից գրագետ սովորել։
ՕՐԵՐ- Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք մրցումներից ու մարզումներից զատ։ Երազանք ունե՞ք։
Կարինա- Ես շատ եմ ուզում մեքենա գնել, ինձ ուրիշ բան պետք չի։ Օլիմպիադայում արդեն եղանք, լավագույն տասի մեջ ընդգրկվեցինք։ Հիմա մեզ պետք է հանգստանալ։ Մտածում ենք Ինդոնեզիա գնալ՝ Բալի կղզի։
Նիկիտա- Մոտակա երկրներում հարմար չէ այս պատերազմական գործողությունների պատճառով, այլապես Եգիպտոս կգնայինք։ Ես շատ եմ սիրում այնտեղ հանգստանալ։ Բայց աշխարհում ստեղծված վիճակից ելնելով, որոշեցինք Ասիա գնալ։ Իհարկե թռիչքն է երկար։
Կարինա- Իհարկե, մտածում ենք հաջորդ մրցաշրջանին ինչ-որ մրցանակային տեղեր գրավել, պարգեւներ ստանալ, եւ մեքենայի համար գումար հավաքել։

Սեմյոն Դանիլյանց- Տղամարդկանց մենապարում կարճ ծրագրում գրավեց 26-րդ տեղը
ՕՐԵՐ- Սեմյոն, խնդրեմ պատմիր քո մասին։ Ինչպե՞ս հայտնվեցիր գեղասահքում։
Սեմյոն- Ես ծնվել եմ Մոսկվայում, 2006 թվականի նոյեմբերի 15-ին, սկսել եմ սահել 3 տարեկանից, ծնողներս տվել էին գեղասահքի սեկցիա, քանի որ շատ ակտիվ էի, ինչ որ տեղ պետք է մարեին իմ ակտիվությունը։ Այդ ժամանակ ամեն տեղ չէին վերցնում, պետք է ընտրեի՝ կամ մարմնամարզություն, կամ գեղասահք, եւ ինձ տվեցին գեղասահքի։ Ահա այսքան տարի զբաղվում եմ այս մարզաձեւով։ Սովորել եմ Մոսկվայի տարբեր դպրոցներում, այժմ սովորում եմ միանգամից երկու ինստիտուտում՝ Մոսկվայի տեխնոլոգիական ինստիտուտում եւ Երեաւնի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում՝ գեղասահքի բաժնում(մարզչի մասնագիտություն)։ Մոսկվայում երկրորդ կուրսում եմ, Երեւանում՝ առաջին։ Ռուսերենից զատ, գիտեմ անգլերեն, իսկ հայերեն վատ եմ խոսում։ Այդ պատճառով Երեւանի ինստիտուտում իմ եւ մի այլ աղջկա համար առանձին դասեր են անցկացնում ռուսերեն լեզվով։ 2020-21 թվականներից ես արդեն ելույթներ եմ ունենում Հայաստանի հավաքականի կազմում։ Հայաստան ես եկել էի Քովիդից առաջ՝ 2020-ին, մենք բոլոր փաստաղթերը ստորագրեցինք, ես տեղափոխվեցի ու այդ օրվանից սկսվեց Քովիդը եւ սպորտային մեկուսացումը։ Արդեն 6 տարի է Հայաստանում եմ։
ՕՐԵՐ- Ճիշտ է, միգուցե սպասումներդ չարդարացան, բայց Չեխիայում ինչպե՞ս անցավ առաջնությունը։
Սեմյոն- Այլ առաջնությունների հետ համեմատ, ամենակարեւոր դրական պահն այն էր, որ սահադաշտը գտնվում էր հյուրանոցի կողքին, եւ ճանապարհների վրա ժամանակ չէինք կորցնում։ Քանի որ փորձերի ու հիմնական ելույթների միջեւ ուզում ես հանգստանալ, ուժերդ վերականգնել, երբեմն շատ ժամանակ չի մնում։ Այստեղ ես կարճ ծրագիրը կատարեցի 11.30-ին, իսկ փորձերը առավոտյան ութին էին, այնպես որ ես կարողացա գալ հանգստանալ, եւ հետո գնալ ելույթի։
Այստեղ շատ հավանեցի սնունդը, շատ բազմազան է եւ համեղ։ Սառացադաշտում մեզ համար հատկացված մասը շատ լավ էր կազմկերպված, այնտեղ կարող էինք հանգստանալ, զովացուցիչ ըմպելիքներ խմել կամ ուտել, դա շատ դրական էր։

ՕՐԵՐ- Իսկ ինքդ ինչպե՞ս ես գնահատում քո ելույթը, ափսոս 26-րդ տեղը գրավեցիր։
Սեմյոն- Կասկադ վարժության ժամանակ սխալվեցի, պտույտների ժամանակ որոշ թերացումներ թույլ տվեցի, կոմբինացված տարրի ժամանակ անցումը լավ չստացվեց։ Հիմնականում լավ պարեցի, ծրագրում էի ավելի բարձր ստանալ, եւ նաեւ ազատ ծրագիրը կատարել, բայց չստացվեց։ Գրան պրի փուլին էլ չեմ կարող մասնակցել։ Պետք է լավ մարզվել ե հաջորդ առաջնությանը գալ երկու քառակի ցատկով եւ ակսելով, այն՝ ինչ ինձ չի հերքում կես բալով լավագույնների մեջ մտնելու համար։ Պետք է ավելի շատ պարապեմ, ծրագիրը կատարեմ եւ ավելի լավ արդյունք ցույց տամ։
ՕՐԵՐ- Իսկ որտե՞ղ ես հիմնականում պարապում։
Սեմյոն- Ես ե՛ւ Մոկվայում եմ պարապում, ե՛ւ Հայաստանում։ Արդեն կես տարի իմ մարզիչն է Ալեքսեյ Վասիլեւսկին։ Մինչ այդ Ալ. Վոլկովի մոտ էի մարզվում։ Ինձ շատ են աջակցում՝ ե՛ւ սառույցի վրա, ե՛ւ սառույցից դուրս։ Այնպես որ, ես ինձ ապահով ու վստահելի ձեռեքերում եմ զգում։
ՕՐԵՐ- Ապագայի ի՞նչ ծրագրեր ունես։
Սեմյոն- Այժմ պետք է ծրագիրը փոխենք, թեեւ ազատ ծրագիրը դեռ ցույց չեմ տվել, բայց դա էլ պետք է փոխեմ՝ երաժշտությունն ու ծրագիրը։ Պետք է շատ ելույթներ ունենամ, ռեյտինգ հավաքեմ։ Վատ է, որ վիզաների հետ է խնդիր առաջանում, Անգլիա չկարողացանք գնալ, իսկ Եվրոպայի առաջնությունը մեզ շատ պետք էր, շատ բան էր դրանից կախված։ Եվրոպայի առաջնությունը լուրջ մրցույթ է։ Անցյալ մրցաշրջանում այնքան էլ լավ ֆիզիկական վիճակում չէի, բանակից եկա ու մի շաբաթ անց ելույթ ունեցա։ Ցավոք, այս մրցաշրջանում էլ չհաջողվեց։ Պետք է բովանդակությունը փոխենք, ամրապնդենք, եւ արդեն լուրջ ելույթներ ունենամ։
Պատրաստեց ՝ Հակոբ Ասատրյանը
Պրահա




