«Խազեր»-ի հատուկ մրցանակ դիրիժոր, ՀՀ ազգային հերոս, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին, անվանատախտակի բացում՝ Երեւանում

  • 30.03.2026
  • 0
  • 194 Views

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայկական ազգային երաժշտական ակադեմիան երկրորդ տարին անընդմեջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իրականացրել է ամենամյա «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը։

Մրցանակաբաշխության ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Խազեր»-ի հատուկ մրցանակ է հանձնել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ազգային հերոս, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին:

«Մեր երկրում շատ են երախտավորները, որոնք կերտել են ազգային մշակույթն ու այժմ ապրում են մեր կողքին, մեր քաղաքում: Հովհաննես Չեքիջյանը դարի մարդ է, նրա անունը վաղուց անցել է ժամանակների սահմանները: Խոսքերով հնարավոր չէ նկարագրել այն ամենն, ինչ նա արել է երգարվեստի ոլորտում: Նրա կյանքը նվիրված է եղել հնչյունին, տաղին ու երգին: Չեքիջյանի ղեկավարած երգչախումբը վաղուց դարձել է արժեքային համակարգ. նա ստեղծել է մշակույթ, ձևավորել է մտածողություն և սերունդներին տվել է ստեղծագործելու մի նոր չափանիշ»,- ասել է նախարարի տեղակալը։

Միջոցառման շրջանակում մրցանակներ են հանձնվել 18 անվանակարգում՝ ներկայացված արտիստների և նախագծերի։

Մարտի 30-ին Երեւանոմւ բացվել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, դիրիժոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակը։

ՀՀ Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը անվանակոչվել է Հովհաննես Չեքիջյանի անունով։ Անվանակոչման նպատակն է արժևորել Հովհաննես Չեքիջյանի երկարամյա վաստակը:

Նախքան անվանատախտակի բացումը կայացել է մաեստրո Չեքիջյանի փորձը երգչախմբի հետ։

Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել եւ շնորհակալություն է հայտնել մաեստրոյի և երգչախմբի գործունեության համար. «Հարգելի պարոն Չեքիջյան, հարգելի մաեստրո՝ իմ խոնարհումը Ձեր առաջ, Ձեր գործունեության առաջ։ Մենք շատ ենք խոսում արժեքների և արժեքահեն հասարակության մասին, և աներկբա է՝ այն արժեքը, որը Դուք ստեղծել եք, վերջին հարյուրամյակի մեր ամենահիշարժան և նշանավոր ձեռքբերումներից մեկն է։ Եվ պատահական չէ ամենևին, որ Հայաստանի Հանրապետությունը, ի ճանաչումն այդ վաստակների, Ձեզ շնորհել է ՀՀ ազգային հերոսի կոչում։ Միայն մի բանի համար եմ ցավում, որ մենք դեռևս չենք կարողանում գտնել այն բանաձևերը, որ այն ինչ որ Դուք ներկայացնում եք, հասու լինի հնարավորինս շատ մարդկանց»։

Խոսելով արվեստի-մշակույթի և մարդու հարաբերությունների մասին՝ վարչապետը նշել է, որ չի պատկերացնում մշակույթ, արվեստ, որը մարդու համար չէ։ «Այդքան ասում ենք՝ բարեկեցություն, ի՞նչ է այդ բարեկեցությունը։ Ես չեմ պատկերացնում բարեկեցություն, երբ մարդը մշակույթին հասանելիություն չունի։ Ասում ենք՝ մարդը խմելու ջրին, սննդին  հասանելիություն պետք է ունենա, բայց դա բարեկեցություն չէ, դա գոյատևման մակարդակ է։ Իմ ընկալմամբ՝ մարդը հասանելիություն ունի նաև մշակույթին, և ինձ համար Հայաստանում   աղքատության ամենամեծ ցուցիչն այն է, որ մարդիկ բավական հասանելիություն չունեն մշակութային կյանքին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնել, որ այդ հասանելիությունը Կառավարության քաղաքականությունների արդյունքում կապահովվի։     

***

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին՝ որպես 25-30 հոգուց բաղկացած Հայֆիլհարմոնիայի կոլեկտիվ։ 1961 թվականից ի վեր երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը մաեստրո Հովհաննես Չեքիջյանն է։ 1969 թվականից երգչախումբն արժանացել է «Ակադեմիական» կոչմանը, 1975 թվականից հանրապետության վաստակավոր կոլեկտիվ է: 2012 թվականի նոյեմբերի 15-ին Կառավարության որոշմամբ երգչախմբին շնորհվել է «Ազգային» կարգավիճակ։ Չեքիջյանի գլխավորությամբ երգչախումբը ելույթներ է ունեցել աշխարհի 184 լավագույն համերգային հարթակներում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլն: Այս տարիների ընթացքում երգչախումբը Հայաստանից դուրս ունեցել է 866 համերգ: Մաեստրոյի ղեկավարած երգչախումբը ելույթներով հանդես է եկել նաև ճանաչված 69 սիմֆոնիկ նվագախմբերի հետ, որոնց թվում են ԽՍՀՄ պետական ակադեմիական սիմֆոնիկ, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական սիմֆոնիկ և «Բոլշոյ» թատրոնի նվագախմբերը:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում