Լուսանկարում՝ ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանը և ՀԲԸՄ պատվիրակությունը ՀԲԸՄ Նիկոսիայի մասնաճյուղի ժամանակավոր կոմիտեի անդամների հետ Նիկոսիայի ՀԲԸՄ կենտրոնում, Կիպրոս
Մարտի 8, 2026 թ.
ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանը տիկնոջ՝ Սիլվա Սիմոնյանի հետ փետրվարի 19-ից 23-ը հայ համայնքներ համաշխարհային շրջայցերի շրջանակում պաշտոնական պատվիրակության ուղեկցությամբ այցելեց Կիպրոս և Հունաստան։
Պատվիրակության կազմում էին ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ գանձապահ Նազարեթ Ֆեստեկջյանը, ՀԲԸՄ գլխավոր ֆինանսական տնօրեն Մարկ Գիթլենը և ՀԲԸՄ Միջին Արևելքի տարածաշրջանի տնօրեն Արին Ղազարյանը:

Այց Նիկոսիա և Լարնակա
Կիպրոսում պատվիրակությունը հանդիպեց ՀԲԸՄ Նիկոսիայի մասնաճյուղի հանձնաժողովների նախկին և ժամանակավոր անդամներին, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներին: Քննարկումների հիմնական թեման ներկայիս կարիքների գնահատմումն էր, նոր հնարավորությունների բացահայտումն ու ՀԲԸՄ կայուն ներկայության ապահովումն ու զարգացման ռազմավարության մշակումը Կիպրոսում: Նախագահ Սիմոնյանը նաև այցելեց «Մելքոնյան» վարժարան, որտեղ ժամանակին սովորել էր նաև իր հայրը։
Պաշտոնական հանդիպումների ընթացքում քննարկումներ անցկացվեցին Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքը ներկայացնող Վարդգես Մահտեսյանի, Կիպրոսի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Կոմիտաս արք. Օհանյանի և Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանի հետ Կիպրոսում հայ համայնքի շարունակական կենսունակության ապահովման, ինչպես նաև համայնքի, եկեղեցու ու պետական կառույցների միջև ավելի սերտ համագործակցության կարևորության շուրջ:
Պատվիրակությունը նաև հանդիպում ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի հետ Նիկոսիայում գտնվող ՀՀ դեսպանատանը՝ դեսպան Իննա Թորգոմյանի ներկայությամբ։

Պատվիրակության համար կազմակերպված ընթրիքն անցկացրեց ՀԲԸՄ Կենտրոնական վարչության նախկին անդամ և Կիպրոսում ՀԲԸՄ ներկայացուցիչ Բենոն Սևանը, որին ներկա էին կղզու հայկական մի շարք կազմակերպություններ և հաստատություններ ներկայացնող հյուրեր:
Նախագահ Սիմոնյանն իր ելույթում նշեց, թե ինչպես է իր կյանքի ընթացքում միշտ հավատարիմ եղել ՀԲԸՄ-ի սկզբունքներին. կազմակերպություն, որն աջակցում է հայերին՝ անկախ նրանց ծագումից կամ համոզմունքներից և աշխատել է Հայաստանի բոլոր ժամանակների գործող կառավարությունների հետ։ «Այս սկզբունքները վաղ տարիքից դարձել են իմ կենսագրության հիմնասյուները: Այժմ մտածում ենք, թե ինչպես վերակենդանացնել այս համայնքը՝ ստեղծելով այն, ինչը հպարտություն կսերմանի այստեղ բնակվող հայերի շրջանում»,- նշում է նա:

Մեկ այլ հանդիպման ընթացքում ՀԲԸՄ Նիկոսիայի մասնաճյուղի ժամանակավոր հանձնաժողովը ներկայացրեց մասնաճյուղը ակտիվացնելու իր տեսլականը վերջին մարտահրավերների համատեքստում: Առաջնահերթությունների շարքում են՝ հայկական ինքնության պահպանումը Կիպրոսում, երիտասարդության ներգրավվածության խթանումը մշակութային, մասնագիտական և սպորտային ծրագրերի միջոցով, ինչպես նաև ՀԲԸՄ համաշխարհային ցանցի հետ կապերի ամրապնդումը: Մասնակիցները վերահաստատեցին իրենց համատեղ հանձնառությունը՝ ապահովելու ՀԲԸՄ Կիպրոսի կայունությունը և աշխույժ ու բեղուն ապագան:
Պատվիրակության այցն ամփոփելու նպատակով ՀԲԸՄ Լարնակայի մասնաճյուղը, որը նախագահում է Ռուբեն Քալայջյանը, կազմակերպեց հրաժեշտի ընթրիք և շրջայց Լարնակայի ՀԲԸՄ հայ մշակույթի կենտրոնում:

Այց Աթենք
Նախագահ Սիմոնյանն ու պատվիրակությունը պաշտոնական շրջայցը շարունակեցին Աթենքում, որտեղ հանդիպեցին տեղի հայ համայնքին և քննարկեցին ՀԲԸՄ-ի հետագա ռազմավարական ծրագրերը Հունաստանում:
ՀԲԸՄ Հունաստանը կազմակերպեց ընդունելություն՝ միավորելով համայնքի անդամներին և կազմակերպության ներկայացուցիչներին: Պատվիրակությունը հանդիպեց Արիս Խաչատուրյանի կողմից ղեկավարվող ՀԲԸՄ Հունաստանի հանձնաժողովին և պաշտոնական հանդիպում ունեցավ Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Խորեն եպիսկոպոս Առաքելյանի հետ: Պատվիրակությունը նաև այցելեց ՀԲԸՄ «Արտակի Քալփաքյան» տարրական վարժարան՝ վերահաստատելով ՀԲԸՄ հանձնառությունը՝ Հունաստանում խթանելու հայկական կրթությունն ու համայնքային կյանքը:
Նախագահ Սիմոնյանի շրջայցը կշարունակվի մոտակա ամիսներին։
Հայկական բարեգործական ընդհանուր միություն, www.agbu.am:




