Բուլղարաբնակ հոգեբան, ծիծաղաբուժության հիմնադիր Մոնիկա Բալայանն ընտրվել է  Բրիտանական Արվեստների Թագավորական ընկերության անդամ

  • 01.12.2025
  • 0
  • 21 Views

Մոնիկա Բալայանը ծնվել է Երեւանում, ուսանել է ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետում, ուր ստացել է հիմնավոր մասնագիտական  կրթություն։ 17 տարի առաջ տեղափոխվել է  Բուլղարիա, ուր հիմնել է  հոգեբանական խորհրդատվական կազմակերպություն։  2025 թվականի նոյեմբերին 61-ամյա Մոնիկա Բալայանն ընտրվել է Բրիտանական Արվեստների Թագավորական ընկերության(RSA) անդամ։ Նա  Հայաստանի եւ Բուլղարիայի առաջին քաղաքացին է, որը անդամակցում է այդ ընկերությանը։ 1754 թվականին  Մեծ Բրիտանիայում հիմնված ընկերությանը անդամակցում են այն անհատները, ովքեր մարդկության պատմության մեջ հետք են թողնում։

«Ինձ համար սա իմ անձնական բրիտանական «Օսկարն» է մտքի և հոգու աշխարհում»,- ասում է ՕՐԵՐ-ի հետ զրույցում Մոնիկա Բալայանը։

17 տարի է նա ապրում եւ աշխատում է Բուլղարիայում։ Հիմնել է երկու կազմակերպություն, որոնք զբաղվում են խորհրդատվությամբ, սեմինարներ են կազմակերպում, հոգեբանական ուսուցման դասեր են տալիս, գործում է նաեւ հոգեբանական ակադեմիան, որտեղ զարգացնոմւ են նորարարական  մեթոդներ։ Լրագրող Պետյա Մինկովանի հետ բուլղարերեն հրատարակել է «Գերգիտակցություն» գիրքը, որը դարձել է բեսթսելլեր։  «Մի խոսքով, ծավալուն աշխատանք եմ կատարում այստեղ, տարբեր քաղաքներում բազմաթիվ հանդիպումներ եմ ունենում»,- պատմում է տիկին Բալայանը։

Արվեստների Թագավորական ընկերության անդամ դարձել է հերթական հաջողությունից հետո։

«Այս տարի Նորարարական ծրագրերի մրցույթում ես արժանացա «Հոգեբանության մեջ լավագույն նորարարություն» մրցանակին։ Գնահատեցին իմ նորագույն մեթոդը, որը ինքս եմ մշակել,  որը իմ մշակած մեթոդներից վերջինն էր։ Այնուհետեւ ինձ հետ կապ հաստատեցին Թագավորական ընկերությունից, որտեղ, ինչպես իրենք են գրում, իրապես հանճարներ են հավաքված, եւ ինձ առաջարկեցին, որ անդամակցեմ։  Ես շատ զարմացա, քանի որ 30 հազար անդամ ունեցող RSA ընկերությանը  անդամակցում են աշխարհի տարբեր երկրներից։ Արդեն իսկ շփվում եմ այդ ընկերության հարգարժան անդամների հետ։ Նշեմ նաեւ, որ  ամերիկյան եւ եվրոպական հոգեբանական ասոցիացիաների` APA-ի, IAAP-ի անդամ եմ, իսկ դրանք հոգեբանության ամենահեղինակավոր ընկերություններն են։  Իսկ բրիտանական  ընկերության անդամակցումը հնարավորություն է տալիս ինձ անել այն, ինչը ես  շատ սիրում եմ»,- պատմում է բուլղարահայ հոգեբանը։

Այն հարցին, թե այդ անդամակցությունը  ի՞նչ է տալիս Հայաստանին կամ Բուլղարիային, Մոնիկա Բալայանը մանրամասնում է. «Դա տալիս է ֆանտաստիկ հնարավորություններ ոչ միայն մասնակցելու տարբեր կոնֆերանսների, ներկայացնելու քո ձեռքբերումները, շփվելու հայտնի դեմքերի հետ, այլեւ ծանոթանալու տարբեր նորարարկան նախագծերի։ Իմ  ձայնը իբրեւ հայ եւ իբրեւ բուլղար դառնում է շատ լսելի։ Դա հնարավորություն է տալիս ավելի բարձր մակարդակում  իրականացնել մեծ նախագծեր։ Կարելի է շատ գյուտեր ունենալ, նախագծեր իրականացնել, բայց այլ բան է, որ դա դարձնես մարդկության համար պիտանի եւ օգտագործելի։ Դրա համար ես կաշխատեմ, որ իմ նորարարությունները,  որոնք անհրաժեշտ են ոչ միայն հայերին եւ բուլղարներին, այլեւ ողջ մարդկությանը եւ թեթեւացնում են մարդկանց առօրյան,  անպայման կյանքի կոչվեն եւ հասանելի դառնան։ Ես նաեւ ակտիվորեն կապի մեջ եմ Հայաստանի Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտից գիտնական Ռաֆայել Սարգսյանի հետ։ Նրա գյուտը եւ նրա նորարարական սարքը փորձարկում ենք, եւ այսպիսով  Հայաստանը հնարավորություն է ստանում լսված լինելու  այդ բարձր ամբիոնում։ Հայկական եւ բուլղարական նախագծերը պատրաստում ենք եւ համոզված եմ, որ RSA ընկերության շրջանակներում դրանք կկարողանանք իրագործել»,- եզրափակում է  Մոնիկա Բալայանը։

Հայ հոգեբանը հայտնի է նաեւ իբրեւ ծիծաղաբուժության հիմնադիր։ «2010 թվականից պաշտոնապես համարվում եմ ծիծաղաբուժության հիմնադիրը Բուլղարիայում։ Սա իմ հեղինակային դասընթացն է, որը հիմնված է մտավոր, հոգեբանական, հուզական և ֆիզիկական առողջացման մշակված մեթոդների վրա։ Հզոր հակասթրեսային թերապիա է։ Բուլղարիայում այն բավականին աղմուկ բարձրացրեց, բոլոր հեռուստաալիքներով, մամուլով տարածեցին և 2025 թվականից ծիծաղաբուժությունը (Смехотерапия®) պաշտոնապես դարձել է իմ գրանցած ապրանքանիշը։ Այն այլևս ոչ թե պարզապես դասընթաց է, այլ պաշտոնական միջազգային բրենդ»,- պատմում է Մոնիկա Բալայանը։

Շնորհավորում ենք մեր հայրենակցուհուն եւ մաղթում նորանոր ձեռքբերումներ։

ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում