Կյանքից հեռացել է հայկական եւ խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը

  • 24.11.2025
  • 0
  • 321 Views

99 տարեկանում կյանքին հրաժեշտ է տվել հայկական եւ խորհրդային-ռուսական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը։

« Արարատ» ակումբի ցավակցական խոսքը .

Մեծ ցավով տեղեկացանք, որ իր կյանքի 100-րդ տարում մահացել է լեգենդար Նիկիտա Սիմոնյանը։

Անգնահատելի է նրա դերն ու ներդրումը հայկական ֆուտբոլում և «Արարատ-73»-ի պատմական հաջողությունների մեջ։

Նիկիտա Սիմոնյանը իսկապես մեծություն էր։ Նա բացի որպես «Արարատի» գլխավոր մարզիչ ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր դառնալուց, նաև Մոսկվայի «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է, որի հետ միասին ևս որպես ֆուտբոլիստ և մարզիչ բազմիցս դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր:

Ֆուտբոլիստ Սիմոնյանի գլխավոր նվաճումներից էր 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիադայի հաղթող դառնալը:

Ցավակցում ենք Նիկիտա Սիմոնյանի հարազատներին, հայկական ֆուտբոլի ընտանիքին և «Արարատի» բոլոր երկրպագուներին։

………………………………………………

ԿԳՄՍ նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 99 տարեկանում կյանքից հեռացել է Օլիմպիական չեմպիոն, խորհրդային և հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը:

Նիկիտա Սիմոնյանն իր բացառիկ տաղանդով, անսպառ աշխատասիրությամբ և անկեղծ նվիրումով թողել է անջնջելի հետք համաշխարհային ու հայկական ֆուտբոլի պատմության մեջ։

Նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» 1973–1974 թվականներին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։ Այդ հաղթանակները մինչ օրս էլ համարվում են հայկական սպորտի ամենամեծ նվաճումներից։

Նրա բազմամյա գործունեությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը, մարդկային որակները և ֆուտբոլի հանդեպ նվիրումը միշտ կմնան սպորտի պատմության ոսկե էջերում՝ որպես օրինակ հաջորդ սերունդների համար։

Նիկիտա Սիմոնյանը ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ էր (1954 թ.), Ռուսաստանի ԽՍՖՀ վաստակավոր մարզիչ (1968 թ.), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1970 թ.), Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (160 գնդակ):

2011 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ծանրակշիռ ձեռքբերումների, ֆուտբոլի ասպարեզում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով: 2013 թվականին հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և փայլուն նվաճումների համար Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, իսկ 2019 թվականին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։

ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում լեգենդար Նիկիտա Սիմոնյանի ընտանիքին, հարազատներին ու հայկական ֆուտբոլային ընտանիքին։

………………………………

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին նախատեսվում էր մեծ ֆուտբոլիստին նվիրված  «Արարատ 73» (ռուսալեզու տարբերակում «Золотой дубль») սպորտային դրամայի առաջին ցուցադրությունը Մոսկվայում։

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ի հիշատակ հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի՝ Fastex Պրեմիեր Լիգայի 25․11․2025 թվականի հանդիպումը և 15-րդ տուրի, ինչպես նաև Հայաստանի Առաջին խմբի առաջնության 17-րդ տուրի բոլոր հանդիպումները մեկնարկելու են 1 րոպե լռությամբ։ Բոլոր թիմերը խաղադաշտ դուրս կգան սև թևկապներով:

Ռուսական TASS գործակալությունը հայտնել է, որ Ռուսաստանի առաջնության և գավաթի խաղերը նույնպես կսկսվեն մեկ րոպե լռությամբ, իսկ ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան սև թևկապներով։ 

Նիկիտա Սիմոնյանը Խորհրդային Միության քառակի չեմպիոն է, Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում երկու անգամ դարձել է ԽՍՀՄ գավաթակիր, Մոսկվայի «Սպարտակ»-ի պատմության լավագույն ռմբարկուն է՝ խփած 160 գոլով։ Նիկիտա Սիմոնյանը Խորհրդային Միության հավաքականի հետ դարձել է 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։ 

Որպես մարզիչ Նիկիտա Սիմոնյանը երեք անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, երեք անգամ էլ հաղթել է ԽՍՀՄ գավաթը։ 

1992 թվականից Նիկիտա Սիմոնյանը զբաղեցնում էր Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահի պաշտոնը։ 

1973 թվականին Նիկիտա Սիմոնյանը՝ որպես Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ, հաղթել է ԽՍՀՄ առաջնությունն ու գավաթը։  

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում