ՀԲԸՄ-ն հարգանքի տուրք է մատուցում ամերիկահայ հանրային գործիչ և գործարար Փոլ Ռ. Իգնեյշըսին

  • 12.11.2025
  • 0
  • 476 Views

Փոլ Ռ. Իգնեյշըսի կյանքի ուղին պարտքի, պատվի և հայրենիքին ծառայելու փայլուն օրինակ է։ Ավելի քան մեկ դար ապրելուց հետո նա իր մահկանացուն կնքեց 105-ամյակից ընդամենը մեկ շաբաթ առաջ։

Ծնված լինելով Գլենդելում (Կալիֆոռնիա)՝ հայ ներգաղթյալ ծնողների ընտանիքում, Իգնեյշըսը իր կյանքը նվիրել է հանրային ծառայությանը, բիզնես առաջնորդությանն ու հայկական ինքնությունն ամուր պահելուն։

Քենեդիի և Ջոնսոնի վարչակազմերի օրոք նա զբաղեցրել է կարևոր պաշտոններ, այդ թվում՝ ԱՄՆ բանակի փոխնախարարի, ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալի և ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի։ Պետական ծառայությանը զուգահեռ Իգնեյշըսը գործունեություն է ծավալել նաև մասնավոր հատվածում՝ լինելով «The Washington Post»-ի նախագահը, Օդային տրանսպորտի ասոցիացիայի նախագահը և սեփական կառավարման-խորհրդատվական ընկերության հիմնադիրը։

ՀԲԸՄ-ի հետ նրա կապը անձնական բնույթ ուներ։ Նրա պապը՝ Ավետիս Ժամկոչյանը, հիմնադրել է Անգլիայում առաջին ՀԲԸՄ մասնաճյուղը Մանչեսթեր քաղաքում։

Հայկական համայնքն ու մշակույթը զորեղացնելու առաքելությունը Իգնեյշըսի ողջ կյանքի ուղեկիցն է եղել։ Նրա ականավոր կարիերայի և ոգեշնչող կյանքի մասին կարող եք կարդալ 2017 թվականին «AGBU Magazine»-ին տված նրա բացառիկ հարցազրույցում՝ https://agbu.org/paving-path-success/life-service

Նրա կյանքը ազնվության, ծառայության և իր հայ-ամերիկյան ինքնության մեջ արմատավորված հավերժական արժեքների վկայությունն էր։ Նա հարգանք էր տածում իր ազգային ժառանգության հանդեպ և իր կարողությունները ծառայեցնում էր ի բարօրություն հայրենի հողի։ Փոլ Իգնեյշըսի թողած ժառանգությունը ոգեշնչման աղբյուր է այն սերունդների համար, որոնք ձգտում են հանրային կյանք մուտք գործել։ 

ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը սգում է հայ-ամերիկյան պատմության մեջ այս ականավոր անհատի կորուստը։

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպությունն է, որի նպատակն է բարեփոխել հայերի կյանքը կրթական, մշակութային, մարդասիրական ու սոցիալտնտեսական զարգացման ծրագրերի միջոցով: Յուրաքանչյուր տարի ՀԲԸՄն նպաստում է Հայաստանում և սփյուռքում բնակվող շուրջ 500,000 հայերի կյանքի որակի բարելավմանը: 1906 թվականից ի վեր ՀԲԸՄն հավատարիմ է իր՝ համայն հայության բարգավաճմանն ու բարօրությանն ուղղված առաքելությանը: ՀԲԸՄի և վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացվող ծրագրերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել www.agbu.org կայքում: ՀԲԸՄ Հայաստանի մասին հավելյալ տեղեկատվության համար այցելե՛ք www.agbu.am:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում