2025 թվականի նոյեմբերի 8-ին Լոնդոնի պատմական Սուրբ Պողոսի եկեղեցում, Վեստմինստեր, տեղի ունեցավ «Հարությունյան, Սարյան, Մոցարտ» համերգ-ցուցահանդեսը։
Այս բացառիկ միջոցառումը կազմակերպվել էր «Քլինգեն» երգչախմբի և մշակութային ասոցիացիայի կողմից և Միացյալ Թագավորությունում 2025 թվականի ամենամեծ հայկական դասական երաժշտության համերգն էր։
Ներկայացվեց լեգենդար նկարիչ Մարտիրոս Սարյանի 145-ամյակին նվիրված հատուկ ցուցահանդես՝ նրա նկարների կրկնօրինակներով, որոնք տրամադրվել էին Երևանի Մարտիրոս Սարյանի անվան տուն-թանգարանի կողմից։

Համերգի բացման խոսքով հանդես եկավ Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարուժան Ներսեսյանը։ Նա իր խոսքում ներկայացրեց մեծանուն կոմպոզիտորներին՝ հիշատակելով Սարյանի թողած նկարչական մեծ ավանդույթի մասին 20րդ դարի հայկական գեղանկարչության վրա։ Դեսպանը ողջունեց բոլոր երաժիշտներին՝ այս ծավալուն և հագեցած համերգային ծրագրի նախապատրաստության համար։ Նա բարձր գնահատականի արժանացրեց բրիտանահայ մաեստրո Սիփան Օլահի նվիրական գործունեությանը՝ հայկական դասական երաժշտությունը Միացյալ Թագավորությունում, եվրոպական երկրներում, Ասիայում և Ամերիկայում տարբեր նվագախմբերի, երգչախմբերի և այլ անսամբլների կողմից հանրահռչակելու և պարբերաբար կատարելու համար։
Այս տարի լրանում է հայ կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի և Ղազարոս Սարյանի ծննդյան 105-ամյակը։ Մաեստրո Սիփան Օլահը, «Քլինգեն կամերային նվագախումբը» և «Քլինգեն երգչախումբը», ինչպես նաև համերգի մենակատարները, կատարեցին մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները։




Ալեքսանդր Հարությունյանի Ջութակի լիրիկական կոնցերտը յուրովի մեկնաբանեց բրիտանահայ ջութակահարուհի Անի Բատիկյանը։ Անին և «Քլինգեն կամերային նվագախումբը» Ջութակի կոնցերտը Լոնդոնում ներկայացրել էին դեռևս 2022 թվականին՝ մաեստրո Օլահի գլխավորությամբ, և կրկին անգամ հանդիսատեսը հիացավ և հնարավորություն ունեցավ վայելելու այս բացառիկ ստեղծագործությունը այս համերգում։
Ղազարոս Սարյանի «Նվագախմբային սերենադ» ստեղծագործությունը կատարեց լոնդոնաբնակ հոբոյահար Հակոբ Մուրադյանը։ Նա այս և Ղ. Սարյանի այլ ստեղծագործություններ կատարել է վեց երկրներում՝ մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ։

Հարությունյանի մեկ այլ ֆենոմենալ ստեղծագործություն՝ Դաշնամուրային կոնցերտինոն, կատարեց վիեննաբնակ անվանի դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, ում մաեստրո Օլահը հատուկ հրավիրել էր Վիեննայից՝ այս Կոնցերտինոյի Լոնդոնյան պրեմիերան կատարելու համար։
Համերգը իր գեղեցիկ ձայնով հարստացրեց սոպրանո Հայարփի Եղիկյանը, կատարելով Սարյանի «Չեմ մոռանում» ռոմանսը նվագախմբի և «Քլինգեն երգչախմբի» հետ։ Հայարփին ընդամենը երեք շաբաթ առաջ էր եզրափակել Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի հետ իր ելույթները Ֆրանսիայում և ԱՄՆ-ում՝ Սիփան Օլահի գլխավորությամբ մեծ բեմերից ներկայացնելով հայ կոմպոզիտորների երգերը։
Իր յուրահատուկ տենոր ձայնով մաեստրո Օլահը իր նվագախմբի հետ կատարեց Սարյանի «Ինչու ուշացար» ռոմանսը։


Համերգի առաջին բաժինը եզրափակվեց Ալ. Հարությունյանի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մոնումենտալ «Հայրենիքիս հետ» երգ-կանտատով՝ Սիփան Օլահի նոր նվագախմբային և վոկալ-երգչախմբային բացառիկ գործիքավորմամբ։ Վաթսուն երաժիշտների՝ նվագախմբի, «Քլինգեն երգչախմբի» և մենակատարների միացյալ այս հոգեթով կատարումը հանդիսատեսին հասցրեց հուզմունքի և կատարսիսի բարձրակետին համերգի առաջին բաժնի ավարտին, որին հաջորդեցին շռնդալից ծափողջույններն ու «բրավո»-ները։
Համերգի երկրորդ մասում «Քլինգեն կամերային նվագախումբը» իր ողջ լարային և փողային գործիքների կազմով կատարեց Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի մարգարիտը հանդիսացող 40-րդ Սիմֆոնիան սոլ մինոր։ Սա Սիփան Օլահի կողմից այս քառամաս բարդագույն սիմֆոնիայի առաջին կատարումն էր, որը մաեստրոն մեկնաբանեց իր յուրահատուկ մոտեցումով, ռիթմերի և ձայներանգների արդիական ու գունագեղ տրամաբանությամբ՝ ապահովելով կոնտրաստային և մեղեդային բազմաշերտությունը ստեղծագործության յուրաքանչյուր բաժնում։ Նրա ձեռքերի շարժումներն ու դեմքի արտահայտությունը հարմոնիկ սինթեզի մեջ պահեցին ողջ նվագախմբի երաժիշտներին՝ մեկ ընդհանուր տրամաբանության և տրամադրության մեջ։
Հանդիսատեսի հիացմունքին և տպավորություններին չափ ու սահման չկար։
Այս երեկոյին ներկա էին Վեստմինստերի Քաղաքապետարանի, Քենսինգթոնի և Չելսիի թագավորական Քաղաքապետարանի խորհրդականներ, Մեծ Բրիտանիայի Հայ Համայնքային Խորհրդի նախագահ Կարեն Արևյանը, Քահանա Շնորհք Բաղդասարյանը, Սուրբ Սարգիս եկեղեցու հոգաբարձուները և ծխական խորհրդի անդամները, հայկական շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների տնօրենները, ավելի քան 35 աշակերտ և ավելի քան 280 երաժշտասեր բրիտանացի ու բրիտանահայ հանդիսատես։
orer.eu




