Շվեյցարիայի լեռների և լճերի միջով այս աշնանը հնչեց հայկական երաժշտությունը։ Ութ պատանի երաժիշտներ Հայաստանի տարբեր երաժշտական դպրոցներից ու կոնսերվատորիայից՝ իրենց երկու կոնցերտմեստրների հետ, ներկայացրին համերգային ծրագիր, որը միաժամանակ դասական, ժողովրդական և ժամանակակից էր։ Այս շրջագայությունը, որը, ինչպես ամեն տարի, կազմակերպել էր «Միասին» հիմնադրամը հիմնադիր նախագահ Աստղիկ Մառանջյանի անմիջական ղեկավարությամբ, դարձավ մշակութային դիվանագիտության, արվեստի և մարդկային հանդիպումների յուրօրինակ տոն։


Երիտասարդ երաժիշտների կատարումները Շվեյցարիայի տարբեր քաղաքներում՝ Պուլլի, Պորենտրուի, Ժնև և Տրուանեքս, արժանացան ջերմ ընդունելության։ Սրահները լեփ-լեցուն էին, իսկ հանդիսատեսը՝ հուզված։ Նրանց ծրագրում հնչեցին Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Պիացոլայի, Բախի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ վկայելով այս սերնդի բարձր կատարողական վարպետությունը և երաժշտական զգայունությունը։
Շրջագայության առանցքային պահերից մեկը եղավ Ժնևի ՄԱԿ-ի Միջազգային Աշխատանքի Կազմակերպությունում (ILO) կայացած համերգը։ Այն ոչ միայն արվեստի տոն էր, այլև մշակութային դիվանագիտության ուղերձ՝ խաղաղության և ժողովուրդների բարեկամության ոգով։ Այդ օրը երաժշտությունը դարձավ համամարդկային լեզու, որ միավորեց ներկաներին՝ անկախ ազգությունից կամ տարիքից։

Լոզանի համերգը տեղի ունեցավ հրաշալի ակուստիկա ունեցող Պրիորե եկեղեցում, իսկ Պորենտրուի քաղաքի բարոկո ոճի եկեղեցին լեփ լեցուն էր մասնավորապես շվեյցարացի երաժշտասեր ունկնդիրներով։
Ժնևում՝ Տրուանեի Հայկական Մշակութային Կենտրոնում, ինչպես միշտ համերգը վերածվեց իսկական տոնի․ հայ համայնքի և շվեյցարացի բարեկամների ներկայությամբ երաժշտությունը միաձուլվեց ուրախությանը, իսկ վերջում բոլորը միասին պարեցին՝ ի նշան բարեկամության։
Երիտասարդները ոչ միայն ելույթ ունեցան, այլև ճանաչեցին Շվեյցարիան․ նրանք այցելեցին մշակութային վայրեր՝ Չարլի Չապլինի տուն թանգարանը Վըվեում, շոկոլադի թանգարանը Բրոկ քաղաքում, Կարմիր Խաչի թանգարանը Ժնևում, զբոսնեցին լճերի ափերին, վայելեցին բնության խաղաղ գեղեցկությունը։ Այդ ամենը դարձավ երկրի, մշակույթի և մարդկանց հանդեպ հիացմունքով լի բացահայտում։ Երեխաներից շատերը առաջին անգամ էին Եվրոպայում և իրենց համար Շվեյցարիայում անցկացված օրերը դարձան ոչ միայն երաժշտական փորձառություն, այլև կյանքի դաս։

Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ արվեստը մնում է ամենահզոր լեզուն՝ ժողովուրդների և սերունդների միջև փոխըմբռնում ստեղծելու համար։
Շրջագայությունը բացեց մշակութային նոր երկխոսություն Հայաստանի և Շվեյցարիայի միջև, միավորելով երիտասարդ երաժիշտներին, արվեստասերներին։ Այն ապացուցեց նաև, որ հայ երիտասարդությունը կարող է իր տաղանդով և նվիրվածությամբ ներկայացնել հայրենիքի լավագույն պատկերը աշխարհին։ Եվ հենց այստեղ է երևում «Միասին»-ի առաքելության իրական ուժը՝ միավորել մարդկանց, արժեքները և հույսերը՝ մշակույթի, կրթության և համագործակցության միջոցով։
orer.eu






