Հոկտեմբերի 8-9-ը Բեռլինում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ և միջոցառումներ՝ կապված Արցախի և նրա վտարված բնակչության խնդիրների հետ։ Նրանցից մեկը Բեռլինի ավետարանչական ակադեմիայում էր, որտեղ իբրև նախաձեռնող կողմեր հանդես եկան Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը և Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը (CSI)։ Վերջինս պաշտպանում է քրիստոնյա մարդկանց կրոնական ազատությունը և մարդկային արժանապատվությունը։
Միջոցառումը վարեց Գերմանիայում CSI-ի ղեկավար պարոն Պետեր Ֆուքսը։ Նա ողջունելով ներկա գտնվողներին՝ ներկայացրեց հյուրերին և բանախոսներին, խոսեց հանդիպման շարժառիթի մասին։ Ամփոփելով խոսքը նա նշեց, որ խաղաղությունը արդարության պտուղն է, երբ կոնֆլիկտները երկխոսությամբ են լուծվում․«Խաղաղությունն այն վիճակն է, որում արդարություն է իշխում։ Ուր ակտիվորեն արդարությունն է գործում, այն հենվում է երեք հիմնավորումների վրա։ Դա նախ մարդու արժանապատվությունն է, չէ որ յուրաքանչյուր մարդ Աստծո արարումն է և անասելի իրավունքներ ունի, ապա այդ արժանապատվությունը հարգելն ու պաշտպանելը և հանդուրժողականությունը»։
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ պարոն Ջոնաթան Շպանգենբերգը, խորհրդի անունից շնորհակալություն հայտնելով նախաձեռնության բոլոր մասնակիցներին, խոսեց արցախյան հիմնախնդրի շուրջ վերջին 4-5 տարիներին միջազգային հարթակներում հնչեցված կարևորագույն մի քանի որոշումների և հայտարարությունների մասին։
Նա մեջբերեց մի քանի քաղաքական գործիչների ելույթներից, որոնք մասնավորաբար վերաբերում էին գերմանական արտաքին քաղաքականության դրսևորումներին։
Պարոն Շպանգենբերգը հիշեց օրինակ՝ սեպտեմբերին ՄԱԿ-ի 80-րդ գլխավոր ասամբլեայում Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի ելույթը։ «Մեջբերում եմ․«Մենք կորցնելու բան կունենանք այն աշխարհում, որտեղ ուժն իրավունքից գերակա է, որտեղ միջազգային կանոնները հնացած են, որտեղ պայմանագրերը պարտադիր են միայն թույլերի համար, որտեղ պատերազմը դիվանագիտության շարունակությունն է։ Նման աշխարհում ի վերջո բռնություն կտիրի։ Արդարադատություն, խաղաղություն և հարգանք։ Սա Գերմանիայի առաջարկն է յուրաքանչյուր ազգի»։ Տիկնա՛յք և պարոնա՛յք, ժողովուրդների իրավունքները ուժեղ են այնքան, ինչքանով որ դրանք պատրաստ են պաշտպանել պետությունները։ Եվ ահա Շվեյցարիան գործեց։ Խորհրդարանի երկու պալատներն էլ ձայների մեծամասնությամբ քվեարկել են 24.4259 բանաձևի օգտին՝ հակամարտող կողմերի բաց երկխոսությանը խթանելու և պատմականորեն բնակվող հայ բնակչության անվտանգ վերադարձի շուրջ բանակցությանը նպաստելու համար։ Գերմանիան պետք է աջակցի խաղաղության և արդարության համար կարևոր այս նախաձեռնությանը։ Մենք հիշում ենք, որ Բունդեսթագի պատգամավոր պարոն Միխաել Բրանդը շուրջ մեկ տարի առաջ գրեց, որ․«Արտաքսված հարյուր հազարից ավելի հայերը պետք է կարողանան անարգել և անհապաղ վերադառնալ՝ համաձայն միջազգային դատարանի որոշման, իսկ Գերմանիայի արտգործնախարարը պետք է օգտագործի բոլոր դիվանագիտական հնարավորությունները հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման համար»։ Այս ֆոնի վրա, նաև հաշվի առնելով Հայոց ցեղասպանության նկատմամբ իր պատմական պատասխանատվությունը՝ Գերմանիան այժմ հնարավորություն ունի աշխատել Հարավային Կովկասում իրական խաղաղության համար՝ ոչ միայն խոսքերով, այլ նաև կոնկրետ քայլերով»,- շեշտեց պարոն Շպանգենբերգը։

Միջոցառման գլխավոր բանախոս, Շվեյցարիայի ազգային խորհրդի անդամ պարոն Էրիխ Վոնթոբելը նշեց որ այս թեման հուլիսին առաջին անգամ ներկայացրել է Վաշինգտոնում, մեկ շաբաթ առաջ՝ Ժնևում և այժմ այստեղ՝ Բեռլինում, որը Շվեյցարիայի տեսանկյունից կարևոր եվրոպական կենտրոն է։ Նա հույս հայտնեց, իր աշխատանքներն այս գործում մեծ առաջընթաց կունենան և կհասնեն անհրաժեշտ խոշոր կառույցներին։ Նա պատմեց, թե ինչպես սկսվեց նախաձեռնության մեկնարկը։
«Ես այս գործը ստանձնեցի 2024 թվականի հունվարին։ Կնոջս հետ մտածում էինք՝ արձակուրդն ուր անցկացնել։ Առաջարկեցի գնալ Հայաստան՝ մեր աչքերով տեսնելու՝ այնտեղ ինչպես են մարդիկ ապրում և ինչ է իրականում տեղի ունեցել 2023-ին Արցախում։ Ասեցինք ու արեցինք։ Երևանում հանդիպեցինք փախստականների։ Նրանք ասում էին՝ խնդրում ենք արեք ամեն բան, որ մենք հետ գնալ կարողանանք։ Ցույց էին տալիս իրենց տները նկարներով, բազմաթիվ բաներ տեսա․․․Տպավորիչ էր։ Ես նրանց խոստացա անել ամեն հնարավորը։ Մեկ շաբաթ անց ես միջնորդություն ներկայացրեցի արտաքին գործերի հանձնաժողովին, և բարեբախտաբար մեծ արձագանք ստացավ, բայց նաև կային հակառակվողներ։ Ես արցախցիներին խոսք եմ տվել, իմ խոսքի տերն եմ։ Հարյուր հազարավոր մարդկանց տեղահանումը մարդու իրավունքի կոպտագույն խախտում է, եթե մենք դա այդպես թողնենք ու ընդունենք, բա ուր մնաց վստահությունը մեր հանդեպ։ Պատահեց անսպասելին, խորհրդարանի երկու պալատներում էլ ընդունվեց այն։ Եվ այսպիսով սկիզբ առավ Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությունը։ Մենք չենք պահանջում սանկցիաներ, այլ՝ երկխոսություն, որտեղ տարհանվածները տեղ և խոսք ունեն։ Մենք հիմա պիտի գործենք, այլապես, ինչպես ԱՄՆ գործիչ Մարկո Ռուբիոն է նշում, նոր պատերազմի վտանգ կա։ Մեզ միջազգային աջակցություն է հարկավոր։ Մենք պայքարելու ենք, որ մարդիկ կարողանան վերադառնալ իրենց տները։ Համոզված եմ՝ քանի դեռ այս խնդիրը լուծված չէ, չի կարող երկարատև խաղաղություն լինել»,- իր խոսքն ավարտեց պարոն Վոնթոբելը։

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ, արգենտինացի դոկտոր Լուիս Մորենո Օկամպոն, ով առցանց կապնվեց միջոցառմանը, նախ շեշտեց, որ Արցախի շրջափակումն ու հայաթափումը որակում է որպես ցեղասպանություն։ Նա իր դիտարկումներում նշեց, որ հիմնարար խնդիր է այն, որ այս փուլում ոչ ոք չի ներկայացնում Արցախի ժողովրդին։ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ներկայացուցչության կարիք ունի»։ Ադրբեջանը վերահսկելով տարածքը՝ վարում է հայ էթնիկ խմբի և նրա մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականություն։
Պարոն Օկամպոն իր գոհունակությունը հայտնեց պարոն Վոնտոբելին՝ Շվեյցարիայի խորհրդարանը մոբիլիզացնելու համար և նշեց, որ հստակորեն աճող միջազգային դինամիզմ կա․«2025 թվականի հունիսին Բրիտանական խորհրդարանի 110 անդամներ աջակցեցին Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանը։ Հուլիսին ԱՄՆ Պետդեպարտամենտը ճանաչեց տեղահանված էթնիկ հայերի վերադարձի իրավունքը և խոսեց Բաքվում գտնվող հայ գերիների մասին։ Սեպտեմբերին ԵՄ խորհրդարանականները քննադատեցին Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները և կասկածի տակ դրեցին երկրի գործընկեր լինելու կարողությունը։ Հոկտեմբերին բրիտանացի պատգամավոր Քրիս Լոն խոստացավ հարցը բարձրացնել Շվեյցարիայի իշխանությունների հետ Ժնևում կայանալիք Միջազգային խորհրդարանական միության հանդիպման ժամանակ։ Խորհրդարանականներն ունեն իշխանություն և օգտագործում են այն։ Այսպիսով, մենք թափ ենք հավաքում»,- եզրափակեց պարոն Օկամպոն։
Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան պարոն Արտակ Բեգլարյանը նույնպես տեսաուղերձով մասնակցեց միջոցառմանը։ Ամփոփ ներկայացնելով արցախյան խնդիրը՝ պատմեց նաև իր ընտանիքի պատմությունը և թե ինչպես են բռնի տեղահանվել․«Այսօր Արցախից տեղահանված անձանց ավելի քան 80 տոկոսը ապրում է աղքատության մեջ, ինչը երկրի միջին ցուցանիշից երեք անգամ ավելի է։ Երբ ես հանդիպում եմ իմ հայրենակիցներին, առաջին և հաճախ միակ հարցը, որ ինձ տալիս են, այն է, թե արդյոք կա՞ն որևէ նորություններ մեր վերադարձի մասին։ Վերջին անցկացված հարցումը ևս ցույց է տալիս, որ 87 տոկոսը ցանկանում է վերադառնալ տուն։ Ադրբեջանը մշտապես մերժել է մուտքի բոլոր խնդրանքները, անգամ գերեզմանատներ և եկեղեցիներ կարճատև այցելությունների համար։ Ադրբեջանը համակարգված կերպով ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը և անօրինական կերպով բնակեցնում հայկական տները»,- պատմեց պարոն Բեգլարյանը։
CSI կազմակերպության նախագահ, պարոն դր․ Ջոն Այբներն իր ելույթում շեշտեց, որ՝ եթե արդարություն չկա, ուրեմն խաղաղություն էլ չկա․«Խաղաղության գործընթացը, որը չի լուծում տեղահանության խնդիրը, թերի է և պարունակում է անարդարություն։ Քանի դեռ արդարության այս տարրը բացակայում է, այն կհետապնդի Հայաստանին էլ, խոշոր տերություններին էլ»։
Բանախոսներն իրենց ելույթներից հետո պատասխանեցին ներկաներին հուզող բազմաթիվ և տարաբնույթ հարցերին։ Ցավալիորեն տեղեկացանք, որ պարոն Վոնթոբելը Հայաստան այցելության ժամանակ ՀՀ կառավարությունից հանդիպման կամ համագործակցության բացարձակ ոչ մի առաջարկ չի ստացել․«Անկեղծ ասած, չէի էլ սպասում։ Իսկ մարդկանց հետ հանդիպման ժամանակ մի բան շատ հստակ ընդգծվեց, որ նրանք նորից տուն են ուզում վերադառնալ։ Սա է կարևոր»։
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ պարոն Ջոնաթան Շպանգենբերգը մեզ հետ զրույցում նշեց, որ այժմ իրենց հիմնական նպատակն է գերմանական քաղաքական դաշտին ներկայացնել Շվեյցարիայի խաղաղության այս գործընթացը, որ այստեղ ևս օժանդակություն ստեղծվի․«Այսօր առաջին հանդիպումն ունեցանք Բունդեսթագի մեջ և պիտի շարունակվի այս աշխատանքը, որ այս կարևոր միջոցառումը նորեն ներկայացնենք ավելի ընդլայնված ձևով, որը պիտի հնարավորություն ստեղծե Արցախի բռնի տեղահանված ժողովրդի վերադարձի իրավունքի և գերիների վերադարձի մասին խոսել կլոր սեղանի շուրջ։ Միջազգային իրավունքը կպաշտպանե այն, բայց մեզ համար ճիշտ ձևը պիտի գտնենք։ Եվ այս առումով մենք պիտի փորձենք, որ միջազգային օժանդակություն ստեղծվի։ Մեր աշխատանքը, մեր մասը Գերմանիո մեջ է։ Կարող եմ ասել, որ քաղաքական հետաքրքրություն կա դաշտի մեջ, բայց աշխատանքի մեծ կարոտ ունի և պետք ունինք շատ աշխաելու։ Վստահ առանց արդյունք չի մնա»,- համոզված է պարոն Շպանգենբերգը։
Գայանե Առաքելյան



