«Բեր քո սեփական պրոյեկտորը»․ բացառիկ նախագիծ Երևանում

  • 02.11.2025
  • 0
  • 398 Views

Երևանը կմիանա Bring Your Own Beamer (BYOB)՝ «Բեր քո սեփական պրոյեկտորը» համաշխարհային նախագծին։ hosq մշակութային հիմնադրամը նախաձեռնությունը կներկայացնի նոյեմբերի 7-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքում։

BYOB-ը (Bring Your Own Beamer) յուրահատուկ ձևաչափ է՝ նախատեսված վիզուալարվեստագետների և երաժիշտների համար։ Այն մեկօրյա, ազատ և փորձարարական ձևաչափ է, որտեղ յուրաքանչյուր մասնակից իր հետ բերում է սեփական տեսաքցող սարքը (պրոյեկտորը) կամ ինստալյացիան՝ ներկայացնելու իր աշխատանքը հանրությանը՝ տեսանյութ, անիմացիա, վիզուալ կամ VJ սեթ, մեփփինգ, AR կամ այլ նորարարական ձևաչափով։

BYOB միջոցառումները միշտ էլ լինում են անմիջական, կենդանի և անակնկալներով լի։ Դրանք միավորում են արվեստագետներին մի ընդհանուր տարածության մեջ՝ վերածելով այն մեծածավալ համատեղ ինստալյացիայի։ Այս ձևաչափը չունի ցուցադրության դասական կանոններ․ չկան համադրողներ, ժյուրի կամ ընտրություն։ Սա պարզապես ստեղծագործական դաշտ է, որտեղ յուրաքանչյուրն ազատ է իր փորձերը ներկայացնելու և ուրիշների հետ գաղափարներ փոխանակելու համար։

Երևանում BYOB-ի առաջիկա թողարկման նախաձեռնողն է արվեստագետ և երաժիշտ Միսակ Սամոկատյանը, որը 2011 թվականից աշխատում է ինտերակտիվ, կինետիկ և աուդիովիզուալ ինստալյացիաների ոլորտում։ Նրա գործերը ներկայացվել են մի շարք միջազգային փառատոներում ու ցուցահանդեսներում, այդ թվում՝ True/False Festival (ԱՄՆ), Burning Man Russia, Moscow Biennale of Contemporary Art, Winzavod Centre for Contemporary Art (Ռուսաստան),Ուրվական Փառատոն, Հայ Արտ Մշակութային Կենտրոն և ՆՓԱԿ (Հայաստան)։

BYOB նախաձեռնությունը մեկնարկել է 2010 թվականին՝ արվեստագետ Ռաֆայել Ռոզենդալի գաղափարով, և արդեն իրականացվել է աշխարհի տարբեր քաղաքներում՝ Բեռլինում, Նյու Յորքում, Տոկիոյում, Սան Պաուլոյում, Լոնդոնում և Ամստերդամում։ Այժմ այս համաշխարհային շարժումը հասել է նաև Երևան։

Մասնակցության հայտերի ընդունումը մինչև նոյեմբերի 2-ն է։ 

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում