
Հոկտեմբեր 26-ին Բուխարեսում տեղի ունեցավ Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու «Ազգի Փրկության Տաճարի» հանդիսավոր բացման և որմնանկարների օծման արարողությունը, որը հանդիսապետում էին Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Նորին Սրբություն Բարդուղիմեոս Ա-ն և Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Դանիելը:

Հանդիսավոր այս իրադարձությանը, ի թիվս բարձրաստիճան բազմաթիվ հյուրերի, հրավիրված էր մասնակցելու նաև Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը՝ ուղեկցությամբ փոխառաջնորդ արժ․ Տ․ Գրիգոր քահանա Հոլկայի: Սրբազան Հայրը պատվավոր հյուրերի առաջին շարքում մասնակցեց օծման արարողությանը, այնուհետև հանդիսավոր ընդունելության ժամանակ առանձնազրույց ունեցավ Կ. Պոլսի Տիզերական Պատրիարքի և Ռումինիայի Պատրիարքի հետ՝ իր անկեղծ ուրախությունն ու շնորհավորանքները փոխանցելով այս աստվածապարգև և կարևոր տաճարի բացման առիթով:
Սրբազան այս արարողությանը ներկա էին Ռումինիայի նախագահ տիար Նիկուշոր Դանը, վարչապետ տիար Իլիե Բոլոժանը, Մոլդովայի նախագահ տիկին Մայա Սանդուն, խորհրդարանի երկու պալատների նախագահները, ինչպես նաև նախկին նախագահներ և թագավորական տան ներկայացուցիչներ
Տաճարի ներսում հրավիրված էին շուրջ 2500 հյուր, իսկ արտաքին հրապարակում և Տաճարի շրջակայքում հավաքվել էին ավելի քան ութ հազար ուխտավորներ, որոնք ժամանել էին տարբեր թեմերից, իսկ հանդիսությունը հեռարձակվում էր ուղիղ եթերով՝ ամբողջ երկրով մեկ։
Նոր տաճարը համարվում է ամենամեծ ուղղափառ եկեղեցին աշխարհում և ազգային ու հոգևոր ինքնության խորհրդանիշ Ռումինիայի ժողովրդի համար։ Սեփական պատրիարքական առանձին և պատշաճ տաճար ունենալու երազանքը եղել է դեռևս 100 տարի առաջ՝ Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքության հիմնադրման օրվանից սկսյալ, սակայն աշխարհքաղաքական զարգացումները անընդհատ խոչընդոտել են դրան, և կամոքն Աստուծո, Նորին Սրբություն Դանիել Պատրիարքին էր վիճակված կառուցելու և տեսնելու Մայր Տաճարի բացման մեծ ուրախությունը: Հիմնաքարը դրվել է 2007 թ. նոյեմբերի 29-ին, իսկ աշխատանքները տևել են մոտ երկու տասնամյակ։ Շինարարությունը ֆինանսավորվել է պետության և հավատացյալների նվիրատվություններով։ Շինարարական աշխատանքները շարունակվել են մի քանի փուլերով, հիմնական կառուցվածքը ավարտվել է 2018թ․, իսկ ներքին պատկերների՝ մոզայիկայի և որմնանկարների աշխատանքները՝ 2025 թ․։

Խորհրդանշական է նաև այն հանգամանքը, որ Տաճարը կառուցվել է Բուխարեստի Խորհրդարանի հայտնի շենքի բակում, որի շինարարության պատճառով խորհրդային տարիներին քանդվել էին մի շարք եկեղեցիներ:
Ռումին Պատրիարքության համար Տաճարի սրբագործումը համընկնում է երկու հոբելյանական տարեդարձերի՝ Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու ինքնավարության 140-ամյակին և Պատրիարքության 100-ամյակին, ինչն այս իրադարձությանը հավելյալ խորհրդանշական արժեք է տալիս։ Նշենք, որ 100 տարիներ առաջ, 1925թ․ երջանկահիշատակ Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական նամակ-կոնդակ է հղել ռումին առաջին պատրիարք Նորին Սրբություն Ամենապատիվ Միրոն Կրիստեային (կոնդակի ամբողջական տեքստը տես ներքևում)։


Դարակազմիկ այս իրադարձության առիթով Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդը շնորհավորական նամակ է հղել Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Դանիելին, որում մասնավորապես ասվում է․ ,,Ամենապատիվ Պատրիարք Հայր, մեծ ուրախությամբ և սրտի անկեղծ զգացումներով, հանուն Ռումանիոյ հայոց թեմի ողջ հոգևոր դասի և հավատացելոց, մեր ջերմագին շնորհավորանքերն ու աղոթքն ենք բերում Ձեզ և Ռումին Ողղափառ Եկեղեցու հավատավոր հոտին՝ Բուխարեստի Ազգի Փրկության Տաճարի հանդիսավոր բացման պատմական աստվածապարգև օրվա առիթով։ Իրապես, հոգու անսահման բերկրանք է տեսնել, թե ինչպես է Բուխարեստի սրտում վեր խոյանում Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու հոյակերտ Մայր Տաճարը՝ որպես հավատքի անսասան խորհրդանիշ, ազգային ոգու և հոգևոր միասնության միջնաբերդ։ Նորաօծ այս Սուրբ Տաճարը առանձնանում է ոչ միայն իր ճարտարապետական շքեղ հորինվածքով և մեծությամբ, այլև այն հանդիսանում է իրագործումը այն մեկդարյա երազանքի՝ որին ձգտել են Ռումինիայի բոլոր երջանկահիշատակ Պատրիարքները՝ 1925 թվականից ի վեր։ Կամոքն Բարձրյալի, Ձերդ Սրբությանը շնորհվեց պատիվն ու հոգևոր առաքելությունը՝ իրականություն դարձնելու այդ երազանքը։ Ձեր իմաստուն առաջնորդությամբ և անսահման նվիրումով ի կատար ածվեց մի ձեռնարկ, որն այլևս պատմական իրադարձություն է ոչ միայն Ռումին Եկեղեցու, այլև ամբողջ Ուղղափառ աշխարհի համար։ Ձեր տեսլականը ընդգծում է Եկեղեցու կենդանի դերը մեր ժամանակներում՝ հավատքի վերակենդանացում, ազգային միասնության զորացում և քրիստոնեական արժեքների անսասան պահպանում, և սխալված չենք լինի, եթե ասենք, որ իր բազմաթիվ վանքերի ու եկեղեցիների շնորհիվ Ռումինիան կարծես թե դարձել է Եվրոպայի Երուսաղեմն ու քրիստոնեական բաբախող սիրտը: Այս օրհնյալ առիթով համախմբված է ողջ Ուղղափառ Եկեղեցին՝ ի դեմս Տիեզերական Պատրիարք Նորին Սրբություն Բարդուղիմեոսի, ուրախակից են Ռումինիայի բոլոր քրիստոնեական համայնքները, իսկ երկնային արքայության մեջ ցնծում են հոգիները այն բոլոր երախտավորների, ովքեր հավատքով և սիրով սպասում էին այս լույսի և փառքի օրվան։ Նորին Սրբություն, թող Բարձրյալ Աստված հարատև օրհնի Ձեր Պատրիարքական ծառայությունը, և Մայր Տաճարի այս սրբագործված հարկի ներքո բազմապատկի հավատացյալ ժողովրդի աղոթքն ու բարիներքը՝ ի փառս Սուրբ Երրորդության և ի բարօրություն ռումին ժողովրդի,,։



Ազգի Փրկության Տաճարը ոչ միայն նոր հոգևոր կենտրոն է, այլև մշակութային ու պետական նշանակության կառույց, որը միավորում է հավատը, արվեստը և ազգային հիշողությունը։ Տաճարը բաց է լինելու բոլոր ուխտավորների համար և ծառայելու է համապետական աղոթքների ու միջոցառումների մեծ կազմակերպմանը։
Այս իրադարձությունը դարձել է Ռումինիայի ժամանակակից պատմության ամենանշանակալի հոգևոր պահերից մեկը՝ միավորելով պետության, եկեղեցու և բոլոր քրիստոնեական համայնքների ներկայացուցիչներին։
Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան


ԳԷՈՐԳ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՒ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԿԱՄՕՔՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՎ ԿԱԹՈՒՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՎՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ
Ամենապատիւ եղբոր մերոյ և սիրեցելւոյ ի Տէր Յիսուս Քրիստոս Դոքտոր Մերոն Քրիստեի, նորընտիր Պատրիարքի Ռումանիոյ, ողջոյն յանկեղծաւոր և յեղբայրական և օրհնութիւն ի Միածնաէջ Սրբոյ Տաճարէս:
Հաճութեամբ սրտի հասու եղաք ի գրութենէ հոգևոր որդւոյն մերոյ և Առաջնորդին Հայոց Ռումանիոյ Տ. Յուսիկ եպիսկոպոսի զընտրութենէ Ձերմէ յաթոռ Պատրիարքութեան Ռումանիոյ: Ուրախ եմք, զի ի դէմս Ձեր ժողովուրդն Ռումանիոյ, արժանավորեցաւ շնորհոք Ս. Յոգւոյն՝ ունել զիւր հովուապետ սեպհական և ինքնագլուխ, որ հովուելոց է զբանաւոր հօտ իւր իր վայրի դալարւոջ և առ ջուրս հանգստեան:
Մեք, որպէս Պետ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ, այսու յայտնեմք զխնդակցութիւն Մեր և զշնորհաւորութիւնս, մաղթելով յամենառատ Ս. Հոգւոյն, զօրաւիգ լինել Ձեզ ի բարձր և ի սրբազան պաշտամանդ ի պայծառութիւն եկեղեցւոյդ և ի մխիթարութիւն հօտիդ:
Շնորհ և ողորմութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ընդ Ձեզ, ամէն:
յ 3 դեկտեմբերի 1925 ամի,
ըստ տումարիս ՌՅՆԵ,
ի Հայրապետութեան Մերոյ ԺԴ ամի,
յԱրարատեն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի,
Ի Վաղարշապատ:
Թ. 750
Կնքեմ՝
Հերթ․ Անդամ Գեր․ Հոգ․ Խորհրդոյ՝ Խորեն արքեպիսկոպոս





