Հոկտեմբերի 21-ին, «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում կկայանա Վիտտորիո Գրիգոլոյի բացառիկ մենահամերգը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-րդ հոբելյանական համերգաշրջանն ու Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակում կկայանա համերգը, անցնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Վիտտորիո Գրիգոլոյի երևանյան համերգի նախաձեռնողն է բժիշկ, մշակութային, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը։
«Հայաստանն այնքան մոտ է իմ սրտին, որ դուք անգամ չեք կարող պատկերացնել, այն նույնիսկ իմ «մարմնի մասնիկն է»», – աշխարհահռչակ իտալացի տենոր Վիտտորիո Գրիգոլոն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ցույց տվեց ձեռքի վրա հայերեն լեզվով արված դաջվածքը: Ասուլիսի բանախոսներն էին. Վիտտորիո Գրիգոլո (տենոր), Էդուարդ Թոփչյան (ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր), Ալեսսանդրո Արիոզի (Գրիգոլոյի մենեջերը և Արիոզի մենեջմենթի հիմնադիր-տնօրենը), Վահան Վարդապետյան (համերգի նախաձեռնող, բժիշկ, հասարակական-մշակութային գործիչ):

Վիտտորիո Գրիգոլոյի համերգներն անցնում են լեփ-լեցուն համերգասրահներում, հարյուրհազարանոց մարզադաշտերում, ամֆիթատրոններում ու աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում։ Նա հանդես է եկել փոփ, ռոք, ջազ, օպերային լեգենդներ Սթինգի, Բրայան Մեյի, Ջեյմս Թեյլորի, Լուչանո Պավարոտիի և այլոց հետ։
Հանդիսատեսին սպասվում է ամենասիրված, հանրահայտ, ժամանակակից ու դասական երգերի և մեղեդիների ունկնդրում և աննկարագրելի վայելք՝ Volare, My Way, Arivederci Roma, Կարուզո, համերգը կեզրափակվի Կավարադոսիի հայտնի արիայի և Queen ռոք խմբի The Show Must Go On երգով:

New York Times-ը Գրիգոլոյի մասին գրել է. «Նրա ձայնը ձգողական մեծ ուժ ունի, Գրիգոլոյի ձեռքում այն կրակոտ ու ճկուն գործիք է, որին նա տիրապետում է կատարելապես և մեծ կրքով, այն առողջ ու բազմազան արտահատչամիջոցներով հարուստ ձայներից է, որն առանձնանում է հզորության ու գեղեցկության բացառիկ համադրությամբ»:
Գրիգոլոն տենորի գլխավոր դերերգերով հանդես է գալիս աշխարհի լավագույն օպերային թատրոններում՝ Միլանի Լա սկալայից մինչև Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Լոնդոնի Քովենթ Գարդենից մինչև Բուենոս Այրեսի Կոլոն: Նրա խաղընկերներն են եղել նաև այնպիսի հայ անվանի օպերային երգիչներ, ինչպիսիք են Հասմիկ Պապյանը, Լիանա Հարությունյանը, Նինա Մինասյանը, Ջուլիանա Գրիգորյանը, Կրիստինա Մխիթարյանը, Բարսեղ Թումանյանը, Գևորգ Հակոբյանը, Դավիթ Բաբայանցը:
Մեծ հաջողության են արժացել նաև Գրիգոլոյի ձայնագրությունները՝ Բերնսթային «Վեսթսայդյան պատմություն» ոսկյա և պլատինե դեբյուտային ալբոմով նա առաջադրվել է «Գրեմմի»-ի, մեծ միջազգային արձագանք ու ճանաչում ունենա նաև Sony Classical-ի հետ ձայնագրած մի շարք ձայնասկավառակներ, որոնք առաջին հորիզոնականներն են գրավում դասական ալբոմների վարկանիշային աղյուսակներում:
Հոկտեմբերի 21-ին, «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում նրա կատարմամբ կհնչեն ամենասիրված, հանրահայտ, ժամանակակից ու դասական երգեր և մեղեդիներ:
orer.eu






