Աշխարհի ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ գրքային իրադարձությանը՝ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին, Հայաստանը մասնակցում է արդեն ավելի քան 20 տարի։ Այս եզակի հարթակը հնարավորություն է տալիս միջազգային հանրությանը ներկայացնել Հայաստանում և արտերկրում վերջին տարիներին հրատարակված հայ գրականությունը՝ հիմնականում օտար լեզուներով։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Ազգային գրադարանը։
Հայաստանի տաղավարում այս տարի ևս ներկայացվել են ժամանակակից և դասական հայ գրականություն, թարգմանական նախագծեր, ինչպես նաև նորարարական գրաֆիկական հրատարակություններ։ Հատուկ ուշադրության կենտրոնում է «Visual Stories from Armenia, Georgia and Ukraine» նախագիծը, որն ընդգրկում է երեք լեզվով ներկայացված տարածաշրջանային հեղինակների ու նկարազարդողների ստեղծագործություններ՝ պատմելով մեր պատմությունները համաշխարհային ընթերցողին հասկանալի լեզվով։
Ֆրանկֆուրտի հայկական տաղավարում միջազգային հրատարակիչներին և գործընկերներին է ներկայացվում «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային գրադարանի Գրականության հանրահռչակման բաժնի կողմից համակարգվող այս ծրագիրը խթանում է հայ դասական և ժամանակակից գրականության օտար լեզուներով հրատարակությունը արտերկրում։
Մանրամասները՝ https://nla.am/armlitintranslations
Ցուցահանդեսը նաև գործնական համագործակցության կարևոր հարթակ է։ Հայ գրական գործակալներն ու հրատարակիչները հնարավորություն ունեն հանդիպումներ ունենալ, ներկայացնել իրենց հրատարակությունները, գնել և վաճառել ստեղծագործությունների գույքային իրավունքներ, ինչպես նաև ծանոթանալ գրքերի ձևավորման միջազգային միտումներին ու նորարարություններին՝ դրանք կիրառելով Հայաստանում։
Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսը համարվում է համաշխարհային գրականության ինտեգրացիոն կենտրոն, որտեղ գրքերը, հեղինակներն ու ընթերցողները կենդանի շփման եզակի հնարավորություն են ունենում։ Բացման արարողությունից մինչև համաժողովներն ու գրքերի ներկայացումները՝ այստեղ հնչում են մշակույթի և խաղաղության ուղերձներ, հանդես են գալիս բարձրաստիճան պաշտոնյաներ ու մտավորականներ։
Հայկական տաղավարում կանցկացվեն նաև հեղինակների հանդիպումներ, գրքերի ներկայացումներ և քննարկումներ՝ ուղղված հայ գրականության միջազգային ճանաչմանը։
Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառը ոչ միայն հրատարակիչների ու գրողների, այլև ընթերցանության և մշակույթի սիրահարների համաշխարհային հանդիպավայրն է։
Այս տարի էլ Հայաստանը հպարտորեն ներկայացնում է իր գրական ձայնը՝ որպես խոսուն մշակույթի երկիր։
#FrankfurtBookFair2025#Հայաստան#Գրականություն#NationalLibraryofArmenia#BooksWithoutBorders#Ֆրանկֆուրտ2025#ՀայԳրքեր#ArmenianLiterature#Buchmesse2025




