Պորտուգալական Պորտոյի հայ համայնքի հոգևոր վերածնունդը

  • 30.09.2025
  • 0
  • 1062 Views

Պորտուգալիայի հյուսիսում գտնվող Պորտո քաղաքում ապրում է փոքրաթիվ, սակայն աշխույժ և գործուն Հայ համայնք։ Նրանց մեծ մասը եկել է Հայաստանից, իսկ մյուսները՝ Ուկրաինայից, Ռուսաստանից, Բրազիլիայից և այլ երկրներից։ Համայնքի անդամների մեջ կան գիտնականներ, իրավաբաններ, երաժիշտներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, ինչպես նաև սրճարանների ու ձեռնարկությունների տերեր։ Յուրաքանչյուրն իր ներդրումն է բերում քաղաքի կյանքին՝ ինտեգրվելով պորտուգալական հասարակության մեջ։

Սակայն այսօր Պորտոյի հայերի առջև կանգնած է առավել կարևոր մի առաքելություն․ միավորվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո, հիմնել ամուր համայնք, պահել սուրբ հավատքը, հայրենի լեզուն ու մշակույթը և դրանք փոխանցել մատաղ սերունդներին։

Հայոց ներկայությունը Պորտոյում առնչվում է Միրագայա հնավանդ թաղամասի հետ։ Կոստանդնուպոլսի անկումից հետո (1453 թ.) հայ վաճառականները ապաստան գտան այստեղ՝ իրենց հետ բերելով Սուրբ Պանտալեիմոնի՝ քրիստոնյա բժշկի և նահատակ սրբի մասունքները։ Տասնյակ սերունդներ շարունակ Սուրբ Պանտալեիմոնը համարվում էր քաղաքի երկնային բարեխոսը։ Նրա սուրբ աջը պահվեց Սուրբ Պետրոսի Միրագայա եկեղեցում, իսկ մասունքների մի մասը փոխադրվեց Պորտոյի մայր տաճար (Sé do Porto)։

Հայոց ներկայության հիշատակը պահպանվում է նաև «Rua Arménia» փողոցում, որտեղ ժամանակին բնակվում էին Արևելյան Հայաստանից եկած գաղթականները։ Այս փողոցը դարձավ խորհրդանիշ հայերի ներկայության և վկայություն այն բանի, որ համայնքը իր խորունկ հետքն է թողել քաղաքի պատմության ու մշակույթի մեջ։

2025 թ․ սեպտեմբերի 21-ին՝ Խաչվերացի տոնի օրը, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի օրհնությամբ և Պորտուգալիա այցելու հովիվ Տ. Թորոս քահանա Եսայանի ձեռամբ, Սուրբ Պետրոսի Միրագայա եկեղեցում մատուցվեց Պորտոյի առաջին Սրբազան և Անմահ Պատարագը։

Օրն առանձնահատուկ և խորհրդանշական եղավ համայնքի համար․ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Խաչի տոնը բերեց նոր լույս և հոգևոր թարմություն նորաստեղծ համայնքի կյանքում։ Պատարագը համախմբեց հավատացյալ հայորդիներին ու վերահաստատեց Պորտոյի Հայ համայնքի հոգևոր ինքնությունը՝ բացելով նոր էջ իր պատմության մեջ։

Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակություն

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում