
Հայաստանի ժողովրդական արտիստ, սոպրանո Հասմիկ Պապյանի հետ զրուցել ենք Օպերային ստուդիայի, մշակութային կյանքի խնդիրների, «Արցախ» նվագախմբի ու այլ ծրագերի շուրջ։ Հարցազրույցը տպագրվել է ՕՐԵՐ ամսագրի 2024 թվականի 100-րդ հոբելյանական համարում։ Այսօր, Հասմիկ Պապյանի ծննդյան օրը հրապարակում ենք նաեւ ՕՐԵՐ-ի կայքէջում եւ սիրելի երգչուհուն մաղթում երջանակաբեր օրեր…
-Սիրելի Հասմիկ, 44-օրյա պատերազմից մեկ շաբաթ առաջ տեղափոխվեցիք Երեւան եւ արդեն չորս տարի է ղեկավարում եք Կոմիտասի անվան կոնսերվատորիային կից օպերային ստուդիան: Ի՞նչ վիճակում ստացաք օպերային ստուդիան եւ Ձեզ ի՞նչ հաջողվեց իրականացնել այս չորս տարիների ընթացքում:
– Երբ ես եկա, մոտ 7 տարի օպերային ստուդիան գրեթե չէր գործում: Փորձեցինք որոշ կոսմետիկ նորոգություններ անել, բայց դեռ շատ անելիքներ կան: Շուտով կոնսերվատորիայի հիմնանորոգման ծրագիրը կհասնի նաև օպերային ստուդիային:
Երբ ես էի սովորում կոնսերվատորիայում, իմ կյանքում ճակատագրական դեր է խաղացել օպերային ստուդիան, քանի որ ես այստեղ կայացել եմ: Մենք այն ժամանակ ունեինք 46 երաժիշտներից կազմված սիմֆոնիկ նվագախումբ, որը ղեկավարում էր Ռաֆայել Մանգասարյանը: Այստեղ աշխատում էր հայ ազգի օպերային մեծ ռեժիսոր Վահագն Բագրատունին: Հիանալի բեմադրություններ էին արվում: Միայն օպերային ստուդիայում հաստիքով հաստատված 104 աշխատող կար: Երջանիկ ժամանակներ էին: Եվ սովորում էինք, եւ մասնակցում էինք օպերային ստուդիայի բեմադրություններին: Մենք ոչ թե հատվածներ էինք երգում օպերային ներկայացումներից, այլª ամբողջական գործողություններ: Պարտադիր կարգով անցնում էինք դերասանի վապետություն, պար, որպեսզի կարողանայինք բեմի վրա մեզ իբրեւ կայացած արտիստներ դրսեւորել: Դա նաեւ ցատկահարթակ էր դեպի մեծ բեմեր:
Այսօր, ցավոք, այդ գործառույթը բավականին նվազել է: Իհարկե, մենք փորձել ենք վերականգնել այդ ամենը, սակայն անհնարին է բոլոր աշխատակիցներին վերադարձնել: Շատ մեծ դժվարությամբ աշխատում ենք մեր ծրագրերը առաջ տանել:
Իմ նպատակն է, որ այն բեմադրությունները, որոնք մեր օպերային թատրոնի մեծ բեմում հնարավորություն չունեն ներկայացնելու, իրականություն դարձնենք մեզ մոտ:
Օրինակª բարոկ օպերաներ, որ Հայաստանում շատ քիչ, կամ գրեթե չեն կատարվում:
Եվրոպայում իմ գործունեության վերջին առնվազն 25 տարին գրեթե ոչ մի ավանդական ներկայացում չեմ երգել, հիմնականում ժամանակակից բեմադրություններ են եղել: Մինչդեռ այստեղ մտայնությունը դեռևս նույնն է մնացել: Կարևոր է նաեւ օպերային բեմադրությունները ունկնդրին նորովի մատուցել:
Այսօր աշխարհում կան ֆանտաստիկ բեմադրություններ, որոնք ասելիք ունեն եւ շատ գայթակղիչ են:
Օրինակ, ես ՙՆորմա՚ եմ երգել մոտ 150 անգամ, 29 տարբեր բեմադրություններում, եւ իհարկե, ամեն անգամ նույն բանը երգելը նույն թավշյա կոստյումների մեջ, ձանձրալի և անհետաքրքիր է: Մի անգամ օրինակ երգել եմ Հիլարի Քլինտոնի կերպարով:
2500 տարի առաջ, երբ Նորման, որը քրմուհի էր, նաև քաղաքական որոշումներ է կայացրել, լքված կին է եղել, երկու երեխաների մայր: Նրան, իհարկե, կարելի է ներակայացնել մերօրյա տեսքով:
Իմ նպատակն է, որ մարդիկ այստեղ վարժվեն նաեւ նմանատիպ բեմադրությունների: Հաջորդ նպատակը այն է, որ իմ սիրելի արվեստագետ գործընկերները, որոնք բազմաթիվ են Եվրոպայում եւ Ամերիկայում, ովքեր ծնվել ու ուսում են ստացել այստեղ, կայացել են դրսում, իրենց նվիրական պարտքը համարեն գալ հայրենիքում աշխատել, միջավայր ստեղծել:
Իրենց ներդրումը պետք է լինի, երիտասարդ սերնդին գլխավոր պատգամը փոխանցելը, որ չկան մեծ և փոքր երկրներ. փոքր երկրներում կան մեծ մարդիկ: Շատ դժվար էր ուսանողներին վարժեցնել այն մտքին, որ ինչ-որ մեկը կարող է իր ժամանակը անվարձահատույց տրամադրել, ցանկացած պահին գալ, իրենց խնդիրներին ծանոթանալ, փորձել օգնել, եւ դա անել անվարձահատույց:
– Իսկ ովքե՞ր են գալիս օպերային ստուդիա՝ վոկալի՞ բաժնի, թե՞ նաեւ այլ երաժշտական գործիքների բաժինների ուսանողները:
– Օպերային ստուդիան վոկալիստ ուսանողների համար է, որ հնարավորություն ունենան երգելու փորձառություն ձեռք բերել: Իհարկե, կան նաեւ այնպիսիները, որ ավարտել են մի քանի տարի առաջ, նրանց էլ սիրով ընդգրկում ենք ներկայացումներում:
– Վերջին տարիներին նկատելի է, որ հատկապես մեր կոնսերվատորիայի ուսանողները մեծ հաջողություններ են ունենում դրսում, մրցանակների են արժանանում, կոնսերվատորիայի կրթությունը շատերի համար բազային հենք է լինում, որպեսզի շարունակեն իրենց կրթությունը արտասահմանյան բուհերում: Ո±րն է այդ գաղտնիքը, ես այլ ազգերի հետ համեմատ, նման առատություն չեմ նկատում:
– Ճիշտ եք ասում, բայց առաջնահերթը մեր հողն ու ջուրն է, որ նման տաղանդներ է ծնում: Երգիչն էլ, ինչպես շախմատիստը կամ լողորդը, անհատականություններ են, որոնք աշխարհ են գալիս իրենց առաքելությամբ եւ փառք Տիրոջ, որ երաժիշտները գտնում են այնպիսի միջավայր, ինչպիսին կոնսերվատորիան է, որը խթանում է իրենց տաղանդը, բացահայտում ընդունակությունները, այսպիսով օգնելով հասնել իրենց նպատակին:
Վերջապես երգում է այն մարդը, որը շատ է ուզում երգել: Տաղանդավոր, հրաշալի ձայն ունեցողներ կան, որոնք մնում են ստվերում, քանի որ դա նաեւ անհատական մոտեցում է: Կամ վստահություն չունեն, կամ իրենց ուժերին չեն հավատում, կամ որոշակի զոհաբերությունների պատրաստ չեն դիմակայել: Շատ մարդիկ չեն կարող արտերկիր մեկնել, հայկական միջավայրից դուրս գալ, զրկել իրենց մեծ ու փոքր հաճույքներից, դիմանալ այդ ռիթմին ու գրաֆիկին, պատրաստ լինեն հսկայական արտիստական պահանջները բավարարել: Ուրախալին այն է, որ այդ տաղանդներից շատերը հիմնականում մարզերից են:



– Օպերային ստուդիան համարվում է պարտադիր ճանապարհ կոնսերվատորիայում սովորող ուսանողների համար, թե կարող են չհաճախել:
– Վոկալի բաժնից բացի, կա նաև օպերային պատրաստության ամբիոն, որտեղ ուսանողները պարտադիր ստուգարքներ և քննություններ են հանձնում: Օպերային ստուդիան Հայաստանի համար ըստ էության մեծ շռայլություն է, քանի որ բազմաթիվ երկրներում օպերային թատրոնները՝ Ցյուրիխում, Շտուտգարտում, Մյունխենում, Ֆրանկֆուրտում եւ այլուր, ունեն օպերային ստուդիաներ: Պետությունը ֆինանսավորում է այդ ստուդիաները, որպեսզի երիտասարդներին պատրաստեն մեծ բեմերի համար:
– Օպերային ստուդիայում նաեւ մի քանի կարեւոր բեմադրություններ եք արել: Ի՞նչ հաջողություն ունեցան դրանք, եւ որո՞նք են նոր ներկայացումների ծրագրերը:
– Առաջինը «Օրփեոսն» էր, որի ձեւավորումը կատարեց Տիգրան Ձիթողցյանը: Ֆրանսիայից Վռամ Կարապետյանը ժամանեց եւ ստանձնեց ռեժիսորի պարտականությունները: Հրաշալի ներկայացում էր, որտեղ համագործակցեցինք մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Այնուհետեւ բեմադրեցինք Բրամսի «Գեղեցկուհի Մագելոնեն» վոկալ շարքը, որը դաշնամուրային նվագակցությամբ էր: Հետո Ռոսինիի «Փոքրիկ հանդիսավոր մեսսան» ներկայացրեցինք բեմական տարբերակով, «Հովեր» երգչախումբն ու մեր օպերային ստուդիայի երգչախումբը երգեցին, Փարիզից Սուրեն Շահիջանյանը ղեկավարեց: Մեր մենակատարները կատարեցին մեներգները:
Վերջինը «Դոն Ժուանն» էր, որը բեմադրեց գերմանաբնակ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը: Ես նրան տեսել էի իր մոնոներկայացումներով: Առաջարկեցի փորձել եւ հրաշալի արդյունք ունեցանք: Այդ ընթացքում համագործակցել ենք Հայաստանի կամերային նվագախմբի հետ:

Հրաշալի համերգներ ենք ունեցել: Բեթհովենի 250-ամյակն ենք նշել, անմիջապես 44-օրյա պատերազմից մեկ շաբաթ հետո: Երեխաները շատ ծանր հոգեվիճակի մեջ էին. ոմանք հարազատենրի էին կորցրել, անկումային տրամարդությունների մեջ էին, ես հասկացա, որ պետք հոգեբանորեն հանել իրենց այդ վիճակից, եւ որոշեցինք Բեթհովենի հոբելյանը նշել: Այդ համերգով նաեւ Գյումրիում հանդես եկանք: Հետո նշեցինք Լիլի Չուքասզյանի 100-ամյակը: Նոր սերունդը նրա անունը չգիտե: Ընտանիքի հետ համագործակցեցինք, հեռակապով տղայի եւ թոռների հետ կապ հաստատեցինք, Հայաստանի մեցցո սոպրանոնները Չուգասզյանի երգացանկի արիաներն ու երգերը կատարեցին:
Այնուհետև մի հրաշալի երեկո ունեցանք՝ Պոլինո Վիարդոյի 200-ամյակին նվիրված: Բոլորին է հայտնի, թե նա ինչ մեծ անհատականություն է եղել իբրեւ երգչուհի, կոմպոզիտոր, սալոնի մեծ տիկին: Աշխարհի մեծ երաժիշտների հետ Շոպենի, Ժորժ Սանդի, Դոնիցետիի հետ համագործակցել էր: Ինքը ժամանակին կատարել էր նաեւ Բելինիի ՙՆորման՚£ Երբ ուսումնասիրեցի նրա կենսագրությունը, իմացա, որ նա երգել է նաեւ հայերեն: Եվ դա ինձ ոգեշնչեց. փորձեցի գտնել ակունքները եւ հայտնաբերեցի, որ Արմենակ Շահմուրադյանն է եղել պատճառը:
Մի հրաշալի համերգ էլ ունեցանք. տենոր Արամո Մամիկոյանը երգեց Շուբերտի «Ձմեռային ճամփորդություն» վոկալ շարքը 24 երգերից բաղկացած, որը բացառիկ ստեղեծագործություն է: Եվրոպայում մարդիկ քաղաքից քաղաք են ճամփորդում, այդ գործը լսելու համար: Այդ ծրագրով նա վերջերս Զագրեբում եւ Լյուբլյանայում մեծ հաջողությամբ ելույթ ունեցավ:
Հիմա պատրաստվում ենք Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ»ի վերականգնման աշխատանքներին:
Ամեն ինչ արվում է հովանավորների միջոցով: Ես եկած օրվանից փորձում եմ գումարներ հայթայթել: Շատ կարեւոր է, որ երիտասարդներն այսօր սովորեն, նրանք չեն կարող սպասել մինչև երկրի վիճակը բարելավվի: Իհարկե, կան բարձր գիտակացություն ունեցող մարդիկ, ովքեր որ հովանավորում եւ սատարում են:
Իտալիայի դեսպանությունն է որոշ գումար հատկացրել, հագուստները կարել է հայկական «Մելանտե» ֆիրման: Չեք պատկերացնում, ի՞նչ հաճույք է նման ազգնանվեր մարդկանց հետ համագործակցելը:
Մեր ունկնդիրների համար մինչև հիմա էլ անհայտ է մեր տեղը, իրականում մեր գործունեությունը հանրայնացնելու կարիք ունենք:
– Արցախի կամերային նվագախմբի վերակենդանացումը նույնպես Ձեր առաքելություններից մեկն էր: Բնականաբար գլխավոր դիրիժորի պաշտոնը ստանձնած Նարեկ Հախնազարյանի հետ քննարկել եք, թե ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանա նվագախումբը:

-«Արցախ» կամերային նվագախումբը մեծ նշանակություն ունի իմ կյանքում։ Ես իրենց հետ մի քանի անգամ ելույթներ եմ ունեցել, դեռեւս 2000-ականներին, բազմիցս եմ եղել Արցախում:
2019-ին մենահամերգ ունեցա Շուշիի կերպարվեստի թանգարանում, դրանից հետո «Զարթոնք» ակադեմիայի ծրագրի շրջանակներում մեկնեցինք: Մեկ ամիս տեւեց այդ ծրագիրը, 2020-ի սեպտեմբերի սկզբին վերադարձանք եւ հետո պատերազմը սկսվեց:
Քանի որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը 2004-ին սկսել և տարիներ շարունակ ֆինանսավորել էր նվագախմբի գործունեությունը, իրենց դիմեցինք՝ փորձելով վերականգնել նվագախմբի գործունեությունը: Ուրախությամբ պետք է նշեմ, որ սիրով համաձայնեցին:
Նկատի ունենալով, որ Նարեկ Հախնազարյանը վերադարձել է Հայաստան, եւ իր առաջին քայլերն է անում իբրեւ դիրիժոր, նրան առաջարկվեց ստանձնել նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պարտականությունները: Առաջին անգամ համերգ-շնորհանդես ունեցանք ՀԲԸՄ դահլիճում:
Հիմա, նվագախումբը ծրագիր պետք է մշակի հետագա համերգային գործունեության համար:
Նարեկ Հախնազարյանը շատ մեծ և հավակնոտ ծրագրեր ունի, կյանքը ցույց կտա:
– «Հասմիկ Պապյան» մշակութային հիմնադրամի ստեղծումն էլ թերեւս այդ նպատակն ուներ:
– Այո, որպեսզի կարողանամ օպերային ստուդիայի եւ մեր ծրագրերի համար ֆինանսավորում գտնել: Ծրագրերը տարբեր կարող են լինել՝ գրատպություն, կրթաթոշակներ, բեմադրություններ եւ այլն: Այս ամենը մեծ ջանքեր են պահանջում: Հիմնադրամը մշակույթի ոլորտում է գործելու, նաեւ խթանելու է հայկական մշակույթը Հայաստանից դուրս ներկայացնելու գործին:
-Չորս տարի լինելով հայաստանյան մշակութային կյանքի հորձանուտում, ո՞րն եք համարում անհապաղ լուծում պահանջող խնդիրները:
– Այն, ինչ կատարվում է Հայաստանում, շատ անգամ անհատների ու առանձին մարդկանց զոհաբերությունների հաշվին է տեղի ունենում: Ես նկատի ունեմ գեղեցիկ ներկայացումների ստեղծումը, բազմաթիվ գրքերի հրատարակությունները, ցուցահանդեսների կազմակերպումը:
Հույսով սպասենք այն օրվան, երբ պետական միջոցները կտրվեն իսկապես արժանիներին, որոնց ստեղծած մշակույթը կծառայի հայ երիտասարդներին իրապես կրթելու և զարգացնելու գործին:
Զրույցը վարեց Հակոբ Ասատրյանը
ՕՐԵՐ ԱՄՍԱԳԻՐ, 11-12, 100, 2024 ,Պրահա




