
Օգոստոսի 29-ին կայացած քաղաքային խորհրդի նիստում Սոցիալիստական կուսակցությունը (PSOE), Կոմպրոմիսը (Compromís), Ժողովրդական կուսակցությունը (PP) և Միասնական Կուարտը (Quart entre todos) կողմ են քվեարկել Իսպանիայի “Արարատ” հայկական միության միջնորդագրի հիման վրա իշխող Սոցիալիստական կուսակցության ներկայացրած Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման բանաձևին։ ՎՈՔՍ (VOX) կուսակցությունը ձեռնպահ է քվեարկել։ Այսպիսով, Կուարտ դե Պոբլետը համալրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած քաղաքների շարքը։ Այս մասին «ՕՐԵՐ-ին հայտնեց Իսպանիայում մեր սեփական թղթակիցը։
Հիշեցնենք, Իսպանիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչել են 44 քաղաք, որոնցից 5-ը մարզկենտրոններ են, 10-ը` շրջկենտրոններ։
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Իսպանիայի 6 ինքնավար մարզեր։ Հայտարարությունը ներկայացրել է քաղաքապետ Քրիստինա Մորա Լուխանը (Cristina Mora Luján): Նիստին ներկա էին “Արարատ” հայկական միության անդամներ։ Նրանցից Սալվադոր Գարսիա դե լա Մոտան (Salvador García de la Mota), ով նաև “Հայ ժողովրդի լավագույն բարեկամ” մրցանակակիր է, իր շնորհակալական խոսքում նշեց, որ “Կուարտ դե Պոբլետի այս քայլը ևս մեկ օրինակ կարող է ծառայել Վալենսիայի և Իսպանիայի կառավարությունների համար` ի վերջո ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այդ միջոցով` հուշել ներկայիս ցեղասպաններին ու ռազմական հանցագործներին` այդ, մարդկության դեմ ծայրագույն հանցանքի անդառնալի հետևանքների մասին”:

“Այս քաղաքն ապացուցեց,- հավելեց Սալվադոր Գարսիան,- որ ցեղասպանությունները վաղեմության ժամկետ չունեն և, որ պայքարը հանուն արդարության վերականգնման չի կարող մարել, առավել ևս` դադարել”:
Շնորհակալություն հայտնելով քաղաքային խորհրդին Իսպանիայի հայ համայնքի անունից, նա հավելեց. “Հուսանք` այս ճանաչումն այստեղ չի մնա և կփոխանցվի Իսպանիայի այլ կառավարություններին, քանզի անցյալի անպատասխան հանցանքները նոր, ավելի դաժան հանցանքներ են ծնում մեր օրերում և ապագայում: Չէ՞ որ, եթե կանխվեր Հայոց ցեղասպանությունը, մենք ականատես չէինք լինի Հոլոքոստին, Բալկանների, Ռուանդայի և այլ ցեղասպանություններին”:- եզրափակեց իր խոսքը Գարսիան։
ՕՐԵՐ ամսագիր
Պրահա
orer.eu
Ի գիտություն լրատվամիջոցների. արտատպության դեպքում «ՕՐԵՐ եվրոպական ամսագրին(orer.eu) հղում կատարելը պարտադիր է։



