
Ինչպես արդեն նշել էինք, Չեխական Օստրավայում օգոստոսի 11-ից 15-ը անցակացված «Ֆոլկլոր առանց սատմաններտ» սիջազգային երաժշտական փառատոնում հանդես եկավ «Արաքս» Հայկական ժողովրդական պարախումբը, որը ժամանել էր ֆրանսիական Գրենոբոլից եւ ուկրաինական Խարկովից։ Նշենք, որ խմբի մի մասը պատերազմի հետեւանքով տեղափոխվել է Ֆրանսիա։ Փառատոնում «Արաքսը» ներկայացրել է Հայաստանը։
27-րդ միջազգային երաժշտական փառատոնը միավորել էր աշխարհի տարբեր ծայրերից հարյուրից ավելի արվեստագետների։ Քաղաքի բնակիչներն ու հյուրերը ականատես եղան մշակույթի, երաժշտության և պարի վառ տոնակատարության։ Տարբեր երկրներից , այդ թվում Լիտվայից, Ֆրանսիայից, Էկվադորից, Խորվաթիայից և Չեխիայից ժամանած խմբերը հանդես եկան քաղաքի մի քանի շրջանների հրապարակներում։ Գալա համերգը տեղի ունեցավ Սլեժկո-Օստրավա ամրոցում։

Նշենք, որ այս փառատոնը Օստրավայում անցկացվում է 1998 թվականից և դարձել է Չեխիայի երրորդ ամենամեծ քաղաքի մշակութային այցեքարտը՝ միավորելով տարբեր երկրների էթնիկ խմբերին։
Պարախմբի գեղարվեստական ղեկավար Համլետ Հովհաննիսյանը պատասխանելով ՕՐԵՐ-ի հարցին, նշեց.« Շատ լավ և մեծ ոգևորությամբ ենք վերադառնում։ Օստրավայի ջերմ հանդիսատեսը և քաղաքապետ Յան Դոհնալը մեզ դիմավորեցին մեծ պատվով՝ գնահատելով մեր հարուստ էթնիկ մշակույթը։ «Արաքս» համույթը պատվով ներկայացրեց մեր ազգային երգ ու պարը՝ ստեղծելով անմոռանալի տպավորություններ։ Մենք Օստրավայում անցկացրինք հիասքանչ և հիշարժան օրեր, որոնք կմնան մեր սրտերում որպես իսկական մշակութային տոնի հիշողություն։ Փառատոնը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երաժշտությունն ու պարը չեն ճանաչում արգելքներ, և տարբեր ժողովուրդների մշակութային ժառանգությունը կարող է միավորել և ոգեշնչել: Շնորհակալություն Օստրավային, Չեխիային և փառատոնի կազմակերպիչներին հյուրընկալության համար, իսկ հանդիսատեսին՝ ուրախության և աջակցության համար»։
Ավելացնենք, որ Համլետ Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ պարուսույց է։ 2012 թվականից՝ «Արաքս» հայկական ազգային երգի և պարի անսամբլի գեղարվեստական ղեկավարն է, որը Ուկրաինայի ժողովրդական արվեստի կոլեկտիվ է եւ գործում է ՀՀ պատվավոր հյուպատոսության ներքո։ 2015–2025թթ.՝ «Արաքս» անսամբլը շրջագայություններով եղել է միջազգային փառատոներում (CIOFF, CID) Բուլղարիայում, Հունաստանում, Հունգարիայում, Ֆրանսիայում, Ռումինիայում, Լեհաստանում և այլն։ Այժմ Համլետ Հովհաննիսյանը երկու պարախմբերի ՝ «Արաքս» երկու պարախմբերի գեղարվեստական ղեկավարն է Գրենոբլում։ 2017 թվականին նրան շնորհվել է «Ուկրաինայի վաստակավոր կատարող» պատվավոր կոչում։ Նա նաեւ «Հայկական պար» կրթական ծրագրի հեղինակն է, ավելի քան 10 երկրներում ներկայացված 40-ից ավելի ստեղծագործությունների պարուսույց և բեմադրիչ է։
orer.eu















