Գաբրիել Շվաբեն եւ Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրել են Էդվարդ Էլգարի թավջութակի կոնցերտը

  • 04.07.2025
  • 0
  • 510 Views

Էդվարդ Էլգարի Թավջութակի կոնցերտը և Անտոն Բրուքների 4-րդ սիմֆոնիան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը երաժշտասերներին է ներկայացրել դասական երաժշտության երկու գլուխգործոցներ՝ Էդվարդ Էլգարի Թավջութակի կոնցերտը և Անտոն Բրուքների 4-րդ սիմֆոնիան։ Համերգը ղեկավարել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Անգլիացի կոմպոզիտոր Էդվարդ Էլգարի թավջութակի կոնցերտը նրա ստեղծագործական ավելի ուշ շրջանի գլուխգործոցն է։ Անգլիական ժողովրդական երաժշտության ելևէջներով հարուստ այս քառամաս լիրիկական կոնցերտը գրվել է 1918-1919 թվականներին։ Այդ շրջանում կոմպոզիտորը վատառողջ էր և իր հուշերում պատմում է, որ կոնցերտի գլխավոր մեղեդին նրա գլխում ծագել էր հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո։ Այսօր այս ստեղծագործությունը  թավջութակի երկացանկի ամենաշատ կատարվող ստեղծագործություններից է։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ այն կատարել է անվանի թավջութակահար, մի շարք հեղինակավոր մրցույթների դափնեկիր Գաբրիել Շվաբեն։

Գերմանացի կոմպոզիտոր Անտոն Բրուքները 4-րդ սիմֆոնիան գրել է  7 տարում՝ 1874-1881 թվականներին։ Այդ շրջանում արդեն տարիքն առած կոմպոզիտորն այնքան էլ հայտնի չէր երաժշտական շրջանակներում․ նախորդ ստեղծագործությունների ոչ միանշանակ  ընկալումը նրան խիստ անհանգստություն էր պատճառում և դրանից խուսափելու համար նա անընդհատ կատարելագործում էր 4-րդ սիմֆոնիայի պարտիտուրը՝ փոխելով կառուցվածքը և մեղեդային գիծը։ Սիմֆոնիայի պրեմիերան կայացել է 1881 թվականին. այն մեծ հաջողություն է ունեցել և մեծ հռչակ բերել 57-ամյա կոմպոզիտորին։ Այս մեծածավալ ստեղծագործությունը ունի դիցաբանական վեհություն․ այստեղ Բրուքները համադրել է շուբերտյան քնարականությունը, վագներյան ինտենսիվ հարմոնիաները և երգեհոնային հնչողությունը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում